Նա — ինքը: Հաճախ է հանդիպում իր բառաձևի սխալ կիրառությունը նրա-ի փոխարեն կամ հակառակը։ Պետք է գիտենալ, որ, չնայած իրենց իմաստային զգալի ընդհանրությանը՝ դրանք որոշակի տարբերություններ ունեն. իր, իրեն ձևերը (ինքը դերանունը) գործածվում են այն դեպքերում, երբ տվյալ միտքն արտահայտվում է հենց նրա ընկալմամբ, ում այն վերաբերում է.
Նա գիտեր, որ իր ուսուցիչը մեկնել է։
Արամը կարծում էր, թե իրեն սխալ են հասկացել։
Որը — ինչը: Եթե երկրորդական նախադասությունը վերաբերում է գերադասի որևէ խնդրի (առարկայի), ապա սովորաբար կապակցվում է որ (ը) հարաբերական դերանվամբ, իսկ եթե այն ողջ գերադաս նախադասության կամ նրանում արտահայտված մտքի լրացումն է, ապա կապակցվում է ինչը հարաբերական դերանվամբ.
ա) Նա վերցրեց գիրքը, որ(ը) դրված էր սեղանին:
բ) Նա վերցրեց գիրքը, ինչը նշանակում էր՝ պատրաստվում է մեկ անգամ էլ կարդալ ու խորհրդածության առիթ տված տողերը։
Հարկ է նշել, սակայն, որ երբեմն ծավալուն բարդ նախադասություններում խուսափելու համար որ-ի անհարկի կրկնությունից կարող ենք գործածել ինչ-ը։
Ով — որը: Շատ է տարածված այն համոզմունքը, թե անձնանիշ գոյականների հետ պետք է գործածել բացառապես ով հարաբերական դերանունը, մինչդեռ այդ դերանունը պարտադիր է գործածել միայն անորոշ կամ ընդհանրական նշանակության անձնանիշների հետ, որովհետև ավելի շատ անորոշության, քան թե ցուցականության երանգ ունի։ Օրինակ՝
Նա, ով մեկ անգամ եղել է Հայաստանում, հավետ սիրահարվում է նրան։
Յուրաքանչյուր ոք, ով դիմի Արմենի օգնությանը, ձեռնունայն չի հեռանա։
Բայց պետք է ասել. «Ես փողոցում հանդիպեցի Արմենին, որն ինչ-որ համաժողովի էր շտապում»։ Ավելին՝ որ-ի գործածությունն այսպիսի դեպքերում երբեմն նույնիսկ ոճական գունեղություն է հաղորդում խոսքին, մանավանդ երբ առանց հոդի է կամ հոգնակիի հետ դրված է եզակի թվով․ «Կարենին օգնության հասան ընկերները, որ չէին ուզում՝ նա այդքան շուտ հանձնվի»։
Ամենևին, բոլորովին, այլևս մակբայները գործածվում են միայն ժխտումների դեպքում. «ամենևին կարիք չկա», «բոլորովին անտեղյակ է», «այլևս չի խանգարի» և այլն։
Հետ, մոտ, վրա, պես, նման կապերը ես, դու, մենք, դուք դերանունների հետ կապակցվում են ոչ թե սեռական, այլ տրական հոլովով. ինձ հետ, մեզ նման, քեզ համար, ձեզ վրա և այլն: Սակայն կապերի հոլովված ձևերի հետ նույն դերանունները դրվում են արդեն սեռական հոլովով․ իմ մոտից, քո մոտից, քո վրայով և այլն։
Հանձինս կապը պահանջում է հոգնակի թվով խնդիր կամ կապի բազմակի խնդիր. հանձինս աշակերտների, հանձինս Սարգսի և Գեղամի, իսկ հանձին կապը գործածվում է եզակի թվով բառերի հետ. հանձին Սարգսի:
Հետ կապը ծանոթանալ, առնչվել, բախվել բայերի հետ գործածվելիս արտահայտում է փոխադարձության իմաստ, ուստի եթե կապվող բառը իրանիշ է, ապա այն պետք է գործածել միայն տրական հոլովով՝ առանց հետ կապի. ծանոթանալ գործին, բախվել խնդրին և այլն։
Բացի կապը պահանջում է բացառականով կապվող բառ, դրվում է և՛ դրանից առաջ, և՛ հետո. բացի դրանից // դրանից բացի: Սխալ են հետևյալ ձևերը. բացի դա, բացի Աշոտը: Բացառություն է՝ բացի այն // այդ // այս։
Առանց կապը պահանջում է միայն սեռական հոլովով կապվող բառ. առանց Անահիտի, առանց խոսքի // խոսելու:
Փոխանակ կապը նախադրություն է. փոխանակ գալու (ոչ թե գալու փոխանակ), իսկ փոխարեն կապը հետադրություն է. գալու փոխարեն (ոչ թե փոխարեն գալու)։
Որ և որպեսզի շաղկապները իրար կարող են փոխարինել միայն այն դեպքում, երբ գերադաս նախադասությանն են կապում նպատակի պարագա երկրորդական նախադասություն, օրինակ՝ «Նկարում եմ, որպեսզի խաղաղվեմ»: Այլ դեպքերում որպեսզի-ն չի կարող փոխարինել որ-ին. սխալ են «Ես ուզում եմ, որպեսզի․․․», «Ինձ հարկավոր է, որպեսզի․․․» և նման կապակցումները:
Ամեն, յուրաքանչյուր, ամենայն դերանունները գործածվում են անորոշ առումով լրացյալի հետ․ամեն մարդ, յուրաքանչյուր հայ, ամենայն ցանկություն։
Բոլոր դերանունը լրացնում է հոգնակի բառի, իսկ ամբողջ-ը և ամեն-ը՝ եզակի. բոլոր մարդիկ – ամբողջ մարդկությունը, բոլոր գրքերը – ամբողջ գիրքը, ամեն մարդ և այլն։
Ոմն դերանվան լրացյալ են դառնում միայն եզակի թվով և անորոշ առումով բառեր. ոմն Գուգո, ոմն բժիշկ:
Արդյունք գոյականը և արդյունքում կապը գործածվում են դրական իմաստով, իսկ հետևանք գոյականն ու հետևանքով կապը, ընդհակառակը, բացասական նշանակություն ունեն։ Օրինակ՝ «Նրա՝ համալսարանում լավ սովորելու արդյունքը եղավ հետագա տարիների հաջող աշխատանքը», բայց՝ «Համալսարանում վատ սովորելու հետևանքով նա հետագա տարիներին հաջող աշխատանք չունեցավ»։
Առթիվ կապը գործածվում է միայն դրական նշանակությամբ, օրինակ՝ «Նրա ծննդյան տարեդարձի առթիվ տանը բազմաթիվ հյուրեր էին հավաքվել»։ Բայց՝ «Նկարչի մահվան տարելիցի կապակցությամբ հիշատակի միջոցառում էր կազմակերպվել»։
Նշան Աբասյան
No Comments