Վիրավոր-սիրավոր լորիկին թևավորող «մենավորիկ» Կոմիտասը
Հայկ Պետրոսյանի «Կոմիտաս. Ձայնաշխարհ» ներկայացումից ներշնչված այս անդրադարձը ժանր չունի:
Ի՞նչ անի բեմում ավելին, քան տաղանդավոր հոր որդին, որ չհայտնվի համեմատությունների ծուղակում:
Ի՞նչ է արել Հայկ Պետրոսյանն իր ներկայացմամբ՝ հաղթահարելով ողբերգականությունը, նյութեղեն վիճակը, շեշտադրել է հանճարեղ թռիչքն ու երգը: Ներկայացման մեջ Կոմիտասի հանճարեղ կերպարը կարծրատիպից ու անհասանելիությունից ազատագրել է, թողել իրական արժեքը ոչ թե խոսքով, այլ ստեղծածով՝ երգերով, ու դարձրել սիրելի: Ներկայացման հանդիսականն էլ, վերագտնումի զգացումով, երկչոտ, ինչպես հայ հանդիսականը, Հայկ Պետրոսյանի հզոր երգին ձայնակից, մրմնջում է սրտաբուխ, հուզված՝ ասես իր նախնիների հետ առնչակումով:
Գործն ավելին է, քան ճակատագիրը, և շեշտադրված է ճիշտ կետում:
Դասագրքային ճշմարտությամբ՝ Կոմիտասն իր հանճարի ուժով ու նպատակադիր աշխատանքով «հայ ժողովրդական երաժշտության գանձերը ավերակներեն հանեց» ու վերադարձրեց ժողովրդին, ապացուցելով, որ հայն ունի ինքնուրույն երաժշտություն: Կեսկատակ կամ իր կյանքի գործի կարևորության գիտակցումով, Կոմիտասը ժամանակին գրել էր, որ «հայ ժողովուրդն ինձանից ուզում է միայնակ ապացուցել մի բան, որ գերմանական մի քանի ինստիտուտ իրագործել են տասնամյակների ընթացքում»:
Ճակատագիրը շտապեցնում էր, և հանճարեղ հայ Կոմիտասը հայ ժողովրդի երգին հարատևություն շնորհեց, և աշխատեց անդադար: «Ժամանակիս վայրագություններեն ըստ կարելվույն հեռու պահելով միտքս ու զգացումներս՝ անդադար ուսումնասիրություններով կզբաղիմ». Կոմիտասի գրած վերջին նամակից է, թվագրված՝ 1914 թ, 26 հոկտեմբեր, Կ. Պոլիս:
«Անձրևն եկավ շաղալեն», «Շողեր ջան», «Հոյ նազան», «Հորովել», «Երկինքն ամպել ա», «Հով արեք, սարեր ջան» «Սոնա յար». ներկայացման մեջ հնչած այս ժողովրդական այս երգերի հիմքում սերն է նորածին երեխայի, սիրելիի նկատմամբ, նաև բնության հանդեպ սերը՝ շինականի գութաներգ-հորովելը:
«Կոմիտաս. Ձայնաշխարհ» ներկայացման մասին Հայկ Պետրոսյանն ասել է. «Ինձ համար շատ կարևոր է հնչեցնել Կոմիտասի երգերը, որոնք շատ սիրում եմ։ Կոմիտասյան երգերը բոլորինն են, իմ հանդիսատեսը հայ ժողովուրդն է, կապ չունի անգամ, թե ինչ հարթակում եմ հնչեցնոմ՝ թատրոն, դպրոց: Սա ճանապարհ է, որը մեկ օրում անցնել հնարավոր չէ, բայց երբ սկսենք երգել մեր երգերը, մեր մեջ կրել այդ երգերի փիլիսոփայությունը, ամեն բան կփոխվի»։
Ներկայացման ընփցքում նա զուգահեռներ ու համեմատություններ է տանում այսօր հնչող երգերի հետ, սրամիտ ու ուսուցողական, առանց վիրավորական հնչերանգի:
Հայկ Պետրոսյանի ներկայացումը մի տեղում, այնուամենայնիվ, հիշեցնում էր Վարդան Պետրոսյանի ներկայացումները: «Կոմիտաս. Ձայնաշխարհը» ևս մի քանի վերջաբան ունի, հուզիչ ու տպավորվող:
Առաջին վերջաբանում ոսկերչական, անորսալի ճշգրտությամբ, Կոմիտասի սիրելի երգն է՝ «Մոկաց Միրզան», յուրայինների դավաճանության զուգահեռներով, երկինք- բեմը թնդացնելով ՝«Հազա՜ր ափսոս Մոկաց Միրզեն»:
Հազա՜ր ափսոս Կոմիտաս վարդապետը…
Վերջինը վիրավոր լորիկին թռիչք՝ կյանք շնորհելն է: «Վիրավոր լորիկ» երգի պետրոսյանական հուշումով, հեղինակն օգնության ձեռք է մեկնում վիրավոր լորիկին, դառնում է ցավակից մեկը, ասելով՝ «քելե, քելե, ոտքի կանգնիր, սիրավոր լորիկ ջան»։
«Մայրիկիս օրորը» բանաստեղծության մեջ Կոմիտասն այսպիսի տողեր ունի.
«Թռա՜վ- գնաց երկնի խորան
Մտավ իբրև աղավնի,
Եվ ինձ թողեց մենավորիկ…»
Մենավորիկը, սիրավոր-վիրավոր, բայց կյանք վերադարձող լորիկը ներկայացման մեջ թռիչքի են արժանանում:
Շնորհակալութուն Հայկին մեր Կոմիտասի ձայնաշխարհը՝ ժամանակակից, սիրելի, հուզիչ, ընկալելի, մեղեդային ու ռիթմիկ, վերադարձնելու համար: Կոմիտասյան կեցվածքով ու այնպիսի ձայներանգով, որ տպավորություն էր, ասես ձայնը հնչում էր ոչ թե թատրոնի բեմում, այլ՝ խորանում, այնքան հուզիչ էր ու սարսռազդու ոգեղեն:
Գայանե Մկրտչյան
Թատերագետ






