Սկիզբը՝ այստեղ
ՎԱՀԵ
Մնացի մենակ հորի հատակում․․․
Հոգնած աչքերս Մրափի թողած խավարն է փակում․․․
Բայց ոչ, չեմ քնի, հե՜յ, գոնե մի մարդ,
Հեյ, ո՞վ կա այստեղ․․․
ՔԱՐԱՎԱՆԱՊԵՏ
Ի՞նչ ձայն եմ լսում չորացած հորից։
ՎԱՀԵ
Հեյ, ո՞վ կա այդտեղ, մի պարան տվեք։
ՔԱՐԱՎԱՆԱՊԵՏ
Մա՞րդ ես, թե ոգի, պատասխան տուր ինձ։
ՎԱՀԵ
Այդ դու ես ոգին,
Իսկ ես հորն ընկած մահկանացու եմ։
(Քարավանապետը պարան է նետում, Վահեն ելնում է)։
ՔԱՐԱՎԱՆԱՊԵՏ
Այ քեզ հրաշք բան, իսկապես, մարդ է
Այս անապատում։
ՎԱՀԵ
Երախտապարտ եմ, բարի ծերունի,
Ասա ինձ, ո՞րն է ճամփան օվկիանի։
ՔԱՎԱՐԱՆԱՊԵՏ
Այ, այսպես ուղիղ տաս օր թե գնաս,
Եթե տկիդ մեջ ջուր էլ ունենաս,
Սրտիդ մեջ կրակ, ոտքերիդ մեջ ուժ,
Կհասնես ափը կապույտ օվկիանի։
Թե չդիմանաս՝ կկորչես անհուշ․․․
Բայց զգույշ եղիր արևատապից,
Գիշերով քայլիր,
Դեռ շատ հեռու ես օվկիանի ափից․․․
Արևառյուծին, զգույշ, չհանդիպես,
Դու կկուրանաս սոսկ նրա փայլից․․․
ՎԱՀԵ
Հ՞ը, իսկ որտեղ է առյուծը ապրում։
ՔԱՐԱՎԱՆԱՊԵՏ
Այստեղ կերևա կարճ ժամանակից,
Սթափ կաց, խուսափիր,
Նա բոլորին է իր ճամփին այրում։
ՎԱՀԵ
Ուրեմն, հենց այստեղ կսպասեմ նրան։
ՔԱՐԱՎԱՆԱՊԵՏ
Շոգից, ծարավից ցնդել է տղան։
ՎԱՀԵ
Ես առյուծի հետ պիտի մարտնչեմ,
Աշխարհին իջած երաշտը ջնջեմ։
(Առյուծի մռնչոց)
ՔԱՐԱՎԱՆԱՊԵՏ
Դու հիմա պիտի շտապ թաքնվես,
Ավազով ծածկվիր, որ չկործանվես,
Ահա, առյուծը երկինք է ելնում,
Տես, ոնց է ցնցում հրե բաշը իր,
Բոցե աչքերից կրակ է ժայթքում,
Հրով այրում է երկինք ու երկիր․․․
ՎԱՀԵ
(Հանում է սուրը)
Հեյ, այս կողմ, այս կողմ, իմ կողմը արի,
Դու, չար թշնամիդ կանաչ աշխարհի․․․
ՔԱՐԱՎԱՆԱՊԵՏ
Չէ, դու կամ գիժ ես, կամ էլ մի ոգի,
Ես հեռանում եմ, ուղտերս կանգնած
Ինձ են սպսում, որ փրկեմ նրանց։
Հաղթանակ աջիդ․․․
(Արագաքայլ հեռանում է)
ՎԱՐԱԳՈՒՅՐ
(Վարագույրի առաջ, քարանձավի մուտք,
վիշապ, Չար, Ալ, Այս, կռվի աղմուկը շարունակվում է)։
ԱԼ
Տեր ամենազոր խավար անդնդի,
Ինձ թվաց նրան առյուծը կուտի․․․
ՎԻՇԱՊ
Սակայն՝ հակառակ, կանգնել է ահա,
Թեև խրվել են ավազների մեջ
Մինչև գոտկատեղ ոտքերը նրա։
ՉԱՐ
Ի՞նչ է անում նա։
ԱՅՍ
Ինչպե՜ս է հերկում անապատը նա։
ՉԱՐ
Չէ, ինձ թվում է՝ շատ չի դիմանա։
ԱԼ
Զարկեց, ոնց զարկեց առյուծի մեջքին։
ԱՅՍ
Մեջքը կոտրվեց, երկու կես եղավ։
ԱԼ
Արևատապի մեջքը կոտրվեց, անձրև է կաթում։
ՎԻՇԱՊ
(Խոր շունչ է քաշում)
Հյուսիսակողմից այս ի՞նչ սյուք եկավ,
Տես, զովն է իջնում բարկ անապատին։
ԱԼ
Հիմա մի զարկ էլ՝ և վերջը կտա։
ԱՅՍ
Բայց անմահ է նա։
ՎԻՇԱՊ
Ես էլ եմ անմահ,
Բայց ինձ խեղանդամ դարձրեց, ահա։
ՎԱՀԵԻ ՁԱՅՆԸ
Դե, կարմիր հրեշ, հիմա հոգիդ տուր,
Հարվածիր նրան, իմ կայծակե թուր։
(Զարկի ձայն, չարերը թաքնվում են,
վարագույրն սկսում է բացվել)։
ԱՌՅՈՒԾ
Խնայիր, տղա, քեզ համար հիմա,
Ինչ էլ ցանկանաս, ամեն ինչ կանեմ։
ՎԱՀԵ
Իմացա, սպանել քեզ չեմ կարենա,
Քանզի անմահ ես։
Բայց այնպես կանեմ, որ կմոռանաս
Ճամփան երկնքի։
Դիվաբներում, խավար անդնդում
Քեզ կկալանեմ,
Բայց ուրիշ ուժ ես, ձեռքս չի գնում,
Արևի հետ ես կապված աշխարհում։
ԱՌՅՈՒԾ
Բաց թող ինձ, գնամ, վերքերս բուժեմ,
Ինձնից այլևս չես տեսնի վնաս․․․
Ասա, ի՞նչ կուզես, քարեր պատվական,
Սեր, հարստություն, բանակ հաղթական,
Թե՞ ինչ-որ մի բան, խիստ անիրական։
ՎԱՀԵ
Դե լավ, ինձ ասա, որտե՞ղ որոնեմ
Ջուրն անմահական։
ՉԱՐ
Տեսա՞ք, լսեցի՞ք, ինչ է ուզում նա։
ԱԼ
(Թաքստոցից)
Գուցե առյուծը տեղը չիմանա։
ՎԱՀԵ
Ինչո՞ւ ես լռում, շուտ պատասխանիր,
Միայն չստես, չզայրացնես ինձ։
ԱՌՅՈՒԾ
Ի՞նչ արած, կասեմ, ուրիշ ճար չկա,
Դա գաղտնիքն է իմ Արեգակ-տիրոջ,
Քեզ սպասում է մի անտառ հսկա,
Թե ուժդ ների, անտառն այդ անցնես,
Աշխարհը պատող վիշապ-օվկիանի
Ափը կհասնես։
Երկար կլողաս դեպի արևելք,
Վերջում Արևի տունը կտեսնես։
ՎԱՀԵ
Վերջո՞ւմ, ինչպես՝ վերջ․․․
ԱՌՅՈՒԾ
Այնտեղ, ուր չկան ոչ չար, ոչ բարի,
Օվկիանից այն կողմ վերջն է աշխարհի։
ՎԱՀԵ
Հիմա հասկացա՝ ինչ էր ասում նա,
Այն ձայնը հեռու, որ նզովեց ինձ․
Անմահական ջուրն այնքան է հեռու,
Որքան հեռու է վերջը աշխարհի։
ԱՌՅՈՒԾ
Եվ ժամանակն էլ այնտեղ չի հասնում,
Այնտեղ Արևն է ավազանի մեջ։
Իր հանգիստն առնում․․․
(Խոսելով սկսում են հեռանալ)
Արեգակնային լուսե պալատում,
Ջրավազանի ափին կտեսնես
Մի տխուր կնոջ, որը շարունակ
Ճառագայթներից շապիկ է գործում։
Արևամայրն է՝ որդուն սպասում,
Եվ դու նրանից այդ ավազանի ջրից կխնդրես,
Հենց դա է ջուրը քո անմահական։
Նա ջուր կտա քեզ։
(Հեռանում են)։
ՉԱՐ
Գնացին, վիշապ։
ՎԻՇԱՊ
Այդպիսի բաներ։
ԱԼ
Ինչպիսի՞ բաներ, ի՞նչ պիտի անենք։
Եթե նա հասնի ափը օվկիանի,
Մեզ անդունդից էլ ոչ ոք չի հանի,
Կմնանք պարտված վիշապի նման։
ՎԻՇԱՊ
Տեսնենք, ի՞նչ կասի խավար անդնդի
Տերը անսահման։ (Հմայական գործողություն)։
(Գետնի տակից, գեհենի բոցով ելնում է Անգեղը):
Ի՞նչ պիտի ասեմ, դուք հրոսակ եք
Մի անկազմակերպ։
Հիմա աշխարհի բոլոր մութ ուժերին
Ի մի հավաքեք,
Մեր ողջ վիթխարի բանակը լցրեք
Անտառը խավար,
Եվ շանթարձակին միացյալ ուժով
Զարկեք, խորտակեք։
Հիշեք, մենք ուրիշ ելք չունենք արդեն,
Այս բյուր մարտերից
Սպառվելու տեղ նա զորանում է։
ՉԱՐ
Հա, մարդիկ արդեն նրա անունով երդում են տալիս,
Նրա արձանն են կանգնեցնում
Պահին Վիշապամարտի,
Մազ է մնացել,
Որ աստված կոչեն։
ՎԻՇԱՊ
Իսկ երբ ժողովուրդն աստվածարում է,
Հերոսն էլ արդեն անմահանում է,
Եվ անցնում շարքը մեր՝ անմահներիս։
ԱԼ
Արդ, Վիշապաքար Վահագն են կոչում
Վահե պատանուն։
ԱՅՍ
Եվ Դից շանթարձակ։
ՎԻՇԱՊ
Բախտ իմ դժնդակ․․․
ՎԻՇԱՊ
Եթե այս վերջին մարտում չհաղթենք
Նրան բացարձակ, ուրեմն՝ կորանք։
(Ներս են վազում Պիղծն ու Դրուժը)
ՊԻՂԾ
Հոպ, կանգ առեք։
ԴՐՈՒԺ
Շուտ, ետ դառեք։
ՊԻՂԾ
Այստեղ ճամփան վերջանում է։
ԴՐՈՒԺ
Դրությունը լրջանում է։
ՊԻՂԾ
Եվ դառնում է սպառնալի։
ԴՐՈՒԺ
Մեր կորուստը անդառանալի
Ոչ մի դեղով չենք ամոքի։
ՊԻՂԾ
Կանգ առ, ոգի․․․
ՉԱՐ
Ձե՞զ ինչ պատահեց, մի՞թե վախեցաք։
Դու՝ Դրուժ, ոնց է ծնոտդ դողում,
Պիղծ, քո երեսը կապտել է վախից։
(Հեռավոր ոտքերի դոփյուն)։
ԴՐՈՒԺ
Ո՞նց չեք լսում։
ՊԻՂԾ
Գալիս ՝ նա։
ԴՐՈՒԺ
Փախեք, ոտքի տակ կմնաք։
ՊԻՂԾ
Կամ կդառնաք հրո ճարակ։
ԵՐԿՈՒՍՈՎ
Քարե քանդակ, ծուխ այլանդակ․․․
(Դոփյունն ուժգնանում է, երկուսը այս ու այն կողմ են վազում)։
ԴՐՈՒԺ
Փախեք, հեռացեք, շուտ, անհետացեք․․․
(Մտնում է գետնի տակ)։
ՊԻՂԾ
Այստեղ մնացեք,
Բայց մեզ մոռացեք
(Մտնում է գետնի տակ):
ՎԻՇԱՊ
Ոնց են սարսափել այս հոգեառից։
Ահա, մոտեցավ նա սև անտառին։
ՉԱՐ
Շտապիր, Անգեղ, մեզ ղեկավարիր։
ԱՆԳԵՂ
Արդ, հասել է այն պահը մեծ,
Երբ վերջապես պիտի հաղթենք
Մենք՝ Խավարի զավակներս։
Որ աշխարհը ոչնչանա,
Որ վերացնենք երկրից մարդուն,
Նորից խավար ու մառ դառնա՝
Հարկավոր է մի մեծ պայթյուն։
Ամբողջ չարը, բռունցքի պես,
Մի բուռ դառած եթե պայթի,
Այս ամենի վերջը կգա ակընթարթից։
Ուստի հիմա երդմնեցնում եմ․
Խոր անդնդի ոգիներին,
Չարին անքուն,
Նրանց, ովքեր ցավ են տալիս
Ու բորբոքում,
Թույլ ու տկար մղձավանջներ,
Անապատի ավազներից,
Գիշերային մրրիկներից,
Հրաբխի պարիկներից,
Աղալճի անույշներից,
Տառապեցնող անուրջներից՝
Կոչ եմ անում, մոտ են կանչում,
Բռնում, խավար երկինք հանում,
Բռունցք սարքում սև գնդի պես,
Ապա սփռում աշխարհով մեկ․
Ճանապարհը այդ պատանու
Անհետ արեք․․․։
(Խավար, որի մեջ՝ մարտական հրամաններ, որոնք հետզհետե վերածվում են մարտի աղմուկի)։
ՎԱՐԱԳՈՒՅՐ
Շարունակելի
No Comments