Դեռևս այն ժամանակից, երբ բոլորովին անսպասելի գլխին դատարկ տակառ ընկավ, Սիմոն Պարսամյանը խիստ կակազում էր: Առավելապես սկսում էր կակազել հուզվելիս: Դա, իհարկե, չէր խանգարում նրան երգել: Երգելիս նա չէր կակազում: Լռելիս՝ նույնպես: Միայն թե լուռ և հուզված ժամանակ նրա ձախ աչքի կոպն էր խաղում: Ժամանակի հետ հաշտվելով կակազ լինելու փաստի հետ՝ Սիմոն Պարսամյանը դարձավ մի փոքրիկ գործարանի գլխավոր ինժեներ, ամուսնացավ, ուներ լիովին առողջ երկու երեխա՝ մի տղա և մի աղջիկ, ուներ նույնպիսի մի զոքանչ, որը ուներ չափազանց հստակ առոգանություն, խոսում էր շատ ու միայնակ՝ հանիրավի առաջացնելով զանազան զգացումներ Սիմոն Պարսամյանի վիրավոր հոգում, դրա հետևանքով սկսում էր խաղալ նրա ձախ աչքի կոպը, և այդ բանը զոքանչի կողմից վերագրվում էր փեսայի նախանձին՝ իր հստակ առոգանության նկատմամբ: Ահա այսպես էին ապրում: Միակ բանը, որ խռովում էր Սիմոն Պարսամյանի հարաբերական անդորրը, զոքանչի կողմից միջանցքում դրված թթվի տակառն էր, որը ոչ այնքան աղոտ հուշեր էր զարթնեցնում վերոհիշյալ դժբախտության մասին, որ դատարկ տակառի կերպարանք առած՝ փլվել էր նրա գլխին դեռևս երիտասարդ տարիներին՝ պատճառ դառնալով վիճելու հարցում նրա անընդունակության: Չնայած ողջ բակը հիմա ապակե բանկաներում էր թթու դնում, բայց Պարսամյանի զոքանչը, լավատեղյակ լինելով տակառների հանդեպ իր փեսայի վերաբերմունքին, շարունակում էր ամեն տարի թթուն փայտե տակառի մեջ դնել: Հաճախ Պարսամյանը խիստ գաղտնի ցանկություն էր ունենում թթվի քարը վերցնելու և ինչ-ինչ որոշակի գործողություններ կատարելու դրանով, բայց զսպում էր իրեն, լռում, և միայն ձախ աչքի կոպն էր խաղում` այնպես թխկթխկացնելով, որ Պարսամյանին թվում էր, թե զոքանչը կզարթնի հարևան սենյակում և գործի կդնի իր հստակ առոգանությունը: Զոքանչն իր հերթին սեփական տակառասիրությունն արդարացնում էր նրանով, որ այդ անոթի միայն տեսքը բավական էր՝ զսպելու համար փեսայի՝ անկարգություններ անելու ցանկությունը, քաշելու նրա սանձերը և ամենակարևորը՝ հեռու պահելու հարբեցողությունից:
— Գիտենք տղամարդկանց,- հաճախ կրկնում էր նա,- մենք էլ ենք հանդիպել դրանց: Զուսպ են, խելոք, մեկ էլ` հոպ…,- կարճատև լռության ընթացքում նա սուր, քննչական հայացքով դիտում էր դստեր աչքերի արտահայտությունը, հետո շարունակում,- մեկ բաժակ,- ավելի բարձր ձայնով,- երկու բաժակ,- ավելի բարձր,- երեք բաժակ,- վերջում գոռում էր,- հետո` մի ամբողջ տակառ…
Այս վերջին երկրաչափական պրոգրեսիան արտասանվում էր՝ հատկապես փեսայի ականջներին հասցնելու նպատակով: Եվ հենց այդ ժամանակ էլ Սիմոն Պարսամյանն սկսում էր պատերազմի իր ձևը գործադրել: Նա երգում էր: Երգում էր բավական լավ և աշխատում գերազանցել ինքն իրեն, քանի որ դա կատաղության էր հասցնում զոքանչին: Եվ հարևան սենյակից լսվում էր Սիմոն Պարսամյանի «Սիրտս գայլերին…»-ը, իսկ զոքանչը շարունակում էր ավելի ու ավելի բարձր գոռալ:
-Հետո` մի ամբողջ տակառ, հետո` էլի մի տակառ… Հետո` շա՜տ, շա՜տ տակառներ…
Հարկ է նշել, որ Պարսամյանը խմող չէր, և զոքանչը այդ բանը վերագրում էր թթվի տակառի մոգական զորությանը: Նա խորապես համոզված էր, որ բոլոր տղամարդիկ թունդ հարբեցողներ են: Իսկ եթե ավելի խորանանք զոքանչի հոգու մեջ, ապա այսպիսի տեսադարան կբացվի մեր աչքի առաջ. « Հողեմ գլուխը, ինչ ասես` անում եմ, որ մի օր հոգնի ու հարբած տուն գա, նրա աչքերը հանեմ, չի ստացվում»: Թե որտեղից էր այս արյունարբու ցանկությունը, պարզ չէր նույնիսկ իր` զոքանչի հոգու համար: Խա՞նդ` աղջկան, թոռների պատճառո՞վ… գուցե հին հաշիվնե՞ր արական սեռի հետ: Դժվար է ասել: Նմանատիպ կանայք փոքր թիվ չեն կազմում արևելյան երկրներում, որտեղ ապրում էր Սիմոն Պարսամյանի խաղաղ ընտանիքը: Նրանք բացարձակապես զուրկ են այն ուղեղածալքից, որտեղ մարդկանց մոտ բաբախում է տրամաբանություն կոչվող դեֆիցիտը: Այդ իսկ պատճառով նրանց հետ վիճելը նույնքան անիմաստ էր, որքան հեռախոսային ցանցը կարգի բերելն այն քաղաքներում, որոնցում այդ կանանցից շատ կան:
Ինչևէ, հարբեցողության նկատմամբ սարսափը զոքանչի մոտ իր ուրույն պատճառներն ուներ, և դրանք խիստ գաղտնի էին պահվում Սիմոն Պարսամյանից: Այդ պատճառների պատճառը նրա ամուսնու, այսինքն` Սիմոնի աներոջ ապրած կյանքն էր: Պարսամյանը գիտեր, որ աները, որին նա երբեք չէր տեսել, եղել է երկրաբան և զոհվել է Սիբիրում՝ սառույցի արտադրման հանքամասում՝ ընկնելով սառցահան նավի տակ: Սրանից այն կողմ չէր ճախրել զոքանչի երևակայությունը, քանի որ նա համոզված էր, որ Սիբիրում միայն սառույց կա, որ այնտեղ ապրում են միայն երկրաբաններ ու գողեր, սառցահատ նավերը սառույց են կտրտում՝ պաղպաղակի արկղերի մեջ տեղադրելու համար: Օ՜, սրբազան պարզություն: Սա ընդհանրապես ոչինչ չգիտեր Սիբիրի մասին… Նրա խորին համոզմամբ՝ թշշացող, ծուխ արձակող սառույցը հենց սիբիրյանն էր: Մեր մեջ ասած` այս պատմությունն այնքան էլ չէր համապատասխանում ճշմարտությանը: Սիմոն Պարսամյանի աները` Հայրապետ Կանդալյանը, պանրի պահեստապետ էր, ուներ մեծ շրջապատ, և դրանցից բխող հարբեցողությունը նրան հասցրեց Սիբիր, բայց բոլորովին այլ կերպ տնօրինեց բախտը: Հենց որ Հայրոն Սիբիր հասավ, կանգնեց դեռևս Երմակի օրերից մնացած փայտաշեն եկեղեցու գավթում, հայավարի խաչակնքեց ու երդվեց, որ այլևս երբեք գողություն չի անելու… Երևի այս մեղքն էլ նրան գերեզման տարավ: Դեպքը պատահել էր այսպես: Աստծո պատժիչ մատը` միջին երկարության մի սոճու կերպարանքով, գտնվում էր Հայրոյի հնարամիտ գլխից մոտ կես մետր հեռավորության վրա: Մատը սաստման շեշտով ճոճվում էր ետ ու առաջ, մինչ Հայրոն շարունակում էր գովյալ համառությամբ իր ուզած կողմը հրել, բայց պատահեց այնպես, որ ծառն իջավ Աստծո նշած կողմը, և աստվածային մատի այդ ճակատագրական կտտոցը վերջին ձայնը եղավ, որ հնչեց Հայրոյի երկար ականջներում: Երկու վայրկյան անց նրա ավազակաբարո հոգին դուրս սողաց ծառի տակից ու հանդարտ ճախրեց երկինք: Ծառի կողքին՝ այդ սևահեր կալանավորի դիակի մոտ կանգնած՝ չարախնդում էր մեծ կոնկիստադորը` Երմակ Տիմոֆեևիչը:
Սիմոն Պարսամյանի անտեղյակությունն այս հարցում հնարավորություն էր տալիս զոքանչին ու կնոջը անընդհատ կշտամբել նրան` բերելով զոհված երկրաբանի հերոսական օրինակը: Պետք է նշել, որ Սիմոն Պարսամյանի զոքանչն ու կինը չափազանց նման էին իրար, այդ իսկ պատճառով հաճախ էին բախվում: Բախումներից անպատճառ շանթ ու որոտ էր ելնում և պայթում Սիմոն Պարսամյանի տակառահար գլխին:
— Հորդ կտորն ես,- փեսայի բացակայությամբ՝ հարձակվում էր մայրը դստեր վրա:
Եվ նա գրեթե չէր սխալվում: Այն գծերից բացի, որ իրենից էր ժառանգել, մնացածով աղջիկը հոր կտորն էր՝ համառ, ուշ հասկացող և ստախոս: Չի կարելի ասել, թե նրա ստերը որևէ ստոր նպատակ էին հետապնդում կամ խելոք պատճառներ ունեին. պարզապես չէր կարողանում ճիշտ խոսել: Հարցերին պատասխանում էր այսպես.
-Ո՞ւր էիր,- հարցնում էին նրան:
-Խանութ էի գնացել: (Թեև գնացել էր շուկա):
Կամ.
-Սա ձե՞ր բնակարանն է:
-Ո՛չ:
-Բա սրանք ո՞ւմ երեխաներն են:
-Ամուսնուս,- տակից դուրս էր գալիս ու համարձակ նայում դիմացինին` հաստատ համոզված, թե խաբեց:
Ահա, հոր և մոր գեղեցիկ ժառանգության այսպիսի մի խառնուրդ էր տիկին Պարսամյանը (օրիորդականով` Կանդալյան): Բացի այդ, քանի Սիմոն Պարսամյանը գործարանի գլխավոր ինժեներ էր, իսկ Հայրապետ Կանդալյանը` զոհված երկրաբան կամ որոշ շրջաններում՝ պանրի նշանավոր պահեստապետ, երկու կանայք ուզում էին անպայման արիստոկրատ լինել: Երեխաները գնում էին ռուսական դպրոց՝ չնայած տանը ռուսերեն կարգին իմացող չկար, իսկ իրենք խոսում էին շատ կասկածելի գրական հայերենով:
Ինչևիցե, արդեն կիսով չափ ապականված Սիմոն Պարսամյանն էլ ուներ իր փոքրիկ գաղտնիքը: Տակառը, որն ընկել էր նրա գլխին, եղել էր ոչ թե գործարանում, այլ մի ուրիշ տեղ: Այն ժամանակ նա երիտասարդ էր ու առույգ: Եվ իր հենց այդ հատկանիշների գործադրման պահին էր տեղի ունեցել չարաբաստիկ դիպվածը: Առավոտյան կողմ, երբ դեռ չէր ծագել տվնջյան լուսատուն, և ադամամութն էր փռել իր չարագույժ թևերն աշխարհի ու գեղեցիկ կահավորված երկհարկանի առանձնատան վրա, բոլորովին անսպասելի՝ դռան բանալու ձայն լսվեց: Բանալու անցքը մտավ մի բանալի, որ գտնվում էր այդ տան տիրոջ ձեռքին: Նրա առաքինի կինը ցնցված էր նման ներխուժումից, իսկ այդ երրորդ մարդը, որ նույնպես գործուղման մեջ էր, ստիպված եղավ արագորեն դուրս քաշել սրտերի բանալին և նույն արագությամբ դուրս ցատկել պատշգամբ՝ առանց թույլ տալու, որ առաքինի տիկինը երկրորդ անգամ շշնջա հրամանը.
— Փախի՛ր:
Այդ ամենը կատարվեց բանալու երկու պտույտի արանքում: Տիկինը հասցրեց անհետացնել իր երրորդ կեսի շորերն ու ներքնաշորերը և քնած ձևանալ, իսկ անցանկալի դարձած դժբախտը հասցրեց երկրորդ հարկից ցատկել վարդի թփերի մեջ և մերկ մարմինը ոզնու պես փշերով զարդարված՝ վազեց դեպի ցանկապատը: Հենց այստեղ էլ տեղի ունեցավ ճակատագրական դեպքը: Ցանկապատն ալյումինե լարերով կապված էր ցախատանը, և մինչ մերկանդամ ոզնին ցանկապատի վրա ֆիզիկապես ճոճվում էր և հոգեպես տատանվում` ցատկե՞լ արդյոք հանելուկային խավարի մեջ, մի հանգամանք եկավ՝ վճռելու ցատկելու կողմը: Ցախատան գլխին դրված թթվի տակառը գլորվեց, էլի գլորվեց ու՝ թրխը՛կ… հարկ կա՞ արդյոք նշելու, որ վճռական այդ հանգամանքը հենց տակառն էր, իսկ երիտասարդ, առույգ ոզնին` Սիմոն Պարսամյանը: Ա՜խ, այդ գարնան արբեցնող գիշերները: Նրանք մարդկանց ոչ միայն կակազել են ստիպում… Այդ դեպքից հետո՝ երկար տարիներ, Սիմոն Պարսամյանը երազում տակառներ էր տեսնում, տակառներ, որոնք սիրո բանալի ունեին և այդ բանալին խոթում էին բոլոր դռների անցքերը: Նույնիսկ գործուղման տխուր գիշերներին նա իր սեփական բնակարանի դուռն էր տեսնում այդ տակառների զորեղ ազդեցության տակ:
Հասկանալի է, որ իր ընտանիքում ոչ մեկին հայտնի չէր պատմության այս տարբերակը: Նրանց հայտնի տակառը մինչև այժմ էլ պետք է որ գտնվեր այն գործարանում, որտեղ բանվորից մինչև գլխավոր ինժեների պաշտոնին էր հասել իրենց ընտանիքի տղամարդը` կակազ Սիմոն Պարսամյանը, որը նաև լավ երգում էր: Ընտանիքում տիրող նման լարվածությունը որոշ չափով մեղմում էր երեխաների ներկայությունը, բայց դա էլ այն պատճառով, որ նրանց ներկայությամբ հնարավոր չէր շոշափել այդ թեմաները: Մեծերն անմիջապես ընկնում էին կծու ծաղրի գնդացրային կրակի տակ: Երեխաներն էլ, իրենց հերթին, գաղտնիքներ ունեին: Ճիշտ է, այդ գաղտնիքները թիթեռի կյանք ունեին: Դրանք բացահայտվում էին ամեն երեկո: Ահա այդ գաղտնիքները:
Երբ երեխաները համապատասխան չափով մեծացան, հանդես բերեցին որոշակի կենդանասիրություն: Դա բոլոր երեխաներին է հատուկ: Տղան ամեն օր կեղտոտ շներ էր բերում տուն, իսկ աղջիկը` ոչ պակաս կեղտոտ կատուներ: Այդ առիթով թունդ վեճեր էին ծագում առանց այդ էլ վիճառատ ընտանիքում, զոքանչը հանդես էր բերում իր հստակ առոգանությունը, կինը՝ արտասուքները, իսկ Սիմոն Պարսամյանը լռում էր ու թխկթխկացնում ձախ աչքի կոպը: Եվ քանի որ մարդն ինքն իր հետ չի կարող թշնամի լինել մեկ րոպեից ավելի, ապա վերջում մեղավոր էր դուրս գալիս նա, ով չէր կարողանում ինքն իրեն պաշտպանել: Եվ դա միշտ Սիմոն Պարսամյանն էր լինում: Ի վերջո, ինչպե՞ս կարող էր նա պայքարել երկու առողջ ու արագախոս կանանց դեմ, երբ ինքը չէր փայլում նման հատկանիշներով: Եվ ահա ամեն օր բնակարանից լսվում էր վեճի, լացի ու հրաշալի երգի մի խառնաղմուկ, որը հետաքրքրասեր հարևաններին ենթադրությունների առատ նյութ էր մատակարարում:
1 Comment
Հոյակապ պատմություն էր,հաճելի կարդացվող։