Թեպետ արդեն վաղուց՝ նախորդ դարի 60-ականներից է սկսվել ժեստերի լեզուների ուսումնասիրման ու ճանաչման գործընթացը[1], քիչ չեն մարդիկ, որոնց այն շարունակում է թվալ «մարմնի լեզու» կամ «թերի խոսք»։ Այս աշխատանքը կազմված է ժեստերի լեզուների առանձնահատկությունները բնութագրող ներածությունից և հոլանդերեն «Ժեստերի աշխարհին պատկանելը»[2] գրքի նամակներից մեկի՝ իմ թարգմանությունից։
Եվ այսպես, ժեստերի լեզուները․
- Բնական լեզուներ են (ինչպես որ հայերենը, ճապոներենը կամ գերմաներենը),
- Չեն ծագում արտաբերվող բառերով խոսվող լեզուներից․ ստեղծվել են խլություն ու ծանր լսողություն ունեցող մարդկանց կողմից, հետևաբար ունեն սեփական քերականություն ու սեփական բառապաշար,
- Ոչ թե մատնախոսություն են(մատների միջոցով այբուբենի տառերի ու այլ սիմվոլների արտահայտմամբ բառերի կազմում) կամ մնջախաղ, այլ ուղղակի երկուսից էլ որոշ բաներ ներառում են։ Մատնախոսությունն օրինակ կարող է կիրառվել նախադասության մեջ հատուկ անուն արտահայտելիս։
Ժեստը՝ որպես լեզվական միավոր, կազմված է հետևյալ բաղադրիչներից՝ մատնաձև, տարածություն, շարժման ուղղություն և բնույթ, դիմախաղ։ Սրանցից որևէ մեկի բացակայության պարագայում այն դառնում է անհասկանալի։
Ժեստերի լեզուներն ունեն բառակազմություն (նշանակում է ժեստի կազմություն․ ժեստերը, որոնք արտահայտվելիս հիշեցնում են իրենց իսկ իմաստը, շատ ավելի քիչ են, քան վերացական կոնցեպտների վերածվածները, այսինքն նրանք, որոնց իմաստը հնարավոր չէ ենթադրել և կարելի է ընկալել միայն լեզվին տիրապետելու դեպքում), շարադասություն (քանի որ քերականական միջոցները պակաս բազմազան են, քան հնդեվրոպական լեզուներում, ապա ժեստի տեղը նախադասության մեջ ուժեղ ազդեցություն ունի նախադասության իմաստի վրա) և քերականական այլ դասակարգումներ։ Իմաստի արտահայտման տեսանկյունից նրանք կարող են լինել նույնչափ խորն ու նրբերանգված, ինչքան որ մյուս լեզուներն են։ Նրանք երկրից երկիր տարբեր են, հետևաբար «ժեստերի լեզուն եմ սովորում» ասելը գրեթե նույնքան անհասկանալի է հնչում, ինչքան որ, օրինակ, իսպաներեն սովորելիս «լեզուն եմ սովորում» արտահայտությունը։

Այս լեզունների առանձնահատկություններից է միայն բանավոր լինելը (գրավորության փորձեր արվել են՝ հիմնականում բառարանների, արխիվների և վիրտուալ համայնքի ստեղծման ուղղությամբ, ինչպես օրինակ The Berkeley Transcription System (BTS)-ը և SignWriting[3]-ն են): Եթե «հայերեն լեզու» ասելիս պատկերացնում ենք նաև կից գրականությունը, ապա «հայերեն ժեստերի լեզու» ասելիս հասկանում ենք միայն տվյալ պահին տվյալ տարածքում «հայերեն ժեստերով» կատարվող խոսքը: Ստացվում է՝ ժեստերի լեզուները լեզուներ են, որոնք ոչ թե չունեն առնչություն որևէ մշակույթի հետ, այլ ունեն ուրիշ՝ իրե՛նց բնորոշ մշակույթ։
Բնածին խլություն ունեցող մարդկանց համար բառերով արտահայտվող լեզուներն օտար լեզուներ են, որոնք սովորում են դպրոցական ծրագրով։ Լսողների լեզվի հետ ժեստերի լեզվով խոսող մարդու հարաբերությունը մնում է միջնորդավորված ու ոչ լիարժեք․ օտար լեզու սովորելիս այդ լեզվի հետ լիարժեք հարաբերվելու ձևերն են՝ կարդալ, գրել, լսել-նմանակել և խոսել։ Ընդ որում, թե՛ օտար, թե՛, ինչպես երեխաների մոտ, մայրենի լեզվի դեպքում, բանավոր ու գրավոր խոսքի ձևավորման վրա ազդում է լսելը։ Խլության դեպքում այս բաղադրիչը բացակայում է, և ժեստերով խոսող մարդու ուբառերով լեզվի հարաբերությանմիջոցը դառնում է կարդալը, ինչն իհարկե բավարար չէ բնական գրավոր խոսքի ձևավորման համար։Վերջինս հաճախ արտահայտվում է ժեստերի լեզվին բնորոշ քերականությամբ։ Հետևաբար խլություն ունեցող մարդը ոչ թե մտքի ձևակերպման լիարժեքության խնդիր կամ «թերի միտք» ունի, այլ խոսողների կիրառած և նրան օտար լեզվի հետ իր հարաբերությունն է սահմանափակ։
Որպեսզի թեման կոնկրետանա, կարդանք Աննեի մայրիկի նամակը։
««(Մեծ մասամբ) Լսող ընտանիք, խուլ երեխա․ մի վկայություն»
[․․․] երջանիկ մայր․ դա ես էի 1981-ի դեկտեմբերի 18-ին։ Երկու զիլ տղաներից հետո նվե՜ր՝ Աննեն։ Աղջիկ՝ իրար հետ «աղջկական գաղտնիքներ» կիսելու համար, քույր՝ եղբայրների համար։ Բայց շուտով պարզում եմ, որ նա շարժողական խնդիրներ ունի՝ ծծելու ռեֆլեքսի բացակայություն, նստելու դժվարություն։ Բժիշկների նկատողությունները «քեզնից բաներ մի՛ հնարիր․ պարզապես փոքր-ինչ դանդաղաշարժ է»-ից հասնում էին մինչև «երեխան երբեք չի քայլի»-ի։ […]
Վիճակն ինձ վախեցրեց, երբ երեխան 11 ամսական դարձավ։ Աննեն նստած խաղում էր իր խաղալիքներով։ Ես մոտեցա ու զգացի, թե ոնց այսահարվեց, երբ կանգնեցի նրա առաջ։ Ես հստակ իմացա․ աղջիկս իմ գալը չի լսել․ նա չի՛ լսում․ նա խո՜ւլ է․․․ Զանգահարում եմ բժշկին, որն ինձ բարեբախտաբար լուրջ է ընդունում։ Առաջարկում է երեխային մանրամասն հետազոտության բերել։ Մեկշաբաթյա հետազոտությունը պարզում է, որ Աննեն ծանր խլություն ունի։ Իմ կասկածն արդարանում է։ Բայց․․․ չէ՞ որ նա նայե՛ց, երբ բուժքույրը ներս մտավ։ Ուրեմն ինչ-որ բան գոնե լսու՞մ է։ Հետո մենք իմացանք, որ Աննեն դրանք ոչ թե լսում է, այլ տեսնում։ Թեթև քամին, որ շարժում է վարագույրը, մեր աչքերը, որոնք ուղղվում են դեպի հեռուն, նուրբ ստվերը․․․ Աննեն այդ բոլորը տեսե՛լ է։
Իմանալը, որ Աննեն խուլ է, ահավոր էր ինձ համար։ Միասին ծիծաղել, միասին լացել, միասին վայելել ու պատմել․․․ ո՞նց պիտի լինի այդ ամենը հիմա։ Իմանում ենք, որ տարածքում երկու համապատասխան դպրոց կա։ [․․․] Այցելում ենք Անտվերպենի դպրոց։ Այնտեղ մեզ ասում են, որ Աննեն կկարողանա խոսել ու շրթունքներ կարդալ սովորել։ Վերադառնում ենք փոքր-ինչ թեթևացած ու ոգևորված։ Լուրը պատմում ենք Աննեի եղբայրներին, տատիկ-պապիկներին ու ընտանիքի մյուս անդամներին․
-Դա այնքան էլ սարսափելի չէ. նա կսովորի հարմարվել լսողների աշխարհին, կսովորի խոսե՜լ։
Դրանից հետո սկսում ենք տնային դասեր ստանալ։ Աննեն ամեն անգամ սրտանց սպասում է լոգոպեդի գալուն։ Խաղային եղանակներով սովորում ենք շատ բաներ, օրինակ` մարդու մարմնի մասերը։ Մենք նույնպես սրտատրոփ սպասում ենք ուսուցչուհու ամեն անգամվա գալուն, որովհետև նա միակն է, որի հետ կարող ենք կասկած կիսել ու հարցեր տալ։ Նա սովորեցնում է մեզ Աննեի հետ հաղորդակցության հնարքներն ու խաղերը, և թե ինչպես մենք երեխային հաղորդակցվել սովորեցնենք։ [․․․] Աննեն փոխում է մեր կյանքը․ մեր Աննեն հոգնեցնող է, բայց նաև այնքա՜ն հետաքրքրաշարժ։
[․․․]
Խոսելն ու շրթունքներ կարդալը, իրավամբ, ավելի դժվար են ստացվում, քան սպասում էինք։ Փողոցով շուն է վազում․ արագ-արագ գտնում եմ Աննեի գիրքը՝ շան պատկերը ցույց տալու համար, բայց երբ արդեն գտած եմ լինում, շունն արդեն էլ չկա․․․ Տե՜ր Աստված, սա էլ հաղորդակցվե՞լ է։ Ես ինձ կոտրված եմ զգում, նեղված, դժբախտ։ Ես ուզում եմ Աննեին պատմություններ պատմել, ասել, որ իրեն սիրում եմ․․․ Բարեբախտաբար կարող եմ տանը մնալ ու արդյունքում շատ ժամանակ ունեմ՝ երեխաներիս մասին հոգ տանելու ու նրանց գրկելու։ Բայց ես Աննեին հաղորդակցմա՛մբ եմ ուզում դաստիարակել և ոչ թե ուղղակի սխալ անելիս պատիժներով։
Աննեն չափազանց ինքնամփոփ է, և մենք ընկճվում ենք, որովհետև մեր երեխան տարրական բաները չի կարողանում արտահայտել։ Մեխելենում ժեստերի լեզվի դասընթաց ենք գտնում։ Անտվերպենի դպրոցում հարցնում ենք՝ արդյո՞ք օգուտ չի տա Աննեին։ Ասում են՝ չէ՛, ամեն ռեգիոն ժեստերի իր լեզուն ունի, չկա մեկ լեզու, վերջում իրար չենք հասկանա։ Չենք իմանում՝ ինչ անենք։ Աննեն չի կարողանում անգամ հասկացնել, թե ինչ է ինքն այդ օրը արել դպրոցում․ ամեն օր ամուսինս դպրոցից ստանում է նրա օրվա մասին կարճ ծանուցում։ Նա տեսնում է, թե ինչպես մի ուրիշ՝ երկու խուլ երեխա ունեցող լսող հայրիկ ոգևորությամբ գալիս է երեխաների հետևից ու ժեստերի լեզվով խոսում ու լսում նրանց։ Որոշում ենք Աննեին ժեստերի լեզու սովորելու տալ։
Մենք մեր ընկերներին ու ընտանիքի անդամներին խնդրում ենք սովորել ժեստերի լեզուն՝ Աննեի հետ հաղորդակցվելու համար։ Իհարկե չենք սպասում, որ յուրաքանչյուրը կատարյալ կերպով կանի դա, բայց խնդրում ենք ջանալ տարրական հաղորդակցությանը պատրաստ լինել, որպեսզի գոնե մի փոքր շփվեն մեր դստեր հետ։ Ով դա չի անում, էլ մեր ընկերը չէ։ Գուցե սա կոպիտ է հնչում, բայց մեզ համար ամենից կարևորն այն է, որ Աննեն ընտանիքի լիարժեք անդամ լինի ու հնարավորինս քիչ բան վրիպի նրա ընկալումից։ Մենք ուզում ենք, որ Աննեն նույնպես հնարավորինս շատ հաղորդակցվի։ Մեր ընկերների ու բարեկամների զգալի մասը հասկանում է մեզ ու սկսում դասերի հաճախել։
Գուցե Աննեն խուլ է, հա՛, բայց հաստատ հիմար չէ։ Կարծես փղի հիշողություն և ուսման ծարավ ունենա։ Ժեստերի լեզվի մեր ուսուցչուհու ու վերջինիս խուլ ծնողների շնորհիվ մենք ծանոթանում ենք Խուլերի ակումբի հետ։ Այստեղ շփվում ենք չափահաս Խուլերի հետ ու տեսնում, թե ինչպես են ապրում նրանք։ Նրանք սիրահարվում են, աշխատում, մեքենա են քշում, ճամփորդում, տոնում․․․ Մենք ուզում ենք՝ Աննեն կարողանա դառնալ նրանց նման։ Զգում ենք, որ իրեն տանն է զգում «լուռ» աշխարհում։
Քանի որ Աննեին ուզում ենք բոլոր հնարավորությունները տված լինել, լուրջ ենք վերաբերվում նրա կրթությանը։ Նկատել ենք, թե նրա համար ինչ է նշանակում ժեստերի լեզվով հաղորդակցվելը, և ուզում ենք, որ նա այդ լեզվով կարողանա կրթություն ստանալ։ [․․․] Փնտրտուքի ու անքուն գիշերների շաբաթվանից հետո որոշում ենք, որ Աննեն երկուշաբթի, երեքշաբթի և չորեքշաբթի խուլերի գիշերօթիկ դպրոց կգնա, իսկ հինգշաբթի ու ուրբաթ՝ փոքր քրոջ հետ լսողների դպրոց։ Այսպիսով կկարողանա շաբաթվա մեծ մասը տանը գիշերել։ Բայց շուտով պարզվում է, որ նա շատ լավ է զգում իրեն գիշերօթիկ դպրոցում ինչպես դասերին, այնպես էլ խմբում։ Տարրական դպրոցում շատ բան է սովորում․ ուսուցչուհին՝ օրիորդ Գրիտը, պահանջկոտ է, մեծ`փորձով ու սրտով։ Աննեն ոչ միայն սովորում է ավելի լավ կարդալ ու գրել, այլ նաև հաշվել ու բնագիտություն։ Նա սովորում է նաև սեփական զգացմունքների հետ հաշվի նստել։ Սա մեզ համար չափազանց կարևոր ու արժեքավոր է։
Անգամ ես ինքս եմ գնում Խուլերի դպրոց։ Աննեն այնքան նոր ժեստեր է սովորում․ ուզում եմ նրա կողքին լինել, նրա հետ հասցնել։ Չեմ ուզում որևէ հարցի պատասխանել չկարողանալ՝ անհրաժեշտ ժեստը չիմանալուս պատճառով։
[․․․] Որոշ ժամանակ անց իմանում ենք մի դպրոցի մասին, որտեղ հաղորդակցությունը կազմակերպվում է բանավոր խոսքով ու ուղեկից ժեստերով՝ հաղորդակցության այն ձևով, որը որ հենց տանն ենք կիրառում։ Աննեն նորից փոխում է դպրոցը։
Այդ պահին ամեն բան լավ էր և մենք մտածում էինք ու հույս ունեինք՝ կմնա այդպես։ Մեր փորձը չափազանց դրական էր։ Այն, ինչ խլության մասին մտածում են սովորական դպրոցներում, շատ տարբեր է նրանից, ինչ որ մենք ենք հիմա մտածում։ Աննեի ներկա դպրոցում օրինակ սկսում են «երկլեզու-երկմշակույթ» կրթությունը։ Կրթություն խոսվող լեզվով ու ժեստերի լեզվով՝ հարգելով երկու համայնքներն ու մշակույթներն էլ. լսողների ու Խուլերի։
[․․․]Երեք տարվա դժվարությունից հետո Աննեն վերջապես որոշեց ընտրել լուռ աշխարհը՝ նախապատվությունը տալով ժեստերի լեզվին։ Նա հիմա ինքնավստահ, արժանապատիվ ու գիտակից Խուլ երիտասարդ աղջիկ է։ [․․․] Նա լողում է, բալետ է պարում, հեծանիվ քշում․․․ շատ սովորական է․․․ Կամ չէ։ Նա յուրահատուկ է, որովհետև շատերի ներդրման և իր սեփական կամքի ու բնավորության շնորհիվ շատ սահմաններ է հաղթահարել։
Աննեն շատ լավ է ինտեգրվել մեր ընտանիքին։ Սառայիկը՝ նրա փոքր քույրը, մեծացել է ընտանիքում, որում խոսվել է բառերով ու ժեստերով։ Նա Աննեի ընկերուհին ու վստահելի մարդն է։ Աննեի մեծ եղբայրները նույնպես բավականաչափ տիրապետում են ժեստերին։ Իմ ու Աննեի կապն էլ, իրապես, շատ ամուր է։
Աննեի խլության շնորհիվ մեր կյանքն իրոք «հատուկ» դարձավ։ Նրա շնորհիվ մենք ծանոթացանք Խուլերի համայնքի, լեզվի, մշակույթի ու սովորույթների հետ, և այդ համայնքը մի փոքր էլ մե՛ր տունը դարձավ։ Մեր ընտանիքը դարձավ բազմազան․ հատկապես ավելի զգայուն դարձանք այն մարդկանց խնդիրների հանդեպ, որոնք հնարավորության սահմանափակում ունեն։ Մենք նաև սովորեցինք Աննեի հետ համբերությամբ շփվել, և դա մեզ միայն օգուտ տվեց, ամեն օր՝ նորովի։
Ես մինչև հիմա էլ ցավում եմ, որ Աննեն խուլ է, քանի որ մեկ է՝ չի ունենալու նույն հնարավորությունները, ինչ լսող երեխաները։ Ինչո՞ւ։ Ժամանակակից աշխարհում, որտեղ բանավոր հաղորդակցությունն այդքան էական դեր ունի, Աննեն, մեկ է, ունի պակասող զգայարան։ Աննեն խելամիտ է, ողջախոհ, բայց (դեռ) չկա նրա մակարդակի կրթություն։ Մենք ժեստերի լեզվի լայն կիրառման, ճանաչման և խուլ ու թույլ լսող երեխաների համար ավելի լավ կրթության կողմնակիցն ենք»։
Գրականության ցանկ
Jay, Michelle. “History of Sign Language” [Ժեստերի լեզվի պատմություն]. Start ASL. https://www.startasl.com/history-of-sign-language/։
Sacks, Oliver.Stemmen zien [Ձայները տեսնել]. 10-րդ հրատարակություն։ Ամստերդամ, J.M. Meulenhoff, 2010։
“SignWriting” [Գրաշար ժեստերի լեզվի համար].SignWriting.org. https://www.signwriting.org/։
Van Herreweghe, Mieke, and Myriam Vermeerbergen. Thuishoren in een wereld van gebaren [Պատկանել ժեստերի աշխարհին]։ Գենտ․ Academia Press, 1988, էջ 160–163։
Էմմա Բոջուկյան
Թարգմանիչ, լրագրող,
Գենտի համալսարանի ճապոնագիտության բաժնի ուսանող
[1] Michelle Jay, “History of Sign Language” [Ժեստերի լեզվի պատմություն], Start ASL,https://www.startasl.com/history-of-sign-language/ ։
[2] Mieke Van Herreweghe and Myriam Vermeerbergen, Thuishoren in een wereld van gebaren [Պատկանել ժեստերի աշխարհին] (Գենտ․ Academia Press, 1988), էջ 160–163։
[3] “SignWriting” [Գրաշար ժեստերի լեզվի համար], SignWriting.org,https://www.signwriting.org/։