ՄշակութաԳիծ Կարինե Ռաֆայելյան

Որոշեցի զբոսաշրջիկ չլինել իմ ծննդավայրում

04.10.2024

Ardi.am-ը զրուցի է հրավիրել դերասանուհի Կարինե Սուքիասյան-Քոչարյանին: Նա երկար տարիներ խաղացել է Սունդուկայնի անվան թատրոնի բեմում, նկարահանվել Հայֆիլմում: 1994-ին տեղափոխվել է բնակության ԱՄՆ, խաղացել և բեմադրել է մի  շարք նեչկայացումներ: Հիմնադիր տնօրենն է Նյու Յորքի «Սփյուռքի ձայն» հեռուստահանդեսի:

-Տիկի՛ն Կարինե, Հենրիկ Մալյանի «Հայրիկ» ֆիլմում կայացել է Ձեր կինոդեբյուտը. խաղացել եք գեղեցկուհի Մայայի դերը: Ինչպե՞ս ստացաք այդ դերը՝ լիենլով քսան տարին չլրացած, անփորձ ուսանողուհի:

-Մեր կինոյի ամենավառ, ամենացայտուն, ամենատաղանդավոր դեմքերից մեկի՝ Հենրիկ Մալյանի ֆիլմում նկարահանվելը, բնականաբար, երազանք էր ցանկացած մեկի համար, ով նոր է մուտք գործում արվեստի աշխարհ: Փորձնական նկարահանումից հետ սրտատրոփ սպասում էի պատասխանի: Եվ պատասխանը եղավ դրական:

Մայայի կերպարում

Ինչ տվեց ինձ Մայան. Հենրիկ Մալյանի հետ շփվել, պարզապես նրա կողքին լինել, արդեն մեծ բան է նշանակում: Հետաքրքիր մի բան կար. թվում էր, թե նա նկարահանման հրապարակում ոչինչ չի անում: Այնքան հանդար էր, այնքան լուռ էր, ամեն բան կատարվում էր իր ներսում: Նա շոու չէր անում: Կես խոսքից իրար հասկանում էին Մալյանն ու Մհեր Մկրտչյանը: Մհերի աշխատանքն ուղղակի ֆանտաստիկ էր, այդքան նրբությո՞ւն: Փոքր դետալների մեծ վարպետ էր, ապշեցուցիչ կոնտրաստներ էր ստեղծում: Ու ես բախտավոր էի, որովհետև աչքս բացում էի կինոարվեստի մեջ գիգանտների՝ Մալյանի, Մհերի կողքին: Մալյանն անաչառ արվեստագետ էր, իր կինոյում նա չէր գնում որևէ փոխզիջման: Այդպիսի արվեստագետ էր նաև Աճեմյանը, որի կուրսն եմ ավարտել: Ես Աճեմյանի կուրսն եմ ընդունվել մեկ քննությամբ: Երկրորդ քննությունից առաջ ընկել եմ, ողնաշարի վնասվածք ստացել և չեմ շարունակել քննաշրջանը: Բայց Աճեմյանը, իմանալով այդ մասին, ուղղակի ասել է, որ սեպտեմբերի 1-ից գնամ դասի: Դա ինձ և իմ ընտանիքին անհավանական բան էր թվում, բայց այդպես էլ եղավ. ես դարձա թատերական ինստուտի ուսանող: «Հայրիկից» հետո նկարվել եմ նաև մի շարք այլ ֆիլմերում: Օրինակ՝ ինձ համար կարևոր էր «Հեղնար աղբյուրում» նկարահանվելը: Սկզբում փորձում էին Հեղնարի դերի համար, բայց հետո հասկացան, որ ես շատ երիտասարդ եմ, իսկ Սոս Սարգսյանն ուղղակի ասաց. «Ա՛խր, մեռոնը դեռ շատ երեսին ա էս աղջկա»: Եվ ես խաղացի հարսի՝ Մանանի դերը: Եղել են դերեր, որոնցից հրաժարվել եմ ինչ-ինչ պատճառներով: «Ժայռում» պետք է Թերեզ խաղայի՝ գլխավոր դեր: Բայց այդ ժամանակ հղի էի, և հասկանալի է, որ չկարողացա նկարահանվել: Բնավ չեմ ափսոսում, որովհետև ունեմ իմ Հայկին:

-Մայայի կերպարը դրամատիկ տարրեր ուներ, իհարկե: Սակայն Լևոն Շանթի «Ինկած բերդի իշխանուհին» թատերգության հեռուստատեսային բեմադրության մեջ դրամատիզմը հասնում է գագաթնակետին Ձեր խաղացած Աննա իշխանուհու կերպարում: Նույնը կարելի է ասել նաև Արտաշես Ալեքսանյանի խաղացած Վասիլ իշխանի կերպարի մասին: Ինչպե՞ս եք հաղթահարել այդ ծավալուն, բարդ դերը:

-Դե՜, Մայայի և Աննա իշխանուհու դերերի միջև մոտ քսան տրավա տարբերություն կա: Այդ ընթացքում ես աշխատել եմ Գյումրիի թատրոնում չորս տարի: Հետո Սուդուկյանում տասնհինգ տարի խաղացել եմ բազմաթիվ գլխավոր դերեր, նկարահանվել տարբեր ֆիլմերում, հեռուստաներկայացումներում: Այդքան մեծ փորձառությունը, բազմաթիվ գլխավոր դերերն ինձ հասունացրել էին՝ որպես դերասանուհի:

Արմեն Խոստիկյանի և Գեորգի Չեփչյանի հետ՝ Օստրովսկու «Կատաղի փողեր» ներկայացման մեջ

«Ինկած բերդի իշխանուհին», իսկապես մեծ աշխատանք էր: Հետո ներկայացումը նայելիս ես ինքս ինձ խոստովանում էի, որ արել եմ այն ամենը, ինչ կարող էի: Շանթ բեմադրվում էր առաջին անգամ: Նա արգելված հեղինակ էր. ինքներս մեզ վրա արգելք էիք դրել Շանթի պահով: Սովետի պետքը չէր առանձնապես՝ մենք Շանթ կբեմադրենք, թե ոչ: Բայց մենք Հռոմի պապից ավելի կաթոլիկ էինք ձևանում, ինչպես անում ենք շատ հաճախ: Եվ փաստորեն, «Ինկած բերդի իշխանուհին» առաջին դեպքն էր, որ Շանթ էր բեմադրվում և բեմադրվում էր հեռուստաթատրոնում, այսինքն՝ առավել լայն լսարանի համար:

Իշխանուհի Աննայի կերպարում

Իհարկե, ցուրտ ու մութ տարիներն էին, հոսանք չկար տներում: Բայց ներկայացումն այնքա՜ն ջերմ ընդունելության արժանացավ: Ինձ փողոցում մոտենում էին անծանոթ մարդիկ, իրենց հիացմունքն արտահայտում: Այն ժամանակ շատ ճանաչված էի, հիմա է, որ նոր սերունդն ինձ չի ճանաչում: Հասկանում եմ, որ անցյալում ինչ-որ մեկը լինելը ոչինչ չի նշանակում: Կարևոր է այն, թե ով ես հիմա, ներկա պահին: Արվեստագետն ամեն օր պիտի ապացուցի, որ ինքը լավ արվեստագետ է: Բեմարվեստն էլ իր հերթին շատ դաժան է այս իմաստով: Աճեմյանն ասում էր. «Նորին գերազանցություն հանդիսատեսին պետք է ամեն օր դուր գաս: Այլապես նա կմոռանա, որ քեզ սիրել է ինչ-որ ժամանակ»:

-Վլադիմիր Քոչարյանի հետ ամուսնացել եք շատ երիտասարդ տարիքում, այո՞:

-Այո՛: Մեզ ասում էին Ռոմեո և Ջուլիետ: Եվ էդպիսին էլ մնացինք մինչև այն օրը, երբ 39 տարեկանում Վովան հրաժեշտ տվեց կյանքին:

Վլադիմիր Քոչարյանի հետ՝ Շեքսպիրի «Ամեն բան լավ է, թե լավ վերջանա» ներկայացման մեջ

-Նրա մահը, այն էլ՝ այդքան անսպասելի, բնականաբար, մեծ ցնցում է եղել Ձեզ համար: Ողջ-առողջ երիտասարդը՝ սիրելի ամուսինը, ճանաչված դերասանը դառնում է ավտովթարի զոհ: Ինչպե՞ս հաղթահարեցիք այս հարվածը:

-Վովան իսկապես շատ ճանաչված ու հայտնի էր՝ և՛ ֆիլմերում, և՛ ներկայացումներում մարմնավորած իր կերպարներով: Այդ ժամանակ նա խաղում էր Սողոմոն Թեհլիրյան Սունդուկյան թատրոնում՝ «Ոտքի՛, դատարանն է գալիս» ներկայացման մեջ: Ներկայացումների ժամանակ նույնիսկ կանգնելու տեղ չէր լինում դահլիճում: Ես Թալեաթի կնոջ դերն էի խաղում: Մարզերից ավտոբուսներով գալիս էին թատրոն: Ազգային զարթոնքի շրջանն էր: Մարդիկ ներկայացումից հետո սպասում էին դրսում, որ մոտենան Վովային, հետը խոսեն: Ձեռքերն էին համբուրեն: Մի օր ես ու ինքը դուրս եկանք թատրոնից, իմ ձեռքին Վովայի ստացած ծաղիկներն էին: Մի կին վրդովված ասաց. «Իա՜, էս Թալեաթի կնի՞կն ինչի է կողքդ կանգնել»:

-Այսինքն՝ մարդիկ թատրոնի պայմանականությունից դուրս չէին գալիս, տեղայնացնում էին այն կյանքում:

-Այո՛: Եվ էդ ամեն ինչից հետո կտրուկ փոխվեց իմ կյանքը: Վովայի մահը սարսափելի բան էր: 1989 թվականի հունիսի 9-ին կատարվեց դա:

-Դուք դրանից անմիջապես հետո՞ տեղափոխվեցիք Ամերիկա:

-Ո՛չ: 1994-ին եմ մեկնել: Բոլորովին միտք չունեի գնալու, թեև տղաս արդեն այնտեղ էր, ուսանող էր, կինոռեժիսորական կրթություն էր ստանում՝ այստեղի թատերականում երկու կուրս սովորելուց հետո: Գնում-գալիս էի, աշխատում էի այստեղ էլ, այնտեղ էլ: Բայց ունեցա առողջկան բարդ խնդիր, և եթե Ամերիկայում չլինեի, ուղղակի ողջ չէի մնա:

-Ամերիկայում Դուք չեք դադարել զբաղվել մշակույթով:

-Ես չէի կարող ձեռքերս ծալած նստել: 1995-96 թթ. Նյու Յորքում ստեղծել եմ առաջին և միակ հայկական հեռուստահանդեսը: Սկզբնական շրջանում Սփյուռքին ներկայացնում էի Հայաստանը: Տարիներ հետո հասկացա, որ ունենք հսկայական բացթողում. Հայաստանը չգիտի, թե ինչ է իրենից ներկայացնում Սփյուռքը: Սկսեցի աշխատել այս ուղղությամբ, և հանդեսի անունն էլ փոխվեց, դարձավ «Սփյուռքի ձայն»: Ես այդ հաղորդումների միջոցով ներկայացնում եմ սփյուռքահայության մշակութային, կրթական, քաղաքական, միութենական գործունեությունը, Սփյուռքում ապրող նշանավոր անհատներին: Ի դեպ, կարող եք դիտել մեր հաղորդումները՝ այցելելով www.voiceofarmenia.com կայք-էջը: Հայաստանի ժողովուրդը մինչև հիմա լավ չի ճանաչում Սփյուռքը: Օրինակ՝ չգիտեին, որ երկրաշարժից հետո եկած այդքան մեծ օգնությունը հայության շնորհիվ է ստացվել: Եթե անգամ դա գալիս էր որևէ երկրի պետական, կառավարական խողովակներով, էլի հայության շնորհիվ էր: Այն արկղերը՝ լցված սնունդով, հագուստով, հագուստի գրպաններում դրված դոլարներով, ուղարկում էր Սփյուռքը: Եկեղեցիների վարի սրահներում (էդպիսի արտահայտություն կա Սփյուռքում) լուծվում էին բոլոր հայանպաստ հարցերը՝ թե՛ երկրաշարժի, թե՛ արցախյան պատերազմների, թե՛ այլ ազգային ծրագրերի հետ կապված:

-Նյութական օգնությունից ոչ պակաս կարևոր է հոգեբանական աջակցութունը: Կխնդրեի՝ պատմեք Արցախի թատրոնի հետ իրականացրած Ձեր ծրագրերի մասին: Թատրոնը, Ձեր շնորհիվ, շրջագայել է հյուրախաղերով տարբեր երկրներում, և սա ոչ միայն կարևոր է եղել թարտորնի համար, այլև ունեցել է աշխարհաքաղաքական նշանակություն:

-44-օրյա պատերազմից հետո, ինչպես շատ-շատերը, ես ուղղակի խենթանում էի: Այնպիսի զգացողություն ունեի, թե հարազզատս մեռնում է հիվանդանոցում, ու ես չեմ գնում այցելության: Որոշեցի գնալ Արցախ, որտեղ մի ծանոթ անգամ չունեի: Սկսեցի առցանց որոնել հնարավոր կապեր Արցախում: Այդպես կապ հաստատեցի Արցախի թատրոնի հետ, ասացի, որ ուզում եմ իրենց հետ բեմադրություն անել: Այնտեղից պատասխանեցին, որ այդ հարցը պետք է կարգավորել նախարարության, այլևայլ կառույցների հետ, բայց երբ իմացան, որ ես ամեն հոգս վերցնում եմ ինձ վրա, իրենցից ոչինչ չեմ ակնկալում, համաձայնեցին համագործակցել: Գնացի Արցախ տղայիս՝ Հայկի հետ: Երկար մտածում էի՝ ինչ բեմադրել: Վերքը թարմ էր, դժվար էր համապատասխան նյութ ընտրել: Կարդացի Նարինե Աբգարյանի «Երկնքից երեք խնձոր ընկավ» գործը և հասկացա, որ դա այն է, ինչ պետք է: Այդ երկում և՛ արհավիրք կա, և՛ ծնունդ. մեռնող գյուղի վերածնունդ, որ խորհրդանշում է մեր ազգային վերածնունդը:

Օֆելյա Մարտիրոսյանը և Մարատ Դավթյանը «Երկնքից երեք խնձոր ընկավ» ներկայացման մեջ

Ներկայացումը շատ լավ է ընդունվել ամեն տեղ: Մարդիկ լաց են եղել, ծիծաղել, «բռավոների» տարափ է եղել: Անգամ հայերեն չիմացող, տեքստը թարգմանված տակագրերով կարդացող հանդիսատեսներն են հիացական խոսքեր ասել:

-Ինչպե՞ս հաջողվեց հյուրախաղեր կազմակերպել: Դժվար չէ՞ր:

-Մեր հանդիպման հենց առաջին օրը թատերախմբին խոստացել էի, որ պետք է շրջենք տարբեր երկրներով և ցույց տանք աշխարհին, որ Արցախը կա: Եվ արտասահմանյան բոլոր ներկայացումներից հետո ես բեմից ելույթ եմ ունեցել ու ասել. «Ձեր առջև Արցախն է կանգնած»: Բեմում խաղացող բոլոր դերասանները ծանր հոգեվիճակում էին: Գլխավոր հերոսուհուն խաղացող դերասանուհու ամուսինը կամավոր մեկնել էր ռազմաճակատ ու մահացել պատերազմի վերջին օրը: Գլխավոր հերոսը արցախյան երեք պատերազմի մասնակից էր, գլխավոր դերակատարուհիներից մեկն ուներ երկու զինվորական որդի, որոնցից մեկը ծանր վիրահատություններ էր տարել ու հրաշքով փրկվել: Իհարկե, թատերախումբը չհավատաց, որ պիտի շրջագայենք: Բայց 2021-ի օգոստոսին Ստեփանակերտում երեք ներկայացում խաղալուց հետո սկսվեցին հյուրախաղերը: Տասնմեկ ներկայացում խաղացինք Հայաստանում՝ Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Արտաշատում: Եվրոպայում երկու հոգի խոստացել էին հովանավորել հյուրախաղերը, բայց հրաժարվեցին, իսկ ես չէի կարող դրժել խոստումս: Տղաս և ես դատարկեցինք մեր ոչ այնքան լիքը գրպանները, և թատրոնը մեկնեց Եվրոպա: Եղանք չորս երկրում՝ Ֆրանսիայում, Գերմանիայում, Բելգիայում, Ավստրիայում: Անձնական միջոցներիցս մոտավորապես 27 հազար եվրո կորցրի: Հատկապես Բեռլինում մեզ հուսախաբ արեց հյուրընկալող կողմը, կոնկրետ՝ ՀԲԸՄ-ի տնօրենը: Բայց այն, ինչ կատարվեց այդ օրերին, անհնար է չափել նյութական արժեքով: 2022-ին Մոսկվայում խաղացինք վեց ներկայացում՝ լեփ-լեցուն դահլիճներով. այնտեղ սկսված պատերազմը խանգարեց, որպեսզի լինեինք նաև ռուսական այլ քաղաքներում: Երբ հայերն են ընդունում և հասկանում ներկայացումը, դա բնական է, բայց երբ օտարներն են դա անում, շատ հուզիչ է: Օրինակ՝ ռուս մի երիտասարդ ասաց. «Այս ներկայացումը նայելուց հետո կարծես լույս է ծագել հոգուս մեջ,  ապրել եմ ուզում»: Սա արժեքավոր գնահատական էր:

Արցախի թատերախումբը ԱՄՆ-ում՝ Սպիտակ տան առջև

2023-ի հոկտեմբեր ամսին թատերախումբը մեկնեց հյուրախաղերի ԱՄՆ: Չեմ ուզում մանրամասնել, թե ինչ հսկայածավալ կազմակերպչական աշխատանք է կատարվել ամերիկյան հյուրախաղերի համար: Առաջին անգամն էր, որ հայկական թատերախումբ էր ներկայանում Նյու Յորքում, Նյու Ջերսիում, Ֆիլադելֆիայում, Վաշինգտոնում: Հետո, անշուշտ, մեկնեցինք Լոս Անջելես: Ու ամենուր չափազանց ջերմ ընդունելության արժանացավ ներկայացումը:

-Վերադարձել եք Հայաստան՝ մշտական բնակության: Հայաստանի և հայերի համար այս դժվար ժամանակներում մի քիչ անսովոր քայլ չէ՞:

-Երեսուն տարի ապրեցի Նյու Յորքում, ապրեցի ոչ վատ՝ չհաշված հիվանդությանս տարիները: Աշխատեցի և՛ իբրև ռեժիսոր ու դերասանուհի, և՛ իբրև ժուռնալիստ: Կուզենայի հատկապես հիշատակել իմ իրականացրած ծրագրերից մեկը՝ թուրք գրող Քեմալ Յալչընի «Հոգիս ձեզմով կխայտա» գործի բեմադրությունը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այն Արևմտյան Հայաստանում ապրող ծպտված հայերի մասին փաստագրություն է: Ներկայացումը մեծ ընդունելություն գտավ հանդիսատեսի շրջանում: Հյուրախաղերով շրջեցինք Ամերիկայի տարբեր նահանգներում: 2015-ի աշնանը խաղացինք նաև Հայաստանում: Նյու Յորքում ապրել եմ երեսուն տարի, բայց չեմ բուժվել կարոտախտից, Համո Սահյանի «Հայաստան ասելիս…» վիճակի մեջ եմ եղել: Ամենասովորական լրատվությունը լսելիս, անկախ ինձանից, հուզվել եմ: Ու հասկացա, որ այսպես չի կարող շարունակվել, պիտի գամ Հայաստան: Ես ընդամենը եկել եմ իմ ծննդավայր Երևան, որովհետև այլևս չէի ուզում ապրել հեռվում: Սարսափելի բան է, երբ գալիս ես քո երկիրը ու քեզ զգում ես զբոսաշրջիկ: Ես որոշեցի այլևս զբոսաշրջիկ չլինել իմ ծննդավայրում:

Զրույցը՝ Կարինե Ռաֆայելյանի

Գլխավոր լուսանկարում՝ Կարինե և Հայկ Քոչարյաններ