Թատրոն Կարինե Ռաֆայելյան

Ծննդավայր և հայրենիք ունեցող թատրոնը

16.11.2022

Հայաստանում Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի հերթական հյուրախաղերն էին: Ներկայացվում էր Արմենուհի Սիսյանի «Ագռավն ասաց» մենաներկայացումը՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանի բեմադրությամբ, դերասան Աշոտ Սիմոնյանի մատուցմամբ: Վերջինս արդեն սիրված և սպասված դերասան է հայաստանյան հանդիսատեսի համար. ամռանը նա փայլել էր Սուդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում՝ Գոգոլի «Ռևիզորը» ներկայացման մեջ խաղալով գլխավոր դերը:   

Այս անգամ թբիլիսյան թատրոնի հյուրախաղերը ընդգրկել էին ոչ միայն Երևանը:  Հայաստանի մարզային բազմաթիվ թատրոնների լեփ-լեցուն դահլիճներում է ներկայացվել խոր ասելիքով, շամփրող-սթափեցնող դիտարկումներով, երբեմն սարկազմի հասնող հումորով համեմված «Ագռավն ասաց» թատերգությունը:

Ներկայացման ստեղծագործական խումբը. Ա. Բայանդուրյան, Ա. Սիսյան, Ա, Սիմոնյան

Երևանում ներկայացումը կայացավ Հայաստանի թատերական գործիչների միության դահլիճում, որն իր կամերայնությամբ չափազանց բարեհարմար միջավայր էր «Ագռավն ասաց»-ը խաղալու համար:

Ներկայացումը դիտելու էին եկել հայ թատրոնի, մշակույթի գոծիչներ, ուսանողներ, արվեստասերներ: Բոլորն էլ տպավորված էին Աշոտ Սիմոնյանի խաղով՝ մատուցված բեմադրական մինիմալիստական լուծումներով, նուրբ պլաստիկայով, տպավորիչ խոսքով:

Աշոտ Սիմոնյանը՝ Ագռավի դերում

Ներկայացումից հետո Թբիլիսիի թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը խոստովանեց, որ ինքն առաջին ագամն էր դիտում ներկայացումը դահլիճից, միշտ հետևել է կուլիսներից: Նա տեղեկացրեց, որ «Ագռավն ասաց»-ը առաջիկայում ներկայացվելու է Հնդկաստանում՝ թատերական փառատոնի շրջանակներում:

Թատերգության հեղինակ Արմենուհի Սիսյանը շնորհակալություն հայտնեց մենաներկայացման բեմադրիչին և դերասանին. «Ինչքան էլ ստեղծագործությունը լավը լինի, այն այդպես էլ կարող է մնալ գրքի էջերում պարփակված, եթե չհայտնաբերի դիտողունակ բեմադրիչը, ապա կյանքի կոչի շնորհալի դերասանը: Շնորհակալ եմ, որ դուք  եղել եք այդ հայտնաբերողները, հատկապես, որ ես իմացել եմ ձեր մասին միայն այն ժամանակ, երբ արդեն պիեսն ընտրել, մոտավոր սցենարն արդեն պատրաստել էիք»: Հեղինակը հավելեց, որ պիեսի հաջող բեմադրության ու դերասանի առինքնող խաղի մասին վկայում է նաև այն, որ յուրաքանչյուր ներկայացումից հետո իրեն շատերը հարցրել են, թե ինչպես կարող են գտնել, կարդալ պիեսը:

Ուշագրավ է, որ դրամատուրգը  ագռավներից ֆոբիա է ունեցել: «Լավ բեմադրությունն ու արտիստական խաղը կարող են հրաշքներ գործել, անգամ ձերբազատել ֆոբիաներից: Ներկայացումը դիտելուց հետո ոչ միայն այլևս չեմ վախենում ագռավներից ու չեմ փոխում ճանապարհս նրանց տեսնելիս, այլև կանգ եմ առնում, ժպտում ու ասում՝ բարև՛, Ագռա՛վ, ո՞նց ես…»:

Ի դեպ, վերջերս «Ագռավն ասաց»-ի մեկ այլ մեկնաբանություն ևս եղել է հայկական բեմում՝ այլ բեմադրիչի և այլ դերասանի կատարմամբ:

Արմենուհի Սիսյան

Արմեն Բայանդուրյանի մատուցմամբ թատերգություններն ստանում են ինքնատիպ լուծումներ, ինչպես և սպասելի է ստեղծագործող բեմադրիչի դեպքում: Մենք հարցրինք, թե ի՞նչ միտումով, ի՞նչ շեշտադրումներով է նա առաջնորդվում՝ բեմադրելով այս կամ այն հեղինակի գործը:

«Մենք առաջին անգամ ենք բեմադրել մենաներկայացում: Դա բավական դժվար գործ է: Բայց կեցցե Աշոտը, նա կարողանում է գրավել հանդիսատեսին, ինչի համար շատ ուրախ եմ: Կարևոր է, որ Թբիլիսիի հայկական թատրոնի բեմից ներկայացվի լավ գրականություն: Լավ գրականությունը անպայման պիտի բեմից մատուցվի: Թբիլիսիի հայկական թատրոնի խաղացանկում դասական հայ գրողներից բացի, նաև ժամանակակից հայ դրամատուրգներն են ընդգրկված: Մանավանդ, որ սա աշխարհում միակ հայկական պետական թատրոնն է, որ գտնվում է հայրենիքից դուրս: Մենք անպայման պիտի կարողանանք բարձր մակարդակի վրա պահել թատրոնը: Ինձ համար ընդունելի չէ, երբ ասում են՝ հայրենիքից դուրս պահում-պահպանում են լեզուն, գրականությունը, թատրոնը: Ոչ թե պետք է պահեն-պահպանեն, այլ այն երկրում, որտեղ գործում են, պիտի հավասարը-հավասարի հետ լինեն տեղի մշակութային հաստատությունների հետ: Եթե մենք Թբիլիսիում ունենք պետական հայկական թատրոն, չպիտի զիջենք Վրաստանի առաջատար թատրոններին: Դրանով ուրախ կլինեն և՛ հայ, և՛ վրաց արվեստագետները: Ի՞նչ է նշանակում պահել-պահպանել: Դա բոլորն էլ կարող են: Բայց երբ կարողանում ես պահել բարձր մակարդակի վրա, շատ գովելի է և ուրախալի: Ես իմ մասին չէ, որ խոսում եմ, այլ նկատի ունեմ ընդհանրապես երևույթը: Թատրոն է եկել մի սերունդ, որը տիրապետում է բեմական գաղտնիքներին, մեր մայրենի լեզվին, մեր գրականությանը, մեր պոեզիային, մեր նկարչությանը: Ի՞նչ է նշանակում այսօր դերասան: Դերասանը ոչ թե նա է, որ միայն կարողանում է լավ արտաբերել խոսքը, լավ շարժվել բեմի վրա, այլև գիտի այն ամենը, ինչ վերաբերում է արվեստին: Մենք հանճարեղ դերասաններ ենք ունեցել: Եվ այդ հանճարեղության հետ միասին նրանք եղել են արվեստի մեջ, ունեցել են այն, ինչի մասին հիմա խոսում եմ: Առանց դրա՝ հնարավոր չէ լինել թատրոնի առաջատար դերասան: Մենք պիտի կարողանանք խուսափել այն ամենից, որը հեռու է արվեստից, գրականությունից»,- ասում է Ա. Բայանդուրյանը:

Թբիլիսիի հայկական թատրոնը իր դռները կբացի հանդիսատեսի առաջ հաջորդ տարվա գարնանը կամ աշնանը: Արմեն Բայանդուրյանը ցավում է, որ Վահե Շահվերդյանի մահը խափանեց իրենց նախնական ծրագրերը: Նրանք մտադիր էին չորս տարվա ընդմիջումից հետո Պետրոս Ադամյանի անվան թատրոնը բացել «Պեպո» ներկայացումով, որը պիտի բեմադրեր լուսահոգի Վ. Շահվերդյանը: Հիմա ընտրվել է այլ պիես՝ հանրահայտ Ցագարելու «Խանուման», որը պիտի բեմադրեն Ռոբերտ Ստուրուան և Արմեն Բայանդուրյանը միասին: Ա. Բայանդուրյանը նկատում է, որ «Խանուման» համեմված է թիֆիլիսյան գույնով, թիֆլիսյան ոճով և ներկայացնում է հայկական միջավայր:

«Համաշխարհային համբավ ունեցող Ստուրուան պիտի բեմադրություն անի մեր թատրոնում, սա մեծ իրադարձություն կլինի մեր թատրոնի կյանքում: Սա պատմություն է մեզ համար: Եվ մենք կունենանք Թբիլիսիում թատրոնի լավագույն շենքերից մեկը, եթե ոչ՝ լավագույնը: Այն, փաստորեն, հիմքից կառուցեց մեծ բարերար Բիձինա Իվանիշվիլին, և ես ամեն տեղ այս մասին ասում եմ, հայտնում երախտագիտությունս: Վստահ եմ, որ մեր թատրոնն անմահ է լինելու»,- ասում է Արմեն Բայանդուրյանը:

Թբիլիսիի հայկական թատրոնը, ըստ էության, ոչ թե վերանորոգվում է, այլ վերակառուցվում. այսպես է գնահատում գեղարվեստական ղեկավարը: «Չորս տարում զրոյական կետից կառուցվեց մեր թատրոնը,- պատմում է նա:- Բայց այդ ընթացքում ոչ մի օր կանգ չեն առել թատերախմբի աշխատանքները: Մասնակցել ենք բազմաթիվ փառատոների, եղել ենք Ֆրանսիայում, Ֆինլանդիայում, Հունաստանում, Իրանում, Ռուսաստանում, այլ երկրներում: Համարյա ամեն ամիս լինում ենք Հայաստանում: Վերջերս Արմենուհի Սիսյանի «Ագռավն ասաց» ներկայացումով հանդես ենք եկել Դիլիջանում, Իջևանում, Սպիտակում, Ստեփանավանում, Արտաշատում, Հրազդանում: Նախքան այդ՝ պրեմիերան եղել է Սունդուկյանի անվ. ակադեմիական թատրոնում և Մալյան թատրոնում: Շատ կարևոր է մեր շփումը Հայաստանի տարբեր քաղաքների բնակչության հետ, թատրոնի մադկանց հետ, Հայաստանի հետ, վերջապես: Սերտորեն կապված ենք Հայաստանի Թատերական գործիչների միության հետ, բոլոր հայկական թատրոնների հետ: Մենք իսկապես երջանիկ թատրոն ենք. ունենք ծննդավայր և ունենք հայրենիք: Երկու երկիր է մեր թիկունքին, սա մեծ բան է»:

Ի դեպ, Հենրիկ Մալյանի թատրոնի դերասան Գեորգի Հովակիմյանից տեղեկացանք, որ ինքը խաղալու է «Խանումա» ներկայացման մեջ: Եվ նա միակը չէ հայաստանյան դերասաններից, որոնք ընդգրկված են Պետրոս Ադամյանի անվան թատրոնի աշխատանքներում: Վստահ ենք, որ թբիլիսյան թատրոնի բացումը կլինի շքեղ ու հանդիսավոր, արվեստի բարձր չափանիշներին համահունչ: Մաղթում ենք հաջողություն և կանխավայելում սպասվող մշակութային իրադարձության հաճույքը:

Կարինե Ռաֆայելյան

Լուսանկարները՝ հեղինակի

No Comments

Leave a Reply