Հայերենի շեշտը կայուն է. սովորաբար շեշտվում է բառի վերջին վանկի ձայնավորը: Այդ շեշտը միևնույն ժամանակ շարժական է, քանի որ նոր վանկ ավելանալու դեպքում շեշտը տեղափոխվում է բառավերջի վանկի վրա։ Այսպես՝ փողո՛ց, փողոցի՛, փողոցայի՛ն և այլն։
Կան բացառություններ: Այսպես՝ գաղտնավանկի դեպքում շեշտն ընկնում է նախավերջին վանկի վրա, օրինակ՝ երբե՛մն, ուրե՛մն, ա՛յժմ։ Չի շեշտվում նաև Ը որոշիչ հոդը. այս դեպքում ևս շեշտն ընկնում է նախավերջին վանկի վրա, օրինակ՝ նկա՛րը, քաղա՛քը, աշտարա՛կը և այլն։ Կան նաև բառեր, որոնցում շեշտվում է ոչ թե վերջին վանկի ձայնավորը, այլ նախավերջին կամ էլ դրան նախորդող վանկինը, օրինակ՝ մի՛գուցե, գրե՛թե, իհա՛րկե, մի՛թե (մի՞թե), ո՛րևէ և այլն։ Այդպես -երորդ ածանցով կազմված դասական թվականների և դերանունների շեշտը բառավերջում չէ, օրինակ՝ հի՛նգերորդ, քսանյո՛թերորդ, ո՛րերորդ, քանի՛երորդ և այլն։
Վերջին շրջանում զանգվածային լրատվության միջոցներով (հեռուստատեսություն, ռադիո) հնչող խոսքում հաճախ են հանդիպում հայերեն բառերը սխալ շեշտադրելու դեպքեր, երբ շեշտում են ոչ թե բառի վերջին վանկի ձայնավորը, այլ շատ հաճախ՝ առաջինը։ Այդ սխալները ուղղակի ականջ են ծակում: Բերենք օրինակներ, որոնք քաղվել են եթերից՝ հաղորդավարների խոսքից, գովազդից.
«Գա՛գիկ (փոխանակ Գագի՛կ), ի՞նչ ես անում»:
«Ե՛ղբայր (փոխանակ եղբա՛յր), դու գիտե՞ս՝ ի՛նչ են գողացել»:
«Դի՛մավորեք (փոխանակ դիմավորե՛ք) այսօրվա մեր հյուրին»:
«Զա՛րմանում եմ (փոխանակ զարմանո՛ւմ եմ), գիտե՞ս»:
«Հայկական բո՛լոր (փոխանակ բոլո՛ր) ալիքները»:
«Ո՛ւժեղ (փոխանակ ուժե՛ղ) պայքար է սպասվում»:
«Երեկոյի ա՛նակնկալ (փոխանակ անակնկա՛լ) հյուրը»։
«Մեր քաղաքումբնակարանները հա՛մեմատաբար (փոխանակ համեմատաբա՛ր)թանկ են»:
«Վայելե՛ք հա՛նքային (փոխանակ հանքայի՛ն) ջրի համը»։
«Ամանորը գա՛լիս է (փոխանակ գալի՛ս է)նվերով»:
«Գիշերային գները շա՛հավետ են (փոխանակ շահավե՛տ են)»:
«Մա՛նրահատիկ, հա՛մեղ, հյո՛ւթալի…» (փոխանակ մանրահատի՛կ, համե՛ղ, հյութալի՛)։
«Հասանելի է միայն ա՛մենաեռանդուն (փոխանակ ամենաեռանդո՛ւն)մասնակցին»:
Բոլոր դեպքերում պետք էր շեշտել բառի վերջին վանկի ձայնավորը։
Ըստ հայերենի կանոնների՝ շեշտվում են կրկնադիր շաղկապները, օրինակ՝ թե՛…, թե՛…, և՛…, և՛…, ո՛չ…, ո՛չ… և այլն։ Եթերից հնչող խոսքում այս շաղկապները շեշտելու փոխարեն սխալմամբ շեշտում են դրանց հաջորդող բառերը՝ ասելով.
«Ոչ կրթակա՛ն, ոչ սոցիալակա՛ն, ոչ տնտեսակա՛ն երաշխիքներ չկան»:
«Վիճակախաղին մասնակցում են բոլոր՝ և շահա՛ծ, և չշահա՛ծ տոմսերը»:
Ճիշտ են այս տարբերակները․
«Ո՛չ կրթական, ո՛չ սոցիալական, ո՛չ տնտեսական երաշխիքներ չկան»:
«Վիճակախաղին մասնակցում են բոլոր՝ և՛ շահած, և՛ չշահած տոմսերը»:
Արգելական հրամայականի դեպքում շեշտվում է մի մասնիկը՝ «Մի՛ հուշիր, մի՛ հուշիր»: Այնինչ մի հեռուստահաղորդման ժամանակ հաղորդավարն ասում է. «Մի հուշի՛, մի հուշի՛»:
Ելնելով վերոգրյալից՝
ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ
- շեշտը դնել բառի վերջին վանկի ձայնավորի վրա (բացառությունները չհաշված)․
- կրկնադիր շաղկապների դեպքում շեշտել շաղկապները, ոչ թե դրանց հաջորդող բառերը.
- շեշտել հրամայականի արգելական մասնիկը:
No Comments