Վալերի Նազարեթյանի նորաբաց մինի թանգարանը գտնվում է Գյումրիում՝ Անկախության հրապարակի 9ա շենքում: Արվեստի այս յուրատեսակ աշխարհում անցյալը, հուշերը, ժամանակը, իրերը կենդանություն ու շարժում են ստանում:
Վալերի Նազարեթյանի ստեղծած աշխատանքներում սինթեզվում են նկարչությունը, քանդակագործությունը, էլեկտրատեխնիկան, տարբեր մեխանիզմների կիրառումը: Աշխատանքները գլխավորապես թղթից են: ardi.am-ի հետ զրույցում գյումրեցի արվեստագետը պատմեց, որ դեռ 2-3 տարեկանից, երբ խաղալիքներ էր նվեր ստանում, ամեն խաղալիք չէր հավանում, մանավանդ եթե անշարժ էին (90-ականներին այլ կերպ չէր էլ լինում): Ինքը շարժում, կենդանություն էր հաղորդում դրանց:
5-6 տարեկանում ստվարաթղթից տարբեր իրեր էր պատրաստում: Տարեցտարի հմտանում էր. թուղթը մշակում էր տարբեր նյութերով, աշխատանքները՝ կատարելագործում: Արդեն դժվար էր հավատալ, որ այն, ինչ նա ստեղծում է, թղթից է: Վալերի Նազարեթյանը վստահեցնում է՝ եթե անգամ թուղթը համադրում է մետաղի, փայտի, քարի հետ, դրանք չնչին տոկոս են կազմում, հիմնական նյութը թուղթն է՝ մշակված հատուկ մեթոդով:
Ակորդեոն, ռոյալ, կիթառ, հարվածային գործիքներ, դուդուկ… Երաժշտական գործիքների փոքրածավալ կրկնօրինակներով կարելի է նվագել: Ռադիոընդունիչը, սկավառակները, ժամացույցը աշխատում են: Արվեստագետը վստահ է՝ այն, ինչ անում է, տրված է ի վերուստ: Այս թանգարանում այնքան իրական են պատկերված ժամանակը, կյանքն ու շարժումը, որ կարող ես մտովի տեղափոխվել, ասենք, 70-ական թվականներ:
Երբ գա ժամանակը, աշակերտներ էլ կունենա, որ այս արվեստը զարգանա, կյանք ունենա: Ասում է, որ եթե անգամ հանճարեղ գործեր չստեղծեն, այն, ինչ սովորելու են այստեղ, կարող են կիրառել կենցաղում ու արվեստի տարբեր բնագավառներում:
Թե ինչ նոր գործի վրա է աշխատում, չցանկացավ ժամանակից շուտ պատմել: Կլինի՝ կտեսնենք:
Արմինե Սարգսյան
No Comments