Զահա Հադիդ: Հանճարեղ ճարտարապետ, առաջին կինը, որը ստացել է Պրիցկերի ճարտարապետական մրցանակը։ Ճարտարապետական աշխարհում այն համարժեք է Նոբելյան մրցանակին: Զահան այն ստացել է Սանկտ Պետերբուրգում։ The Guardian—ի հեղինակները նրան անվանել են «Կորի թագուհի», որն ազատել է ճարտարապետական երկրաչափությունն ու նրան նոր արտահայտչություն հաղորդել։ Նրա հնարած շինությունները աներևակայելի են և, որպես կանոն, դառնում են տեսարժան վայրերը այն քաղաքների, որտեղ կառուցվում են։
Ապագա ճարտարապետը ծնվել է Իրաքի մայրաքաղաք Բաղդադում։ Չնայած արևելյան ծագմանը՝ նա զերծ է մնացել խստությունից ու սահմանափակումներից։ Ընտանիքն ապահովված էր, շատ էր ճանապարհորդում ու լիբերալ հայացքներ ուներ։ Նրա զարգացման համար նույնքան բարենպաստ էր նաև Բեյրութի ամերիկյան համալսարանը, որտեղ Հադիդը մաթեմատիկական կրթություն է ստանում: Հիշողություններում նա մանկությունն ու ուսանողությունը համարում է իր կյանքի ամենալավ ժամանակը, որովհետև այդ շրջանում ստիպված չէր բախվել սեռով կամ ծննդավայրով պայմանավորված նախապաշարմունքների հետ։

Մաթեմատիկոսի դիպլոմով Հադիդը Լոնդոն է գնում՝ ճարտարապետ դառնալու հստակ որոշմամբ:
Այնտեղ նա ընդունվում է Լոնդոնի ճարտարապետական դպրոցը և շուտով աշխատանքի անցնում իր ուսուցիչ Ռեմ Կոլհասի բյուրոյում։ Ավարտելուց հետո բացում է
սեփական բյուրոն,
բայց հաջողությանը դեռ երկար պիտի սպասեր։
Ակնառու ճարտարապետի նախագծերը միջազգային մրցույթներում մրցանակներ էին շահում և մասնագիտական միջավայրում նրան հռչակ բերում, բայց ոչ ոք պատրաստ չէր դրանք կյանքի կոչել։ Այդ ձևերն իրենց ժամանակից շատ առաջ էին, դրանք ընկալվում էին որպես ուտոպիական և իրականության հետ չհամատեղվող:
Վերջապես, 1993թ. ավարտվեց նրա առաջին մեծ նախագիծը։ Հայտնի «Vitra» կահույքի ընկերությունը երիտասարդ ճարտարապետին վստահեց ընկերության շենքի հրշեջ կայանի կառուցումը Գերմանիայում: Իր ժամանակի համար յուրահատուկ շինությունը կառուցվեց դեկոնստրուկտիվիզմի ոճով, որին բնորոշ են ճարտարապետական ձևերում սովորական օրենքների խախտումը, գծերի անսպասելությունն ու կոտրվածությունը։ Հիմա այն թանգարան է, որտեղ ցուցադրվում են «Vitra»-ի նմուշները։
Շուտով Հադիդին պատվիրեցին նախագծել Ռոզենտալի ժամանակակից արվեստի կենտրոնը ԱՄՆ-ում, որի շինարարությունն ավարտվեց 2003-ին։ 2004-ին ստացավ Պրիցկերի մրցանակը, 2005-ին՝ Design Miami ցուցահանդեսի գլխավոր մրցանակը։ Այդուհետ Զահան մշտապես պահանջված էր, հաճախ նրան պատվիրում էին ամենակարևոր և նշանակալի նախագծերը։

2005թ. ավարտվեց Գերմանիայի Ֆենո գիտական կենտրոնի և թանգարանի կառուցումը, որը ևս մի կարևոր բարձրակետ էր Հադիդի ստեղծագործման մեջ։ Այստեղ վառ արտահայտված են ֆիրմային առանձնահատկությունները՝ սպիտակ գույնը և հորիզոնական գծերի գերակայությունը։ Չնայած ահռելի չափերին՝ թանգարանը բարակ ու նրբագեղ տեսք ունի և ցուցադրում է ճարտարապետուհու հայացքը։
Ֆենո գիտական կենտրոնի և թանգարան, Գերմանիա
Հադիդի գեղեցկագույն շինություններից մեկը Գուանչժոուի օպերային թատրոնն է։ Դրսից այն համահունչ է իրեն շրջապատող ջրի թեմային և փայլող սառցակտոր է հիշեցնում։ Ներսից թատրոնը նման է հիանալի ակուստիկայով կախարդական մարգարտյա լվացարանի։
Գուանչժոուի օպերային թատրոն Գուանչժոուի օպերային թատրոնի համերգասրահը
Լոնդոնում Զահա Հադիդի շենքը հայտնվեց այդ քաղաքում նրա գրասենյակի ստեղծումից երեք տասնամյակ անց։
Սպիտակ ալիքի նմանվող ջրային մարզաձևերի կենտրոնը կառուցվեց 2012-ի օլիմպիադայի համար։ Հադիդը նախագծել է ոչ միայն շինության արտաքին տեսքը, այլև փոփոխվող խորությամբ ու մակերեսով լողավազանների համակարգը։

Զահա Հադիդը մահացել է 2016-ին, բայց նրա գրասենյակը շարունակում է զարգանալ և հիմա ավելի քան 400 աշխատակից ունի։ Որոշ շինություններ շարունակում են կառուցվել նրա նախագծերով։ Օրինակ՝ Քաթարում կառուցվում է Ալյ-Վակրա մարզադաշտը, որտեղ 2022 թվին կանցկացվի Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը։
Նյութի աղբյուր՝ veryimportantlot.com
Գլխավոր նկարում՝ «Vitra» ընկերությունը շենքի հրշեջ կայանը, Գերմանիա
Անգլերենից փոխադրեց Իսրայել Ասրյանը
No Comments