Կոմպոզիտոր, դիրիժոր, երաժշտական պրոդյուսեր Անդրանիկ Բերբերյանի հեղինակած երաժշտությամբ միանգամից երեք ֆիլմ ներառված էր այս տարի հոկտեմբերի 22-28-ն անցկացվող «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային 15-րդ փառատոնի ծրագրում։
Մասնավորապես, փառատոնի շրջանակում ցուցադրվել և տարբեր ծրագրերում ընդգրկված են եղել Բերբերյանի երաժշտությամբ «Ավրորայի լուսաբացը» (ռեժիսոր՝ Իննա Սահակյան), «Սևանիկ» (ռեժիսոր՝ Հարություն Թումաղյան), «Վերադարձ դեպի ռոք» (ռեժիսոր՝ Գոռ Ենգոյան) անիմացիոն ֆիլմերը։
«Որպես կոմպոզիտոր՝ ինձ համար մեծ պատիվ է, որ նման բարձր կարգի միջազգային կինոփառատոնում ներկայացված է իմ երաժշտությամբ միանգամից երեք կինոնկար։ Փառատոնը, որը նվիրված է նաև հայկական անիմացիայի և հայ կինոյի հոբելյաններին, լավ հարթակ է ներկայացնելու անիմացիոն ոլորտի արդի զարգացումները։ Որպես կոմպոզիտոր՝ մշտապես մեծ հետաքրքրություն եմ ցուցաբերել անիմացիոն ֆիլմերի նկատմամբ և բոլորովին այլ մոտեցում՝ անիմացիոն ֆիլմի համար երաժշտություն ստեղծելու համատեքստում։ Ուրախ եմ, որ ցուցադրություններին հանդիսատեսը մեծ ուշադրություն է դարձրել ոչ միայն ֆիլմերին, այլ նաև երաժշտությանը»,-նշում է Անդրանիկ Բերբերյանը, ով ընդգծում է, որ մեկ այլ անիմացիոն ֆիլմի համար այս պահին երաժշտություն է գրում։
Հավելենք, որ 3 ֆիլմերի հնչյունային հետարտադրական աշխատաները կատարվել են Berberyan Production Studios-ում:
Նշենք, որ Անդրանիկ Բերբերյանը հեղինակել է ﬕ շարք հայտնի ֆիլﬔրի երաժշտություն «Արմատներ» (2016թ.), «Կյանք ու կռիվ», «Կյանք ու կռիվ 2» (2017թ.), «Էրկեն կիշեր» (2018թ.), «Կաֆկայի երազը» (2020), «Սողոմոնի երգերը» (2020թ.), «Ավրորայի Լուսաբացը» (2022), «Ամերիկացի» (2022), «Nowhere» (2023) և այլն:
Հեղինակել է երաժշտություն տարբեր ժանրերի ավելի քան 30 ֆիլմերի համար։ Հեղինակել է երաժշտություն նվագախմբերի, անսամբլերի և սոլո երաժշտական գործիքների համար։
No Comments