ԳրաԴաշտ

Յոթ աստղակաթ հեքիաթ․Կետն ու աստղերը

06.06.2020

Նախորդիվ՝ Աստղաձիուկը

Սկզբում ամեն ինչ լավ էր. կետը գիտեր, որ ինքն աշխարհի ամենամեծ կենդանին է: Բայց մի օր ցանկացավ հասկանալ` ինչքա՞ն է մեծ: Ո՛չ ջրում, ո՛չ ցամաքում կետաքանոն չկար: Ու կետը… լացեց: Կետը լացեց մեկ օր, երկու, երեք… մինչև՝ յոթերորդ օրը: Դրանից քանոնը չհայտնվեց, բայց անվերջ արցունքներից ծովն ավելի ու ավելի աղի դարձավ:

Ձկներն անհանգստանում էին. հայ-հո՜ւյ, այսպես իրենց վերջն էլ կգա: Վերջապես, մի իմաստուն ծովաձիուկ ասաց. «Կարող ենք ջրիմուռներով չափել նրա իրանի երկարությունը»: Կետը պահեց ջրիմիուռը բերանում, ծովաձիուկները մի ջրիմուռին կապեցին երկրորդը, դրանից` երրորդը, հետո` չորրորդը… Կապեցին մեկ օր, երկու, երեք, չորս, հինգ, վեց օր ու միայն շաբաթվա վերջում հասան պոչին: «Իսկ հիմա թող բոլոր ջրային կենդանիները շարվեն ջրիմուռների երկայնքով»: Ու շարվեցին ջրային կենդանիները` տասը դելֆին, հինգ գայլաձուկ, յոթ օձաձուկ, երեք շնաձուկ, մեկ ծովառյուծ, երկու ծովացուլ, մեկ ծովախոզուկ, մեկ ութոտնուկ և մեկ հազարոտնուկ… ահա թե ինչքան երկար էր կետը:

«Դե, ի՛նչ, չափդ ճանաչեցիր, ուրեմն մաքրիր արցունքներդ, եղբա՛յր»,- ասաց ծովաձիուկը: Կետն ուրախացավ, այնքա՜ն ուրախացավ: Նա հիմա գիտեր, որ իր երկարությունը ճիշտ տասը դելֆին, հինգ գալյաձուկ, յոթ օձաձուկ, երեք շնաձուկ,  մեկ ծովառյուծ, երկու ծովացուլ, մեկ ծովախոզուկ, մեկ ութոտնուկ և մեկ հազարոտնուկ է… ահա՜ թե ինչ երկար է: Եվ ուրախությունից շատրվան բաց թողեց: Մե՜ծ, բա՜րձր ու ամենակարևորը` քաղցրահամ: Այնքան ուժեղ, որ նրա ցայտույնը հասավ երկինք, ծովից հանեց աղի բյուրեղներն ու ցրեց երկնքում: Շատերը կարծում են՝ դրանք աստղեր են: Բայց  այդ լուրերը  կետն է տարածել: Հո չէ՞ր կարող ասել, որ այդքան երկար՝ տասը դելֆին, հինգ գալյաձուկ, յոթ օձաձուկ, երեք շնաձուկ, մեկ ծովառյուծ, երկու ծովացուլ, մեկ ծովախոզուկ, մեկ ութոտնուկ և մեկ հազարոտնուկ երկարություն ունեցող կետը ժամանակին լացկան է եղել: Ո՛չ, իհարկե:  
Հաջորդիվ՝ Կը՛տ-կը՛տ-կը՛տ

Լիլիթ Հակոբյան
Նկարները՝ Լիլիթ Վաղարշյանի

No Comments

Leave a Reply