Գայանե Եգանյան Թանգարան ՄարզաԴիտակ

Տեսադաշտում Գյումրու «Կումայրի»-ն է

22.02.2021

Ardi.am-ը զրույցի է հրավիրել Գյումրու «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տնօրեն Ինգա Ավագյանին:

— Տիկի՛ն Ավագյան, «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանի պատմությունն ինչպե՞ս կներկայացնեք: Ի՞նչ ցուցանմուշներ է այն ներառում, արդյոք մինչև հիմնական ցուցադրություն ունենալը դրանք բավարար պայմաններում էին պահպանվում:

— «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանը ստեղծվել է 1980թ.՝ ՀԽՍՀ մինիստրների խորհրդի որոշումով՝ խնդիր ունենալով ուսումնասիրել, վերականգնել Կումայրի- Գյումրի-Ալեքսանդրապոլի պատմամշակութային հարուստ ժառանգությունը, գիտականորեն հետազոտելու և հանրայնացնելու այն: Թանգարանի գործունեությունը կարելի է բաժանել երեք շրջափուլի:

1. 1980-1988թթ. մեծ ծավալի աշխատանք իրականացվեց  պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների հաշվառման, ուսումնասիրման, նախագծման, վերականգնման և նպատակային օգտագործման ուղղությամբ: Աննախադեպ գործունեություն ծավալվեց բանահավաքչության, հասարակական, տնտեսական, քաղաքի ընտանեկան կենցաղին և մշակույթին վերաբերող թանգարանային արժեքների ձեռք բերման, դրանց գիտական ուսումնասիրության և հանրահռչակման ուղղությամբ: Ցավոք, 1988թ. երկրաշարժը և երկրում ստեղծված քաղաքական, սոցիալ-տնտեսական վիճակը խաթարեց թանգարանի բնականոն գործունեությունը: Սակայն թանգարանը, թեկուզ դժվարությամբ, կարողացավ շարունակել իր առաքելությունը: 2004թ. սեպտեմբերի 9-ին ընդունվեց ՀՀ կառավարության № 1270-Ն որոշումը, որի համաձայն՝ շուրջ 1170 շենք և շինություն ներառնվեցին «Կումայրի» արգելոցի պահպանական գոտու մեջ:

2. 1988-2013թթ. փոխվեց թանգարանի իրավական կարգավիճակը, նեղացան գործունեության շրջանակները, թանգարանը դադարեց գործել որպես ինքնուրույն միավոր:

3. 2013թ. վերականգնվեց «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանի իրավական նախկին կարգավիճակը, որով հնարավորություն ընձեռվեց շարունակել թանգարանի գիտահավաքչական գործունեությունը:

Այսօր կարող ենք փաստել, որ շոշափելի է թանգարանի գործունեությունը՝ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանման, վերականգնման և արգելոցի տարածքում քաղաքաշինական խնդիրների լուծման գործում: Անուրանալի է թանգարանի աշխատակիցների ջանքը՝ թանգարանի ֆոնդարաններում պահպանվող թանգարանային արժեքների վերահաշվառման, վերականգնման, նոր արժեքների ձեռքբերման և Գյումրու նորաստեղծ պատմության թանգարանի կայացման գործում:

Այսօր թանգարանի պահոցներում առկա են շուրջ 12.000 թանգարանային արժեք: Պահպանվող միավորները ներկայացված են հավաքածուներով: Երկու մեծ հավաքածուներ ցուցադրվում են Գյումրու քաղաքային ճարտարապետության ու ժողովրդական կենցաղի թանգարանում և Երանուհի, Մարիամ Ասլամազյան քույրերի պատկերասրահում: Արժեքավոր են կոմպոզիտորներ Արմեն և Նիկողայոս Տիգրանյանների, բանահավաք Ալեքսանդր Մխիթարյանցի և Արշակ Բրուտյանի, լուսանկարիչ Մկրտիչ Փալանջյանի, նկարիչներ Հայկ Տիգրանյանի, Գևորգ և Արշակ Բրությանների հավաքածուները, որոնք բաղկացած են բազմաթիվ արժեքավոր իրերից: Թանգարանի հավաքածուներից յուրահատուկ արժեք ունի թանկարժեք մետաղներից պատրաստված 120 իրերի հավաքածուն, որը 1988թ. Սպիտակի երկրաշարժից հետո տեղափոխվել և ժամանակավոր պահպանության էր հանձնվել Հայաստանի պատմության թանգարանին: Բոլորովին վերջերս հավաքածուն տեղափոխվեց Գյումրի և վերը նշված հավաքածուների հետ ցուցադրվում է Գյումրու քաղաքապետարանի շենքի առաջին հարկում գործող Գյումրու պատմության թանգարանում: Թանգարանը նաև ունի Ալեքսանդրապոլի տնտեսական, ընտանեկան կենցաղը բնորոշող հավաքածու` կահույք, մետաղյա, փայտյա և ապակուց պատրաստված իրեր, աշխատանքային գործիքներ: Առանձնանում են նաև  փաստաթղթերի, քարտեզների, լուսանկարների, հնատիպ գրքերի, ասեղնագործ իրերի, գորգերի ու կարպետների և հնագիտական իրերի հավաքածուները, որոնք նույնպես առանցքային են ցուցադրության կազմակերպման համար: 2019թ. ՀՀ Շիրակի մարզի Գյումրու համայնքի ավագանու որոշմամբ  «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանին հատկացվել է տարածք Գյումրու քաղաքապետարանի առաջին հարկում՝ ցուցադրություն կազմակերպելու համար: Ընդհանուր առմամբ 700 ք/մ տարածք է, որը ներառում է 5 հիմնական ցուցասրահ (230 ք/մ), մեկ ժամանակավոր ցուցասրահ (400 ք/մ), գրադարան, վերականգնման արվեստանոց, ֆոնդային սենյակներ, որտեղ տեղակայվելու է թանգարանի հարուստ հավաքածուն՝ Ալեքսանդրապոլ-Գյումրի քաղաքի տարածքում գտնվող հնագիտական հուշարձաններից պեղված հավաքածուները, պատմությանը, ազգագրությանը, բանահյուսությանը, մշակույթին և կենցաղին վերաբերող նյութեր: ՀՀ Շիրակի մարզի Գյումրի Համայնքի ավագանու 12.03.2019թ. N 30-Ա 0 որոշմամբ միջոցներ են հատկացվել՝ թանգարանային ցուցադրություն կազմակերպելու, ցուցանմուշների վերականգնման և նորերի ձեռք բերման համար:

Ցուցադրութունը բացվեց Քովիդի համավարակի դժվարին պայմաններում, երբ փակված էին աշխարհի և հանրապետության բազմաթիվ թանգարաններ: Ի՞նչ խոչընդոտների բախվեցիք այդ աշխատանքն իրականացնելու ընթացքում:

— Անշուշտ, եղան դժվարություններ՝ ՀՀ Ազգային արխիվի, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի, Մատենադարանի, Հայաստանի պատմության թանգարանի ֆոնդերում աշխատելու հետ կապված, սակայն մեր գործընկերների ջանքերով կարևոր գործընթացները կազմակերպվեցին հեռավար տարբերակով, ինչի շնորհիվ այդ դժվարությունները որոշ չափով հաղթահարելի դարձան:

Ի՞նչ սկզբունքով եք առաջնորդվել՝ մշակելով «Կումայրի»  պատմամշակութային արգելոցթանգարանի ցուցադրության հայեցակարգը:

— Հայեցակարգը մշակելիս փորձել ենք պահպանել ինքնատիպությունը: Ելնելով թանգարանի հավաքածուի ընձեռած հնարավորությունից՝ աշխատել ենք չկրկնել քաղաքում գործող այլ թանգարանների ցուցադրությունները՝ նաև խնդիր ունենալով լրացնել մյուս թանգարանների ցուցադրություններում եղած՝ քաղաքի պատմությանը վերաբերող բացթողումները: Հայեցակարգը մշակելիս ընդգրկել ենք քաղաքի պատմությունը՝ սկսած Ք.ա. IV հազարամյակից մինչև Ալեքսանդրապոլյան շրջանը: Գյումրու տարածքում իրականացված պեղումների շնորհիվ թվագրել ենք քաղաքի տարածքում առաջին բնակատեղիները՝ Ք.ա. IV հազարամյակից մինչև ուշ միջնադար: Այդ հուշարձաններն են «Սև ամրոցը», Կումայրին, Վարդբաղը, Լենինականի մսի կոմբինատի տարածքում պեղված հուշարձանը: Ներկայացրել ենք Ալեքսանդրապոլ բերդի ստեղծման պատմությունը, անդրադարձել Ալեքսանդրապոլի ինքնակառավարմանը, քաղաքագլուխների ընտրություններին, քաղաքաշինությանը,  պատմությանը, կենցաղին, հրատարակչական գործին, կրթությանը, մշակույթին (թատրոն, գրականություն, կերպարվեստ, աշուղական և պրոֆեսիոնալ երաժշտություն):

Գյումրու ժողովրդական ճարտարապետության և կենցաղի թանգարանը՝ Ձիթողցոնց տունը, վաղուց ճանաչված ու սիրված է մշակութասեր հասարակության շրջանում: Ինչո՞վ է առանձնահատուկ «Կումայրի»պատմամշակութային արգելոցթանգարանը, որը պիտի գրավի այցելուներին և մղի դեպի այդ թանգարան:

Մեր թանգարանի ցուցադրությունը խիստ հագեցած է քաղաքի տարածքում պեղված հուշարձաններից հայտնի նյութերով, քաղաքի պատմության և մշակույթի հետ կապված տեղեկություններով, այն ունի այլ շեշտադրում և բոլորովին տարբերվում է Գյումրու ժողովրդական ճարտարապետության և կենցաղի թանգարանի ցուցադրությունից: Գյումրու պատմության թանգրանի ֆոտոսրահի ցուցադրությունը եզակի է Հայաստանում, այստեղ ներկայացվում է Ալեքսանդրապոլի լուսանկարչության մշակույթի պատմությունը: Սրահը ամբողջությամբ կահավորված է նշանավոր լուսանկարիչ Մկրտիչ Փալանջյանի հավաքածուով:

Փալանջյանների հավաքածու

Յուրաքանչյուր թանգարան ունենում է որևէ ցուցանմուշ կամ ցուցանմուշներ, որոնք առավել մեծ հետաքրքրության են արժանանում այցելուների կողմից: Որո՞նք են այդօրինակ ցուցանմուշները «Կումայրի»ում:

— Արդեն նշեցինք լուսանկարչական հավաքածուն: Բացի այս, եզակի են Ք.ա. IV հազարամյակով թվագրվող՝ թրծակավից պատրաստված ցլի ոճավորված արձանիկը, խոյի կերպարանքով օջախի ոտքը, Ք.ա. XXIV դ. թվագրվող՝ Արագացյան խմբին պատկանող կճուճիկը և գավաթը, Ք.ա. III դ. թվագրվող մանյակը, մատանին և ականջօղերը:

Ցուլ, թրծակավ

Այցելուներին գրավող անկյուններից է Ալեքսանդրապոլի քաղաքագլխի աշխատասանյակը:

Ալեքսանդրապոլի քաղաքագլխի աշխատասենյակը

Բացառիկ են նաև Արմեն Տիգրանյանի ռոյալը, Նիկողայոս Տիգրանյանի բրայլան գրամեքենան և Կոմիտաս Վարդապետի մակագրությամբ գրքերը, Սանոյանցների տպարանում կարմիր մետաքսի վրա տպված համերգային ծրագիրը, Գ. Բրուտյանի՝ Թադևոս Ավդալյանի «Պեչնիկ Ավդլենց Թաթոսի» դիմանկարը, Ա. Բրուտյանի՝ բանահավաք Ալեքսանդր Մխիթարյանցի դիմանկարը և վերջինիս «Փշրանքներ Շիրակա ամբարներից» աշխատությունը, Դիմաքսյանի պատկերով արծաթե գոտին, Գյումրվա ոսկե և արծաթե ապարանջանները, որոնք պատրաստել է ալեքսանդրապոլցի նշանավոր արծաթագործներից մեկը:

Արմեն Տիգրանյանի ռոյալը

Մշակութային կյանքը օբյեկտիվ պատճառներով չունի նախկին ակտիվությունը: Զբոսաշրջիկներ չեն այցելում Հայաստան: Իսկ տեղացիները այցելո՞ւմ են «Կումայրի»պատմամշակութային արգելոցթանգարան:

— Անշուշտ իրավիճակը բարդ է, սակայն թանգարանը հետաքրքրում է բոլորին, և այսօր անում ենք ամեն ինչ՝ նոր այցելուներ ներգրավելու համար: Ոլորտով զբաղվող մասնագետներից բացի, հիմնականում հաճախում են մշակույթի գործիչներ, տուրիզով  զբաղվող մասնագետներ, ուսուցիչներ, դպրոցականներ, գրադարանավարներ, զանազան բուհերի ուսանողներ:

Զրույցը՝ Գայանե Եգանյանի

No Comments

Leave a Reply