Եթե չափանիշները ժամանակի հետ չեն փոխվում, ուրեմն դրանք չափանիշներ չեն։ Ավելին, իրենց նորացմամբ չափանիշները նորացնում են նաև մեր իրականությունը՝ բառը, ժամանակը: Այս ամենը դրսևորվում է նաև թատերարվեստում։
Եղիշե Չարենցն իր քնարերգությամբ մեզ դարձնում է իր ժամանակակիցը, որը երանական պատիվ է ոչ թե Չարենցի, այլ մեզ համար։ Եվ այլ է, երբ քո ֆիզիկական հնարավորություններով ես կարողանում Չարենցին բերել ու տեսնել մի իրականության մեջ, որը դու ես ստեղծել: Եվ ամբողջ առեղծվածն էլ հենց ստեղծելու մեջ է:
Ռեժիսոր Գոռ Մարգարյանի ինքնատիպ ձեռագիրը, բեմադրաոճը, սահմանած չափանիշները ևս մեկ անգամ դրսևորվեցին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի, Գյումրու մասնաճյուղի և Գյումրու Վ․ Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի համատեղ նախագծի՝ «Բովանդակություն» ներկայացման պարագայում, որը Եղիշե Չարենցի «Ամբոխները խելագարված» պոեմի և բանաստեղծի այլ ստեղծագործությունների ընդարձակ բեմական անդրադարձն է։
« «…Ամբոխներով», ինչպես և իր հետագա ողջ ստեղծագործությամբ ու կյանքով Հոկտեմբերյան հեղափոխությանը փարած Չարենցը ժողովուրդների՝ գալիք հեղափոխական ազատամարտերի, մարդկության ազատասիրական բոլոր արշալույսների հետ է» (Տե՛ս Ա. Զաքարյան, «Եղիշե Չարենց (ստեղծագործական ուղու ուրվագիր), Չարենց Ե., Երկեր, Երևան, Սովետական գրող, 1983, էջ 13)։ Իսկ չարենցյան համարձակությունը բեմում նույնպես լավագույնս դրսևորվեց։ Մանրակրկիտ աշխատանք, որը կարևոր ձեռքբերում կարելի է համարել մեր օրերում։
Բնավորություններ, հոգեվիճակներ, կիրք, լարված սպասումներ, մտաշխարհի հուզական բռնկումներ, տագնապներ․ «Բովանդակությունը» մեր կյանքի ընթացքի մասին է՝ Չարենցի խելագարված ամբոխների կատարմամբ։ Բեմադրիչն առաջնորդվել է հստակ սկզբունքներով, այդպիսով պահպանել է պոեմի գաղափարան բովանդակության ամբողջությունը՝ այն հաջողությամբ վերարտադրելով բեմական իրականությունում։
Ժողովրդի պայքարը, հավաքական ուժը, ազատության ուժը՝ հավերժական արևը,ոճական ամենատարբեր առանձնահատկություններով, նուրբ համադրական, գեղագիտական մոտեցումներով, ռեժիսորական համարձակ լուծումներով, ուսանող-դերասանների շնորհիվ դարձել են դինամիկ ներկայացում։
Խոսքի (բեմական խոսքը՝ Տաթև Ղազարյանի), պլաստիկայի (պլաստիկան՝ Մարիկա Դովլաթբեկյանի), երաժշտության (երաժշտությունը՝ Նարեկ Կոսմոսի) համադրումը իմաստային-իրադրային ամբողջություն ապահովելով փաստում է, որ նրանցից յուրաքանչյուրի ստեղծագործական առանձնահատկությունները ներքնատար շարժումներով են կապված։ Այս ներկայացումն այնչափ ճշգրտությամբ է քարտեզագրում մեր ժողովրդի կյանքը, պայքարը, ցավը, սպասումները և այդ բոլորը նոտագրում ամեն տառ ու բառի, մեղեդու ու շարժման մեջ։
Ներկայացման պլաստիկական լուծումները զգայական գործառույթի նպատակ ունեն, որոնք սինթեզվում են բառի հոգեբանական որակներով։ Սա բանաստեղծական տեքստի արտահայտման նոր հնարավորությունների առիթ է ստեղծում, ինչը ներկայացման գեղարվեստականության գլխավոր տարրերից մեկն է։
Երբեմն ակնթարթային զգացողություն էր, որ հերոսների խոսքերը մարմնի կատարմամբ են, այնուհետև նրանց պայքարն ուղեկցվում է ակտիվ շարժումով՝ շրջանակված բանավոր տեքստով։ Դերասանական խաղն ուղեկցվում էր անկեղծ ապրումներով, թեթևությամբ, ներհայեցման կանոնավոր ընթացքով։
Բեմադրիչը կարողացել է ստեղծել գոյաբանական կենսատարածք, որի խորքում դրամատիկական շեշտադրումներ կան։ Այստեղ ապրումների ու գոյավիճակի դրսևորումները մղում են փնտրելու և գտնելու խիզախության։ Պոեմի ամբողջ փիլիսոփայությունը Գոռ Մարգարյանի ռեժիսորական մեկնաբանության շնորհիվ ուղղակի աննկարագրելի է։ Նա բառի մեջ փնտրել ու գտել է բոլոր հակադրամիասնությունների ակունքը, ինտելեկտուալ զգացողությունների ընդհանուր սուբստանցը։
Միանշանակ, կարելի է առանձին-առանձին անդրադառնալ ներկայացման յուրաքանչյուր տեսարանին, դրա բովանդակային կողմին, սակայն ասված խոսք կա` լավ է մի անգամ տեսնել, քան հազար անգամ լսել, այս դեպքում` կարդալ։
Ուշագրավ է նաև երաժշտական ձևավորումը, որը կարծես այս ներկայացման ճարտարապետությունը լինի։ Այս մասին անհրաժեշտություն եմ գտնում մի քանի ընդգծումներ անել։ Ներկայացման ընթացքում բեմում գտնվող երաժիշտները տեսարաններն ամբողջացնում են կենդանի կատարումներով։ Սա ինքնին համարձակ քայլ է։ Նարեկ Կոսմոսի նորարար մեղեդին ստիպում է ճանաչել այն, ինչն առաջնահերթ է։ Միտքը` մտքին, պատկերը` պատկերին, բառը` բառին պարզապես չեն շարունակում, այլ այդ միասնականության մեջ Նարեկն այնպիսի համադրություն է ստացել, որը, անկասկած, մղում է ընդգրկուն ամբողջականության․ «Էլի գարուն կգա․․․», «Ինչպես երկիրս անսփոփ․․․», «Ես այնքան փոքր եմ․․․», «Օրերը, որ գնացին․․․» բանաստեղծությունները, «Ամբոխները խելագարված» պոեմից մի հատված Նարեկը բարձրաճաշակ ստեղծագործական ոճով «տարել էր» իր երաժշտական տարածք։ Ինչպես նաև Նարեկի ստեղծած առանձին երաժշտական կոմպոզիցիաները նոր ընթացքի են մղում ներքին գործողությունը։
Ներկայացման վերնագիրը բխում է ներկայացման հիմք հանդիսացող պոեմի նպատակներից։ «Ամբոխները խելագարված» պոեմում Չարենցի նպատակը ոչ թե ինչ-որ իրադարձության կամ երևույթի համայնապատկերը ներկայացնելն ու նկարագրելն էր, այլ դրա համամարդկային բովանդակության, ներքին տարրերի բացահայտումը, որը երբեմն գաղտնագրելով է արել հեղինակը` լայնաշերտ ենթատեքստով հարստացնելով ամեն մի տողը։
Այսպիսով, «Բովանդակություն» ներկայացումը իրավունք է վերապահում եզրակացնելու, որ այն թարմ ու կարևոր ներդրում է ժամանակակից հայ թատերարվեստում։
Հ․Գ․ Այս ներկայացումը նայելուց հետո մտածեցի՝ միշտ չէ, որ մեկ ու կես ժամը բաղկացած է լինում հինգ հազար չորս հարյուր վայրկյանից։
No Comments