2024-2025 ուսումնական տարվա ընթացքում Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում «Պարարվեստի ռեժիսուրա» մասնագիտական կրթական ծրագրով բացվել է ժամանակակից պար մասնագիտացմամբ հեռակա կուրս՝ Ֆրանսիայի ACTS/Ecole de danse contemporaine Paris պարարվեստի ակադեմիայի հետ համատեղ, կրկնակի դիպլոմի շնորհմամբ։ Բուհը նպատակ ունի զարգացնել նորարարական մոտեցումներ ժամանակակից պարի ոլորտում՝ պատրաստելով բարձրակարգ մասնագետներ, որոնք կկարողանան նաև նոր գեղարվեստական ուղղություններ գտնել։
Ժամանակակից պար մասնագիտացմամբ հեռակա կուրսի դասախոսական կազմում են ոլորտի առաջատար մասնագետներ Հայաստանից և Ֆրանսիայից: Փարիզի ACTS ժամանակակից պարի ակադեմիայի նախագահ Ֆրեդերիկ Օդըգոնի վստահեցմամբ՝ ժամանակակից պարի ուղղությունը հայ երիտասարդներին առաջարկում է բարձրորակ կրթություն ժամանակակից պարի ոլորտում, որը համապատասխանում է միջազգային պահանջներին։ Սակայն այստեղ սովորելու համար պահանջվում է վճռականություն և հոգատար մոտեցում:
-Ժամանակակից պարի ուղղությամբ հեռակա կուրսը ուշադրություն է դարձնում ապագա մասնագետների ուժեղ և բազմակողմանի կատարողական պատրաստվածությանը։ Նաև այդ է պատճառը, որ դասական պարի և ժամանակակից պարի տեխնիկաների (մասնավորապես Մարթա Գրեհեմի տեխնիկայի) ամենօրյա դասերը կլինեն կրթության հիմնական բաղադրիչներից մեկը,- մանրամասնում է Ֆրեդերիկ Ալեն Օդեգոնը:

Փարիզի ACTS ժամանակակից պարի ակադեմիայի համահիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Գրեհեմի տեխնիկայի վարպետ Պասկուալինա Նոյելի խոսքով՝ ժամանակակից պարարվեստում գոյություն ունեն մարմնի հետ աշխատանքի բազմաթիվ մոտեցումներ։ Մեր խնդիրն է ուսանողներին պատրաստել հնարավորինս ամբողջական կերպով, որպեսզի նրանք զգան իրենց ազատ և ինքնավստահ՝ թե՛ որպես կատարողներ, թե՛ որպես խորեոգրաֆներ,- ընդգծում է Փարիզի ACTS ժամանակակից պարի ակադեմիայի համահիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Գրեհեմի տեխնիկայի վարպետ Պասկուալինա Նոյելը:
Նշենք, որ նախագիծն իրականություն է դարձել Հայաստանում ֆրանսիական ինստիտուտի գործուն աջակցությամբ։