Գիշերը երջանիկ լինելու համար շատ բան պետք չէ։ Ես ու ես փակվել ենք սենյակում։ Զգում եմ, որ արթուն եմ։ Մութը հավատում է ինձ։ Ես էլ նրան։ Ու մատներս խոսում են մթի մեջ։ Բանտարկված եմ, բայց կողքիս մեկը կա։ Ախր էս մութն աշխարհը ոտքի տակ է տալիս, անգամ անձրևն է նրան խաբում․․․ համբույրով։ Հետո ինքնավստահ շենքերին է տրվում… ամբողջությամբ։
Այսօր 2022 թվականն է ընդամենը։ Մեր հանդիպման օրը, Ես ջան։ Հիշողությունս քո մեջ է, ես էլ եմ քո մեջ։ Իմ խոստովանությունը միայն գիշերն ու ցերեկը կարող են տարբերել, որովհետև մեկ-մեկ քեզանից հեռանում եմ։ Միշտ եմ հեռանում, բայց վերադարձս էլ նույնն է, հասկացել եմ։ Ինչքան էլ փոքր ու նեղ լինես, էլի գալիս եմ։ Բայց չեմ քնում, որովհետև պատերազմող երկրում պատերազմներից այնքան ես հոգնում, որ քնել չի լինում։ Ինքդ քեզ ապրում ես, ինքդ քեզ հետ ապրում ես։ Ու կյանքդ էլ չի ուզում փախչել քեզնից։ Ես ջան, չգիտեմ` ես քեզ սիրեցի, թե դու ինձ, բայց երկնայինին չեմ փնովում, որ դու իմն ես։ Եվ հիմա, երբ բոլոր օրերը սովորություն ունեն սկսվելու և ավարտվելու, ես չեմ հագենում ոչինչից ու չեմ կարողանում ասել` ներիր։ Մութը խանգարում է։
Իմ բարձը, որ Արցախից եմ բերել, փետուրներով է։ Նա իմ երջանկության միակ աղբյուրը չէ, բայց այնքանով է կարևոր, որ ամեն ինչ տեսել ու զգացել է ինձ հետ։ Սակայն դրա մասին չէ, որ ուզում եմ պատմել։
Մեր հարևան Թելման պապի ընկուզենիները բավարարում էին թաղի բոլոր ընտանիքներին՝ մուրաբա եփելու, փախլավայի, մեկ-մեկ էլ՝ Նոր տարվա սեղանը ճոխացնելու համար: Մեր գյուղի մանկապարտեզի ճանապարհն անցնում էր այդ ընկուզենիների մեջտեղով: Քայլելիս շատ էր պատահում, որ ընկույզն ընկնում էր գլխիս կամ սպիտակ վերնաշապիկիս: Դե, բնականաբար, մայրս ինձ փնթի էր անվանում, իսկ ես դեռ փոքր էի ու արդարացումների փորձառություն չունեի: Իսկ աշխարհը․․․ թվում էր միայն մեր գյուղն է ու վերջ։ Մեր գյուղը, որի ճանապարհներով Ավոն է քայլել ու հետո պապս, հայրս ու ես․․․ Իսկ հիմա տագնապը կրծում է ամբողջ մարմինս, որ թուրքից մի քանի հարյուր մետր այն կողմ է քնում նորածինը, իմ ընտանիքը, հարևաններս։ Բայց պապան մի լավ բան ասում է միշտ՝ միասին ենք՝ մենք, հողը, օդը։ Իսկ եթե միասին ենք, ուրեմն ամեն ինչ կատարյալ է։ Ամեն անգամ մեծ ու ծանր ճամպրուկների բռնակները տեսնելիս ինքս էլ եմ ծանրանում։ Միայնակ լինելն էլ է ծանրություն։ Եղբորս հուշարձան դարձած տեսնելն էլ է ծանրություն։ Ու ամեն ինչ այս աշխարհում ծանրություն է, անգամ ուրախությունը։
Հիմա ուզում եմ գտնել ամենաերկար ճանապարհը, որը ինձ հետ չի ուղարկի այնտեղից։ Ես ջան, ինձ օգնիր։ Չեմ ուզում բաց թողնել սահող լույսին։ Համառությանս օգնիր, Ես ջան…
Դու գիտես, որ անսահման հեռացող եմ․․․ անսահման դանդաղ հեռացող․․․ իմ աչքերում քեզ հետ հեռացող․․․
Հ.Գ. Երկնքից երկու խնձոր ընկավ։ Երրորդը չկա, որը պատմողի համար է… որովհետև պատմողը դեռ իր Ես ջանին շատ բան ունի պատմելու։
No Comments