ԳրաԴաշտ

Վահան Տեր-Ղազարյան. Վիշապամարտ (4)

16.06.2021

Սկիզբը՝ այստեղ

ԳԼՈՒԽ ԵՐՐՈՐԴ

ՅՈԹԵՐՈՐԴ ԵՐԿԻՆՔ։

Երկնամերձ լեռան կատարը՝ կորած աստղաբույլերի մեջ։ Բախտի անիվը

(Կենդանակերպի շրջանը) դանդաղ պտտվում է։ Տիրը ծալապատիկ նստած է

Անիվի առաջ և մատյան է լռացնում։

ՏԻՐ

(Գրում է սև մատյանում)։

Եվ մահկանացուն յուր կնքեց այսօր․․․

Տարի, ամսաթիվ և համար․․․ ահա։

(Վերցնում է մյուսը, ճերմակ մատյանը)։

Երեք նորածին, երկուսը տղա և մեկը աղջիկ․․․

(Ձեռքը մեկնում է բախտի անիվին)

Ո՞ր աստեղնատան հովանու ներքո․․․

Ահա, խեցգետնի․․․ (գրում է)

Նուրբ հոգի ունեն

Եվ դժվար կապրեն կարճ կյանքը իրենց․․․

(Լեռան ետևից գալիս է Վահեն)։

ՎԱՀԵ

Բախտի՜ անիվը․․․ո՜նց է պտտվում․․․

ՏԻՐ

Ի՞նչ, մահկանացո՞ւ այստե՞ղ, երկնքո՞ւմ․․․

Թե՞ անմահներից մեկն է ծպտված․․․

Հեյ, ո՞վ ես, տղա, ո՞նց այստեղ հասար։

ՎԱՀԵ

Չէ, նախ դու ասա, թե ով ես , կամ ինչ,

Այսքան տառապանք չեմ կրել իմ սև

Ծննդյան օրից․․․ միչև տեղ հասա․․․

ՏԻՐ

(Ծիծաղում է)

Ինչ համարձակն ես․․․

Հիմա կպարզենք քո ով լինելը․․․(նայում է մատյանը)

Վահե պատանի, որդին Պասքամի,

Ամպրոպամարտիկ․․․

Հա, գիտեմ, տեսա՝ ինչ ջարդ տվեցիր

Կանաչ վիշապին։ Բարով ես եկել։

ՎԱՀԵ

Ես ճամփիս այնքան վտանգներ անցա,

Վիշապն ի՞նչ էր որ, պարապ խաղալիք։

Եթե դու նա ես, ում մոտ պիտի գամ,

Ուրեմն նստեմ՝ քիչ հանգստանամ։

ՏԻՐ

Այստեղ ինձնից զատ էլ ոչ ոք չկա,

Ուրեմն նա եմ, միակը, որ կա։

Մեկը ասում է ինձ մեծ ժամանակ,

Մեկը՝ բախտ, կամ հույս,

Ոմանք կանչում են ինձ Չարուբարի։

Լսե՞լ ես գուցե, ինչպես են ասում․

Մեծ ժամանակը վերքդ կբուժի,

Չարը մեռնում է, ապրում է բարին․․․

Եվ նման բաներ։

Ինձ հետ են կապում հույսերը բոլոր։

Ես հավերժության ելից և մտից մատյանն եմ գրում

Կենաց ու մահու ցուցակներ կազմում,

Ուստի սարսափից, Վահե պատանի

Հաճախ կոչում են ինձ նաև գրող։

Լսե՞լ ես, մարդիկ ոնց են անիծում․ գրողը տանի․․․

ՎԱՀԵ

Բայց քո անունը․․․

ՏԻՐ

Ժողովրդի մեջ՝ Ժուկ ու ժամանակ, կամ ճակատագիր,

Բայց գուշակներն ինձ անվանում են Տիր։

ՎԱՀԵ

Հենց դու ես, որ կաս․․․

Քո մասին ես շատ բաներ եմ լսել և չար և բարի։

Ասում են, իբր ամեն ինչ գիտես, գործերն աշխարհի

ՏԻՐ

Ես ժամանակի ընթացքն եմ հսկում,

Որ տարիները իրարից առաջ չվազեն երբեք,

Օր ու գիշերը հաջորդեն իրար, ոչ թե հակառակ,

Որ մարդիկ ծնվեն ճիշտ ժամանակին,

Ժամանակին էլ անխոս հեռանան․․․

ՎԱՀԵ

Բայց միշտ չէ այդպես չափած ու ձևած,

Ավելի հաճախ ամեն ինչ խառն է,

Պատերզմները կյանքեր են տանում

Խիստ անժամանակ․․․

Հիվանդությունը չի թողնում ծնվել

Անմեղ մանկիկին․․․

ՏԻՐ

Դա իմ մեղքը չէ,

Մարդիկ ամեն ինչ իրենք են խառնում,

Մարդիկ ավելի գետնին են նայում,

Քան թե երկնքին։

Բայց ես ժամանակ չունեմ զրույցի;

Հանիր ռազմիկի այդ սաղավարտը,

Ճակատիդ գիրը ցույց տուր ինձ հիմա․․․

(Զննում է ճակատից ճառագող լույսը)

Հենց այդպես էլ կա՝

Աշխարհում միակ զգացմունքն է դա,

Որը կարող էր քեզ այստեղ բերել,

Որ շրջանցում է մեծ ժամանակը,

Մնալով անմեռ․․․

ՎԱՀԵ

Անունն ի՞նչ է․․․

ՏԻՐ

Սեր։

(Անիվը կանգ է առնում կույսի նշանի վրա)

Ճիշտ գուշակեցի, տես, կանգ է առել

Հենց կույսի վրա։

ՎԱՀԵ

Աստղիկ․․․ ի՞նչ է սա։

Ես քե՞զ եմ տեսնում․․․

ՏԻՐ

Միայն իր բախտի աստեղնատունն է․․․

(Անիվը շարունակում է պտտվել, Կույսը մարում է)։

ՎԱՀԵ

Աստղիկ, կաց մի պահ,

Ես քեզ չեմ հասնում․․․

ՏԻՐ

Ոչ, դա սերը չէ,

Այլ ոգին նրա,

Նա, այն միակը,

Մեծն ու անհունը․․․

ՎԱՀԵ

Հիմա հասկացա․․․

Ինչ տարօրինակ բաներ են սրանք՝

Այծի պոզերով տգեղ կենդանի,

Այս կինն ինչո՞ւ է ջուրը հոսեցնում,

Երկրում ջուր չկա․․․

․․․Իսկ սա՞ ինչ բան է,

Այսքան տառապած․․․

ՏԻՐ

Օ, դա կարիճն է,

Ինքնասպան ազգի բախտի ճաղն է դա։

ՎԱՀԵ

Այս մե՞կը ով է, Աղեղը ձեռքին,

Նշան է բռնում ասես անընդհատ

Նա ինչ որ մեկին։

ՏԻՐ

Հայկն աեղնավոր՝ քո հզոր նախնին,

Որին արժանի ցեղ պիտի դառնաք,

Եթե կարենաք պատվով ավարտել

Վիշապամարտը։

ՎԱՀԵ

Աղեղնավո՞րը․․․ միթե՞ սա նա է՝

Եղբորս բախտի աստեղնատունը․․․

Չեմ ուզում տեսնել,

Նրան եմ հիշում․․․

ՏԻՐ

Հիմա կնայեմ մատյանը ելից ( նայում է)

Դու եղբայր ունես, որ երկվորյակդ է,

Եվ ծնվել եք դուք հրոտից ամսում,

Հիմա անիվը կհասնի այնտեղ, ուր Եկավորն է։

(Անիվը հասնում է երկվորյակներին)

Օ, նա քնած է, ինչպիսի պատիժ։

Ոչ քուն, ոչ արթուն։

Եվ դու պիտ փրկես։

Մինչև քո կույսի երկրորդ պտույտը,

Քեզ մնացել է լոկ երկու ամիս,

Դու պիտի շտապես։

ՎԱՀԵ

Ինչպե՞ս, մեկ տարին արդեն պտտվե՞ց։

ՏԻՐ

Հավերժության մեջ այդպես է, հարկավ․․․

Նավասարդ ամսում այս Խեցգետնի հետ

Դու կհանդիպես

Նա ետ է քայլում, ուրեմն դու էլ

Ետ պիտի գնաս, որ երկիր իջնես։

Իսկ հոռի ամսում այս Առյուծի հետ

Կգոտեմարտես։

Նա երկրի վրա տապ է տարածում։

Թե այս ամենը դու հաղթահարես,

Հետո Արևի տունը կհասնես,

Եվ ջրի տեղը այնտեղ կիմանաս․․․

ՎԱՀԵ

Ասա, Աստղիկին ե՞րբ եմ տեսնելու․․․

(դարպասի ճռռոց)

ՏԻՐ

Շտապիր, տղա,

Քիչ էլ հապաղես,

Վերին երկնքի դուռը կփակվի,

Դեռ բաց է, գնա․․․

ՎԱՀԵ

Քո բարությունը ես չեմ մոռանա։

(Նետվում է դուրս)

          ՎԱՐԱԳՈՒՅՐ

(Վարագույրի առաջ։ Առաջաբեմը ներկայացնում է քարանձավի մուտքը։

Վիշապ, Չար, Ալ՝ կացինը ձեռքին)։

ՉԱՐ

Նա հասավ երկիր։

ՎԻՇԱՊ

Ավաղ, սանդուղքը ամուր էր հյուսված

Բազում աստղերի ճառագայթներից։

ԱԼ

Ի՞նչ անենք հիմա, բան դուրս չի գալիս։

ՎԻՇԱՊ

Հուսահատությո՞ւն։

ԱԼ

Դա հատուկ չէ ինձ։

ՉԱՐ

Քուն խորունկ, քուն և մոռացում։

Ալ, դու Մրափին կուղարկես այնտեղ,

Քող նստի ճամփին։

Վիշապն էլ գուցե կանչի Նհանգին։

ՎԻՇԱՊ

Ճիշտ բան ես ասում,

Եթե չհաղթի նրան Մրափը,

Գոնե կուշացնի՝ լույսը կբացվի,

Նրան կսպանի Արևատապը։

(Վարագույրը բացվում է։ Գիշեր։ Անապատ։ Լուսին։

Հոգնաբեկ գալիս է Վահեն)։

ՎԱՀԵ

Այս ո՞ւր եմ ընկել, գեթ մի կաթիլ ջուր,

Հայրենի օջախ, օգնության հասիր,

Տուն իմ հարազատ․․․

Բայց ի՞նչ եմ տեսնում, տապը այրել է

Այստեղ ամեն բան,

Եվ ածուխներն էլ խորշակն է տարել։

Այ քեզ անապատ․․․

Որ կողմ նայում եմ, ավազներ են լոկ,

Ոտքերիս տակից օձեր են փախչում,

Կարիճներ, մորմեր․․․

Ուրիշ կենդանի արարած չկա։

(Նկատում է Մրափին, որ նստած է ճամփեզրին)

Բայց ի՞նչ տեսիլք է,

Ինչ հրաշք աղջիկ․․․

(Մրափը լուսնի տակ կապույտ ցոլքեր արձակելով

ելնում է ու փորձում հեռանալ)

Մի պահ սպասիր, քեզ մոտ եմ գալիս։

ՄՐԱՓ

Դա դժվար է խիստ։

ՎԱՀԵ

Ինչո՞ւ, ինձ ասա։

ՄՐԱՓ

Մինչև ինձ հասնես, գիշերաթևի և մութի նման

Խավարը կիջնի հոգնած աչքերիդ, դու քուն կմտնես։

ՎԱՀԵ

Որքան նման ես դու իմ Աստղիկին․․․

Կանգիր, մի գնա։ Այս անապատում

Դու մի ոգի ես, ավաղ, կին չես դու։

ՄՐԱՓ

Հիմա դո՛ւ ասա, թե ավելի շատ

Ինչ ես ցանկանում․

Ի՞նձ, թե մի պուտ ջուր։

ՎԱՀԵ

Քեզ եմ ցանկանում, թե շատ ես ուզում,

Բայց մի պուտ ջուրն էլ ինձ չէր խանգարի,

Թեկուզ մի տակառ։

ՄՐԱՓ

Ահա, ստացիր․․․

(Անապատի մեջ հայտնվում է կանաչ օազիս, մեջտեղում ջրհոր, Մրափը

քայլում է այդ կողմ)։

ՎԱՀԵ

Նրա ոտքի տակ խոտը չի թեքվում,

Սա լույս էակ է մի եթերային։

ՄՐԱՓ

(կանգ է առնում ջրհորի մոտ)

Ահա, մոտեցիր, ողջ ջուրը քոնն է,

Պապակ շուրթերդ հագեցրու ջրով,

Հետո այդպես թաց ինձ կհամբուրես։

ՎԱՀԵ

Գալիս եմ, սպասիր, դու շատ արագ ես

Քայլում եթերում․․․ ( Մոտենում է նրան)։

ՄՐԱՓ

Ոչ, սկզբից ջուրը․․․

ՎԱՀԵ

(Ինքն իրեն)

Սրտիցս խոսեց․․․

(Կռանում է ջրհորի վրա, ներսից սև ձեռքեր են ելնում ու քաշում ներս։

Մնացյալ երկխոսությունը ընթանում է խավարում)։

Այս ո՞ւր ընկա ես․․․ ո՞վ այստեղ քաշեց,

Ինչպես խաբվեցի․․․

Մրափն ինձ խաբեց, քնեցրեց արթուն․․․

ՄՐԱՓ

Զուր էիր ուզում․․․(ծիծաղում է)։

ՆՀԱՆԳԻ ՁԱՅՆԸ

Ահա, ստացիր․․․

ՎԱՀԵ

Հեյ, թևերս թող․ ո՞վ ես դու, ասա,

Որ ցանկանում ես ինձ խեղդել ջրում։

ՆՀԱՆԳ

Էլ ի՞նչ թաքցնեմ՝

Նհանգն, եմ տղա․․․

ՎԱՀԵ

Դու ինչ կատաղի հորձապտույտ ես։

Հեյ, բաց թողեք ինձ,

Թե չէ բոլորիդ կայրեմ հրի պես։

ՆՀԱՆԳ

Մեծ-մեծ ես խոսում

Դու, խավարի մեջ անզեն երեխա։

ՎԱՀԵ

Անզեն երեխա՞․․․ սուրս ի՞նչ եղավ,

Հիմա կերևա՝ ով է մեզանից անզեն երեխան։

(Կռվի աղմուկ, ջրի ճողփյուն)

ՆՀԱՆԳ

Շղթայեք նրան, ես չեմ դիմանում։

Մրափ, քնեցրու, քնեցրու նրան։

ՎԱՀԵ

Մեկ է, ձեզանից վրեժս կառնեմ։

ՄՐԱՓ

Նհանգ, շուտ արա, լույսը բացվում է,

Մենք պիտի արդեն հորից հեռանանք։

ՎԱՀԵ

Օգնության հասիր, օջախի ոգի։

Կռվել եմ ուզում, թող նրանք մնան։

(Աքաղաղի կանչ)

ՄՐԱՓ

Կանչեց թռչունը, չհասցրեցինք

Շղթայել նրան,

Երկրորդ կանչի հետ պիտի հեռանանք։

ՆՀԱՆԳ

Նա շատ զորեղ է, բայց հորի միջից

Ո՞նց է դուրս գալու․․․

ՄՐԱՓ

Թողեք, հեռացեք․․․

(Բեմն սկսում է լուսավորվել,

Ամեն կողմ փախչող մութ կերպարանքներ)։
Շարունակելի

No Comments

Leave a Reply