Արցախ ԳրաԴաշտ

Ժաննա Բեգլարյան․ Հուշաբջիջ

02.08.2024

***
Վաղուց
պիտի ծնվեր
լուսառատ
իմ ԺԱՄԱՆԱԿԸ։

Բայց չծնվեց։

Ես բորոտի
կերպ առա։

***
Ինքս ինձ
օգնելու,
ինքս ինձնով
հիանալու,
ինքս ինձնով
հաստատվելու
պահս եմ
որոնում։

Իսկ անդունդը,
գնալով,
խորանում է։

Իսկ հորիզոնը,
գնալով,
հեռանում է։

Ու երնանությունը
մտացածին եւ
անիրական է
թվում։

***
ՔՈ վերադարձին,
միեւնույն է,
ես անհունորեն
հավատում եմ։

Քո չքնաղ վերադարձին։

Քո վերադարձին,
որ գարնան
սելավաբեր
երկինք է։

Ամառային տապ
միջօրե։

Աշնանային
մրգահանդես։

Ձմռան
աստղալից
երկինք։

ՔՈ վերադարձին
միեւնույն է,
ես անհունորեն
սպասում եմ…

      
***
Հորիզոնի
ճեղքվածքում
ճոճվում է
անդամահատ
մի մարմին։

Տվեք ինձ
ՀԱՅՐԵՆԻՔԻՍ
հստակ
պատկերը,
եւ ես դուրս կգամ
իմ որդեգրած
հավերժական
խուլ ու
համրությունից։

31-ին հուլիսի-1-ին, օգոստոսի 2024
ք. Երեւան

***
                 Ա-ին

Քեզնից հետո
որեւէ մեկը չի գա
եւ չի լցնի բազմագույն
օդը  քո սթափ
բառերով։

Ու աչքերիդ մեջ
անթարթ բիբող
աղջիկներն անտեր կմնան
աննվաճ տարածքներում։

Քո քայլերի ձայնին
ամենաշատը Ստեփանակերտը
կկարոտի։

Երեւանը կափսոսա, որ
դու այնպես էլ
յուրային չդարձար։

Իսկ Մոսկվան
անընդհատ կհիշի,
որ առանց քեզ
իր հոտը կորցրել է
ինքնատիպությունը։

Քեզնից հետո այլևս ոչինչ
ինքն իր նման չի լինի,
անգամ` պատերազմը,
անգամ `խաղաղությունը
մեր ներսի, որն այնքան
բաղձանքով երազեցինք
ու չունեցանք երբեւէ։

Քեզնից հետո «հետոն»
անդարձորեն կիմաստազրկվի,
ու բառերը բոլոր անարձագանք
կթափառեն անդունդներում`
անմշակ, անխորք,
իրենց իսկ նպատակից
զրկված։

***

Ես քո նռնենին եմ…
Բքաշունչ ձմեռից հետո
մայիսի
տաք շոյանքներից
հուռթի բացել եմ ծաղիկներս,
որ նրանց բոսորափայլը
շլացնի
շրջապատս:
Մի շրջիր հայացքդ,
գարնանավերջի այս հանդեսն
իմ պատվերով է.
ես հիմա ձեռքդ բռնած,
կմտնեմ հավքերի
անտարածք երաժշտանոց,
ու քեզ փարված` կպարեմ
իմ կյանքի ամենատևական
տանգոն,
քեզ հետ կպտտվեմ
մի թեթևությամբ,
որ հատուկ է միայն
դրախտի բնակիչներին:
Իմ մերձությունից
հայացքդ կմաքրվի
առօրյա գորշագույներից,
ծանրախոհերիդ մամլվածքը
կտարրալուծվի
պայծառափայլության մեջ,
մեր ոտքերի պտտասահքով
սիրո նորօրինակ աստվածություն
կկերտենք
ու կբարձրացնենք
ԱՆԱՀԻՏԻ
անխղճորեն
ջարդափշուր արած
արձանի փոխարեն:
Ոչ մի խորշակաբեր քամի
չի համարձակվի
կախման կետեր
ցրել
հավատարմության
գաղափարի վրա:
Ես բնույթիս մեջ
հեգնված
ու եզակի
չեմ լինի:
Առանց երկմտանքի,
որպես նորագույն
կտակարան,
կբազմացնեմ
ու կտարածեմ
իմ ու քո սիրո
տեսությունը:

ՀՈՒՇԱԲՋԻՋ

Ժամանակի
քաոսային
աղմուկների մեջ
ունկերումս
շարունակ
մանկությանս
Սեւուկ ձիու
տիրականչ
խրխնջոցն է
ու դոփյունը
նրա հզոր
սմբակների…
            
28-ին նոյեմբերի, 2022