Մայիսի 18-ին Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ արժեքավոր, ուշագրավ միջոցառում։
Այդ օրը Հայաստանում, որպես գեղեցիկ ավանդույթ, նշվում է Թանգարանային գիշերը: Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի վարիչ Կարինե Ռաֆայելյանի նախաձեռնությամբ այդ երեկո կայացավ հիշարժան միջոցառում։ Այն նվիրված էր միանգամից երեք հետաքրքրական նյութերի. Հայաստանում նշվող Թանգարանային գիշերին, Հայ ազգի համբավանուն մտավորական, գրող, ակադեմիկոս Դերենիկ Դեմիրճյանին և Հայաստանում ու արտերկրում ճանաչված գեղանկարիչ Ռաֆֆի Ադալյանի 80-ամյա հոբելյանին։ Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Կարինե Ռաֆայելյանը։ Ապա Դ. Դեմիրճյանի հանրահայտ և խորիմաստ «Հայը» էսսեն գրավիչ թատերական երանգավորումով ընթերցեցին ճանաչված դերասանուհի Սոֆիկ Սարգսյանը և նրա նախկին ուսանող, ԵԿԹՊԻ-ի շրջանավարտ, շնորհալի երիտասարդ Սարգիս Շողունցը։ Դերենիկ Դեմիրճյանի կյանքի և ստեղծագործության մասին, հայ իրականության մեջ նրա անուրանալի դերի գնահատմամբ խոսեցին Կարինե Ռաֆայելյանը և արվեստագիտության դոկտոր Թամար Հովհաննիսյանը։
Ապա, դառնալով երեկոյի հաջորդ նյութին՝ Ռաֆֆի Ադալյանի ստեղծագործությանը, ասմունքող Գայանե Սամվելյանն ընթերցեց վերջերս հրատարակված՝ Ռաֆֆի Ադալյանի «Հակասությունների միասնություն» յուրօրինակ գրքում զետեղված՝ իր ավագ եղբոր, բանասիրական գիտությունների դոկտոր, անվանի գրող Նորայր Ադալյանի «Առաջաբան»-ը և մի քանի հատված Ռաֆֆի Ադալյանի այդ ժողովածուից։ Տեսաժապավենով ցուցադրվեցին Ռաֆֆի Ադալյանի ինքնատիպ, յուրահատուկ ոճի գեղանկարներ, ռելիեֆային գործեր։ Դրանց մեկնաբանմամբ հանդես եկավ ինքը՝ հեղինակը։ Ուշագրավ էր, որ տեսաժապավենով ցուցադրվեցին նաև Դ. Դեմիրճյանի վրձնին պատկանող մի շարք գործեր, մասնավորապես՝ Թիֆլիսում, «Վերնատան» հավաքների ժամանակ նկարած «Ծաղրանկարներ» շարքը։ Երեկոյին Ռաֆֆի Ադալյանի մասին իր խոսքով հանդես եկավ Թամար Հովհաննիսյանը։ Նախ նա արդարացիորեն անդրադարձավ ընդհանրապես Ադալյանների մեծանուն գերդաստանին (համբավանուն նկարիչ, քանդակագործ, ՀՀ ժողովրդական նկարիչ, ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր Ռուբեն Ադալյան, բանասիրական գիտությունների դոկտոր, ՀՀ նախագահի մրցանակակիր, Դ. Դեմիրճյանի անվան մրցանակի արժանացած, հանրահայտ գրող Նորայր Ադալյան, մի քանի սերունդ կրթած ճանաչված մանկավարժ, ջութակահարուհի Սեդա Ադալյան)։ Թամար Հովհաննիսյանը Ռաֆֆի Ադալյան-ստեղծագործողի, մտածողի ինքնատիպ, տաղանդավոր էության մասին խոսելիս մասնավորապես նշեց նրա գեղարվեստական կտավների խիստ առանձնահատուկ, յուրովի ոճը, գույնի և գծի նկատմամբ բացառիկ ինքնատիպ մոտեցումը։
Երեկոյի ավարտին ելույթներով հանդես եկան միջոցառման հյուրերից մի քանիսը:
Ardi.am
No Comments