Կարինե Ռաֆայելյան ՕրԸնթաց

Հայաստան-սփյուռք փոխշփումներ

Հայաստան-սփյուռք փոխշփումներ

Ardi.am-ը զրուցել է Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան Հայկական Համայնքների Բաժանմունքի տնօրեն Ռազմիկ Փանոսեանի հետ: Նշենք, որ մեր զրուցակիցը խոսել է արևմտահայերենով, սակայն հայաստանցի ընթերցողին  ներկայացնում ենք նրա պատասխանները գրական արևելահայերենով:

— Պարո՛ն Փանոսյան, հայաստանցի հայ և սփյուռքահայ դասակարգմանն ավելացել է նոր դասակարգում՝ դասական սփյուռք և Հայաստանի անկախացումից հետո ձևավորված սփյուռք: Չե՞ք կարծում, որ դասական սփյուռքը ձևավորվել է 111 տարիների ընթացքում և ձեռք բերել իր նկարագիրը, հետևաբար նորաստեղծ սփյուռքն էլ պիտի անցնի այդքան երկար ճանապարհ՝ իր կայուն նկարագիրն ունենալու համար:

— Հետաքրքիր հարց է, որի պատասխանը դժվար է տալ: Այսօր չենք կարող ասել, թե ինչ կլինի հարյուր տարի անց, բայց ընթացքը, որ ես տեսնում եմ, թույլ է տալիս ենթադրելու, որ նորաստեղծ սփյուռքի մեկ մասը պիտի վերածվի դասական սփյուռքի՝ ունենալով իր կառույցները, հավանաբար՝ հիմնելով իր եկեղեցիներն ու դպրոցները: Բայց կարծեմ թե՝ այդ սփյուռքի որակները տարբեր պիտի լինեն, որովհետև այդ սփյուռքը կապված է շոշափելի Հայաստանի հետ, պետության հետ: Իրենց համար հայրենիքը երևակայական չէ: Պատմական սփյուռքի համար, ցեղասպանություն վերապրած սփյուռքի համար պապենական հայրենիքը մատչելի չէր 1915-ից հետո: Այն ավելի շատ վերածվել էր երևակայական հայրենիքի, որտեղ գնալը հնարավոր չէր, վերադառնալն այնտեղ հնարավոր չէր: Նոր սփյուռքի պարագայում (անշուշտ ենթադրելով, որ Հայաստանը ազատ պիտի լինի, անկախ պիտի լինի, հայկական պետությունը պիտի ամրապնդվի և մնա) կա վերադարձի և անմիջական կապերի հնարավորություն: Թեև, իհարկե, նոր սփյուռքի մեջ որոշակի խավ կա, որ Հայաստանից դուրս է եկել անձնական պատճառներով և կապը Հայաստանի հետ չի պահել, չի ցանկացել պահել: Այսինքն՝ տասնյակ տարիներ հետո միայն կիմանանք, թե այս նոր սփյուռքի հաջորդ սերունդներն ինչպես պիտի ընկալեն Հայաստանը և ավելի լայն հարթության վրա՝ իրենց հայկականությունը, ներառյալ՝ լեզուն:

— Ինչպիսի՞ն է այսօրվա սփյուռքի վերաբերմունքը Հայաստանի հանդեպ: Կա՞ այն գիտակցումը, որ առանց Հայաստանի՝ չի կարող գոյատևել սփյուռքահայությունը՝ անկախ իր քանակական և որակական հատկանիշներից:  

— Այդ հանգերգը կա: Հանգերգ բառի վրա ես շեշտ եմ դնում: Այդպիսի կարծիք է արտահայտվել ժամանակին, և տասնամյակներ շարունակ թութակի պես կրկնում են այն: Պատմականորեն այդպես չի եղել: Սփյուռքը գոյություն է ունեցել առանց Հայաստանի, առանց պետության: Հայրենիքի գաղափարով, բայց ոչ՝ Հայրենիքի շոշափելի առկայությամբ: Ես անձամբ այդ հանգերգին չեմ հավատում: Ես մտածում եմ, որ սփյուռքն իր ինքնությունն ունի, որ սփյուռքը կպահպանվի, բայց լավ կլինի, որ Հայաստանը և սփյուռքը կապված լինեն միմյանց հետ, իրար աջակցեն, իրար հզորացնեն: Իսկ եթե անգամ այդպես չլինի, դասական սփյուռքը կշարունակվի, եթե շեշտը դրվի ինքնության պահպանման վրա: Չմոռանանք, որ սփյուռքում ինքնությունը ձևավորվել և պահպանվել է՝ առանց Հայաստանի: Եվ այն խոսույթը, թե սփյուռքը չի կարող հզորանալ կամ գոյատևել առանց Հայաստանի, սովետական ժամանակաշրջանում կերտված խոսույթ է, կերտված 1930-ականներին, և մանավանդ շեշտադրված 1964-ից հետո: Այն կրկնվում է՝ առանց վերլուծվելու: Սակայն դասական սփյուռքը տարբեր արմատներ ունի: Եվ այդ արմատների վրա հիմնվելով՝ իր ինքնությունը շատ հանգիստ կարող է պահել, անշուշտ եթե ցանկանա պահել: Պատմականորեն դասական սփյուռքում եղել է հայրենիքի գաղափարը, բայց կապը հայրենիքի հետ չի եղել կամ եղել է թույլ: 

— Կիւլպէնկեան Հիմնարկութեան համար հայաստանյան ո՞ր նախաձեռնություններն են առավել ուշագրավ: Մշակո՞ւյթն է գերակա այս իմաստով, թե՞ քաղաքական, տնտեսական հարցերը:

— Քաղաքականությամբ բացարձակապես չենք զբաղվում: Վերլուծություններ, այո՛, անում ենք: Հետազոտություններ, այո՛, անում ենք: Կիւլպէնկեան Հիմնադրամն ունի մի քանի առաքելություն: Քաջալերում և հովանավորում ենք հետազոտություններ, որոնք արվում են թե՛ ժամանակակից, թե՛ պատմական նյութերի շուրջ: Մենք և՛ Մատենադարանի հետ կապված ծրագրեր ունենք, և՛ Ղարաբաղյան պատերազմի, և՛ պատմական տարբեր փաստերի: Հովանավորել ենք հետազոտություններ այս թեմաներով, տպագրել գրքեր: Ունենք թարգմանական շարք, որի շրջանակներում հովանավորում ենք արևմտյան հասարակական գիտությունների կարևորագույն գրքերի թարգմանությունները արևելահայերեն և արևմտահայերեն: Հայաստանում նաև մեկ այլ ծրագիր ենք իրականացնում՝ կրթանպաստներ ենք հատկացնում երիտասարդ գիտնականներին՝ նպատակով, որ նրանք արտասահմանում գիտաժողովների մասնակցեն: Ոլորտը կարևոր չէ այս պարագայում: Ֆիզիկա կլինի, առողջապահություն, թե մեկ այլ ոլորտ, էական չէ: Կարևորն այն է, որ երիտասարդ հայ հետազոտողները մասնակցեն միջազգային գիտաժողովների: Ունենք նաև հետազոտական ծրագրեր, որոնք ուսումնասիրում են հայ մշակույթը: Առավել քաջալերում ենք արևմտահայերենի հետ կապված ծրագրերը: Օժանդակում ենք այն մարդկանց, որոնց գործունեությունը միտված է արևմտահայերենի պահպանմանը: Օրինակ՝ Արեւմտահայերէն Ուիքիփետիան Հայաստանից է կառավարվում: Մենք սերտորեն համագործակցում ենք այդ խմբի հետ, որպեսզի արևմտահայերենով կարողանանք իրականացնել կրթական, մշակութային աշխատանքներ: Մենք մեր կայքում ամեն տարեվերջին հրապարակում ենք այն ծրագրերը, որոնք հովանավորել ենք: Ասեմ, որ մեր կայք-էջը մեկն է այն հազվադեպ կայք-էջերից, որ ամբողջությամբ երկլեզու է՝ անգլերեն և արևմտահայերեն: Կայք-էջին կարելի է հետևել այս հղումով՝ https://gulbenkian.pt/armenian-communities/hy:

Հարցազրույցը՝ Կարինե Ռաֆայելյանի