Զավեն Բեկյան․ Մեղրահացը
Մի ժամանակ շատ էի տարված «Կենդանիների աշխարհում» հեռուստահաղորդաշարով, հատկապես կյանքի ստորջրյա ներկայացուցիչներով, քանզի ամենաարտառոց բաներն այստեղ էի գտնում։ Օրինակ՝ ահա մի տեսակի ձուկ, որ չափազանց երկար, կտուցանման կլան ունի, որովհետև․․․ իր ուտելիքը միշտ թաքնված է լինում քարերի ու ջրիմուռների անմատչելի տեղերում, և ուրեմն հարկ է լինում դրանց նման «հատուկ» ունելիով դուրս քաշել այդտեղից։ Հիմա սրա պես բաներն ինչպե՞ս հասկանանք, նշածս ձուկն ինչպե՞ս «հասկացավ», որ պետք է կլանը երկարացնել-բարակացնել, կամ եթե «հասկացավ»՝ ի վիճակի՞ էր սեփական մարմնի դիզայնով զբաղվելու։ Դարվինն այս պարագայում կասեր՝ տվյալ դեպքում բնական ընտրությամբ մնացել են միայն «երկարակլանավորները»։ Առհասարակ, դարվինիզմը ես չեմ «համակրում», որովհետև իր սկզբունքով այն նման է․․․ երբեմնի սովետական ռազմական արդյունաբերությանը— սովետական ցածրորակ տեխնոլոգիան հնարավորություն չէր տալիա անվրեպ-անխոտան դրոշմելու, ասենք, ռազմական ինքնաթիռի թևերի մի հստակ քանակ, այդ պատճառով էլ դրոշմում էին զգալիորեն ավելի շատ քանակով ու դրանց միջից ընտրում պիտանիները։ Մեր ասած ձկան պարագայում չի օգնում նաև Լամարկի տեսությունը, որովհետև ոչ արտաքին գործոնով կարելի է բացատրել, ոչ էլ էվոլյուցիոն «ներքին ձգտմամբ»։ Ուրեմն ի՞նչ։ Առանձին վերցրած կենսաբանական տեսակը չունի այն բանականությունն ու միջոցները, որ կարողանա նման օժտվածություններ արարել իր գոյությանն ի սպաս։ Իսկ ԱՄԲՈՂՋԸ՝ տիեզերական ԲԱՆԱԿԱՆ ԱՄԲՈՂՋԸ կարողանում է հոգալ իր «բաղկացուցիչների» դիզայնն ու հմտությունները։ Բացի դրանից՝ զարգացումը միանգամից-մեկընդմիշտ տրված բան չէ, օրինակ՝ գիտենք, որ մարդու սաղմն արգանդում մինչև «մարդանման» դառնալը անցնում է իր նախորդ փուլերով՝ սողունների և այլն, չնայած այն բանին, որ որոշ առանձնյակներ ծնվելուց հետո էլ են․․․ սողուն մնում՝ Հիտլերը և այլք․․․ Բնության կենսաբանական աստիճանակարգի ու դրանում մարդու զբաղեցրած տեղի վերաբերյալ մի հետաքրքիր դիտարկում ունի՝ հեգնական իմաստով՝ Օսիպ Մանդելշտամն իր «Լամարկ» բանաստեղծության մեջ, որը ցավոք, Մանդելշտամի պոեզիայի գրեթե ամբողջական թարգմանությունն անելով, Հրաչյա Բեյլերյանը չի թարգմանել։
Ընդհանրապես, որևէ բանի էությունը հասկանալու համար միայն նրա առանձնյակի վրա սևեռվելը՝ խորանալը, բավարար չէ, այն պետք է դիտել ԳՈՅԻ ԱՄԲՈՂՋԻ մեջ փոխկապակցված, այսինքն՝ օրինակ՝ մարդու կյանքի բովանդակությունը հասկանալու համար այն պետք է դիտարկել իրեն շրջապատող «տիեզերական անսամբլի» մեջ։ Մեր շրջապատում ի՞նչ է կատարվում․ բույսը, ասենք, ծլում է, ցողուն տալիս, վերջնական նպատակը՝ ՊՏՈՒՂԸ, որը սերմ է հետագա բազմացման համար։ Այս նույն բաները մարդն էլ է անում, բազմանում է, բայց բույսից կամ կենդանուց տարբերվում է նրանով, որ իր հիմնական «պտուղը» ՀՈԳՈՒ ՀՈԳՍՆ է։ Եթե նորից նայենք բուսակենդանական շրջակայքին, թրթուրը հարսնյակ է դառնում, բայց նպատակը դա՞ է։ Ոչ ամենևին․ նպատակը թիթեռն է, որ դուրս է գալու հարսնյակից։ Նմանապես էլ մարդու գոյության նպատակը ՈԳՈՒ ՊՏՈՒՂ տալն է։ Ի սկզբանե մարդուն հոգի է իջնում, բայց իջած հոգին պետք է ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ, տևողություն ապրի, որպեսզի այդ ընթացքում իջնի աշխարհի բազմիմաստ ծաղկանոցի ծաղիկների վրա, վերցնի իրեն անհրաժեշտ նեկտարը ու այն տանի ԱՅՆԿՈՂՄՆԱՅԻՆ ՈԳԵՂԵՆԻ մեղրահացին․․․
Վերոհիշյալին համահունչ մի բանաստեղծություն էլ ունեմ, որը բերում եմ ստորև․
ՄԵՂՐԱՀԱՑԸ
Հեռու-հեռավոր, անիմաց մի տեղ,
ամենքից գաղտնի մի ժայռածերպում
վայրի մեղրն է լցվում համորեն
մեղրահացի ծով լռության մեջ խուլ։
Նրա համին են ամենքը կարոտ,
նրա վերնային ծորացող լույսին։
Վառ մի ծիածան կապում է նարոտ
նրա շուրջ, ծաղկում վերը մի լուսին․․․
Վայրի մեղուներ են իջնում հուշիկ՝
զվարթունների բույլ տերունական։
Երանի նրան, ում որ կհուշի
մեղրահացն այդ իր դժվարին ճամփան․․․






