Ազդագիր Երաժշտություն

Վերդիի ‹‹Օթելլո››-ն և նրա արձագանքները

26.07.2022

Հուլիսի 28-ին բացառիկ հնարավորություն ունեցանք ունկնդրելու Վերդիի ‹‹Օթելլո›› օպերան՝ համաշխարհային օպերային աստղերի կատարմամբ. Օթելլո՝ Արսեն Սողոմոնյան, Դեզդեմոնա՝ Լիանա Ալեքսանյան, Յագո՝ Վլադիսլավ Սուլիմսկի: Բեմում էին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան), Հայաստանի ազգային ակադեմիական և Երևանի Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի երգչախմբերը: Օպերան հնչեց համերգային կատարմամբ:

‹‹Օթելլո››-ն Վերդիի ռեալիստական ժանրի բարձրագույն ձեռքբերումներից է, համաշխարհային դասական օպերայի լավագույն ստեղծագործություններից մեկը: Կոմպոզիտորին հաջողվել է փոխանցել շեքսպիրյան ողբերգության իրական ոգին, թեև, երաժշտական ​​դրամատուրգիայի օրենքների համաձայն, այստեղ բացակայում են մի շարք տեսարաններ: Օպերայում իրադարձությունները զարգանում են ավելի խիտ և սրընթաց, իսկ կերպարների և դրամատիկ իրավիճակների հակադրությունն ավելի կտրուկ է: Այս երաժշտական ողբերգությունը ցնցում է իր ճշմարտացիությամբ և մարդկային կերպարների խորությամբ: Արտակարգ ռելիեֆայնությամբ և զորեղ դրամատիզմով են ներկայացված երաժշտական կերպարները. Օթելլոն՝ հերոսի և ռազմիկի, կրքոտ, սիրող ամուսնու,  վստահող և միևնույն ժամանակ իր կատաղության մեջ խելահեղ նկարագրով, հեզ ու մաքուր Դեզդեմոնան, նենգ Յագոն, որ ոտնահարում է բոլոր բարոյական օրենքները:

Երգչախմբային հատվածները լրացնում են գլխավոր հերոսների կերպարները՝ արտահայտելով ժողովրդի վերաբերմունքը նրանց նկատմամբ: Օպերայում կարևոր դեր է խաղում նվագախումբը,  որը փոխանցում է իրադարձությունների հուզական մթնոլորտը՝  հոգեբանական երանգների բացառիկ հարստությամբ։

Օթելլոյի դերում հանդս եկած մեր հայրենակիցը՝ Արսեն Սողոմոնյանը, այս դերերգը կատարել է շուրջ քսանհինգ անգամ՝ աշխարհի լավագույն օպերային թատրոններում: Սողոմոնյանի ձայնը հազվագյուտ, հերոսական տենոր է, և նա դրամատիկ տենորի երկացանկի ամենապահանջված օպերային երգիչներից է: Լիանա Ալեքսանյանը, որ հանդես եկավ Դեզդեմոնայի դերերգով, իր սերնդի ամենավառ սոպրանոներից է: Նրա փայլուն ելույթների աշխարհագրությունն ընգրկում է Միլանի Լա Սկալան, Բուենոս Այրեսի Կոլոնը, Իտալիայի, Գերմանիայի, Չինաստանի ու Հարավային Կորեայի լավագույն օպերային թատրոններն ու համերգասրահները: GRAMMY-ի հավակնորդ (2009թ.), բազմաթիվ միջազգային մրցույթների հաղթող ռուս անվանի բարիտոն Վլադիսլավ Սուլիմսկին կերտեց Յագոյի կերպարը: Սուլիմսկին այսօր աշխարհի առաջատար դրամատիկ բարիտոններից է, որ հատկապես հայտնի է Վերդիի դրամատիկ բարիտոնի բարդագույն դերերգերի կատարումներով:

Յագոյի տիկնոջ դերերգով հանդես եկավ մեցցո սոպրանո Բելլա Ամարյանը, Կասսիոյի կերպարը մարմնավորեց տենոր Տիգրան Հակոբյանը, Ռոդրիգո՝ Հայկ Թոնգուրյան (տենոր), Լոդովիկո՝ Հայկ Տիգրանյան (բաս), Մոնտանո՝ Աշոտ Ղանթարջյան (բարիտոն):

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ և մաեստրո Թոփչյանի ղեկավարությամբ՝ ‹‹Օթելլո››-ն հնչել է նաև 2018/2019թթ. համերգաշրջանի փակմանը:

Համերգին ներկա էին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Համերգի ավարտին լեփ-լեցուն դահլիճը պայթեց անվերջանալի հոտնկայս ծափահարություններով: Հանդիսատեսի աչքերին արցունքներ էին, ամենուրեք հնչում էր. ‹‹Սա համաշխարհային հեղինակավոր բեմերում հնչելու արժանի կատարում էր››:

Արսեն Սողոմոնյան, Լիանա Ալեքսյանյան, Վլադիսլավ Սուլիմսկի

Ստորև կիսվում ենք հեղինակավոր մասնագետների և անվանի արվեստագետների կարծիքներով, ովքեր ներկա էին համերգին.

‹‹Անսահման տպավորիչ էր հայաստանյան «Օթելլո»-ն՝ ֆիլհարմոնիկի ներկայացմամբ։ Ողջ համերգի ընթացքում բացառիկ էներգիա էր հորդում Էդուարդ Թոփչյանից և անցնում մեներգիչներին, այնուհետև ունկնդիրներին: Հիանալի էին մեներգիչները, նվագախումբը, երգչախումբը, բոլորը ցուցադրեցին միջազգային բարձր որակ։ Շատ ափսոս, որ այսպիսի հսկայական աշխատանքը մեկ անգամ է ներկայացվում։ Կարելի էր այն միանշանակ ներկայացնել որպես բեմադրություն։ Երևանը երեք ժամով վերածվել էր համաշխարհային երաժշտական կենտրոնի… Շնորհավորում եմ ի սրտե բոլոր մասնակիցներին, նաև մեզ՝ այսպիսի երաժշտական մեծ իրադարձության առիթով››,- Հասմիկ Պապյան, օպերային երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ։

‹‹Հիացած եմ ներկայացմամբ: Կրկին ուզում եմ շեշտել այն փաստը, որ միշտ հետևում եմ մեր ազգային ֆիլհարմոնիկի գործունեությանը և ամեն անգամ հիանում եմ լուրջ վերաբերմունքով, որովհետև մշակույթը պատահական բան չէ, ժամանց չէ: Ներկայացման վերջում ես նայում էի կողքերս և տեսնում, թե որքան էին մարդիկ հուզված: Կատարման ինչպիսի միջազգային բարձ որակ էր, բեմում արտիստների հիանալի կազմ էր հավաքվել: Դասական արվեստում մենք առնչվում ենք հանճարեղ անձնավորությունների ստեղծագործությունների հետ, որոնց շուրջ ձևավորվել է մարդկային ամբողջ քաղաքակրթությունը, և նման լուրջ մոտեցումը միայն պատիվ է բերում մեզ և հպարտանալու առիթ տալիս: Պարզապես հիանում եմ իրականացված ահռելի աշխատանքով, իմ շնորհակալությունն եմ հայտնում Էդուարդ Թոփչյանին և ամբողջ անձնակազմին, երգչախմբին, մենակատարներին և հատկապես Արսեն Սողոմոնյանին, Լիանա Ալեքսանյանին և Վլադիսլավ Սուլիմսկուն: Ամեն ինչ հիանալի էր››,- Բարսեղ Թումանյան, օպերային երգիչ, ՀՀ ժողովրդական արտիստ:

‹‹Նրանք, ովքեր քիչ առաջ վերադարձան Ա. Խաչատրյան համերգասրահից, կարող են վկայել, որ ներկա են գտնվել երաժշտական-մշակութային խոշոր մի իրադարձության, Մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային կատարմամբ ներկայացվեց Ջուզեպպե Վերդիի ‹‹Օթելլո›› օպերան .… Հիրավի, մասնագիտական և ազգային մեծ հպարտությամբ կարող եմ վկայել, որ տեղի ունեցածը իր կարևորությամբ և արժանիքներով կարող է չափվել միայն միջազգային ամենաբարձր չափանիշերով … Երաժիշտները այդ բարդ, խորը հոգեբանական գործը հասցրեցին չափանմուշային մակարդակի .… Միլանում ուղիղ 135 տարի առաջ կայացած այս օպերայի պրեմիերային ներկա գտնված հեղինակի մտքով դժվար թե անցած լիներ, որ հեռավոր Հայաստանում նման դժվարին պարտիտուրի կատարումը պետք է օվացիա առաջացներ լեփ-լեցուն դահլիճում` հայ և բազմաթիվ օտարազգի հանդիսատեսների մոտ: Շնորհավորում եմ հաջողության բոլոր մասնակիցներին՝ ահռելի, հսկայական աշխատանքի, նվիրվածության և գեղարվեստական մեծ ներգործության համար››,-Երվանդ Երկանյան, կոմպոզիտոր, ջութակահար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ:

‹‹Էդուարդ Թոփչյանին հաջողվել է լուծել անսամբլային բարդ խնդիրներ, որոնք առաջարկում է Վերդիի «Օթելլո» օպերայի երաժշտությունը։ Մեծ սիմֆոնիկ նվագախումբը, երկու երգչախմբերը և մենակատարների աստղաբույլը հիանալի կերպով համագործակցում էին բեմի վրա։ Ու թեև օպերայի բեմադրությունը համերգային էր, բայց ես անպայման պետք է շեշտեմ ներկայացման դրամատուրգիան, որն իր արտահայտումը գտավ կրքերի հոյակապ կրեսչենդոյում։ Լարվածությունը անընդհատ աճում էր, որպեսզի ի վերջո գտնի իր ողբերգական հանգուցալուծումը օպերայի եզրափակիչ տեսարանում։ Մի խոսքով՝ շատ տպավորված եմ։ Այս ներկայացումը, իհարկե, մեծ ու նշանակալից իրադարձություն է Երևանի մշակութային կյանքում››,-Մարկ Գրիգորյան, լրագրող, Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն:

‹‹ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ, երգչախումբը, մանկական երգչախումբ, մեր և արտերկրից հրավիրված երգիչներ, Շեքսպիր, «Օթելլո», Վերդի։ Ասել միայն, թե հիանալի էր, հրաշալի, միջազգային որակի կատարումներ` քիչ է։ Բացի բարձր արվեստի հետ շփումից ծնված վեհ, հուզական, փշաքաղեցնող զգացումներից, հոգիս լցվել էր խոնարհ, լուռ մի ցնծությամբ։ Մերոնք էին… մերոնք էին այդ պրոֆեսիոնալները, արվեստի մեր անխոնջ մշակները… Կոկորդս սեղմող հուզմունքի մեջ կարողանում էի, այնուամենայնիվ, ուշադիր դիտարկել. երաժիշտները` մի քիչ հոգնած, բայց՝ զգաստ… ինչ հուզմունքով էին նվագում… ինչպես էին նայում դիրիժորին, ինչպես էր ղեկավարում մաեստրոն` Թոփչյանը՝ նվագողների հետ նվագելով, երգիչների հետ երգելով… ինչ հավատով ու համարյա մանկական նվիրումով էին ոչ միայն երգում, այլ նաև խաղում մենակատարները, կերտում կերպարներն այդ փոքր, անսահման փոքր տարածքի վրա… Եվ ինչ գնահատական… հոտնկայս երկար, չդադարող օվացիաներ, բռավոների տարափ… և նույնչափ հուզված, արտասվող, խոնարհվող արտիստներ բեմի վրա… Մերոնք էին… մեր տունն էր, մեր տանն էինք, մենք էինք… ու Մենք ենք…››,- Վարդան Պետրոսյան, դերասան, սցենարիստ, կատակերգու:                                                                                                

No Comments

Leave a Reply