ԳրաԴաշտ

Վահան Տեր-Ղազարյան․ Վիշապամարտ (3)

09.06.2021

Սկիզբը՝ այստեղ

(Վարագույրը բացվում է։ Ծովի հատակը։

Հորոտները ջրի տակով տանում են Վահեին)։

ՎԱՀԵ

Ես ջրի տակ եմ, ծովի հատակում,

Ինչ հրաշք բան է՝ ոչինչ չեմ զգում,

Ահա, ապրում եմ։

Ո՞վ եք դուք, քույրեր․․․

ՀՈՐՈՏ

Հորոտներն ենք մենք,

Ոգիներ քնքույշ․․․

ՄՅՈՒՍԸ

Զգույշ եղիր, զգույշ․․․

Դու այնքան կոպիտ մի սեղմիր մեջքս,

Թե չէ կխառնես այս աղի ջրին․․․

ԵՐՐՈՐԴԸ

Հիմա զգուշորեն բաց թող իմ ձեռքը,

Կշոգիանամ քո անմահ հրից․․․

ՀՈՐՈՏՆԵՐ

Մենք ոգիներ ենք ջրերի անուշ,

Քաղցրահամ առվի, զուլալ աղբյուրի․․․

(Մոտ են լողում ջրանույշները)

Բարև, ջրանույշ․․․

ՋՐԱՆՈՒՅՇ

Բերեցի՞ց քույրեր, մեզ հանձնեք նրան․․․

ՀՈՐՈՏՆԵՐ

Զգույշ բռնեք, զգույշ,

Ձեռքերդ չայրեք․․․

ՄԻ ՀՈՐՈՏ

Հեռացեք, քույրեր, հեռանանք շտապ,

Դուրս հոսենք ծովից և անհետանանք,

Բարի հողի տակ․․․

ՄՅՈՒՍԸ

Թե չէ արևը դուրս կգա երկինք

Ու կդարձնի մի շոգի անձև

ԵՐՐՈՐԴԸ

Կամ ամպ սպիտակ․․․

(Խուճապով անհետանում են)։

ՋՐԱՆՈՒՅՇ

Բարով ես եկել, սիրելի եղբայր։

ՎԱՀԵ

Ո՞վ եք դուք, որքան նման եք իրար։

ՋՐԱՆՈՒՅՇ

Մենք քո քույրերն ենք,

Դուստրերը քո հոր՝

Ջրանույշներն ենք Ջրանդնդի խոր։

ՎԱՀԵ

Երազ եմ տեսնում, երազ է իրավ,

Որտե՞ղ եմ հիմա․․․

ՋՐԱՆՈՒՅՇ

Քո հոր՝ Պասքամի թագավորության

Ամենախորունկ հատակում ես դու,

Շուտով պալատը նրա կերևա։

Դու հիմա միայն աչքերդ փակիր,

Հետո բաց արա,

Կտեսնես հորդ իր գահի վրա։

ՎԱՀԵ

Աչքերս փակե՞մ, շատ լավ՝

Այդքան բան․․․

(Փակում է աչքերը։ Խավար։ Լուսավորվում է, Պասքամը նստած է մարջանե գահին, շուրջը՝ զանազան ծովային էակներ)։

ՊԱՍՔԱՄ

Դու եկա՞ր որդիս։ Եկ, նստիր կողքիս։

Մեծացել ես դու, առնացել ինչպես։

Ասա, ի՞նչ ցավ է այստեղ բերել քեզ։

ՎԱՀԵ

 Հայր իմ՝ եղբայրս, եկվորյակը իմ

Ոչ քուն, ոչ արթուն, պառկած է հավետ

 Սև հողի տակին։

ՊԱՍՔԱՄ

Ինչպիսի պատիժ։ Ի՞նչ է արել նա։

ՎԱՀԵ

Նետը ուղղել է արևի աչքին,

Նետահարել է արևատապը զսպող թռչունին։

ՋՐԱՆՈՒՅՇ

Այո, թռչունը վիրավոր թևով

Երկար ճոճվում էր ջրերի վրա։

ՎԱՀԵ

Արևն եղբորս ապտակեց սաստիկ,

ԵՎ նա դիտապաստ վայր ընկավ մարած։

ՊԱՍՔԱՄ

 Վիշապի դավն է նրան կործանել,

Օ, իմ խեղճ զավակ․․․

ՔԱՋՔԸ

(Թաքնված է գահի հետևում)

Այդպիսի կատակ․․․

ՎԱՀԵ

Հայր, ի՞նչ անեմ ես․․․

ՊԱՍՔԱՄ

Ջուրն անմահական դու պիտի գտնես,

Քնած եղբորդ նրանով ցողես,

ԵՎ նա կելնի, ոտքի կկանգնի

Այնժամ արևը կրկին կժպտա,

Լեռ ու դաշտերը ծաղիկներ կտան,

Ծառերն ածխացած դարձյալ կկանգնեն,

Եվ լույս-աշխարհը նորից շունչ կառնի։

ՎԱՀԵ

Բայց որտե՞ղ գտնեմ

Ջուրն անմահական։

ՊԱՍՔԱՄ

Ավաղ, զավակս, ես դա չգիտեմ,

Ջուրն այդ տրվում է արժանիներին․․․

Գիտեմ, որ ծանր է քո ուղին ընտրած,

Ինչո՞ւ ծնեցի ձեզ այդքան դժբախտ,

Դուք՝ մահկանացու, ես՝ անմահ աստված․․․

Ես մարդու նման տանջվում եմ ձեզ հետ

ՁԱՅՆ

Վահե, Վահե պատանի,

Պիտի քայլես անդադար,

Մինչև արևը մարի,

 Եվ լուսինը ընկնի վար։

ՎԱՀԵ

Նորից նույն ձայնը և նզովքը նույն։

Չա՞ր, թե բարի է այս խոսքն ինձ համար,

 Ծովի հատակում նույն ձայնն եմ լսում,

Չգիտե՞ս ով է, պատասխանիր, հայր։

ՊԱՍՔԱՄ

Չգիտեմ, որդիս, ով է գուժկանն այդ,

Բայց ինչ որ ասաց՝ ճշմարտություն էր,

Օրհներգություն էր, թե բանդագուշանք

Արժանահավատ։

ՁԱՅՆ

Ջուրն անմահական այնքան է հեռու,

Որքան հեռու է վերջը աշխարհի։

ՔԱՋՔԸ

Ուրեմն մոտ է, Անգեղը ասաց։

Բան չի մնացել, ով Անգեղ աստված․․․

ՊԱՍՔԱՄ

Ուղեկցեք նրան։

(Ջրանույշներն ուղեկցում են)։

ՔԱՋՔԸ

(Դուրս թռչելով) գնաց պատանին,

Տեսնես, ի՞նչ կանի․․․

ՊԱՍՔԱՄ

Դո՞ւ ով ես, ծռտիկ,

Որտեղի՞ց ելար։

Ծովի հատակում, այդպես մրոտած

Ծլեցիր հանկարծ

ՔԱՋՔԸ

Դու ինձ չե՞ս հիշում, ես ձեր երդիկի քաջքն եմ ծակամուտ։

ՊԱՍՔԱՄ

Բա որտե՞ղ էիր։

ՔԱՋՔԸ

Թաքնվել էի ոտնամանի մեջ,

Հետո գահի տակ։

Իսկ մրոտվել եմ դրանց օջախի կրակից անշեջ

Հիմա կռիվը կսկսվի, հետո,

Թե նա ողջ մնամ, դարձյալ կմտնեմ ոտնամանի մեջ,

Եվ տուն կգնամ։

ՊԱՍՔԱՄ

Ի՞նչ կռիվ, ինչ բան

Նա դեռ ծովում է․․․

(Հեռավոր դղիրդ, ներս է վազում ջրանույշը)

ՋՐԱՆՈՒՅՇ

Հայր իմ ծովային անդնդի խորքից,

Խորունկ խավարից, անկյանք ընդերքից,

Ծովացուլն ահեղ ելնում է վերև,

Որպեսզի ճամփան քո որդու փակի,

Հորձանուտները խորքային տանի,

Այնտեղ կործանի․․․

ՊԱՍՔԱՄ

Սոսկում։ Ի՞նչ անել։

Մոտ հազար տարի։

Ահեղ հրեշը հազարաչքանի

Խորշից չէր ելել․․․

ՔԱՋՔԸ

Հիմա քո որդին իր թուրը կառնի

Ու ծովացուլի կաշին կհանի։

ՋՐԱՆՈՒՅՇ

Բայց նրա թուրը կայծակից է, հայր

Ծովի հատակում հանգած է, անկար․․․

(Կռվի դղրդյուն)։

ՔԱՋՔԸ

Մի տես, կռվում է իր հանգած թրով։

ՊԱՍՔԱՄ

Օգնության հասեք, ալիք բարձրացրեք,

Ջրի ոգիներ, փոթորիկ հանեք,

Լողացեք շտապ,

Նրան նետեք ափ։

(Ազմուկ, իրարանցում, խավար)

(Լուսավորվում է ծովի ափը, Վահեն ընկած ավազին,

Գլխավերևում ծնկել է Աստղիկը)։

ՎԱՀԵ

Ի՞նչ հրաշք է սա։

Իրակա՞ն է, թե՞ երազ եմ տեսնում․․․

․․․Ինչո՞ւ ես ժպտում։

ԱՍՏՂԻԿ

Քեզ եմ սպասել մի հավերժություն։

ՎԱՀԵ

Ոչ, սա չի կարող մարդու զարմ լինել։

Ո՞վ ես դու, աղջիկ։

ԱՍՏՂԻԿ

Աստղիկն եմ ես, ծովի մեջ սուզված

Մի աստղ պայծառ։

ՎԱՀԵ

Սիրտս մարում է։

Իրավ, աչքերդ լույս են արձակում

Աստղերի նման։

ԱՍՏՂԻԿ

Ես քեզ համար եմ երկնից իջել վար։

ՎԱՀԵ

Իմ խելառ եղբոր ցավը սրտիցս

Դուրս թռավ հանկարծ,

Բայց մի ուրիշ ցավ սիրտս սողոսկեց՝

Քո կերպարանքով մի բերկրալի ցավ։

ՎԱՀԵ

(Բռնում է ձեռքը)։

Ոչ մոտիկ ես դու,

Էլ բաց չեմ թողնի։

ԱՍՏՂԻԿ

Ես ջուր կդառնամ,

Հեռու կճախրեմ ես լույսի նման։

Կարող եմ դառնալ սառը մարգարիտ,

Կամ ձև մի ուրիշ․․․

Դու ձեռքս բաց թող

Եվ մի մոռացիր եղբորդ մասին։

ՎԱՀԵ

Ճիշտ ես, ես պետք է դարման որոնեմ,

Նրան հասցված վերքը դարմանեմ,

Բայց տես, մեխվել եմ անզոր իմ տեղում,

Տեղիցս շարժվել չեմ կարողանում,

Ի՞նչ է եղել ինձ, գոնե դու ասա․․․

ԱՍՏՂԻԿ

Երբ վերադառնաս մեծ ճանապարհից,

Այնժամ ես քոնը կլինեմ լրիվ։

Իսկ հիմա նայիր, որ լավ հիշես ինձ։

ՎԱՀԵ

Ի՞նչ մեծ ճանապարհ, ոչինչ չեմ ուզում։

ԱՍՏՂԻԿ

Մինչև չգնաս մեծ ճանապարհով,

Ինձ չես տեսնելու։

Դու հիմա պետք է երկինք բարձրաաս,

Քո ու եղբորդ բախտը իմանաս,

Նրան փրկելու դեղը որոնես,

Հազար ու հազար վտանգներ անցնես․․․

Դժվար է ճամփան բարձր երկնքի,

Բայց սերս թե քեզ ուղեցույց լինի,

Դու միշտ կհասնես ուզածդ բանին,

Ծովին, ցամաքին, երկնի սահմանին․․․

ՎԱՀԵ

Ասա ինձ, ինչպե՞ս բարձրանամ այնտեղ։

ԱՍՏՂԻԿ

Դու պիտի անցնես վեց երկինքների փակ դարպասներով։

Այնտեղ չեն հասնում ճառագայթները լույս-արեգակի,

Այնտեղ խավար է և հավերժական աստղերն են ապրում,

Այնտեղ՝ բարձրաբերձ լեռան գագաթին, կտեսնես նրան,

Որ ժամանակի ընթացքն է հսկում․․․

Բայց պիտի ելնես, պիտի բարձրանաս դու այնքան արագ,

Որ ժամանակի ընթացքը խախտվի,

Որ ժամանակը քեզ չնկատի,

Որ ժամանակին ենթակա ուժը էլ քեզ չհաղթի։

Յոթերորդ Երկնում, լեռան գագաթին,

Դու պիտի տեսնես անիվը բախտի։

Այնտեղ կիմանաս՝ ինչ պիտի անես։

ՎԱՀԵ

Արդեն տեսնում եմ, թե որքան ծանր է

Երկնքի ուղին։

ԱՍՏՂԻԿ

Սերս կտանի քեզ այնքան հեռու,

Որքան ուզում ես։

Սերս անմար է, քո ճամփան նա է

Լուսավորելու։

Եվ երբ կհասնես իմ քույր աստղերին,

Որ Ծիրկաթինի ճամփան են կազմում

Սլացիր նրանց ճառագայթների արահետներով․․․

ՎԱՀԵ

Գոնե մի համբույր․․․

ԱՍՏՂԻԿ

Հետո , շատ հետո․․․

(Լուծվում է ջրին որի երեսին մնում է ծփացող աստղ)։

Ժամանակների ու երկինքների սահմանից այն կողմ

 Ինձ կհամբուրես․․․

(Աստղը մարում է)։

ՎԱՀԵ

Սիրտս կոտրվեց․․․

(Ընկնում է ավազին)։

ՎԱՐԱԳՈՒՅՐ

ՎԵՐՋ ԵՐԿՐՈՐԴ ԳԼԽԻՆ
Շարունակելի

No Comments

Leave a Reply