Ardi.am-ը ներկայացնում է «Զանգակ» հրատարակչության առաջիկայում տպագրվելիք գրքերից։
Աննա Գավալդայի «Պարզապես միասին» վեպի գործողությունները տեղի են ունենում Փարիզում։ Հերոսները միայնակ, իրենց տեղը չգտած, բայց, միևնույն ժամանակ, տաղանդավոր երիտասարդներ են, որոնք, ճակատագրի բերումով հավաքվում են նույն հարկի տակ։ Այս գիրքը պատմում է բախումների, դժվարությունների, ինչպես նաև քնքշության, ընկերության, ջերմության մասին, որոնք կօգնեն հերոսներից յուրաքանչյուրին գտնելու սեփական ուղին դեպի հաջողություն և երջանկություն։ «Պարզապես միասին» վեպը արժանացել է մեծ թվով մրցանակների։ 2007 թվականի էկրան է բարձրացել Կլոդ Բերի նույնանուն ֆիլմը, որտեղ գլխավոր դերը մարմնավորում էր Օդրի Տոտուն։
Թարգմանությունը՝ Թագուհի Բլբուլյանի
Իան Ռասսել Մըքյուենի «Քավություն» վեպում ամառային մի շոգ օր տասներեքամյա Բրայոնի Թոլիսը ականատես է լինում մի տարօրինակ դրվագի: Աղջկա անփորձությունը, չափազանց վառ երևակայությունը և հանգամանքների դժբախտ համակցությունը անդառնալիորեն փոխելու են այդ օրը Թոլիսների տանը հավաքվածների կյանքը: Երկրորդ համաշխարհային պատերազմի մղձավանջի միջով անցնելիս էլ մեղքի, անարդարության զգացումներով հերոսները վերադառնալու են ամառային այն շոգ օրվա դեպքերին ու փորձելու են յուրովի մեկնաբանել դրանք: Մըքյուենի «Քավությունը» նաև վեպ է վեպի մասին, ուրում հեղինակը վիրտուոզ խաղում է պատումի հետ, իսկ հերոսների պատմությանը զուգահեռ ծավալվում է նաև հենց վեպի պատմությունը: Հեղինակը հետաքննում է մեզ շրջապատող իրականության փխրունությունը, կյանքի և արվեստի կապը ու ասես անընդհատ հարցնում ընթերցողին, թե արդյոք իրականությունն ավելի կարևոր է, քան ստեղծագործությունը
«Քավություն» վեպը առաջադրվել է Բուքերյան մրցանակի 2001 թվականին: Entertainment Weekly-ն վեպն ընդգրկել է 1983-2008 թթ. գրված 100 լավագույն գրքերի ցանկում: The Observer-ը այն համարել է երբևէ գրված 100 մեծագույն վեպերից մեկը: The Telegraph-ն այն ներառել է «բոլոր ժամանակների 100 լավագույն վեպերի» ցանկում։
Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի
No Comments