Սիրելի
բարեկամներ, այս տարի մեր փառատոնը բազում խոչընդոտների հանդիպեց։ Համաճարակին
կուլ չգնալու համար մի նոր ձևաչափ որդեգրեցինք՝ Ուջանում բացօթյա կինոդիտումներ
գյուղի բնակիչների, իսկ սեպտեմբերից դեկտեմբեր՝ առցանց ցուցադրություններ լայն
հանրության համար։
Սակայն վրա հասավ էլ ավելի մեծ չարիք՝ պատերազմը, որը թե՛ իր ընթացքով, թե՛ դաժան ավարտով, թվում
էր, չեղարկեց մեր նախաձեռնությունը։
Եվ իրոք, արդյո՞ք փառատոնների ժամանակն է հիմա։ Երկար խորհեցինք ու որոշեցինք
չնահանջել նույնիսկ այս դեպքում և նոյեմբերի 23-30-ը՝ 20։30-ին, մեր
կայքում՝ atieff.org, ներկայացնել այս տարվա
ծրագրի բոլոր ֆիլմերը։ Գաղափարական ու գեղարվեստական բարձր արժեք ունեցող 15
լիամետրաժ ու կարճամետրաժ ֆիլմ՝ աշխարհի տարբեր երկրներից, հայերեն
թարգմանությամբ։ Բոլոր ցուցադրություններն ուղեկցվելու են քննարկումներով ու
հեղինակների հետ հարցազրույցներով։ Արդյո՞ք փառատոնի ժամանակ է հիմա: Այս հարցը
վերաբերում է ժամանցին։
Փառատոնը, համերգը, գիրքն ու ցուցահանդեսը ժամանց չեն. սրանք մարդու կայացման,
աճի, լինելու անհրաժեշտ պայմաններն ու ուղեկիցներն են: Նրանց ժամանակը միշտ է,
տեղը՝ ամենուր։ Հենց իրենք են, որ հակակշիռ են սպառողական մտածողության
կարծրատիպերի, որոնք տանում են դեպի քարացում, դեպի մահ։ Արվեստն ու գիտությունն
են միայն, որ հակառակ ձգողականության բոլոր օրենքների՝ տանում են մեզ դեպի վեր ու
դեպի վեհը, տանում են այնտեղ, որտեղ կարող ենք գտնել ճիշտ պատասխաններ ու ճիշտ
ուղիներ։
No Comments