Նախորդիվ՝ Ժպտացող աստղեր
Կար չկար մի փոքրիկ ձիուկ: Աշխարհի ամենադաստիարակված ձիուկն էր: Բարձր չէր խրխնջում, ոտքերով չէր աղմկում: Հյուր գնալիս տանտիրուհուն ատամներով ծաղիկներ էր տանում: Ու հավատացեք, ո՛չ մի, ո՛չ մի հատիկ ճանապարհին չէր ուտում: Բայց դաստիարակված լինելը չէր նրա ամենամեծ առանձնահատկությունը: Թռչե՜լը: Պեգա՞սն էր, հարցնում եք: Չէ՛, չէ՜ …. ո՛չ մի թև չուներ: Ոտքերը տարածում էր՝ մեկ, երկու, երեք, չորս …. ու թռչում: Այդպես հասնում էր աստղերին, պոչով խուտուտ տալիս դրանց, տիեզեքում վրնջում, թռչում, իջնում ցած:
Էսպես մի առավոտ, երբ դեռ արևը դուրս չէր եկել, տուն էր վերադառնում: Հոգնած քայլում էր լռության մեջ, կամացուկ դոփում, որ մարդիկ զարթնեն, պոչը շարժում էր, իր երազներն օրորում:
…Ու ձիուկը երազում էր, որ մի օր մի աստղ կգա, կխառնվի իր բաշին, հետո ճակատին կփայլի: Մարդիկ կտեսնեն այն ու կասեն. «Ճանաչո՞ւմ եք այս ձիուկին: Աստղաձիուկն է: Ամեն օր թռչում է երկինք, ու աստղիկները զնգում են: Չե՞ք հավատում, ճակատի աստղի՛ն նայեք»:
Ձիուկը գիտեր, որ եթե մարդիկ այդ աստղը տեսնեն, մեկ-մեկ էլ իրենք կտարածեն թևերը՝ մեկ-երկու… ու կճախրեն տիեզերքում, թեկուզ՝ բոլորից թաքուն:
Հաջորդիվ՝ Կետն ու աստղերը
Լիլիթ Հակոբյան
Նկարները՝ Լիլիթ Վաղարշյանի
No Comments