Վեհանձն Ցոլակ Ամերիկյան
Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում պահպանվող Ցոլակ Ամերիկյանի (1887-1964) ֆոնդում կան եզակի ցուցանմուշներ, որոնք հավաստում են դերասանի վեհանձնությունը։
Ցոլակ Ամերիկյանը՝ «Մոր սիրտը» ֆիլմում

Տաղանդավոր դերասանը, որ իր թատերական գործունեությունը ծավալել է հիմնականում Լենինականի դրամատիկական թատրոնում և եղել սիրված հատկապես իր համաքաղաքացիներից, աննախադեպ ժողովրդայնության է արժանացել հայ կինոյում մարմնավորած դերերի շնորհիվ։
Ցոլակ Ամերիկյանը՝ «Տժվժիկ» ֆիլմում

Մեծ արվեստագետի համբավը, սակայն, միակ պատճառը չէ, որով հիշարժան է Ամերիկյանը։ Նա նաև մեծահոգության, ներողամտության խորհրդանիշ է եղել ժամանակակիցների համար։
Ասվածի վկայությունը Հովհաննես Շիրազի երեք բանաստեղծություններն են՝ նվիրված Ցոլակ Ամերիկյանին՝ թվագրված 1936, 1938, 1957 թթ․։ Այդ բանաստեղծությունների բնագրերը և դրանց առնչվող հետաքրքիր պատմությունը մեզ է ներկայացրել ԳԱԹ Արվեստի բաժնի ղեկավար, թատերագետ Նաիրա Շահվալադյանը։
Հովհաննես Շիրազը, հիացած իր քաղաքի թատրոնի բեմը զարդարող Ց․ Ամերիկյանի տաղանդով, 1936 թ․ գրել է նրան նվիրված առաջին բանաստեղծությունը՝ հետևյալ նախադրությամբ․ «․․․ տաղանդավո՛ր, լավ դերասաններից՝ ընկ․ Ցոլակ Ամերիկյանին — սիրով»։ Բանաստեղծության մեջ Շիրազը գովերգել է Ամերիկյանի բեմական և մարդկային արժանիքները։ Սակայն երկու տարի անց բանաստեղծի և դերասանի ճակատագրերը խաչվել են ոչ բարեհաջող հանգամանքներում։ Շիրազը Ամերիկյանի տանից գողացել է նրա վերարկուն։ Գողությունը բացահայտվել է, և Շիրազը գրել է երկրորդ բանաստեղծություն-ձոնը՝ նվիրված Ամերիկյանին՝ հետևյալ ներածականով․ «Պաղատագին խնդրում եմ արվեստագետի ներքին ձայնիդ լսես ու ներես ինձ իմ «գողության» համար։ Խմած էի, խիստ կորցրել էի ինձ։ Գնալու էի սիրածիս մոտ։ Նա հանդիմանել էր, որ հալավս կեղտոտ էր․ ասաց նորը հագիր՝ հետդ կգամ ման գալու ու ես չգիտեի էլ թե քո տունն է դա։ Ծնկաչոք խնդրում եմ ներես․․․ ներես․․․»։
Այս հոգեվիճակում է գրվել Ցոլակ Ամերիկյանին նվիրված «Վայրկյան» բանաստեղծությունը, որը հիացումի, ապաշխարումի զգացումներից զատ, նաև գյումրվա հումորով, շիրազյան զվարճաբանությամբ է հագեցած։ Ահա վկայությունը մեր դիտարկման՝ «Վայրկյան» բանաստեղծության վերջին քառյակի տեսքով․
Բայց սիրելի մեր Ցոլակ, ոչ ես գող եմ, ոչ կուլակ,
ահա քո հին սառոչկեն և թող պարթև կրծքիդ տակ
սիրտդ հանգիստ բաբախի՝ պայծառ նայիր իմ բաղդին
ես պայծառ եմ նայել միշտ քո հրեղեն տաղանդին։
Թեև Ցոլակ Ամերիկյանը մեծահոգաբար ներել է Շիրազի զանցանքը, այդուհանդերձ, բանաստեղծը տասնամյակներ անց՝ 1957 թ․, կրկին անդրադարձել է իր ներսում մխացող հուշին և Ամերիկյանին նվիրված երրորդ բանաստեղծության մեջ դարձյալ հիշատակել իրեն ցավ ու ամոթ պատճառած միջադեպը․
Մանուկ էի, որբուկ մի հեզ,
Երբ շապիկդ գողացա,
Դու բռնեցիր, բայց ես կարծես
Հուր ամոթից մոխրացա։
Խրատեցիր ինձ հոր նման,
Արցունք տեսա աչքերիդ,
Աչքես ընկավ իմ չար ճամբան՝
Կաթիլի պես արցունքիդ։
Չծեծեցիր ամենքի պես
Նույնիսկ թողիր ինձ ընծա –
Խրատեցիր, այնպես, որ ես
Այն չար ճամբից հետ դարձա․․․
Մեր թատրոնը ճոխ մատանի,
Դու մատանուս քարն անգին
Թող Շիրազը ցավդ տանի,
Ցավ չթողի աշխարհին։
Ահա տխուր-զվարճալի մի արկած, և Հովհաննես Շիրազի ձեռամբ բացվում է Ցոլակ Ամերիկյանի կյանքի կուլիսային վարագույրը։
Կարինե Ռաֆայելյան
Գլխավոր լուսանկարում՝ ԳԱԹ Ցոլակ Ամերիկյանի ֆոնդում պահպանվող՝ Շիրազի բանաստեղծությունների բնագրերը






