Վարդան Սմբատյան․ «Ե՞րբ ենք լսելու մեզ, և ինչո՞ւ աղմուկը հաղթեց երաժշտությանը»
Վարդան Սմբատյանի հետ զրուցել ենք նրա՝ երաժշտական աշխարհ վերադարձի, նոր ու սպասվող երգերի ու ոլորտում տեղի ունեցող փոփոխությունների մասին։
-Վարդա՛ն, քեզ ճանաչում էինք նախ որպես պոետ, հետո՝ արձակագիր, իսկ հիմա՝ նաև երաժիշտ։ Ինչո՞վ են պայմանավորված այս անցումները։
-Այո՛, շատերը չգիտեն, որ ես մասնագիտությամբ երաժիշտ-կատարող եմ։ 2014 թվականին դադարեցի հանդես գալ որպես երգիչ-երգահան։ Ինձ պետք էր այս մեծ դադարը։ Գրականությունն օգնեց նորովի հասկանալ երաժշտությունը։ Այս տարիներին իմ հրատարակած բոլոր 5 գրքերում երաժշտությունը բառավորվեց, կարող եմ ասել՝ էս տարիներին ես երգել եմ գրական մոտիվներով, ասել է թե՝ բառերգությունը փոխարինել է ձայներգությանը։
-Կնկարագրե՞ս հնարավորինս հակիրճ՝ ինչպիսին է եղել երաժշտական ուղիդ մինչև այս վերադարձը։
-Բուռն երաժշտական կյանքով էի ապրում, երգում էի ակումբներում։ Գրում էի երգեր իմ ու այլ կատարողների համար։ Բայց ռաբիսը սկսեց ճնշել երաժշտական մյուս ժանրերը. մարդիկ գալիս էին ակումբ և պահանջում «Անապատի արևը» երգել կամ այլ ռաբիս «գլուխգործոցներ», այդ իսկ պատճառով թողեցի ակումբային գործունեությունս։ Հետո սկսվեց իմ մեծ ճգնաժամն ու երաժշտական լռությունը։
-Քո վերջին նորությունները կապված են ինչպես նոր գրքերի, այնպես էլ երաժշտական նախագծերի հետ։ Առաջիկայում որտե՞ղ ենք քեզ ավելի շատ տեսնելու, և ո՞ւր է տանելու վերսկսած երաժշտական ուղիդ։
-Շարունակում եմ գրել, բայց և փորձում եմ արթնացնել արջի քուն մտած երաժշտին։ Այն, ինչ հնարավոր է ասել գրականությամբ, ասում եմ, իսկ երաժշտությունն իմ շնչառությունն է. երգել՝ նշանակում է շնչել, ապրել ու հնչյունավորել էմոցիաները։
-Եթե փորձես հայկական երգարվեստը բաժանել փուլերի՝ խորհրդային շրջան, հետխորհրդային, 2000-ականներ և մեր օրեր, ի՞նչ էական տարբերություններ և առանձնահատկություններ կառանձնացնես այս շրջանների միջև։
-Երկուհազարականներին հրաշալի արտիստներ ունեինք, երգերը բովանդակային էին, հիշում եմ՝ ինչ ոգևորվածությամբ էի գնում համերգների, սպասում էի իմ սիրելի երգիչների նոր երգերին։ Հիմա մեխանիկական ու մեկանգամյա երգերն են գրավել ասպարեզը, տափակ ու երեք նոտայով՝ անլսելի տեքստերով երգերը դարձել են մարդկանց կյանքի անբաժան մասը։ Ռաբիսը դարձել է մտածողություն ու ապրելակերպ։
-Արդեն վաղուց մեծ բեմերին փոխարինել են ակումբներն ու փոքր տարածքները, ինչն էլ նոր հնարավորություններ է բացել ներկայանալու համար։ Իրականում սա առավելությո՞ւն է, թե՞ սահմանափակում։
-Մի կողմից լավ է, որ շատ արտիստներ, ովքեր կոմերցիոն երաժշտությամբ չեն զբաղվում, ունեն երաժշտական հարթակ, բայց վատ է նաև. մեծ համերգները քչացել են։ Հիմա մարդիկ գերադասում են փաբային ու ակումբային միջավայրը, իսկ արտիստն ասես զվարճացնող է։ Պրոդյուսերները և համերգների կազմակերպիչները հիմնականում մի քանի հայ հայտնի երգիչների են ներգրավում և դրսից հրավիրված արիստների։
-Թվային տիրույթն էլ իր գործն է անում։ Այսօր դիտումներն են որոշիչ։ Իրականում այդպե՞ս է, թե՞ առաջ գնալու համար շատ ավելի լուրջ նախադրյալներ ու գործիքներ են պետք։
-Փորձը ցույց է տալիս, որ այսօր մարդիկ չեն փնտրում լավ երգչի, լավ կոմպոզիտորի։ Հասարակության մեծ մասը լսում, հիանում է պոպուլյար բլոգեր-երգիչների ու ռեստորանային ստղերի ոչմիբանի մասին երգերը։ Փնտրե՛ք Յութուբում լավագույն երգիչների, կոմպոզիտորների երգերը՝ ծիծաղելի դիտումներ են։ Իսկ ռիլային աստվածների և ռաբիս կատարողների երգերը միլիոնավոր դիտումներ ունեն։
-Շատ հաճախ ճիշտ ընտրված երգը դառնում է հաջողության սկիզբը կամ նույնիսկ ճակատագրական է լինում արտիստի համար։ Ինչպե՞ս ընտրեցիր այն երգը, որով որոշեցիր նորից ներկայանալ այսքան տարիների դադարից հետո։
-Շատ երկար մտածում էի՝ ի՞նչ երգով վերադառնալ։ Արխիվում գտա 2013-ին գրված երգերիցս մեկը՝ «Սելյավի»-ն։ Երգում շատ կարևոր մեսիջներ կան, այն չհանձնվելու հորդոր է. երբ լսեցի՝ «մի՛ հանձնվիր երբեք, միշտ էլ կա սկիզբ ու ելք» ֆրազը, գործիքավորող ընկերոջս ասացի՝ սա է իմ վերադարձի երգը։ Շատ դժվար էր վերադնալը։ Չեմ վախենում անկեղծանալ. ոչ ոք չաջակցեց, դիմում էի բոլոր ծանոթ երաժիշտներին, ընկերներին։ Ամիսներ շարունակ խնայում էի աշխատավարձս, վերջապես ստացվեց լուծել ֆինանսական խնդիրը, ձայնագրվեցի։ Դրանից հետո սկսեցի աշխատել երկրորդ՝ «Երանի» երգի վրա, որն անչափ կարևոր երգ է ինձ համար։ Մի քանի օրից կլինի պրեմիերան։

-Շատ երգե՞ր ունես։ Բառերը նո՞ւյնպես ինքդ ես գրում։
-20-ից ավելի երգեր ունեմ՝ ջազ, փոփ, սոուլ, ռոք , և այլ ժանրերում։ Այո՛, ես գրում եմ և՛ մեղեդին, և՛ բառերը։
—Կարծում ես՝ երգի՞չն է ընտրում երգը, թե՞ երգը՝ երգչին։
-Երիտասարդ տարիքում երգն է ընտրում երգչին, երաժշտական մոդան, հետո՝ հակառակը։ Իմ դեպքում էդպես է։
-Հետաքրքիր է՝ այս հարցը ես տարիներ առաջ էլ էի հաճախ տալիս զրուցակիցներիս, և այն այսօր էլ արդիական է։ Մեզանում գրականությամբ զբաղվելու համար ստիպված ես զուգահեռ այլ աշխատանք անել։ Իսկ երգարվեստը գոնե տալի՞ս է հնարավորություն՝ սոցիալական խնդիրները լուծելու և առհասարակ արվեստով ապրելու համար։
-Երաժշտությամբ զբաղվելով՝ հնարավոր է հաց վաստակել, ինքս լավ վաստակում էի ժամանակին։ Գրելով սովորում ենք մեռնել գեղեցիկ ու կիսաքաղց։ Եվ ծիծաղելի է, և՛ ցավալի։
-Եվ այնուամենայնիվ, ավելի դժվար է լինել գրո՞ղ, թե՞ երաժիշտ։
-Այնուամենայնիվ, դժվար է հաշտեցնել խանդոտ կնոջն ու սիրուհուն։ Գրականությունն իմ կինն է, երաժշտությունը՝ սիրուհին։ Բայց ես կարծես թե գտել եմ ձևը…
-Գուցե երգերդ լսում են նրա՞նք, ովքեր արդեն հետաքրքրված են գրվածքներովդ, թե՞ երաժշտական ոլորտում այլ լսարան և այլ կոնտենտ ունես։

-Կարծում եմ՝ այո՛։ Շատերը զարմացած են, գրում են՝ «Դու երգո՞ւմ ես»։ Որպեսզի շփոթ չլինի, վերցրել եմ երաժշտական ծածկանուն՝ Մաքս Բլանշ։
-Երգեր է գրում նաև արհեստական բանականությունը։ Կարո՞ղ ես բացատրել ԱԲ-ի երգերի ու նաև կատարումների ֆենոմենը։
-Պարզապես ԱԲ-ն լցված է հաջող երգերի հսկայական արխիվով։ Պատկերացրե՛ք՝ տասնամյակների լավագույն երգերը, դրանց մոտիվները, ժանրերն ԱԲ-ի հիշողության մեջ են, նա վերարտադրում է դրանք ճարպկորեն, ստեղծում նորը՝ օգտագործելով հսկայական բազան։
-Ի՞նչ կհարցնեիր դու ընթերցողներիդ, արդեն նաև՝ հանդիսատեսիդ։
-Ե՞րբ ենք լսելու մեզ, և ինչո՞ւ աղմուկն ու ռաբիսը հաղթեցին երաժշտությանը։
Զրուցեց Արմինե Սարգսյանը






