ԳրաԴաշտ Կարինե Ռաֆայելյան

Տաք-խենթ-երևանցի Արմեն Շեկոյանը

30.07.2021

Երկրայիններիս աշխարհը լքեց Արմեն Շեկոյանը, գրող, որի անձը, գոյության կերպը ճշգրիտ ֆիզիկական արտապատկերն էր իր ստեղծած գրականության:

Վերջին տասնամյակների մեր ապրած կյանքում պոեզիան ամենախորթ տարածությունն էր թե՛ ստեղծագործողի, թե՛ ընթերցողի համար: Սակայն Շեկոյանը գրեց այնպես, որ մեր ու իր իրականության կոպիտ խառնաղմուկը չպատնեշեց նրա պոեզիայի ճանապարհը, և այն անարգել հասավ ընթերցողի սրտին ու գիտակցությանը:

Արմեն Շեկոյան անունն ասոցացվում էր թարմության ու անսովորության հետ: Այս հեղինակի յուրաքանչյուր նոր գործին առնչվելուց առաջ անսպասելիի սպասումն էիր ունենում: Նրա գործերում մենք մեզ ու մեր դիմափոխվող քաղաքն էինք տեսնում: Շեկոյանը Երևանի երգիչն էր՝ առավելապես թաղված նրա խուլ ու անծանոթ հետնախորշերում, որոնցից պոեզիայի համար նյութ քաղելն արդեն իսկ պոետական մեծ սխրանք էր ենթադրում: Նրա բանաստեղծությունն առտնին զբաղմունքի, առօրյա զրույցի կաղապարն է կրում, սակայն այդ կաղապարից ներս անհատակ խորության, անեզրության տարածություններ են քողարկված: Նրա քնարական հերոսը երևանցին է՝ իր մտահոգություններով, իր հիասթափություններով, իր կենսասիրությամբ, իր սարկազմով՝ սեփական անձի ու միջավայրի հանդեպ: 

«Ես դեգերելով շարունակվեցի

Երկիր հորջորջվող լաբիրինթոսում:

Շարունակվում եմ անվերջ ու հոսում

անանցանելի ու մութ էս փոսում:

Շարունակվում եմ էս անլույս մթնում.

քչփորում եմ, բայց ելքը չեմ գտնում»:

Շեկոյանի մոտ բանաստեղծական պատկերը դառնում է մի ճկուն ատաղձ, որի առանցքում հեղինակն է, իսկ նրա բազմանկյուն տեսադաշտում զատորոշվում են քաղաքի դեմքերը.

«Ինձ գիտեն բոլոր մեղավորները,

մորուքավոր ու բեղավորները,

անմորուսները և անբեղները,

անմեղսունակներն ու անմեղները,

բոլոր գիտուններն ու թերուսները,

նամուսովներն ու աննամուսները:

Ինձ գիտեն բոլոր նկարիչները,

մուտիլովչիկներն ու սադրիչները,

բոլոր օձերը և կարիճները,

ենթակաները և վարիչները:

Ինձ գիտեն բոլոր գրամոլները,

Ինձ գիտեն բոլոր խաղամոլները,

որ խարխափում են էս անլույս մթնում:

Նրանք ինձ գիտեն, սակայն չեն գտնում:

Ինձ գիտեն նախկին ու նոր տերերը,

որ ճիշտ բաշխեցին մեզ մեր դերերը:

Ինձ գիտեն նաև վարձակալները,

գիտեն հին ու նոր գործակալները,

որ խարխափում են էս անլույս մթնում:

Ինձ գիտեն, սակայն հետքըս չեն գտնում:

Ինձ գիտեն բոլոր մուրացկանները,

բոլոր ձախորդներն ու վարձկանները,

ինձ գիտեն բոլոր ընչազուրկները,

ինձ գիտեն բոլոր գործազուրկները,

գիտեն քաղաքներն ու խուլ գյուղերը,

գիտեն ջեբկիրներն ու լուրջ գողերը,

ովքեր ցնծում են էս անլույս մթնում,

զի` ամենուրեք ավար են փնտրում»:

Անսահմանափակ ու բազմաշերտ էր Արմեն Շեկոյանի հայերենաիմացությունը: Նա վարպետորեն խաղացնում էր հայերենի հարուստ բառանյութը, իր պոետական խոսքում համադրում գրականից մինչև ժարգոն ու հայհոյախոսություն ձգվող բառատարածությունը: Ու թեև ակնհայտ է, որ պոետի խոսքը ներամփոփում է իր մեջ դառնության, իրականությունից իրավացի դժգոհության չափաբաժին, այդուհանդերձ, Արմեն Շեկոյանը լի էր սիրով իր բաժին աշխարհի ու այդ աշխարհի բնակիչների հանդեպ:

«Ես սիրում եմ Ձեզ, չնայած երբեք

չեք պատասխանել իմ խեղճ հարցերին:

Սիրում եմ անցած-գնացածներին,

սիրում եմ եկած-մնացածներին,

խեղճ կոտըրվածին ու սուտ կարծըրին,

մոտիկ ցածըրին, հեռու բարձըրին,

անխըտիր բոլոր մնացածներին`

ովքեր սովոր են փափուկ բարձերին,

ովքեր սովոր են բանտ ու կարցերին,

բոլոր բարձրացած ու ցցվածներին,

բոլոր բարձրացած ու գցվածներին,

բոլոր բարձրացած ու ձգվածներին,

բոլոր բարձրացած ու հղկվածներին,

բոլոր խեղճացած ու քցվածներին,

բոլոր խեղճացած ու կքվածներին,

բոլոր խեղճացած ու լքվածներին:

Սա կյանք չէ. համակ Սեր է` լույսի տոն.

եւ Սերն ամուր է` զերդ ցեմենտբետոն.

եւ Հույսն ամուր է` զերդ ցեմենտբետոն:

Կսիրեմ Ձեզ ու Կյանքն այս, քանի դեռ

նախագահը չի դրել իր վետոն»:

Նա զավեշտախառն լրջությամբ բանաձևում էր մեր ու իր ներկան, անցյալը,  ապագան: Ըստ Շեկոյանի՝ մենք սիրում ենք պանծացնել մեր անցյալն ու դժգոհել ներկայից, ապրում ենք՝ չզգալով ապրածի հմայքն ու իրեղենությունը, ամեն բան ընկալում ենք իբրև փորձություն ու փորձարարություն: Սա գոյության մեր ինքնօրինակությունն է, որն Արմեն Շեկոյանը որակել է իբրև «Փորձնական եթեր».

«Կյանքը սա՞ է, Տեր իմ, թե

էլի բաներ կան։

Անվերջ քաղցր անցյալն է

ու տըտիպ ներկա՞ն։

Մերթ խնդում եմ, մերթ լալիս՝

որպես մի Վերթեր։

Կյա՞նք է արդյոք, Տեր իմ, թե

փորձնական եթեր»:

Շեկոյանին երբեք չէր լքում պրպտելու, անիմանալին երևան հանելու ձգտումը: Նա իր որոնումների մեջ էր «ներքաշում» անգամ Բարձրյալին.

 «Անհնարին էր լինել էսքան

անհիշաչար ու ներողամիտ,

բայցևայնպես՝ Դու եղար, սակայն

Դու երեխա չես. Դու միամիտ

մի երեխա չես. և այստեղից

չես հեռանալու՝ միչև դարձյալ

ճանաչենք Քեզ. ու մեր անիծյալ

հիշողությունը շարժենք տեղից»:

Եվ ահա, մեր ազգի ու հայրենիքի համար ծանրագույն այս ժամանակում Արմեն Շեկոյանը ճամփա ելավ՝ հասնելու Բարձրյալին, որովհետև մեր ու իր անունից բազմաթիվ հարցեր ունի տալու Նրան և հույս-ակնկալիք՝ ստանալու պատասխաններ: Արմեն Շեկոյանը այն այրն է, որի հեռանալով հայոց երկիրը դատարկվեց, բայց հարստացավ հայոց երկինքը: Տաք-խենթ-երևանցի Արմեն Շեկոյանի զրույցներն այսօր և այլևս Վերին տարածությունների ծիրում են, իսկ մենք պիտի չհագենալով վայելենք իր ավանդած տաղանդավոր գիրը:

Կարինե Ռաֆայելյան
Լուսանկարի աղբյուրը՝ avproduction.am

No Comments

Leave a Reply