«Զորաց քարե՞ր», թե՞ Քարահունջ, դամբարանադա՞շտ, թե՞ աստղադիտարան» վեճը այլ հարթություն է տեղափոխվել: ԿԳՄՍ նախարարի տեղակալը դեպի մարզեր հերթական այցի ժամանակ հնավայրի տարածքում առևտրային տաղավար է նկատել և հրահանգել զբաղվել խնդրով: Տարիներ շարունակ ապօրինի հիմունքներով գործող շինությունը ապամոնտաժվել է: Պարզվել է նաև, որ առևտրային կրպակը տեղադրելիս հիմք է փորվել, բետոնային հատվածներ են եղել: Այդ հարցով զբաղվելու են իրավապահ մարմինները:
Սեփականատերը՝ «Փրկենք Քարահունջը» նախաձեռնող խմբի անդամ Գուրգեն Վարդանյանը, հաշվեհարդար է որակում կատարվածը՝ տաղավարի ապամոնտաժման գործընթացը կապելով հնավայրում ոչ պատշաճ կատարվող պեղումներն իր կողմից քննադատելու հետ: Նկատում է նաև, որ հայաստանյան բոլոր հուշարձաններում կան նմանատիպ կրպակներ և տաղավարներ, բոլորն էլ նույն կարգավիճակն ունեն, բայց ապամոնտաժվել է միայն իր կրպակը:
Հարկ է նշել, որ բոլորովին վերջերս կասեցվեցին «Ամբերդ ամրոցի» հարևանությամբ իրականացվող շինարարական աշխատանքները: Գործընթացը իրավական դաշտ տեղափխովեց: Մարդկային կամայականությունների ու անօրինությունների գորդյան այս հանգույցն էլ ավելի խճճելու փոխարեն՝քանդել է պետք: Մեր երկրում հուշարձանները շատ են, բյուջեն՝ սուղ: Ամրակայման, նորոգման գործընթացից ոչ պակաս կարևոր է դրանց պահպանությունը, պարզվում է ՝ նաև «ազատագրումը»:
Վերադառնալով Քարահունջ-աստղադիտարան թեմային՝ ասենք, որ ըստ շրջանառվող լուրերի՝ շուտով հնավայր տանող ճանապարհին տեղադրվելու են «Զորաց քարերի»՝ աշխարհի ամենահին աստղադիտարանը լինելու վարկածը հաստատող ցուցանակներ: Հնագիտական պեղումները վերահսկվելու են առավել խստությամբ: «Զորաց քարերի» լռությունը դեռ վերծանել է պետք:
Արմինե Սարգսյան
Լուսանկարը՝ ըստ Վիքիպեդիայի, հեղինակ՝ Armen Manukov
No Comments