ԳիտաՆյութ Զավեն Բեկյան

Զավեն Բեկյան․ Հավերժություն և ժամանակ

01.05.2025

Ենթադրենք, Աքիլլեսը վազում է տասն անգամ ավելի արագ, քան կրիան, և                     գտնվում է կրիայի հետևում հազար քայլ հեռավորության վրա։ Այն ժամանակահատվածում, երբ Աքիլլեսը վազում է այս տարածությունը, կրիան հարյուր քայլ է սողում նույն ուղղությամբ։ Երբ Աքիլլեսը հարյուր քայլ վազի, կրիան կսողա ևս տասը քայլ և այլն։ Գործընթացը կշարունակվի անվերջ, Աքիլլեսը երբեք չի հասնի կրիային։ (Զենոնի «Աքիլլես» ապորիայի ժամանակակից ձևակերպում)

Ժամանակը ներկա և ժամանակն անցյալ

Հավանաբար ներկա են ապագայի մեջ,

Իսկ ժամանակն ապագա՝ անցյալի մեջ է։

Եթե բովանդակ ժամանակը հավերժորեն ներկա է,

Ապա անքավելի է բովանդակ ժամանակը։

                     Թ. Ս. Էլիոթ, «Չորս կվարտետ», թարգմ.՝ Ս. Մկրտչյան

  Այն, ինչ մենք անցյալ ենք անվանում, անցյալ է ներկայի տեսակետից, բայց այն չգոյ չէ, այն գոյություն ունի Հավերժության մեջ։ Մեր մեռյալները, օրինակ, անցյալ են մեր ներկա կյանքի տեսանկյունից, բայց չեն դադարում գոյություն ունենալ Հավերժության մեջ։ Այսինքն՝ ժամանակի բոլոր «շերտերը»՝ անցյալ, ներկա, ապագա, գոյություն ունեն մի բարդ ու հակասական միասնության մեջ, որ Հավերժությունն է։ Բոլոր ժամանակները՝ ՄԻԱԺԱՄԱՆԱԿ՝  հենց ինքը՝ Հավերժությունն է։ Նույն կերպ և՝ ապագան։ Մենք խոսում ենք մարգարեացման, գուշակությունների մասին։ Բայց մի՞թե կարելի է մարգարեանալ, խոսել մի իրադարձությունից կամ մեկ այլ բանից, որը գոյություն չունի, բայց այնուամենայնիվ իրականանում է։ Ոչ, դա անհնարին է, այն, ինչ պիտի կատարվի և կռահված է, թվացողություն է, թե ԴԵՌԵՎՍ ՉԿԱ, այն կա, բայց մեր ներկա ժամանակի մեջ չէ, այլ Հավերժության։ Եվ գուշակություն, մարգարեություն կարողանում են անել միայն ԸՆՏՐՅԱԼՆԵՐԸ, այսինքն՝ նրանք, ում Ի ՎԵՐՈՒՍՏ այդ շնորհը տրված է և թույլտվությունն է տրված՝ թափանցել Հավերժության՝ Աստծո ՀԱՆՐԱԳՈՒՄԱՐԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿԻ մեջ։ Այդպիսի օժտվածություն ուներ, օրինակ,  Հ. Թումանյանը, որը կարծես թե այն ժառանգել էր իր մորից, բայց նաև իրեն տրված էր Ի ՎԵՐՈՒՍՏ՝ ինչպես և իրեն շնորհված աստվածային հանճարն ամբողջությամբ։ Հայտնի է, որ գոյություն ունի նաև սև գուշակություն, որն Ի ՎԵՐՈՒՍՏ չէ, այլ չարից է։ Մարգարեությունը սև գուշակությունից տարբերվում է նրանով, որ այդ ընդունակությունը շնորհված է Աստծուց և, այդպիսով իսկ, բարի նպատակներով է գործադրվում։

  Ինչպես է լուծվում ժամանակների հակասությունը Հավերժության մեջ։ Նորից դիմենք Էլիոթին։ 

Պտտվող աշխարհի անշարժ կետի մոտ։ Ոչ մարմին, ոչ անմարմին.

Ոչ «…ից», ոչ «դեպի»։ Անշարժ կետի մոտ — այնտեղ է պարը,

Բայց ոչ շարժում, ոչ անշարժացում։ Եվ մի կոչիր սա քարացածություն,

Որտեղ անցյալն ու ապագան են խմբված։ Ոչ առաջ, ոչ հետ,

Ոչ բարձրացում, ոչ վայրէջք։

                   Թ. Ս. Էլիոթ, «Չորս կվարտետ», թարգմ.՝ Ս. Մկրտչյան

   Հարցը թվացողության մեջ է։ Կինոնկարներում պտտվող անիվը երևում է… հակառակ պտույտով։ Էյնշտեյնը բացատրում է ձգողականությունը ոչ թե նրանով, որ մարմինները «քաշկռտում» են միմյանց, այլ նրանով, որ տարածությունը կոր է, և հետևապես տիեզերական մարմինները պիտի շարժվեին կոր ուղեծրերով։ Այս թվացողությունը Էլիոթը վարպետորեն պարզաբանում է չինական սափորի օրինակով — սափորը դրվագված է ոլորապտույտ զարդանախշերով, սափորի ընդհանուր պատկերից կտրված՝ այդ զարդանախշերին նայելիս կթվա, թե տեսածը պտտվում է, սակայն ամբողջությամբ վերցրած սափորի համայնապատկերում ակնհայտ է դառնում, որ իրականում սափորն անշարժ է։

Բայց բառերը շարժվում են, երաժշտությունը շարժվում է

Միայն ժամանակի մեջ. բայց այն, ինչ միայն ապրում է,

Կարող է միայն մեռնել։ Բառերը, խոսքից հետո,

Լռությանն են հասնում։ Միայն ձևի, կաղապարի միջոցով

Բառերն ու երաժշտությունը կարող են հասնել

Անշարժությանը, ասես չինական սափորն է անշարժ պտտվում,

Հավերժորեն պտտվում իր անշարժության մեջ։

                         Թ. Ս. Էլիոթ, «Չորս կվարտետ», թարգմ.՝ Ս. Մկրտչյան

  Այսպես, ուրեմն շարժումը թվացյալ է — Աստծո տիրույթներում ամեն ինչ կատարված է, ամեն ինչ՝ ԿԱՏԱՐՅԱԼ՝ Է՛, ամեն ինչ Հավերժության մեջ է՝ իր ժամանակային «շերտերի» համընդգրկման մեջ։ Նաև պոեզիայի մասին է ակնարկում Էլիոթը — «Բառերը, խոսքից հետո, լռությանն են հասնում»։ Ինչպես որ Աստծո ժամանակը Հավերժությունն է, այնպես էլ… Աստծո խոսքը, աստվածային խոսքը ԼՌՈՒԹՅՈՒՆՆ է։ Նաև՝ երաժշտությանն է վերաբերում։ Սովորական պոետի գրածը խոսքեր են, բառեր են, որ Լռությանը նույնիսկ չեն մոտեցել, իսկ Աստծո ընտրյալ մեծերինը մերձենում է Աստծո խոսքին՝ Լռությանը, որ անքննին ԲԱՆՆ ինքն է։ Աստծո ԼՌՈՒԹՅԱՆ «ՊԱՇԱՐՆԵՐԻ» հանդեպ նույնիսկ Դանտեի, Նարեկացու, …, գործերն են …թոթովանք… Եթե կարողանայինք մի հրաշքով… բարձրանալ Բեթհովենի, Բախի երաժշտությունից և… Աստծո Լռությունը լսել… Այդ շնորհը հրեշտակներին է տրված, ավաղ, մենք կարող ենք «մխիթարվել» միայն աստվածային Լռությանը մի քիչ մոտ գտնվողով միայն, օրինակ՝ Մոցարտի երաժշտությամբ…