Արցախ ԳրաԴաշտ Սուրեն Սարումյան

Սուրեն Սարումյան, Գերբնականը Հադրութում (հատված անտիպ վեպից)

22.11.2019



Այց գրավաճառին: Բախում առեղծվածային ուժի հետ:

             Գրավաճառի տունը գտել էր զարմանալի հեշտությամբ: Հայրենադարձների ու քիմիական գործարանի բանվորների՝ իրեն լիովին անծանոթ այդ թաղամասի տները զարհուրելիորեն, տխրեցնելու չափ գորշ ու միանման էին թվացել: Մտածել էր անհամար միանման շրջադարձներով, կրկնվող կեղծ ելքերով հսկայական լաբիրինթոսների, ամբողջ տեսանելի տարածությունը զբաղեցրած ու մինչ հորիզոն ձգվող միանման շարքերի, ժամանակի՝ անվերջանալիորեն կրկնվող միանման հատվածների՝ անընդհատ վերապրվող նույն դժոխային ժամի,  օրվա, շաբաթվա մասին: Պատկերացրել էր տիեզերածավալ տաղտուկի և հուսալքության  այդ հոծ շարքերում դեգերող միայնակ մարդուն: Հետո նկատել էր, որ  իր միջամտությամբ նույնիսկ տիեզերական հուսալքությունը կարգավորել ու չափագրել փորձող պետությունը, այնուամենայնիվ, հոգ տարել է միանման տների բավիղում հայտնված անծանոթ այցելուների մասին՝ յուրաքանչյուր տան ճակատին փակցնելով մի թիթեղյա ցուցանակ, որի վրա կապույտ ներկով դրոշմված էր նրա չկրկնվող համարը:

             Երթուղայինի մռայլ վարորդին խնդրել էր մեքենան կանգնեցնել 13-րդ համարի տան մոտ: Համակերպված լսել էր վարորդի՝ մանր չունենալու ու մի քանի կոպեկ վճարելու համար մեծ թղթադրամ մեկնող աներես ստահակների մասին մռնչաձայն դժգոհությունը: Վրեժը լուծել էր՝ դուռը սովորականից պինդ փակելով:

             Գրավաճառի տան առջև կանգնած, իրենց ապակիների վրա աշնանային գիշերվա ցուրտն ու թշնամանքն  արտանկարած մութ պատուհաններին նայելիս մտածել էր, որ ուրբաթ օրը «13» չարագուշակ համարը կրող անծանոթ տուն կատարված այցելությունը կարող է վերածվել արկածի՝ բերանում արյան աղի համ թողնող, մրճահարվածների ուժգնությամբ քունքերում տրոփող, հետապնդվողի ընդհատ շնչառությամբ ամայի փողոցը լցնող արկածի:

Եզրակացրել էր, որ պատրանքների անդուլ աշխատող գործարանի՝ Հոլիվուդի և գոթական վեպերի ձուլած կաղապարներն ինչ-որ առումով անխուսափելի են:  Քթի տակ ժպտացել էր ու սեղմել դռան զանգի կարմիր կոճակը:

             Դարպասի հետևի դատարկ տարածությունն անհապաղ արձագանքել էր շան հաչոցի բամբ, սպառնալից ձայնով: Տղան կռահել էր, որ դարպասի մոտ վազած,  իր և ատելի օտարի միջև այդ անհաղթահարելի պատնեշի խորտակումը գազանային սրտի ամբողջ անկեղծությամբ ու կրքով փափագող շունը պետք է որ հսկայական լինի: Երևակայությունը  կրճտացող ժանիքներով ու կաթկթող լորձով լի երախից վերև երկու վառվող աչքեր էր անմիջապես պատկերացրել, կարմիր կրակներով վառվող, դիվային աչքեր, բիզ-բիզ կանգնած մազեր ու շան սև իրանից  ցոլարձակող ֆոսֆորի աղոտ փայլ:

             Դարպասի հետևից լսվել էր շանը սաստող կանացի երիտասարդ, հաճելի ձայն: Տիրուհու ձայնին հնազանդ՝ շունը սկսել էր խուլ գռմռալ: Ձայնը հարցրել էր այցելուի ով լինելը, լսելով պատասխանը՝ հաղորդել էր, որ իր հայրն արդեն վաղուց սպասում է տղային ու խոստացել էր քիչ անց՝ շանը կապելուց հետո, վերադառնալ և ներս հրավիրել հյուրին:

               Կարճ ժամանակ անց վերադարձած կինը սկսել էր դուռը բացելու, ինչպես պարզվել էր, բավականին բարդ գործը: Տղան անասելիորեն զարմացել էր. ինքը դռան թարմ ներկված, հարթ մակերեսին ընդամենը բանալու մի անցք էր նկատել, սակայն իրարից խիստ տարբերվող ձայները՝ բանալիների պտտվելու ճռռոցը, ծանր սողնակները քաշելու շռինդը, բացվող փականների չրխկոցը, կոդահավաք  բռնակների պտտելու կտկտոցը հուշել էին, որ  տանտերն իր բնակարանի անվտանգությունն ավելի շատ կարևորում է այն ժամանակ, երբ այդ քողարկված ամրոցի բնակիչները  տանն են, քան թե՝ երբ այն դատարկ է:

                Դուռը բացվել էր պետական գանձատան հիմնական պահոցի զրահապատ դարպասների պես՝ անասելիորեն դանդաղ, ամեն միլիմետրը հաղթահարելիս՝ վկայելով իր ծանրության ու հուսալիության մասին:

                 Դռան բացվածքում կանգնած երիտասարդ, շատ գեղեցիկ ու թարմ աղջկա ժպիտը նրան անսքող հիացմունքով նայող տղային անմիջապես պարուրել էր տարաշխարհիկ պատկերներով. ծովի ալեբախության  աղմուկն էր լսել, լողափի ոսկեգույն ավազի վրա վազվզող գեղեցկուհիների անհոգ ծիծաղը. չգիտես ինչու՝ աղջկա գրկում լաց լինելու անզուսպ ցանկություն էր զգացել:

               Աղջիկը մի կողմ էր քաշվել՝ ներս հրավիրելով հյուրին: Նրա անասելի գեղեցկության ներշնչած տխրության հետ մրցակցող հետաքրքրասիրությունը ստիպել էր շրջվել ու մի ուշադիր հայացք նետել անհաղթահարելի դռանը: Պարզվել էր, որ դրսից միանգամայն սովորական թվացող դուռն իրականում ինչ-որ միջին բան է սուզանավի խցերն առանձնացնող հերմետիկ միջնորմի, բանկային պահոցի զրահապատ դռան ու տիեզերական կայանքի երկու հատվածները միացնող շլյուզի միջև: Ներսի կողմից դուռը նրա շրջանակի հետ, ծխնիներից բացի, միացնում էին նաև երկու պողպատե ծանր սողանակ, մի քանի փականների ամուր լեզվակներն ու կողպեքների զրահապատ ականջիկները:

                -Հորս մտահղացումն է,- նկատելով տղայի ապշանքը՝ արդարացել էր աղջիկը,- նա շատ է կարևորում մեր անվտանգությունը: Իհարկե, այս ամենը Ձեզ կարող է զարմանալի, եթե չասենք՝ չափազանց  թվալ, սակայն հայրս կյանք տեսած մարդ է: Եթե առիթ ունենաք ճանաչելու հորս քաջությունը, հավատացնում եմ՝  նրա զգուշավորությունը Ձեզ կդրդի մտածել բացառապես վտանգի լրջության մասին:

 Շփոթահար, ամոթից կարմրատակած տղան  ցանկացել էր ամենից սրտառուչ, դիպուկ բառերով աղջկան համոզել, որ նրա պես չնաշխարհիկ գանձ ունեցող հոր զգուշավորության ոչ մի աստիճանը չէր կարող անտեղի ու ավելորդ լինել: Ցանկացել էր պատմել գեղեցկուհիներին գերեվարող երկաթակող, հուր և ծուխ արտաշնչող վիշապների, նրանց առևանգող անողոք ու տիրական հերոսների, մութ գիշերներով դեռատի աղջիկների անմեղ ննջասենյակները սողոսկել փորձող հրեշավոր սուկուբների մասին: Աղջկան պետք էր զգուշացնել, որ չարաղետ ու վտանգավոր բոլոր այդ արարածները մշտապես քողարկված են լինում ժպտերես ու բարեհամբույր մարդկանց կերպարանքի ներքո, իսկ ամենից դժխեմ ճակատագիրը սովորաբար դուռը բախում է ոչնչով աչքի չընկնող այցելուի անվտանգ տեսքով ծպտված:

           Չարտասանված բառերով ու հուզմունքով լի՝ լռել էր: Իր արտասովոր գեղեցկությունը  ամենօրյա զգեստի պես կրելուն վաղուց վարժված աղջիկը նկատել էր տղայի հոգեվիճակն ու նրա հանդեպ  խղճահարությամբ շաղախված համակրանք էր զգացել:

          -Մտնենք տուն, ցուրտ է,- առաջարկել էր մեղմությամբ:

Լուսանկարը՝ Սուրեն Սարումյանի

            Տղան անձայն հետևել էր նրան: Բակից լսվել էին շան խուլ հաչոցն ու թիթեղյա տանիքով գլորվող քամու ձայնը: Սարսռացել էր, երբ շան հաչոցը փոխակերպվել էր երկարուձիգ, թածխոտ ոռնոցի: Երկար ու լայն, կավածեփ պատերով միջանցքում նրանց քայլերն արձագանքել էին խուլ, ամայության զգացում առաջացնող ձայնով: Մոտեցել էին միջանցքի մյուս ծայրի երկաթակուռ դռանը: Շան չդադարող, միջանցքով քայլելուն զուգընթաց ավելի ուժեղ հնչող ոռնոցը տղային ստիպել էր հերոսական ջանքեր գործադրել ուսանողի մշտապես դատարկ ստամոքսում տհաճ կծկումներով գալարվող անհանգստությունը չմատնելու համար:

              Աղջիկը նրբագեղ մատների արագ շարժումներով ինչ-որ խրթին գաղտնագիր էր ճարպկորեն հավաքել դռանը զոդված վահանակի երկաթյա կոճակների վրա: Մետաղական իրանի խորքերում հնչել էր բացվող փականի պատրաստակամ չրխկոցը:  Աղջիկը դեպի իրեն էր քաշել ծանր դուռն ու տղային հրավիրել բակն իր հսկայական մարմնի ծալքերից մեկում թաքցրած գիշերվա մեջ:

                Տղան տենդագին որոնել էր իր թոքերը խուժած սառնության ու աչքերը անտեսանելի ափով փակած խավարի մեջ թաքնված վիթխարի շանը: Չէր տեսել: Բակի բոլոր կողմերից ծույլ ծմրկտոց էր լսվել, իրար խփվող սուր ժանիքների թույլ ձայն: Կարծել էր, թե բակը լի է անհամար շներով, որոնք աներևույթ գազանային բանակներով շրջապատել են իրեն: Սպասել էր, թե ուր որ է՝ կառնի շնային սուր, տհաճ, արու գազանի շուրջը տարածության մեջ անտեսանելի սահմաններ գծող հոտը, սակայն քթին միայն գիշերվա ցրտաշունչ թարմության ու աղջկա թանկարժեք օծանելիքի նուրբ բույրերն էին դիպել:

              Աղջիկը սեղմել էր ձեռքի լապտերի միացման կոճակը, ու նրա ապակյա ուռուցիկ աչքից ակնթարթորեն դուրս եկած էլեկտրական շողը ծառերի արանքով ոլորվող արահետի վրա արտանկարել էր ամպերի հետևում թաքնված լիալուսնի՝ քայլող մարդկանց առջևից ուրախ-ուրախ ցատկոտող կլորը:

           Երբ արահետը վերջապես կարողացել էր դուրս պրծնել իրենց ոստոտ բներով նրան անընդհատ հրմշտող մռայլատես ծառերի արանքից, տղան զարմանքով նկատել էր, որ գրավաճառի անծայրածիր թվացող բակի կենտրոնում կա ևս մեկ պարսպապատ տարածք:

                Արահետը, հարթավայրում հոսող գետի պես հանդարտ, լապտերի լույսի տակ փայլեցնելով սալարկված մեջքը, մտել էր հնությունից խունացած, մամռոտ պատերին իրենց գերանակապ ուսերը դեմ տված փայտյա դարպասներից ներս:

                    Լապտերի ցատկոտող շողը լուսավորել էր գերաններին խփված հսկայական, ժանգոտած մեխերից կախված չորացված սխտորի կապուկներն ու երկրավուն, տձև դդումները: Տղային թվացել էր, թե նույնիսկ լույսը խճճվելու է դարպասների վերևի կամարից կախված ձկնորսական ուռկանի մթին ծալքերում: Մտնելուց առաջ տեսել էր նաև դարպասի ճաքճքած փայտին մեխված ժանգոտած պայտն ու զարմացել գրավաճառի տարօրինակ, միջնադարյան  ինչ-որ ջրաղացպանի վայել ճաշակի վրա:

                   Աղջիկը նկատել էր տղայի ապշահար հայացքը, բայց պահպանելով միմյանց հանդեպ անհաղթահարելի համակրանք զգացած երիտասարդների միջև առաջացած խորհրդավոր ու այնքնան պերճախոս լռությունը՝ պարզապես ժպտացել էր:

                   Այդ երկրորդ՝ ներքին բակի կենտրոնում կառուցված փոքրիկ ու կոկիկ տան շեմքին կանգնած, դռան երկու կողմերում ամրացված ջահերի լույսի առատ շիթերով ողողված գրավաճառը, տեսնելով դարպասից մտած ու դեպի տուն առաջացող էլեկտրական շողը, ձեռքով էր արել դրա հետևից եկող դեռևս անտեսանելի մարդկանց: Գրավաճառի  տարօրինակ տունը, նրա՝ մինչ գետինն իջնող փեշերով, միմյանց հյուսվող սև ծաղիկների, տերևների, ցողունների ասեղնագործ զարդանախշով պատված թավշյա խալաթը, ձեռքի՝ սև, երկար ծխամորճով չիբուխը  այդ անօրինակ տեսարանին ակնապիշ նայող տղային ստիպել էին մտածել, որ  անբարեհամբույր գրավաճառի ցերեկային դիմակը քողարկում է փիլիսոփայական քարի ապարդյուն որոնումներով տարված ալքիմիկոսի,  մոգի կամ ինչ-որ գաղտնի եղբայրության, ինչ-որ խորհրդավոր ուխտի գրադարանապետի առեղծվածային կյանքը:

            Տանտերը հյուրին բարևել էր զարմանալի ջերմությամբ: Հարցրել նրա որպիսությունը: Քաջալերող ժպիտով լսել քաղաքավարի, փոքր-ինչ երկչոտ պատասխանները: Ասել էր, որ ինքը հիանալիորեն հասկանում է իր տան գիշերային այցելուին պարուրած զարմանքի ամբողջ խորությունը, սակայն հորդորել էր չշտապել իրեն խենթ, ցնդած ծերուկ համարել:

           -Անգամ սովորական թվացող իրերը հաճախ ունեն նաև այլ, միայն  ընտրյալներին հասկանալի նշանակություն,- մեղմորեն ընդհատել էր սեփական խենթության մասին անհիմն ենթադրությունը եռանդուն կերպով ժխտել փորձող երիտասարդին,- տունը չարամիտ մարդկանցից  պաշտպանելու համար միանգամայն բավարար են հուսալի ցանկապատն ու ամուր դարպասները: Սակայն կա նաև պաշտպանության մեկ այլ մակարդակ: Այն ամենը, ինչ տեսել ես դարպասների մոտ, ու այն ամենը, ինչը տեսնել չէիր կարող, որովհետև թաղված է տան շեմքի քարերի տակ ու ամփոփված  կառույցի հաստ պատերում,  բնակարանը պաշտպանում են այնպիսի զորավոր ուժերից, որոնց համար ամենից բարձր պարիսպներն ու ամենից ամուր դռները պարզապես դատարկ բան են: Բայց….

            Ծերունու չորացած ձայնը անէացել էր աքաղաղների խլացուցիչ աղաղակների մեջ: Հանկարծակիի եկած, սրտի զարկերի կտրուկ արագանալը զգացած տղան շրջվել էր հետ, անասելի զարմանքով նայել խլացուցիչ աղաղակներով բակի օդը թրթռալ  ստիպող, կարմիր, տարօրինակորեն մեծ, մոլեգնաբար վազվզող բազմաթիվ  աքաղաղներին: Ջահերի լույսի թրթռուն ցոլքերի տակ փայլփլող նրանց ամրակուռ մագիլներն ու խթանները թվացել էին ձուլված կարծր պողպատից, վազելիս տատանվող կարմիր կատարները՝ թռչնային շարժուն գլուխներին դրված կրակե շապիկներ:  Բակից  ահասարսուռ, տհաճ պաղություն էր փչել դեռևս տուն չմտած փոքրիկ խմբի վրա: Պատերին ամրացված ջահերը միանգամից մարել էին՝ ծխի դառը հոտ տարածելով: Տղային թվացել էր, թե  հսկայական թևերի թույլ բախյուն է լսում: Հասցրել էր նկատել  գիշերվա խորքում թանձրացող վիթխարի, սառը ատելություն և սպառնալիք սփռող ստվերը, երբ ծերունին նրան ու աղջկան հրել էր դռնից ներս: Հետո ինքը ևս մտել էր տուն և հասցրել  ամուր փակել գրեթե աննկատելիորեն երերալ սկսած  դուռը:

Բավականին լրջորեն վախեցած երիտասարդը ցանկացել էր հետզհետե ավելի ու ավելի խորհրդավոր թվացող տանտիրոջից իմանալ, թե ինչ է կատարվում դրսում, սակայն նայելով ծերուկի գունատված դեմքին, անհասկանալի ինչ-որ խոսքեր մրմնջացող շուրթերին ու  աչքերում վառված խելահեղ կրակներին՝ որոշել էր դեռևս լռել:

           Լայն-լայն քայլերով դեպի տան խորքերը գնացող ծերունին, միջանցքի ծայրին հասնելով, կարծես մտաբերել էր հյուրի գոյության մասին, շրջվել էր, խոստացել շուտով վերադառնալ ու անհետացել դռներից մեկի հետևում:

          Տղան որոշել էր իրեն տանջող հարցերն ուղղել աղջկան, սակայն տունը դղրդաձայն ցնցվել էր, առաստաղից փոշի ու ծեփի կտորտանք էր թափվել ներքև:

        -Երկրաշա՜րժ է, փրկվի՛ր, -գոռացել էր աղեկտուր ձայնով, ճանկել աղջկա ձեռքն ու ցանկացել վազել դեպի տան կենտրոն՝ հիմնական պատերի հատման կետի համեմատաբար անվտանգ անկյունում պատսպարվելու:

          Ապշել էր, երբ զգացել էր արտաքուստ փխրուն աղջկա անհաղթահարելի, երկաթյա ուժը: Հասկացել էր, որ աղջիկը չի ցանկանում շարժվել տեղից: Հասկացել էր նաև, որ ինքը չի կարողանալու արտաովոր ուժի տեր գեղեցկուհուն հարկադրել նրա իսկ փրկությունը: Նման աննախադեպ արհամարհանքն ինքնապահպանման բնազդի հանդեպ մեկնաբանել էր ծերունազարդ ծնողի  նկատմամբ տածված անձնազոհ սիրով:

       -Մտնե՛նք սեղանի տակ, երկրաշա՜րժ է,- բղավել էր՝ բաց չթողնելով աղջկա ձեռքը:

Աղջկա տխրած դեմքին թույլ ժպիտ էր հայտնվել: Նա սևեռուն նայել էր տղայի անհանգիստ շարժվող, տագնապահար աչքերին: Գեղեցկուհու կանաչ աչքերի խորքում տղան կրակների փոթորիկներ էր նշմարել: Կրակոտ աչքերը տղային անձայն խնդրել էին հանգստանալ ու լռել:

         Հետո աղջիկը շշնջալով ասել էր, որ այն ուժերը, որոնց հետ հիմա գործ ունեն իրենք, սովորաբար մարմնավորում են բացարձակ անխուսափելիությունը: Սակայն նրանց ճակատագրական ներկայությունը համարել էր նաև անսպառ սփոփանքի աղբյուր, որովհետև՝ հիմարություն է վախենալ նրանից, ինչն անխուսափելի է ու սովորական մարդու համար՝  բացարձակապես անհաղթահարելի:

         -Եթե հայրս հիմա անհաջողության մատնվի, այս տան պատերն ու սեղանը մեզ չեն  կարողանալու պաշտպանել, որովհետև  այս ցնցումների պատճառն ամենևին էլ երկրաշարժը չէ, այլ շատ ավելի խոլական, վայրագ, քաոսային ուժ:

          Նրբիրան աղջկա խիզախ համակերպվածությունը տղային պարուրել էր բացարձակ հանգստության տարօրինակ զգացումով: Աննկարագրելի անդորրը ստիպել էր փակել աչքերը: Պատկերացրել էր իր վրա քայլող տիեզերքի սոսկալի ծանրությունն ու սառնասրտորեն ժպտացել էր նրան:

          -Morituri te salutant,- շշնջացել էր մեքենայաբար՝ ավելի ամուր սեղմելով աղջկա տաք  ափը:

No Comments

Leave a Reply