ԳրաԴաշտ Էմմա Սիմոնյան

«Տիպանգոն»՝ նոր ժամանակների երջանկության բանալին

01.05.2024

«Տիպանգոն աշխարհն էր՝ կախարդված մի շրջան, որն ամեն ոք տեսնում է այնպես, ինչպես ինքն է ձգտում տեսնել»։

Վահան Տեր-Ղազարյանի «Տիպանգո» ժողովածուում ընդգրկված են  «Տիպանգո», «Անուղի ճամփաներ» վիպակները և «Միայնակ մարդիկ» պատմվածաշարը, որոնք աչքի են ընկնում ինքնատիպությամբ, հեղինակի ընդգծված ոճով, տարբերվող բառաշերտով:

Խորհրդային շրջանում գրված այս գիրքը երիտասարդության տարիներին հեղինակի լսած մի պատմության  տպավորությունների արգասիքն է։ 

Վիպակն  ընթերցողի առջև բացում է յուրօրինակ աշխարհ. ճամփորդում ես ջունգլիներում, ապրումակցում Դեն Ալարոդին, հիանում Տիպանգոյի տաճարի շքեղությամբ, ասես զգում դրա զգլխիչ ազդեցությունը, ներքին բախման մեջ մտնում քաղաքակիրթ աշխարհի կանչի և վաղեմի երազանքների հետ:

Տիպա՛նգո… ասել է թե՝ «արևի հոգի»…

Իրականությանը միահյուսված երազային ցանկությունները ի կատար ածվելու հնարավորություն են ստանում տարիներ առաջ անհետացած գնդապետի և որդու մասին պատմությունը լսելուն պես: Դեն Ալարոդը թողնում է կնոջն ու ճանապարհ ընկնում՝ վստահեցնելով, որ կգա՝ ոչ թե կվերադառնա:

Որոշումը որքան էլ հապճեպ է, ընթերցողի մեջ երկվություն առաջացնող, այնուամենայնիվ հենց այստեղից էլ ծնվում է «մարդու ներքին» հակասությունների և պայքարի ծանր շղթան:

Վիպակը քաղաքակիրթ աշխարհից խուսափող, սակայն քաղաքակիրթ աշխարհի կանչին սպասող մարդու ներքին ընդվզումների մասին է. նրա հիմքում նուրբ թելերով աղերսվում են նյութապաշտության աղետալի և կործանարար հետևանքները:

Երկաթի դարն էր…

Եվ ամեն բան երկաթ էր դարձել…

Հեղինակի գրչի տակ կենդանություն էին առել բոլոր առարկաները, նրանք ասես մարդացել էին և պայքարում էին քաղաքակիրթ աշխարհում ժամանակին ձուլվելու համար… Հանդիպող մակդիրներն են՝ «կույր սարսափ», «կհանգցնի արեգակին», «չախկալ հոգի բանակ», «սևազգեստ լուսնի քուրմ», «խավարի հիմն», «անորոշ արեգակ», «մանկության ամբար» և այլն:

Քաղաքակիրթ աշխարհի ներկայացուցիչներն են Դեն Ալարոդը և Քրմապետը: Նրանք որքան տարբեր, նույնքան էլ  նման կերպարներ են: Դեն Ալարոդը ապրում է քաղաքակիրթ աշխարհում, որտեղ մարդկային կյանքն ընթանում է ժամանակին համահունչ: Նա, չկարողանալով հանդուրժել արդի բարքերը, թողնում է ընտանիքն ու հայրենի քաղաքը և մեկնում ջունգլիներ, ասել է թե՝ երազային իրականություն, հասնելու «սպիտակ վայրենիների քաղաքը»: Առաջին հիասթափությանը բախվում է այստեղ՝ գիտակցելով, որ ոչ թե «սպիտակ վայրենիներ են», այլ «քաղաքակիրթ կարմրամորթներ», այսինքն՝ առանց հինը արմատախիլ անելու՝ վրան նորը կառուցված: Չդիմանալով «քաղաքի» կանչին՝ Դեն Ալարոդը թողնում է ջունգլիները և վերադառնում, սակայն երկար ժամանակ քաղաքում ապրել չի կարողանում, քանի որ նրան «կանչում է» Տիպանգոն՝ բնությունը… Դեն Ալարոդը թողնում է քաղաքն ու հեռանում լեռներ, ասել է թե՝ փախչում է այն կյանքից, որը մատուցում է ուրբանիստական հասարակությունը: Վահան Տեր-Ղազարյանը իր հերոսի փախուստով ընդգծել է մարդ-բնություն անքակտելի կապը, համաձայն որի՝ մեկ անգամ բնությանը՝ «մաքրությանը» տրվելով, անհնար է շարունակել ապրել ապականված քաղքենի միջավայրում, որտեղ մարդկային հարաբերությունները խեղդվում են քաղաքի փոշոտ ու քարե փողոցների հորձանուտում:

Դեն Ալարոդը  ջունգլիներում հանդիպում է Քրմապետին, որն «արևի տեղակալն էր երկրի վրա»: Քրմապետին խորթ էին այդ քաղաքի օրենքները, ուստի, Քրմապետ դառնալուն պես, վերացրել էր զոհաբերության արյունոտ ծեսը: Նա ևս դարձել էր բարքերի դեմ պայքարող «ռազմիկ», որին ևս պարբերաբար այցելում էին անցյալի հուշերը և ստիպում վերադառնալ այնտեղ:

Հեղինակային դիրքորոշումն առավել ընդգծված դարձնելու համար Վահան Տեր-Ղազարյանը դիմում է բառաստեղծման մեթոդին: Ջունգլիներում խոսում են իրենց հատուկ լեզվով, որով գրված է նաև Տիպանգոյի մասին ներբողներ պարունակող «Հատ» գիրքը: Վիպակում հանդիպում ենք «յահակա», «դյաշ հայա», «ա՛քտա», «Գուրատտա», «Տիրաա», «Թեկա», «Յա-ար», «Յաշ դկխես կանաս կանու» և այլ  բառերի ու նախադասությունների, որոնք ստեղծում են վայրի միջավայրը՝ լի բնաձայնություններով և թույլ արտահայտված  հնդեվրոպական բառաշեշտով: Բառաստեղծմանը զուգահեռ կան նաև հեղինակային նորաբանություններ՝ «հաջորդափոխություն», «տխրահուշ», «նորելու», «ճառագայթափունջ», «կրքավար» և այլն:

Վիպակը հարուստ է գույներով: Գերիշխում են կարմիրը, սպիտակը և ոսկեգույնը: Ընթերցողին թվում է, որ հաճախ շլանում է Տիպանգոյի ոսկեգույն շքեղ զարդարանքի փայլից:

 Հետաքրքիր է նկարագրվող վայրերին ականատես լինելը, որը, իհարկե, չկա: Այնուամենայնիվ, հեղինակին հաջողվել  է ստեղծել գերիրական բնաշխարհի պատկեր:

Վիպակը հարուստ է ամբոխային դրվագներով: Քրմապետի, քուրմերի, իշխանների և ռազմիկների հետ ժողովրդի մասնակցությունը ևս առկա է, որը ստեղծում է բազմամարդ խառնաշփոթ: Հենց այս խառնաշփոթն էլ զուգահեռվում է Դեն Ալարոդի հոգեկան ալեխռով վիճակին: «Հասարակությունը աշխարհն առաջ տանող ուժն է, իսկ անհատը՝ այն ըմբոստությունը, որն առաջ է մղում հասարակությանը՝ շարունակելու պատմությունը»:

Ներկայացնելով մարդկային ամենատարբեր հարաբերությունները թե՛ քաղաքակիրթ աշխարհում, թե՛ ջունգլիներում, հեղինակը տարբեր բնութագրումներ է տալիս Տիպանգոյին, սակայն ստեղծագործության ավարտին նա նահանջում է և բացում  բանալին՝ թմրանյութի նման մարդկությանը ձգող Տիպանգոն երջանկությունն է, հանուն որի պայքարում և զոհվում են մարդիկ…

Էմմա Սիմոնյան