ՄշակութաԳիծ Զավեն Բեկյան

 Զավեն  Բեկյան․ Աստծո  կիսադեմը

12.02.2025

«Քանզի ՆԱ եկավ պատյանով մարդկային․․․ Եվ ուժներդ զորեց, չէ՞, շուն-շանորդիներ․․․ Այդ պատճառով էլ ՆԱ երբեք լրիվ ձեզ չի հայտնվի։ ՆԱ կարող է մի գեղեցիկ զատիկի պես բացեիբաց հայտնվել ձեզ, բայց դուք այդ զատիկը կճզմե՜ք մի փայտոջիլի հանգույն, եթե մինչ այդ խույս չտա և լույսի շողի չփոխվի ձեր մատների միջից․․․ Իսկ դու՞ ով ես, որ իմ մասին այդքան հեշտ ու վստահ ես գրում, ոչնչությու՛ն ( սա էլ՝ այս գրվածքի հեղինակին էր նետված )»։
Իմ «Սրճարան Երշալաիմ» կարճ պատմվածքից

Կիսալուսնին նայելիս զգացողությունները կարող են տարբեր լինել։ Ես ավելի շատ փորձում եմ լուսնի պակասող մասը մտովի, երևակայությամբ զննել այնպես, որ․․․ տեսնեմ եզրագծերը Երկրի, չէ՞ որ լուսնի պակասող մասը հենց Երկրի ձգած ստվերն է։ Այստեղ իմ միտքը շեղում է ինձ կիսալուսնի գեղեցկությունն ընբոշխնելու վայելքից, այն տանում է դեպի Գեղեցիկի կողքին (կամ ՝ տակ) թաքնված Անհայտը․․․ Ի՞նչ է Գեղեցիկը, այն մեր հոգու, մեր ներաշխարհի «ֆունկցիա՞ն» է, թե՞ գոյություն ունի մեզանից անկախ, որպես օբյեկտիվ ռեալություն՝ ինչպես փիլիսոփաները կասեին։

Երբ մենք առնչվում ենք Գեղեցիկին, մեր հոգիներում արթնանում է մի բան, որը մեզ ԱՅԼ ՏԵՂ, այլ հարթության վրա է տանում, քան այս աշխարհն է, ԱՅՍՏԵՂՆ է։ «Գեղեցիկը կփրկի աշխարհը»,- ասում է Դոստոևսկին։ Գեղեցիկը կարծես հենց դրա համար էլ հայտնվում է մեզ, թեև շատ դեպքերում մարդը նրանով լուսավորվելու փոխարեն այն փորձում է հանգցնել, անկատարությունից չի դիմանում նրա ուժին- դուք կարծում եք՝ ամբոխն ինչո՞ւ պահանջեց Պիղատոսից բաց թողնել Բարաբբային ու խաչել Հիսուսին․․․ Այստեղ ուզում եմ մեջ բերել իմ մի բանաստեղծությունը, որ դա է փորձում բացատրել․

ԱՎԵՏԱՐԱՆ  ԸՍՏ  ԲԱՐԱԲԲԱՅԻ

Արդեն քառասուն օր էր, ինչ

ձեռնափերս քոր էին գալիս մենախցիս մեջ,

իմ աշխատավոր ձեռքերը ՝ ամենանեղ

գրպաններն իսկ սողոսկելու կարող,

վարժ՝ դաշույնի կոթի, երբ փականը

ճռնչալով բացվեց, ու ցրված խավարի մեջ

դեմքը երևաց հռոմեացի բանտապահի,

թե՝ դու ազատ ես արդեն, հավաքիր իրերդ։

Ասացին՝ դու ես ընտրյալը, դու ես պաշտելի

զավակը Երուսաղեմի, քո՛ ժամանակն է։

Ինչ-որ Հեշուայի մասին էին խոսում, մի անբախտի,

որ կանգնել էր կուսակալի դիմաց, հարցերի տարափի տակ,

և  ինչ-որ կցկտուր պատասխաններ էր

տալիս կուսակալին, մինչև որ սա

գլուխ չհանեց ու  գլխացավից խեղճացած,

ձեռքը թափ տվեց ու հեռացավ՝ ծիսական

մի ձեռնալվայից հետո․․․ Ամբոխն ի՛նձ ազատեց

պատժից, որովհետև ես ընդամենը

երուսաղեմցիների գրպաններն էի մտնում,

իսկ նա՝ այդ Հեշուան համարձակվեց նրանց

հոգիները մտնել ․․․  Բացի այդ, ասում են,

մի տարօրինակ, տամուկ լույս էր վառվում

այդ տղայի դեմքին, որ գրգռում էր

երուսաղեմցիների ՆԵՐՔԻՆ ԽԱՎԱՐԸ,

որ շատ նման է բանտախցի խավարին,

և որից բազումք չեն ուզում ազատվել,

քանզի ամեն ինտիմ բան խավարում է, որ

փթթում է անկաշկանդ, հավիտյանս հավիտենից ․․․

     
Եթե փորձենք, այնուամենայնիվ, մի տրամաբանական բացատրություն տալ Գեղեցիկի էության մասին, ամենաշատը պիտի ասենք, որ ամեն ինչի մեջ և ամեն բանում գեղեցիկը դա ՆԵՐԴԱՇՆԱԿՆ է, կառուցիկությունը, բայց այդպիսով իսկ դա մի բան է, որ ՀԱՄԱՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՆԵՐԴԱՇՆԱԿՈՒԹՅԱՆ արքետիպն է ակնարկում։ Պոեզիայի մեջ սիմվոլիստական ուղղությունն է, որ Գեղեցիկը դիտարկել է որպես դույնի խորհրդանիշ։ Դա արտահայտվել է որպես ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ԿԱՆԱՑԻԻ պաշտամունք։ Եվ հենց այստեղ էլ հարց է ծագում, թե այդ խորհրդանիշն ինչու՞ պիտի կապվեր կանացիի հետ։ Կամ, ասենք, ինչու՞ է կինը գեղեցիկ, առհասարակ բնությանմեջ  ինչու՞ է հենց իգականը գեղեցիկ , և՛ կենդանական աշխարհում, և՛ բուսականում (ծաղիկը, թեև այն նաև արական կողմն է իր մեջ ընդգրկում )։ Տվյալ դեպքում  իգականը գեղեցիկ է, որպեսզի առգրավի, առինքնի արականին՝ վերարտադրության, բազմանալու նպատակով։


Գեղեցիկը խորհրդանիշ է՝ մեզ մեր հոգևոր տեսլականի մեջ առ ԻՆՔԸ`առ Աստված  առինքնելու համար, որպեսզի ծնվի ՆՈՐ ՄԱՐԴԸ, կամ հին մարդը ՎԵՐԱԾՆՎԻ։ Բայց արդյոք դա հենց այնպես մեզ տրված, շնորհված մի բան է։ Ոչ , դա իր վտանգներն ունի, Գեղեցիկը լույսն է, որ ներաշխարհային ներքին խավարի հետ բախվելով կարող է ՀՈԳԵՎՈՐ ԽԱՉԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ պատճառ դառնալ, և դրա հետևանքը միշտ չէ, որ հաղթանակած, լուսավորված, հարություն առած ՆԵՐՔԻՆ ՄԱՐԴՆ է լինում․․․ Հիշենք՝ որքան հանճարներ գիշերաթիթեռի պես հմայվեցին, մերձեցան, ԱՆՉԱՓ շատ խորացան ու այրվեցին ԱՆԿԵԶ ՄՈՐԵՆՈՒ կրակից, կորցրին իրենց բանականությունն ու միտքը՝ Նիցշե, Հյոլդեռլին և այլն։ Ռիլկեն իր «Դուինյան էլեգիաներից» առաջինում ասում է․

Քանզի գեղեցիկը այլ բան չէ,

միայն՝ սկիզբը սարսափի, որը մենք կրում ենք դեռ,

և այն հիացնում է մեզ, որովհետև անարժան է համարում

մեզ կործանել։ Սարսափելի է ամեն մի հրեշտակ։

              Թարգմ․՝ Հակոբ Մովսես