Բոլոր պատմությունների մեջ սուտ կա, որքան էլ համոզիչ են թվում: Ես պատմող եմ, ով գրել- մոգոնելու փոքր արատ կամ շնորհ ունի, բայց էս պատմության մեջ սուտ չկա, սա ավելի ճշմարիտ է, քան ես, քան դուք, քան տեսանելի գեղեցիկն իր բոլոր երանգներով ու դրսևորումներով, սա ավելի իրական է, քան մութը, քան հեղեղը, որից փախչում եք, քան… չխորանամ, լավ, հո չե՞մ համոզելու՝ հավատաք, ինձնից հասնում է պատմել՝ մատնել կամ, կուզե՞ք ավելի լավ ձևակերպում, վերարտադրել եղածը՝ գեղարվեստական որոշ զեղումներով։ Սկսեմ։
Գարնանային մի մռթնած, խոնավ կիրակի ես ու ընկերս՝ Մարկուսը, չորս կիլոգրամանոց հսկա կարաս բռնեցինք լճակից։ Ուրախությունից թռչկոտում էինք, ուզում էինք հենց ջրի ափին կրակի վրա խորովել, անուշ անել, բայց հիշելով պայմանավորվածության մասին՝ գնացինք արշավի։
Բոլորից շուտ հասանք, մարդ չկար, Մարկուսը կատաղեց.
-Արա դե ինչի՞ շտապեցրիր, թոթոլ ձուկը հեսա կհոտի պայուսակիս մեջ։
-Հանգստացի՛, բկո՛,- կչկչացի ես,- պայուսակիդ մեջ երկու հատ մեծ բրդուճ դեռ մնացել ա, կխժռես, թե սովածանաս։
Մարկուսը, որ գրեթե երկու մետր հասակ ուներ ու արջի մսեղ, հսկա թաթեր, մի լավ ճտացրեց վզիս՝ ա՛ռ դե քեզ։
Մենք կոխ կպանք, մի քանի մոռացված հնարք փորձեցինք, Մարկուսն ինձ տապալեց խոտերին ու գլադիատորի հպարտ կեցվածքով կանգնեց կողքիս:
Հայացքս վեր բարձրացրի. արշավասերները զարմացած մեզ էին նայում ու փսփսում։
Խմբի ավագը մի քանի հրահանգ տվեց, ու սկսեցինք բարձրանալ։
Լեռն ինչպես մագնիս մեզ քաշում էր վեր, ասես քարե շարժական ատրակցիոն լիներ. վեր էր հանում, բայց թվում էր, թե իջնում ենք: Հավերժական վերուվարող ժամանակի միջով շարժվում էինք դանդաղ: Հիմա եմ հասկանում. գագաթն այնքան բարձր էր, որ շարժումը խաբում էր աչքներս, թվում էր՝ չենք բարձրանում, այլ լեռն է իջնում մեզ ընդառաջ՝ կամաց-կամաց խոնարհելով հսկա, փայլփլուն սառցե շեղբը՝ կատարը։
Գրեթե երկու ժամ քարերը նախամարդու պատմություններ պատմեցին մեզ, արևը դանդաղ իջնում էր լեռան ստորոտին։
Հաղթահարելով քարացած հրաբխի աբստրակտ կոմպոզիցիաներն ու պատնեշները՝ շնչասպառ հասանք գագաթին։
Օդը սուր էր, ջուր խմեցինք, փորձեցինք շունչ քաշել։
Բոլորը նկարվում էին, մի քանիսը դրոշները հանեցին ու գամեցին լեռան կատարին։ Քաղց զգացի, ընկերոջս խնդրեցի բացել պայուսակը։
Նա բացեց պայուսակը. ոչինչ չէր մնացել՝ բացի փարթամ կարասից։
Ձուկը, զգալով օդի թարմ հոսքը, թպրտաց, արծաթե թեփուկները շարժելով՝ դուրս ցատկեց պայուսակից։
Ապուշ կտրած նայեցինք. երկու ժամ առանց ջրի կենդանի՞ է մնացել։
– Չի կարող պատահել, Մարկո՜ւս,– քրքջում էի ես։
– Բռնի՛, Վա՛րդ, թռավ,- գոռաց Մարկուսը, ու ապշահար նայեցինք իրար:
– Վա՜յ քու…
Մինչ մենք շշմած նայում էինք, ձուկը վեր խոյացավ, փոքրիկ թեփուկները թափվեցին հանց մետաղադրամներ, արծաթե մանրիկ անձրև տեղաց մի քանի վայրկյան: Ձուկը թափահարում էր իրեն, ես ու Մարկուսն աչքներս չորս արած նայում էինք մանկական հրճվանքով։
Մտաբերեցի իմ գրած առաջին պստլիկ պատումը թռչող մարդ-ձկան մասին, որ ազատում էր երկիրը չարքերից:Կարասը լողակի տակից արձակեց կապույտ, հոսանքով լցված թևիկներն ու թռավ գագաթն ի վեր, լող տալով ամպոտ պստլիկ գետակների միջով՝ սկսեց շողարձակել, ապա ճողփելով երկնային լճակը կորավ՝ թողնելով գունային մրմուռը աչքերիս մեջ։
Շուրջս մարդիկ երգում էին.
Բազմել ես լեռներին, ունես հազար շեն,
Արծիվների բույն ես, չքնաղ Գետաշեն,
Բարբարոս ցեղերին անդադար սանձող
Դու քաջերի օրրան, իմ քա՛ջ Գետաշեն:
Չորս կողմդ անդունդ է, ճամփեքդ փակված,
Երկնքում սև ու մութ ամպեր կուտակված,
Կողքիդ հայկական շեներն են լքված,
Դու կաս ու կմնաս հավերժ Գետաշեն։
Ես իմ երգը լուռ էի երգում, իմ մեջ եռք էր, հնչյունների մի տեղատարափ, չէ, սխալվեցի, հիմա հասկանում եմ. ես չէի երգում, այլ՝ լեռը, վիթխարի քարացած հանգած հրաբուխը, որ ժամանակին մխացել էր իբրև անորսալի, ավերիչ մեղեդի ու դադար առել։
Տասնհինգ տարի է անցել, դեռ հիշում եմ էդ հսկա ձկանը և երբեմն երազից արթնանում ու հառաչում եմ։ Աստված իմ, քանի՞ կյանք դեռ պիտի չարչարվենք, քանի՞ հազար Մարտիրոս պիտի տանք թշնամուն, որքան պիտի ծախենք սեփական ցավն ու հոգին, ելնենք պարտության լեռը՝ երգելու ու սփոփվելու համար, քանի՞ դար պիտի ապրենք, մինչ թռչել, կռվել, դիմադրել, արժանապատիվ մեռնել, մարդավարի ծիծաղել, ապրել ու մեզ՝ մեր անգերազանցելի թշնամուն, ներել ու հաղթել սովորենք…
Ե՞րբ, ախ ե՞րբ պիտի վերջապես խոսի փրկության ձուկը…
Հետգրություն կամ դաբլ ֆինալ.
10.09.2023
Մայրս զարմացած մոտենում է ինձ.
-Ձուկը ինչի՞ ես դրել անկողնուդ, տղա՛ ջան, գժվե՞լ ես:
Ես քնատ աչքերով, լուռ նայում եմ սառած ձկան կարմիր ցայտող աչքերին։
Նա բացում է տձև ու մեծ երախը։
Ես ցնցվում եմ իմ միջից թռչող անսպասելի ուրախ ձայնարկումներից:
Ձուկը խոսում է,
ձուկը …
Գծանկարները` Վազգեն Պահլավունի Թադեւոսյանի
No Comments