Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում առաջնախաղ է սպասվում: Դեկտեմբերի 5-ին և 6-ին՝ ժամը 18։00-ին, Արամ Մխիթարյանի բեմադրությամբ կներկայացվի Արշակ Սեմիրջյանի «Թանկարժեք Դիակ» մեկ գործողությամբ կատակերգությունը:
Արամ Մխիթարյանը Ardi.am-ի հետ զրույցում ասաց, որ ծանոթ չէ Սեմիրջյանի բեմադրած գործերին, ընտրել է այս թատերգությունը, որն իրեն դուր է եկել, համոզված է՝ հանդիսատեսին էլ դուր կգա: Բեմադրված է ժամանակակից ոճով, ժամանակակից պարերով ու ռիթմերով: «Ի՞նչ է կատարվում այսօր մեր շրջապատում, լինի թաղում, թե հարսանիք. սրա մասին է ներկայացումը, այսինքն՝ իրականությունը մենք բերել ենք բեմ: Նպատակը, ուղերձը ուրախություն պարգևելն է հանդիսատեսին: Մեկ—մեկուկես ժամ հանդիսատեսը կազատվի առօրյա հոգսերից, կզգա թատրոնի շունչը և կապրի այս ներկայացումով»,- վստահեցրեց բեմադրիչը:
Երկու մանկության ընկերուհիները` Մագդալենան և Թամարան, որոշում են իրենց սիրելի ընկերուհու Ռոզիի համար անակնկալ պատրաստել հենց վերջինիս ծննդյան օրը: Նրա բնակարանը տոնական զարդարում են և սպասում հոբելյարին: Իրադարձությունների շղթան գլխիվայր շուռ է գալիս, երբ սարսափած ու վախից քարացած ներս է մտնում հոբելյարը և աղջիկներին ասում, որ մեքենայի տակ մարդ է գցել: Ծննդյան ուրախ և գունավոր տրամադրությունն ու երիտասարդ ենթադրյալ հանգուցյալը բախվում են իրար:
Դերերում՝ Ալլա Դարբինյան , Նոնա Սաֆարյան, Տաթև Պետրոսյան, Էդգար Բարսեղյան, Վահրամ Խառատյան (Հակոբ Դեմիրճյան), Թաթուլ Բոստանչյան (Արամ Մխիթարյան, Թինա Գալոյան):
Երաժշտական ձևավորումը՝ Սեդրակ Զարգարյանի:
Նշենք, որ այս տարի թատրոնի խաղացանկը համալրել էին նաև «Վարազդատ», «Սմբակներ», «Սե՞ր, թե՞ քուանշ», «Ես միայն զանգահարելու եմ եկել», «Անուշ» ներկայացումները:
Արմինե Սարգսյան
No Comments