Արցախ Թանգարան Կարինե Ռաֆայելյան

Ցավին դիմակայել ստեղծագործ աշխատանքով

11.10.2021

44-օրյա գոյամարտից ու դրա դաժան հանգուցալուծումից հետո դժվար էր մտածել, թե հայը, հատկապես արցախցի հայը կարող է ոչ միայն ֆիզիկապես գոյատևել, այլև գտնել վերապրելու, իր կենսակերպը վերակառուցելու ստեղծագործ բանաձև: Հուսահատվելու, թևաթափ լինելու բոլոր հիմքերն ստեղծված էին մեզ համար, բայց…

Շուշիի ցավագին կորուստը անկոտրում շուշեցիներին մղեց նոր քայլերի, և մեծից փոքր լծվեցին՝ դիմակայելու իրենց առջև ծառացած մարտահրավերներին:

Լուսինե Գասպարյան

Շուշիի թանգարանների տնօրեն Լուսինե Գասպարյանը պատմում է. «Մեզ պատուհասած պատերազմի ընթացքում, ցավոք, Շուշիի թանգարանները և հավաքածուները մնացել են թշնամու վերահսկողության տակ՝ բացառությամբ կերպարվեստի թանգարանի հավաքածուի մի շարք գեղանկարների, որոնց հիմքի վրա նախատեսվում է առաջիկայում Ստեփանակերտում բացել կերպարվեստի թանգարան: Ստեղծված իրավիճակում թանգարանների աշխատակազմը շարունակում է տարաբնույթ ծրագրեր իրականացնել Ստեփանակերտում և գյուղերում: Թանգարանը իր արհեստավարժ մասնագետների ուժերով իրականացնում է կրթական ոչ ֆորմալ ծրագրեր դպրոցականների համար, կազմակերպում ցուցահանդեսներ, արտ-թերապիա, ձեռարվեստի վարպետության դասեր, արվեստի պատմության դասախոսություններ, հանդես գալիս այլ նախաձեռնություններով»:

Այս կարճ ժամանակամիջոցում Շուշիի թանգարանների մասնագետներն իրականացրել և իրականացնում են միջոցառումներ՝ տարբեր խորագրերով. «Կրի՛ր արվեստ» (գեղանկարչության դաս դպրոցականների համար), «Բացահայտենք մանրանկարչության գաղտնիքները» (դաս երեխաների համար), Արվեստի պատմության դասախոսություններ, Ձեռարվեստի վարպետության դասեր, Տիկնիկագործություն մեծերի համար, «Իմ դիմանկարը» (նկարում են փոքրիկները):

Լուսինե Գասպարյանը Շուշիի կերպարվեստի թանգարանի մասին մասնավորապես ասում է. «Շուշիի կերպարվեստի թանգարանը, հավատարիմ մնալով իր սկզբունքներին, երեխաների հետ է և յուրաքանչյուր իրավիճակում  փորձում է գտնել ստեղծված  խնդիրների հաղթահարման ճանապարհներ: Պատերազմը` իր դեստրուկտիվ և սթրեսածին բազմաթիվ կողմերով, տրամվատիկ ազդեցություն է ունեցել մատաղ սերնդի վրա, այսօր նրանց մոտ վտանգված է աշխարհի, մարդկանց և սեփական անձի վերաբերյալ դեռևս լիարժեքորեն չձևավորված համոզմունքային համակարգի կայունությունը, ինչի հետևանքները կարող են դրսևորվել  բազմատեսակ հոգեբանական և վարքային խանգարումների ու բարդույթների տեսքով: Թանգարանը, կարևորելով պատերազմից տուժած երեխաների հոգեկան առողջությունը, տեղահանված երեխաների համար կազմակերպում է արտթերապևտիկ աշխատանքներ, որոնց մասնակցում են երեխաներ՝ բռնազավթված համայնքներից»։

Նշենք, որ Լուսինեն ինքն էլ, երկարատև ընդմիջումից հետո, վերսկսել է ստեղծագործել. սա, թերևս, արտթերապիայի անհատական կուրս է, որը ցավին դիմակայելու արդյունավետ ձև է՝ հենց վերը նշված աշխատանքները նախաձեռնողի և ղեկավարողի համար:

Հավելենք, որ Ardi.am-ը առաջիկայում կներկայացնի Լուսինե Գասպարյանի ստեղծագործությունները՝ առանձին հրապարակմամբ՝ իբրև վկայություն այն ճշմարտության, որ արցախցու ոգին կոտրելը բնավ էլ դյուրին գործ չէ: Սա իբրև հիշեցում՝ հակառակը կարծողների համար:

Կարինե Ռաֆայելյան

Կրթական ծրագրերի ընթացքում արված լուսանկարները տրամադրել է Լուսինե Գասպարյանը


No Comments

Leave a Reply