ԳրաԴաշտ Վարդան Սմբատյան

Վարդան Սմբատյան. Փախչող հավերժություն կամ պանիկա

Վարդան Սմբատյան. Փախչող հավերժություն կամ պանիկա

Ճանապարհը չէր վերջանում։ Ճանապարհը միայն սկսվում էր. ամեն քայլը նոր մեկնարկ էր դեպի կանաչ հավերժություն։ Իրար հաջորդող բազմերանգ թփերը, ծառերը և մեղմորեն սողացող լանդշաֆտը շլացնում էին. չէիր հասցնում որսալ մի պատկերը, վրա էր գալիս մյուսը, թվում էր՝ ամեն բան ծաղկում էր աչքիդ առաջ, անտառը խշշալով բացում էր գլխապտույտի հասցնող իր ոլորանները, ոտքերս լցված էին օդով, գնում էի իներցիայով, մութ էր. թանձրահոս, անանցանելի, բայց տեսնում էի ամեն բան։ Հիմա փորձում եմ հասկանալ՝ ո՞նց էի տեսնում էդ համատարած անանցանելի մթին։ Դժվար է բացատրել, երևի ներքին տեսողությունս էր բացվել, ասել է թե` երրորդ աչքով էի տեսնում։
-Սպասիր, առաջ չգնաս,- թիկունքից գոռաց ինչ-որ մեկը։
Շրջվեցի։ Տարեց մի մարդ էր, փայտը ձեռքին։
-Վտանգավոր ա, էդ խորքերը մի գնա, արջ կա, աղվեսներ, լիքը գայլեր ու օձեր։
-Ես գազանի մի տեսակից եմ մենակ վախենում՝ մարդուց,- սրամտեցի ու առաջ շարժվեցի, ծերուկը հետևեց ինձ դեմքի դժգոհ արտահայտությամբ։
-Ինչի՞ ես եկել, ի՞նչն ա բերել ըստեղ, եթե որսորդ ես, ասեմ՝ըստեղ որսը արգելված ա ու …
Ծիծաղեցի, մի հպանցիկ, բայց սուր հայացքով պատասխանեցի․
-Ես մենակ պատկերներ եմ որսում ու պատմություններ, դեմ չե՞ք  ձեզ նկարեմ։
-Դեմ եմ,- համարյա գոռաց ծերուկը՝ մատը թափ տալով վրաս։- Էդ անտեր ֆոտոապարատը ռադ արա, քանի չեմ ջարդել, էկզոտիկ կենդանի չես տեսել, որ նկարես։
-Լավ,- համաձայնեցի ու ֆոտոխցիկը տեղավորեցի պայուսակում։
-Մի՞շտ ես ըսենց ստից-մտից սրամտում, թե՞ բիձա ես տեսել, ուզում ես կայֆ բռնես, ջահե՜լ։
-Կներեք, եթե մի բան էն չասեցի, իմ խոսելու ձևն ա, անմիջական եմ, դե, մի քիչ էլ խփո, ոչինչ, չէ՞։
-Ըհը, խփոներն են մենակ գալիս ըստեղ… Մի կերպ կներեմ, լավ,- բեխի տակից խնդմնդաց բիձուկը։
Քայլեցինք երկար, ծառերի խոր լաբիրինթոսային ոլորաններից մեկում երկու-երեք կիսաքանդ տներ տեսանք, հսկա արձաններ։
Քարացած, կամ ով գիտի՝ քարացած ձևացող կիսամարդ-կիսարձանները աչալրջորեն հետևում էին մեզ։ Սիրտս դող ընկավ։
-Սա ի՞նչ տեղ է,- հարցրի բիձուկին։
-Պանի թաղն է,- ասաց ու շրջվեց դեպի արձանները։- Նա էստեղ է ապրել մի ժամանակ, իսկ էս արձանները իր ձեռքի գործերն են։
-Պահո՛,- զարմանքս չկարողացա զսպել։
-Այ սա կարող ես նկարել, բայց զգուշացնեմ՝ էլի նկարողներ են եղել, ու մեծ մասի հետ փիս բաներ են եղել, մեկին գտել են ծառից կախված, մյուսին՝ անտառի մեջ գժված… Լավ, չխորանանք, եթե մահվան հետ սիրում ես սիրախաղեր խաղալ, փորձիր։
Չնկարեցի։ Երբեմն ուզում ես զարմանալին, գեղեցիկը, մոգականը հիշել առաջին տպավորությամբ։ Ֆոտոխցիկը սպանում է ապրումը, ակնթարթը, դրա համար չնկարեցի։
Մոտեցա, շոշափեցի քանդակները։ Հաճելի վիբրացիոն ազդակներ զգացի։ Շարունակեցինք քայլել, ծառերը բացվում և իջնում էին ծագող լույսի առաջ, կանացի նուրբ վարսերի պես խաղաղ օրորվում էին, խաղում կիսամթի ու լույսի հետ, լցնում օդը կրքով ու ինչ-որ առեղծվածային շշուկներով։
Եթե երկար կանգ նայեիր, կթվար, որ ծառերը իրարից զատված երաժշտական հնչյուններ են, որ մարդկային բերաններ են առնում գիշերը, և, ո՞վ գիտի, գուցե ծառե՞րն էլ կենդանի արարածներ են, ծպտված ու խեղափոխված մարդիկ …
-Վաղո՞ւց եք էստեղ աշխատում,- հարցրի բիձուկին։
-50 տարի,- անվրդով ու չոր պատասխանեց։
-Զգո՛ւյշ,- գոռաց բիձուկը,- օձ կա էդ հատվածում,-  լապտերի լույսը պահեց ծառի վրա. օղակաձև իրար փաթաթված երկու գյուրզաներ ռոմանտիկ սիրախաղ էին բռնել ծառուղում։
-Բա տեսնո՞ւմ ես, օձերը ինչ ռոմանտիկ են, սրանք լավ գիտեն՝ ինչ ա սերը։ Հետո էլ ասում են՝ սառը կենդանիներ են…
-Կին, երեխաներ ունե՞ք։
-Ունեի,- կարճ կտրեց բիձուկը։
-Իսկ հիմա՞։
-Քեզ չե՞ն ասել, որ շատ բան իմանալը վտանգավոր է կյանքի համար,- սպառնալից նետեց։
-Ասել են, բայց, մեկ ա, իմ հետաքրքրասիրությունը չի թողնում հանգիստ։
Հասնում ենք փոքրիկ տնակին։ Հոբիթյան տնակ է հիշեցնում։
Ներսում օդը ծանր է, պատերին եղջյուրներ են փակցված։
Ինչ-որ մեկը հպվում է թիկունքից, լեղապատառ պտտվում եմ՝ ճչում։
-Ի՞նչ եղավ,- հարցնում է բիձուկը կուլ տված ձայնով, ասես ձայնը բերանում պահված ջուր լինի,  զննում եմ տունը, իսկ նա քթի տակ խոսում է, ուշադիր լսում եմ, լարում լսողությունս, չեմ ըմբռնում՝ ինչ լեզու է։ Մի պահ թվում է՝ պատերից լսվող փսփսոցներին է պատասխանում, շրթունքը թույլ շարժվում է, հանկարծ պատերը սկսում են դրդալ. ռնգային ահազդու արձագանքը, որ նման է խեղդվող բասով արձակված ռեչիտատիվի, կտրուկ ու հատու հնչերանգներով ցնցում է սենյակը։
Թիկունքս ծանրանում է, էլի հպում եմ զգում, թաց հպում։
-Ինչ-որ մեկը կպավ ինձ։ Չտեսա՞ր,- ջղաձգվելով ձայնս գցում եմ գլուխս։
-Հա՞, լո՞ւրջ, — քմծիծաղում է։- Էստեղ շատ բաներ են դիպչում մարդուն, բայց հազվադեպ են երևում ու կծում, մի վախեցի…
Աչքերս ակամայից զույգ լապտերների պես վառվում են, կամաց-կամաց ընտելանում եմ սենյակի մթությանն ու մոգական օդին։ Մտնում ենք տան երկրորդ սենյակը, մամուռի ու տարատեսակ ծաղիկների հոտը խփում է քթիս։ Սենյակի անկյունում դրված քարե մեծ գլուխը շարժվում է։ Պատշգամբին դրված փշոտ կակտուսից արյուն է կաթում…
Հաստագլուխ արձանը փայլատ աչքերը նեոնային լույսի պես թարթում է ու մարում, թարթում է ու մարում… Նրանից ցայտող լույսից աչքերս մրմռում են, շարունակում է թիրախավորել հայացքով։
Սարսափած փորձում եմ ճչալ, բայց ձայնս չկա…
Զգում եմ, թե ինչպես անտեսանելի մեկը կամ ինչ-որ ուժ քաշում է այն, զգում եմ հանձնվող ձայնիս ճիգը, հակազդեցությունը։ Զգում եմ. ինչ-որ մեկը փորձում է գողանալ իմ հոգին, ուժը։
Մոտենում եմ, հպվում քարե գլխին, ձեռքս պրկվում է, մի քանի վայրկյան քարացած մատներս փորձում եմ կենդանացնել, բայց անօգուտ։
Ինձ համառորեն պաշարող ուժը կամ անտես մեկը որոշւմ է հանձնվել  մի պահ։
Ձայնս վերադառնում է, անշարժ մատներս սկսում են թրթռալ դողից…
-Սա՞ էլ ա Պանի գործը։
Բիձուկը երկար նայում է արձանին։ Հետո գլխով հաստատում է։
-Վերջին արձանի՞կն էլ։
Մի պահ լռում է։
-Չէ՛, դա իմ գործն ա։
-Իրո՞ք, Դո՞ւք եք քանդակել։
Ծիծաղում է։
-Դու ավելի հիմար ես, կամ փորձում ես հիմար ձևանալ,- նրա ձայնը աղեղի պես իմ կողմ է սուրում։
Բիձուկը պատուհանից դուրս է նայում, մոտենում եմ։
Նահանջող խավարի վիթխարի ընդերքից ելնող նորածին լույսը շարժվում է դեպի մեզ։ Լույսը բացում է ամեն ինչ, աչքերս փակվում են։
Արթնանում եմ թռչներգից։ Բիձուկը տաք սուրճ ու կոնֆետ է հյուրասիրում։
Սուրճը հողի բույր ունի, բայց աննկարագրելի համեղ է։
-Մի քիչ կպատմե՞ս Պանի մասին։
Քարե արձանի գլուխը կրկին որսում է հայացքս։
-Պանը էս գյուղի բնակիչ էր, հրաշալի նկարիչ էր, նաև լուսանկարում էր, բայց մի լուսանկար է թողել  ընդամենը։ Բոլոր լուսանկարները վերացրել  ա, և չես հավատա, նրա լուսանկարած բոլոր մարդիկ…
 Ասում էր՝ մարդը իրականում նման չի ինքն իրեն լուսանկարում։ Իսկ քանդակը արտացոլում է մարդու հոգին, և քարը երբեք չի խաբում ու չի մեռնում…
Պանը քանդակելով մարդկանց անմահություն էր նվիրում:
Քայլում եմ, սենյակի երկայնքով շարված կիսաքանդակ-կիսակենդանի բոլոր արձանները արթնանում են, առաստաղից ցայտող լույսերը բացում են սարսափի պատկերը…
քարե գլխատված մի քանի արձաններ դեպի ինձ են գալիս, պատը ճեղքվում է, Պանի  վիթխարի թաթը դուրս է ցցվում ու  փորձում է ճանկել ինձ։
Վազում եմ, ինչքան ուժ ունեմ վազում եմ դուրս։
-Սպասի՛ր, հիմա՛ր (ծիծաղում է), դու չտեսար ամենակարևորը, զույգ եղջյուները վրա են գալիս։
Վազելով հասնում են տան շքմուտքին: Պտտվում եմ տան առաջ, իմ մեռած կիսանդրին դժգոհ դեմքով նայում է ինձ ու ճչում է ինչ-որ անհասկանալի բառեր։
Փախչում եմ, որքան ուժ ունեմ վազում եմ՝ խփվելով ծառերին, վազում եմ կանաչ հավերժության անվերջանալի լաբիրինթոսներով։ Բայց որքան էլ վազում եմ, Պանի զարհուրելի ու զվարճալի գանգը ելնում էր ինձ ընդառաջ ու խնդմնդալով ասում․
-Ո՞ւր ես վազում, այ հիմա՛ր, սա քո կինոն չի, և հետո՝ քո խղճուկ աշխարհում, որտեղ մարդկանց ուշքն ու միտքը թաղելն ու ուտելն ա, քեզ հրաժեշտ են տվել՝ լաաաաաաավ, խոր թաղել են ու վերջապես հիշել են, որ «շնորհքով բանաստեղծ ես»։ Կանգնիր, սա քո տունն է։
-Ես չեմ հիշում նման բան,- հակադարձում եմ կիսածառ — կիսամարդ — կիսաստված կիսախեղկատակ Պանին ու շարունակում վազել հավերժության ճանապարհով, ես հավերժի զավակ եմ. չեմ հավատում ո՛չ մահվանը, ո՛չ Պանին, իսկ դո՞ւք։