maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobetcasibomcasibombetebetcasibomcasibomcasibomsahabetmarsbahisbetebetmarsbahissahabetdeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetmeritkingmeritkingjojobetjojobet girişmeritkingjojobetcasibommarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetcasibomjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibomcasibomcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
ԳրաԴաշտ Կարինե Ռաֆայելյան

Հ. Սարիբեկյանի «Ապուշների ուղևորությունը» վեպի շուրջ

10.03.2022

Հրաչյա Սարիբեկյանի «Ապուշների ուղևորությունը»  վեպը լույս է տեսել 2015 թվականին: Սարիբեկյանն այն կոչել է երկաթուղային վեպ:

«Ապուշների ուղևորությունը» վեպը բաղկացած է 9 մասից: Յուրաքանչյուր մասն ունի բնաբան՝ վերցված համաշխարհային գրականության տարբեր ստեղծագործություններից, որոնք ունեն մեկ ընդհանրություն՝ բոլորը, այս կամ այն կերպ, առնչվում են գնացք երևույթին:

Գնացքի, թունելի, մահվան, ժամացույց-զարթուցիչ-ժամանակ եռամիասնության խորհրդանիշերի, բացակայություն հասկացության՝ յուրօրինակ մեկնաբանության համապատկերում հեղինակը պատմում է Բաքու-Երևան գնացքով ճամփորդող արտասովոր ուղևորների մասին: Դրանք Բաքվի հոգեբուժարանի հայ հիվանդներն են՝ ապուշները, որոնց նստեցրել են գնացք ու տանում են ձեզոք գոտի՝ ադրբեջանցիների հետ փոխանակելու նպատակով: Գործողությունները կատարվում են արցախյան առաջին պատերազմի շրջանում, երբ դեռ ԽՍՀՄ հասարակությունն իր վրա շատ թարմ ու զգալի դրոշմն էր կրում նոր-նոր քանդված այդ հսկա երկրի: Ադրբեջանցի Կես Մարդաբոյ Սլաքավարն այդ պարզ ճշմարտությունն է փորձում հասցնել հայ ապուշներից մեկի՝ Դոդի  «գիտակցությանը». «Հիմա ես քեզ երկու տուփ լուցկի ցույց կտամ,- ասում է Կես Մարդաբոյը,- տեսնո՞ւմ ես՝ երկուսի տուփն էլ նույնն է,- բացում է լուցկու տուփերը,- ահա տես, լուցկիներից մեկի ձողիկների քուքուրթը կապույտ է, մյուսինը՝ կանաչ: Պատկերացրու, թե այդ ձողիկները զինվորիկներ են՝ մարդիկ: Նման են, չէ՞, գլխարկով զինվորների: Ենթադրենք կանաչ քուքուրթով զինվորները մենք ենք՝ ադրբեջանցիներս, կապույտները՝ հայերդ: Բայց, ախր, երկուսի տուփն էլ  նույնն է, երկուսն էլ սովետական ապրանք»:

Հրաչյա Սարիբեկյանն իր հերոսների հետ ուղևորության է հրավիրում ընթերցողին և առաջնորդում մի երկարուձիգ ճանապարհով, որը տարուբերվում է խենթության և իմաստնության, իրականության և անիրականության սահմաններում:

Փոխատեղումների մի ամբողջ շարք է երևան բերում Հ. Սարիբեկյանն այս վեպում: Նախ Բաքվից Երևան շարժվող գնացքի ուղևոր-ապուշները իրենց իրական ուղևորությունն են փոխատեղում երազի տարածություն. ապուշները մտածում են, թե արթնացել են գնացքով ուղևորության մասին երազում, իսկ այդ երազում արտասովորն այն է միայն, որ բացակայում են իրենց ադրբեջանցի ընկերները:

Այս բացակայության չեզոքացումին հետամուտ՝ վեպի հեղինակն ու հերոսները արկածների մի խելահեղ տարափի մեջ են: Եվ առանձին պատում-պատառիկների, կերպար-ուրվանկարների միջոցով Սարիբեկյանը գործողությունները հասցնում է պատերազմական իրավիճակում ստեղծված չեզոք գոտի:

Քաղաքական, ռազմական «լուրջ» հաշվարկներին ի հակակշիռ՝ ապուշներն ունեն իրենց օրակարգը, որ ենթակա չէ որևէ կանոնակարգման. «Իրենց սառած մարմինները, ենթակա գնացքի ընթացքին, իրենք՝ հիմարանոցում: Պատերազմ է՝ գրավել են իրենց ադրբեջանցի ընկերների տաք, դատարկ մարմինները, մինչև նրանց թափառելու ելած հոգիները ետ գան: Այնպես որ՝ գնացքը հոգիներից դատարկված մարմիններ է փոխադրում՝ այդ մարմիններում միայն սրտեր են տրոփում»: 

Բացակայության նյութականացման, դատարկության գոյութենականության մասին դատողությունները հանդիպում են նաև Հրաչյա Սարիբեկյանի այլ երկերում: Զորօրինակ՝ «Ապորիա» պատմվածքում նա գրում է. «Վերջ՝ բացակայությունս իմ փոխարեն մեկնեց գնացքով»:

Հրաչյա Սարիբեկյանի ապուշ և ոչ ապուշ հերոսները էապես չեն տարբերվում միմյանցից: Ասվածի լավագույն վկայություններն այս հերոսների միջև երկխոսություններն են՝ ծավալված վիպական շարադրանքի բազմաթիվ էջերում: Հիշենք ադրբեջանցի Կես Մարդաբոյ Սլաքավարի և հայ ապուշ Դոդի, հայ ապուշների առաջնորդ Դուռակի Արքայի և ադրբեջանական խուժանի ներկակացուցիչների, չեզոք գոտում սփռված զինվորական գերեզմանի գերեզմանապետի և հայ ապուշ Պրոֆեսորի, հայ և ադրբեջանցի գեներալների, Միթևանի մարդու և երկու ազգերի ապուշների զրույցները: Իսկ ապուշության գագաթնակետին CNN-ի լրագրողն է՝ հայ և ադրբեջանցի գեներալներին ուղղած իր տխմար հարցերով  և ապուշների սարքած խենթախաղը իբրև իրադարձություն տեսանկարելու անհեթեթ վարքով: 

Հրաչյա Սարիբեկյանի հերոսների մեջ առանձնանում են երկուսը, որ ի տարբերություն մյուսների՝ տենդագին որոնումների մեջ են՝ պայմանավորված իրենց երկփեղկված ինքնությամբ: Մեկը հայ ապուշների հետ ուղևորության ելած Հեյդարն է, մյուսը չեզոք գոտու կայարանում բնակվող Միթևանին: Սրանց ծնողներից մեկը հայ է, մյուսը՝ ադրբեջանցի: Հեյդարի խնդիրն արագ է «հանգուցալուծվում». նա վեպի հենց սկզբում դժբախտ պատահարի զոհ է դառնում, և ամփոփվում են նրա տարուբերումները սեփական ինքնության լաբիրինթոսում: Իսկ Միթևանին հայտնվում է վեպի վերջին մասում, և ինքնության որոնումի նրա տվայտանքները, ժամանակային առումով համընկնելով վեպի գլխավոր  ասելիքի ամենահնչեղ հատվածի հետ, բնավ չեն դառնում երկրորդական, չեն կորչում այդ ասելիքի ստվերում: Հենց այս կերպարն էլ՝ իր կես հայ-կես ադրբեջանցի ինքնությամբ, դառնում է հայ և ադրբեջանցի ապուշներին կապող կամուրջը:

Եվ մինչ իրենց աշխարհի ամենակենտրոնն ու իմաստնության ամենագագաթը երևակայող հայ և ադրբեջանցի գեներալներն ու միջազգային նշանակության լրագրողները կփքվեն ինքնագնահատականների զգլխիչ մշուշում, երկու ազգի ապուշները ցույց կտան Հրաչյա Սարիբեկյանի փոխատեղումների համապատկերում ամենաանսպասելի, աննախադեպ օրինակը՝ կփոխանակեն իրենց մարմինները: Ահա գրողի առերևույթ անտարբեր, չեզոք ոճի և ասելիքի ցնցող բովանդակության համատեղումի բացառիկ օրինակ: Իմաստուն-իմաստակների հաշվարկները՝ պատերազմ-փոխանակում-զինադադար հասկացությունների տիրույթում, պայթում են փուչիկի պես, հօդս ցնդում՝ չկարողանալով դիմակայել ապուշների հոգեգարության ալիքին: Ապուշները տարերքի նման սրբում-տանում են կանխավ գծված իրենց ճակատագրին ծեփված տիղմը. իրենք անկանխատեսելի են, իրենց քայլերը անհնար է հաշվարկել: Արցախյան առաջին պատերազմում միմյանց էին բախվել հայ խենթերն ու բոլոր տրամաբանական հաշվարկների առումներով նրանց համեմատությամբ գերակա ադրբեջանցիները: Բայց ինչպես որ ապուշների փոխանակման դեպքում փուչ դուրս եկան բոլոր նախնական հաշվարկները, այդպես էլ պատահեց արցախյան առաջին պատերազմի ժամանակ. անհնարինությունից իրական հաղթանակ կերտած հայերի միակ զենքն իրենց խենթությունն էր, որի առաջ առ ոչինչ դարձան թշնամու ուժն ու դիվանագիտությունը: Ահա մի ճշմարտություն, որն ասես իմիջիայլոց նետում է Հ. Սարիբեկյանը և ասես չի էլ կարևորում հասցնել այն ընթերցողի գիտակցությանը: Բայց թերևս, սա Սարիբեկյանի պատկերած ժամանակի իրականության ամենանյութական, ամենաշոշափելի շեշտադրումն է «Ապուշների ուղևորությունը» վեպում՝ զերծ այլասացության, ոճային աճպարարությունների շփոթեցնող շղարշից:

Հրաչյա Սարիբեկյանի ստեղծագործություններում մշտառկա խորհրդանիշ է թունելը՝ որպես մահվան ճանապարհ, մահվան նյութականացում. «Ժորը, որ մահվան փորձառություն ունի՝ կլինիկական մահ է տարել, տեսել է Թունելը…»: (Ինչպես Հարութը՝ «Երկվորյակների արևը» վեպում):

Եվ առավել հնչեղություն է հաղորդված նախորդ՝ «Երկվորյակների արևը» վեպից, ինչպես և այլ գործերից ծանոթ ժամացույց-զարթուցիչ-ժամանակ խորհրդանիշերին, որոնք այս վեպում առնչվում են հատկապես Կես Մարդաբոյ Սլաքավարի կերպարի հետ: Զարթուցիչը նրա գոյության անբաժան մասնիկն է. «Ես զարթուցիչ եմ լարում էն օրվանից, երբ իմացել եմ, որ քնած ժամանակ մարդ կարող է մեռնել: Քնած ժամանակ լսողությունը կյանքի հետ ունեցած միակ կապն է, ախր»: Սրանք Կես Մարդաբոյ Սլաքավարի՝ քնած ժամանակ բարձրաձայն արտահայտված մտքերն են, ասել է թե՝ անգամ ենթագիակցության շերտերում այս մարդու կենսականությունը պայմանավորված է զարթուցիչով:

Բայց ահա նա կորցնում է իր զարթուցիչը, այն գողանում է Դոդը, որն էլ մեռնում է ադրբեջանցու կրակոցից, իսկ զարթուցիչը մնում է փակ դագաղում: Եվ սրանից հետո կանգ է առնում ժամանակը, ինչպես «Երկվորյակների արևը» վեպի կայարանի ժամացույցը. «Սլաքավարը նայում է ժամացույցին: Ժամացույցը, ինչպես միշտ, չորսն անց տասն է ցույց տալիս: Վերջ՝ ինքն այլևս ժամացույց չունի: Հիմա մշտապես չորսն անց տասը կլինի: Նույն օրվա նույն ժամը, նույն կայարանը: Ահա հավերժությունը չափող ժամացույցը, և ոչ մի գնացք այլևս չի անցնի այդտեղով»:

Ժամացույց-զարթուցիչ-ժամանակ խորհրդանիշերը ոչ միայն ծավալուն և ընդգծված ներկայություն են Հ. Սարիբեկյանի վեպում, այլև առանձնահատուկ պատկերավորմամբ են մատուցված: Ահա մի քանի օրինակ:

«Ժամանակը չքվել է, և դրա համար էլ տեղից վեր կենալու որոշումը վեր կենալուց անընդհատ հեռանում է»:

«Գիշերը ետ է մնացել գնացքից՝ լույսը բացվել է»: 

«Զարթուցիչն աղմուկով կրճատում է ժամանակը: Երբ զարթուցիչ է լարված, ժամանակն ապագայից է մոտենում ներկային»:

Հրաչյա Սարիբեկյանի այս վեպը կյանքի-մահվան, նյութականի-վերացականի, ապուշության-բանականության փոխատեղումների համապատկերում հյուսված ստեղծագործություն է, որ լարվածության, անակնկալի մշտատև սպասման մեջ է պահում ընթերցողի միտքը:

Եվ քանի որ պատմությունը կրկնվելու սովորություն ունի, ու այդ սովորության տիրույթում են նաև պատերազմները, ուրեմն այս համատեքստում պիտի դիտարկենք 2020-ին մեզ հետ պատահած 44-օրյա աղետը և վերընթերցենք Հրաչյա Սարիբեկյանի վեպը նոր հայացքով: Այս նպատակին հետամուտ էլ անդրադարձանք  «Ապուշների ուղևորությունը» վեպին, որից մեկ հատված ներկայացնում ենք Ardi.am-ի ընթերցողներին:

Կարինե Ռաֆայելյան

Հրաչյա Սարիբեկյան, Ապուշների ուղևորությունը

(հատված)

Կայարանը չեզոք գոտի է:

Պատերազմի ժամանակ հայերը, ադրբեջանցիներն ու պարսիկները առևտուր են անում այստեղ: Հայերը քաղում են Ղարաբաղում ռմբակոծված շենքերի փլատակների տակ աճող վայրի վարդերը, թերթահան անում, բեռնատար մեքենաներով հասցնում կայարան, վաճառում պարսիկներին: Պարսիկները գիտեն վարդի թերթիկների հարգը: Նրանք վարդի թերթիկները տանում են Իրան՝ մուրաբա պատրաստելու: Վարդի թերթիկներից անուշաբույր մուրաբա է ստացվում: Պարսիկները շատ են սիրում վարդի մուրաբա:

Պարսիկները մոմ են բերում կայարան, վաճառում հայերին: Հայերը պարսկական մոմերը տանում են իրենց ցուրտ ու մութ հայրենիք: Եվ չնայած Հայաստանի երկնքով թռչող ինքնաթիռները լույս չեն տեսնում Երկիր մոլորակի խավարի մեջ թաղված, բայց բնակելի այդ հատվածում, այնտեղ՝ խավարի մեջ՝ տներում մոմեր են վառվում, դիակների սնարին մոմեր են վառվում, վանքերում մոմեր են վառվում:

Հայերն ու ադրբեջանցիներն այստեղ գերի ու դիակ են փոխանակում՝ դիակը դիակի, գերին՝ գերու հետ: Պատահում է՝ երկու դիակը մեկ գերու հետ: Մի կենդանի զինվորը հավասար է երկու զինվորի դիակի:

Կառամատույցում տեղադրված է CNN-ի տեսախցիկը: Շիկահեր լրագրուհին ռուսերեն լեզվով նույն հարցն ուղղում է հայ, ապա ադրբեջանցի գեներալներին.

– Չե՞ք պատրաստվում արդյոք ձեր հոգեկան հիվանդներին փոխանակելուց հետո զոլավոր շապիկները փոխարինել խակի գույնի համազգեստներով:

– Ո՛չ,– կտրուկ պատասխանում է հայազգի գեներալը և ժպտում. ամերիկացի լրագրուհին չի հասկանում՝ ինչու է ժպտում հայ գեներալը, իսկ հայ գեներալը ժպտում է, որովհետև պատկերացրել է, որ իր բանակի բոլոր զինվորներն անխտիր ապուշներ են, ինքը՝ նրանց գեներալը,– ո՛չ,– կրկնում է հայ գեներալը:

Սկզբի համար հաջող կատակ է:

Նույն հարցը ուղղվում է ադրբեջանցի գեներալին.

– Ո՛չ,– պատասխանում է ադրբեջանցի գեներալը՝ քորելով ամորձիները:

Վատ միտք չի հուշում էս լիրբը իրեն. երանի չէ՞ր իր ամբողջ բանակը խելագարներից կազմված լիներ:

– Լա՛վ,– ասում է շիկահերը,– ո՞նց եղավ, որ հանդիպակաց ուղղությամբ շարժվող երկու գնացք կայարան ժամանեցին միևնույն ժամանակ:

Հայազգի գեներալը չի լսում, թե ինչ է պատասխանում ադրբեջանցի գեներալը, ծանր շնչում է:

«Շան քած»,– մտքում զայրանում է հայազգի գեներալը՝ վիլիսի ետնամասում գեներալը ո՜նց կպատռի շորերդ, ի՜նչ հաճույքով կպարպի զայրույթը՝ Բրաունինգի մի կրակոցով փշրելով տեսախցիկը, որ իրենից խլում է իր եզակիությունը՝ գեներալն անմիջապես անջատում էր հեռուստացույցը, հենց էկրանին երևում էր ինքը: Նա չէր սիրում, երբ էկրանին երևում էր իր նմանակը և իր շարժուձևով հավակնություններ ներկայացնում իր անձի հանդեպ…

Ու ո՞նց իր խոսքերը անդարձ կլանող բարձրախոսը կխոթի օպերատորի հետույքը, էս սապլյակ լակոտի, որ քամահրական ժպիտ է խաղացնում դեմքին, կարծես տեսախցիկը նրան առավելություն է տալիս իր հանդեպ, կարծես գեներալի ուսադիրները տեսախցիկի հետ ոչ մի համեմատության չեն դիմանում:

– Ո՞նց եղավ, որ հանդիպակաց ուղղությամբ շարժվող երկու գնացք կայարան ժամանեցին միևնույն ժամանակ,– հարցը մտքով տարված հայազգի գեներալի համար կրկնում է լրագրուհին՝ ետ տանելով դեմքին ընկած մազափունջը:

Բոզին տես: Ինչի՞ տեղ է դրել մեզ, որ էսպիսի հարցեր է թույլ տալիս իրեն: Հազար անգամ լավ է փոքր պետության գեներալ լինել, քան քեզ նման՝ գերտերության բոզ:

Գեներալը զսպում է զայրույթը, որի մեջ ճնշում է կրակելու անզուսպ ցանկությունն ու պատասխանում.

– Հանդիպակաց ուղղությամբ շարժվող երկու գնացք միևնույն ժամանակ նույն կայարան կարող են ժամանել, եթե հայտնի է նրանց մեկնակետից մինչև կայարան ընկած տարածությունը,– գեներալն անգիր հիշում է ֆիզիկայի բոլոր սահմանումներն ու բանաձևերը՝ Մոսկվայի զինվորական ակադեմիայում է կրթություն ստացել,– եթե հայտնի է՝ որքան ճանապարհ են անցնելու, մնում է որոշել՝ ինչ միջին արագությամբ են շարժվելու գնացքները…

Ետդարձի ճամփին բաց կթողնի գեներալն իր զայրույթի զսպանակը, կիջեցնի իր վիլիսի պատուհանը, Բրաունինգ ատրճանակը դուրս կհանի պատուհանից ու մեքենայի սըրնթաց արագության տակ փամփուշտ փամփուշտի ետևից օդ կուղարկի:

Տեսախցիկի օբյեկտիվի մեջ է հայտնվել հայացքը հայազգի գեներալի մեծ փորին սևեռած մի ադրբեջանցի ապուշ: «Տեսնես ի՞նչ է անցնում էս ապուշի մտքով»,– ինքն իրեն հարցնում է ամերիկացի օպերատորը:

Մաենլեստն ու Վիլենը պտտվում են տանկի շուրջ:

Հետաքրքիր է՝ գնա՞ցքն է ծանր, թե տանկը: Նրանց պտույտը այդ հարցն է նշանակում, բայց նրանց ուղեղը այնքան է տկար, որ հարց չի առաջանում:

Ադրբեջանցի ուրիշ ապուշ մոտեցել է տանկին և անձնակազմի զինվորներին հարցնում է.

– Ի՞նչ կլինի, որ պառկեմ սրա տակ,– նա ցույց է տալիս տանկի թրթուրները:

Զինվորները նայում են իրար ու քիչ է մնում ծիծաղից փռթկան: Նրանցից մեկի մտքով անցնում է տանկի տակ գցել էդ ապուշին. չգիտես ինչու, զինվորին թվաց, որ թրթուրի տակ ապուշին տրորելուց հետո լիաթոք ու անզուսպ կհռհռա…

Ժորիկը վազում է կայարան: Իր ետևից փակում զուգարանի դուռը: Տհաճ ու սուր հոտ է գալիս այս կեղտոտ զուգարանից: Կողքի խցիկում ինչ-որ մեկը տնքում է:

Մեքենավար Ագիլն է: Գնացքի պետքարանի անցքը երկաթգծի վրա է բացվում: Մի տեսակ անհարմար էր, ամոթ էր գնացքի շարժվելուց հետո իր ետևից երկաթգծի վրա այդպիսի հետք թողնել՝ քաղաքավարությունից դրդված կայարանի զուգարան է վազել:

Ժորիկը գոտկատեղից հանել է թաքցրած ատրճանակը: Պահել է ձեռքի մեջ: Ինչո՞ւ Մամեդի եղբայրը շպրտեց այդ ատրճանակն ու նորից ետ գնաց իրենց սգո վագոն, իսկ այնտեղ նստեց Մամեդի կողքին և գլուխն ափերի մեջ առավ:

Նա զննում է ատրճանակը. մի՞թե սա էր Դոդի մահվան պատճառը: Եվ նա զգում է, թե ինչքան ծանր է այդ ատրճանակը: Զարմանքը հագուրդ չի ստանում: Ձեռքի մեջ շրջում է, պտտում, փորձում հասկանալ՝ ի վերջո ի՞նչ կապ ունի մանկուց ծանոթ այս ձևը մահվան հետ: Ի՞նչ կապ ունի ատրճանակի ձևը մահվան հետ: Տեսնես՝ դատա՞րկ է, թե՞ լիցքավորված: Ատրճանակի ու մահվան կապն այնքան է սերտ, որ անվստահություն ու վախ է ներշնչում անգամ դատարկ փամփշտակալով ատրճանակը: Նրան սարսափեցնում է ոչ այնքան ատրճանակի մանկուց սովոր ձևը, որքան անսպասելի ծանրությունը:

Եվ նա այդքան ծանրութեթև է անում՝ հասկանալու համար ծանրության գաղտնիքը:

Ժորիկը պարզ հիշում է իր երազներից մեկը՝ իրենց բակում՝ գետնին, փոքրիկ, շատ փոքրիկ, երկաթե ռելսեր կային, և դրանցով մի փոքրիկ ու սև շոգեքարշ էր սուրում՝ ուղիղ իր ոտքերի տակով: Նա կռացավ, որ բարձրացնի այդ շոգեքարշը, բայց չկարողացավ նույնիսկ տեղից պոկել, այնքան էր ծանր, հազիվ կարողացավ մի քանի ակնթարթ կանխել դրա ընթացքը. փոքրիկ շոգեքարշը կայծեր էր թռցնում ռելսերից և դրանց կպած՝ չէր թողնում բարձրացնեն իրեն, ու պոկվեց սլացավ, պարզապես անհնար էր, Ժորիկը վեր թռավ՝ սարսափած փոքրիկ գնացքի սոսկալի ծանրությունից:

Հիմա նույնն ատրճանակն էր, այս ատրճանակը, որ նա բռնել էր իր ձեռքերի մեջ՝ չար խաղալիք, նույնն էր, թե մի փոքրիկ գնացք իսկական գնացքի ծանրություն ունենար՝ խաղալիք, բայց տոննայանոց գնացք:

Հիվանդներից շատերը խմբվել են կայարանում շրջող խորհրդային մաշված զինվորական համազգեստ հագած մի տղամարդու շուրջ, որ այս կայարանում էր ապրում: Նա աջ թև չուներ՝ թևի փոխարեն թևք էր: Թևքը դրած էր գրպանը՝ ձեռքի բացակայությունը դատարկության մեջ:

Ոմանք ասում էին, թե իր ձեռքը նա պատերազմում է կորցրել, ոմանք՝ գնացքի տակ է մնացել, ոմանք էլ՝ թե հաստոցն է թռցրել: Ասենք ի՞նչ տարբերություն՝ անողոք, պողպատե ատամներով փայտանյութ խժռող հաստոցի ու պատերազմի միջև: Հաստոցի, որ մարդկային ձեռքի ու փայտի միջև խտրություն չի դնում:

Ի՞նչ տարբերություն պատերազմի և գնացքի միջև:

Միթևանու ծնողներից մեկը հայ էր, մյուսն՝ ադրբեջանցի: Ոչ ոք չգիտեր՝ ծնողներից ով է հայ, ով ադրբեջանցի: Ոչ ոք չգիտեր՝ հոգու խորքում Միթևանին իրեն հա՞յ, թե ադրբեջանցի է համարում: Եվ ամեն անգամ հարբած ժամանակ գլուխ էր կոտրում որոշելու համար՝ իր ձախ, թե աջ՝ անթև մնացած կեսն է հայ:

Միթևանին դժբախտ ու հարբեցող մարդ էր: Նրա դժբախտությունը օղու մեջ լողացող ձուկ էր:

Նրա աջ՝ անթև մնացած ուսին մի դեղին ու կանաչ թութակ էր նստած: Թութակի շարժումներում անհանգստություն, իսկ հայացքում մարդկանց հանդեպ զգուշություն ու իմաստություն կար: Իսկ նա ընդամենը ռուսերեն հայհոյել գիտեր՝ ոչ մի իմաստուն ասույթ: Շատերն էին խնդրում նրան հայհոյել: Բայց երբեմն թութակը վիրավորական կեցվածք էր ընդունում, թեքում գլուխն ու լռում. անկեղծ ասած, նա վիրավորվում էր, որ իրեն թութակի տեղ են դնում:

Միթևանին պարանոցից մաշված, փոքրիկ մի ճամպրում էր կախ տվել: Ճամպրուկը բաց էր՝ մեջն առանց ֆիլտրի «Բելոմորկանալ» տեսակի ծխախոտի բացված տուփեր էին: Թմրախոտ ծխողները լավ գիտեն, որ թութունից դատարկելու և պլան լցնելու համար «Բելոմորն» անփոխարինելի է:

Ծխախոտը նա վաճառում էր հատ-հատ, որովհետև գիտեր՝ «Բելոմոր» առնողը պլան է լցնելու գլանակի մեջ: Եվ բոլորը գիտեին, որ նա բառիկ է՝ «տակից» թմրախոտ է ծախում:

Թութակն էր նրա փոխարեն կտուցով ծխախոտ հանում, գնորդը թութակից էր վերցնում գլանակը, և այնքան բնական էր թութակն իր կտուցով ծխախոտը հանում ու մեկնում, ասես Միթևանու կտրված ձեռքը մի գեղեցիկ օր թութակի կերպարանքով երկնքից իջել էր ուսին:

Դունդուկն ուշադիր նայում է Միթևանու համազգեստի աջ՝ դատարկ թևքին, որի մեջ ձեռքի բացակայություն է: Նա մոտենում, շոշափում է համազգեստի թևքն ու մեղադրանքով հարցնում.

– Ո՞ւր է ձեռքդ:

– Հանել եմ,– պատասխանում է Միթևանին:

– Հա՞,– զարմանում է Դունդուկը,– ինչի՞:

Իսկ Միթևանին արագ-արագ պատասխանում է.

– Որ լիներ, տուփով սիգարետ կծախեի,

Տուփով սիգարետ որ ծախեի,

Թութակն ուսիս չէր լինի՝

Թութակն ուսիս չլիներ,

Տուփը ձեռքով կտայի,

Տուփն էլ ձեռքով որ տայի,

Սիգարետը թութակը չէր հանի,    

Թութակը կտուցով սիգարետ չհաներ,

Հատով սիգարետ ոչ ոք չէր առնի:

Հատով սիգարետ որ չառնեին,

Տուփով պիտի ծախեի,

Տուփով սիգարետ, որ ծախեի,

Թութակն ուսիս չէր լինի,

Տուփը ձեռքով կտայի:

Տուփն էլ ձեռքով, որ տայի,

Սիգարետը թութակը չէր հանի:

Թութակը կտուցով սիգարետ չհաներ,

Հատով սիգարետ ոչ ոք չէր առնի:

Հատով սիգարետ որ չառնեին,

Տուփով պիտի ծախեի,

Տուփով սիգարետ, որ ծախեի,

Թութակն ուսիս չէր լինի…

Իսկական ռեկուրսիա:

Մտավոր հետամնացին դուր եկավ այդ շուտասելուկը, փորձեց մտքում կրկնել, բայց միտքը շուտասելուկից ետ մնաց:

Ժորիկը, շոշափելով տաբատի տակ թաքցրած ատրճանակը, մոտենում է Միթևանուն ու շշուկով, որ մյուսները չլսեն, հարցնում է.

– Ես գիտեմ,– ասում է նա,– որ ձեռքդ չես հանել, նա ապուշ է, ես էլ հո ապո՞ւշ չեմ: Ճիշտն ասա ինձ՝ ձեռքդ թաղե՞լ ես:

– Հա, բա ո՞նց,– շշուկով պատասխանում է Միթևանին,– թաղել եմ, ատամներս էլ եմ թաղել,– և նա ժպտում է Ժորիկին, և Ժորիկը սարսափով տեսնում է նրա անատամ լինդն ու հատուկենտ, սև, փչացած, բրնձի չափ մանր ատամները և պատկերացնում փոքր-փոքր՝ լուցկու տուփերի չափ ատամի դագաղիկներ: Ժորիկը լավ է պատկերացնում ատամների գերեզմանոցը: Փոքրիկ շիրմաքարեր, որոնց վրա չորսը հինգի վրա լուսանկարներ, մանր տառերով մարդկանց և ատամների անուններ՝ այսինչ այսինչյանի սեղանատամը, այնինչ այնինչյանի կտրիչը…

Այդ գերեզմանոցի միջով սուրում է իր երազում տեսած փոքրիկ, խաղալիք, տոննայանոց գնացքը:

Ի՞նչ ընդհանրություն ատամի հիվանդության և խաղալիք գնացքի ճնշող ծանրության միջև:

Հայ և ադրբեջանցի ապուշները շրջապատել են Միթևանուն և երջանիկ, գոհունակ դեմքերով «Բելոմոր» են ծխում: Շատերը հազում են՝ առաջին անգամ են ծխում: Հազում են ու նորից քաշում: Ծխելու սովորություն են ուզում ձեռք բերել: Նրանց մտքով չի էլ անցնում, թե ուր կարող է հասցնել ծխելու սովորությունը: Նրանք չգիտեն Մամեդի պատմությունը և հաստատ չեն էլ ուզում իմանալ: Ծուխն ագահությամբ ներս քաշում ու գոհունակությամբ փչում են դուրս՝ ասես դուրս փչելու պահին մի անգամ էլ են հիշում, որ ծխախոտը թութակն է հյուրասիրել իրենց:

Հայ և ադրբեջանցի ապուշները խառնվել են իրար: Թաքստոցներ են փնտրում, պահ մտնում, ծիկրակում, ցուցամատով նշան բռնում, կրակում, օդում երևակայական փամփուշտներ են սուրում: CNN հեռուստաընկերության տեսախցիկը, գեներալների հետ հարցազրույցը թողած, կռիվ-կռիվ է տեսագրում:

«Ի՞նչ մեկնաբանություն են տեսնես տալու այս կադրերի տակ»,– ինքն իրեն հարցնում է հայ գեներալը, որ մշտապես ինքն իրեն հարցեր էր ուղղում, բայց հարցը լսող կեսը հաճախ անպատասխան էր թողնում հարցը տվող կեսին:

«Դե արի ու սրանց բաժանիր իրարից»,– մտածում է ադրբեջանցի գեներալը:

«Սադրանք,– անցնում է հայ գեներալի մտքով,– իսկական սադրանք»:

Մեկը մոտենում է ու շշնջում.

– Էստեղ մի բան էն չի,– միթևանի ծխախոտավաճառն է,– ինձ թվում է, թե ձեր ապուշներն ուռած են, պարոն գեներալ:

Գեներալը ոտքից գլուխ չափում է Միթևանուն:

– Ինձ էդպես մի նայեք,– ասում է Միթևանին,– ես ինչ-որ շարքային չեմ, թեև իմ հագին սերժանտի համազգեստ է, բայց ես էլ եմ գեներալ:

Գեներալը քմծիծաղ է տալիս:

– Հա՞ որ:

– Հա՛,– ասում է Միթևանին,– ձեր մտքով չի՞ անցել, որ գեներալ կարող են ունենալ ոչ միայն երկթևանիները, այլև միթևանիները: Ես միթևանիների գեներալն եմ: Ուզո՞ւմ եք շվվացնեմ և բոլոր միթևանիներն իսկույն հայտնվեն էստեղ:

Գեներալը նայում է ցնդածի ծխախոտի ճամպրուկին.

– Ծխախոտ կուզե՞ք,– առաջարկում է Միթևանին՝ «Բելոմորը» բերանի աջ անկյունից ձախ, ձախից աջ ծամելով:

– Շնորհակալություն, ես միայն ծխամորճ եմ ծխում,– ասում է գեներալն ու մտածում, որ ծխախոտը սրա նման նյարդային ու անհանգիստ մարդկանց համար է, իսկ ծխամորճն իր նման հանգիստ, հավասարակշռված ու հայեցողության հակված մարդիկ են սիրում:

– Գեներալն ապրած կենա,– ասում է Միթևանին,– ձեր հիվանդները կարգին կայֆի տակ են և այդ կայֆի տակ փոխանակել են իրենց մարմինները: Այսինքն՝ հայ գժերի հոգիները ադրբեջանցիների մարմիններում, իսկ ադրբեջանցիների հոգիները հայերի մարմիններում են,– Միթևանին նայում է ապուշներին,– հասկանո՞ւմ եք՝ ինչ եմ ուզում ասել. դրանք իրենց գնացքը փոխելու փոխարեն, բոլորիցս թաքուն իրենց մարմիններն են փոխանակել, և ինձ էլ, ձեզ էլ ապուշի տեղ են դրել: Ով իմանա՝ ինչ են դրել մտքներին: Գուցե ուզում են վերադառնալ իրենց հիմարանոցներ, գուցե պարզապես ուզում են կրկնել իրենց ուղևորությունը հակառակ ուղղությամբ: Գուցե շարժվող հիմարանոցը դուր է եկել սրանց, հը՞, պարո՛ն գեներալ:

No Comments

Leave a Reply