Ժամանակի և տարածության մեջ հայտնված հոգին
Հիմա՝ հայտնվա՞ծ, թե՞, ասենք․․․ ընկած։ Սկեպտիկներն ասում են՝ ընկած, մի պատահական, անհեթեթ բան, հոռետեսները՝ դեպի հեռուն ու․․․ հոռին գնալով, ասում են՝ պատժված, այսինքն՝ անկյալ, ինչպես սատանան՝ Անկյալ հրեշտակը՝ անկելաբար պատժված։ Լավատեսներն ու հավատացյալները ասում են՝ հայտնված, ասում են՝ ժամանակի և տարածության մեջ հոգու հայտնվելը հենց այդպես էլ կա ՝ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ է, առաքելություն է։
Հայտնվել տարածության ու ժամանակի մեջ նշանակում է ԳՆԱԼ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ։ Ամեն գործողություն պիտի իր խթանիչն ունենա։ Կատալիզատորները նյութերի ռեակցիաներին բոլորովին չեն մասնակցում, բայց գուցե քիմիկոսների համար էլ անհայտ մի ձևով ապահովում են քիմիական ռեակցիայի հաջողությունը։ Խթանիչներն ամենուրեք են- աշխատողներին խթանում են պարգևատրումներով, զինվորներին՝ մեդալներով, սովորողներին՝ գովասանագրերով։ Բուն մարդու հասարակ կենսաբանական գործունեությունը խթանիչների շնորհիվ է, որոշ պրիմիտիվ կենսաբանական գործողություններ (սեռական, նյութափոխանակության և այլն) կատարվում են ՀԱՃՈՒՅՔԻ միջոցով խթանվելով, այլապես եթե․․․ գռեհկանանք, մարդու շատ պե՞տքը պիտի լիներ՝ «բնության պահանջով» կատարել, ասենք, բազմացման․․․ «քրտնաթոր» ակտ, եթե մեջտեղում չլիներ հաճույքի «կատալիզատորը»․․․ Այլ կենսաբանական ակտեր, այդ թվում՝ որոշ «անհարմարները», ևս հաճույքի միջոցով են խթանվում։ Եվ ընդհակառակը՝ կան «հակախթաններ», որոնք հեռու են պահում վատ բաներից, օրինակ՝ տհաճ հոտերը, որոնց «օգնությամբ» խուսափում ենք զանազան վատ բաներից․․․
Հիմա գանք ՀՈԳՈՒ պարագային։— Կա՞ն բաներ, որ խթանում են հոգու՝ այս աշխարհում գտնվելն և գործելը։ Պրիմիտիվ տարբերակների դեպքում հոգին ծառայում է մարմնի կարիքներին։ Մի քիչ ավելի բարձր մակարդակում հոգին ՈՉ ՄԱՐՄՆԱԿԱՆ մղումների է գնում, ասենք՝ փառքի մարմաջի բավարարումը, փողի կուտակումը և այն այնպիսի գործառույթների մեջ դնելը, որոնք մարմնական պահանջի հետ կապված չեն, ասենք՝ նորից ի սպաս են դրվում փառքի մարմաջին ու իշխանամոլության մոլուցքի բավարարմանը․․․
Ամենավերին մակարդակում Հոգին գիտակցում է իր կապը տիեզերական ԲԱՑԱՐՁԱԿ ՈԳՈՒ հետ ու իր գործառույթներն ի սպաս է դնում վերջինիս կամքին, ահա այս դեպքում է նա ՀԱՅՏՆՎԱԾ ԵՎ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՄԲ ԳՈՐԾԱԴՐՎԱԾ։ Իսկ ո՞րն է այս դեպքում խթանիչը։ — Հոգու համար իր որոնումներում, ընդհուպ մինչև ԲԱՑԱՐՁԱԿ ՈԳՈՎ հետաքրքրվելն ու վերջինիս մերձենալ-ծառայելը, խթան է հանդիսանում ԳԱՂՏՆԻՔԸ։ Հետաքրքրասիրությունը, մտքի «պրպտողականությունը» Հոգուն տալիս են ԳԱՂՏՆԻՔԸ ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՒ ՄԱՐՄԱՋ, այդպիսով տանելով դեպի ԱՆՀԱՅՏԸ, որը՝ ԱՆՀԱՅՏԸ, Հոգու հասունության մի որոշակի աստիճանում արդեն․․․ այնքա՛ն էլ անհայտ չէ․․․
Զավեն Բեկյան






