Ardi.am-ը զրույցի է հրավիրել Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի պետական ջազ-նվագախմբի գեղարվեստական ղեկավար Արմեն Հյուսնունցին:
-Արմե՛ն, 2010 թվականից ղեկավարում եք Հայաստանի պետական ջազ նվագախումբը: Ի՞նչ ժառանգություն եք ստացել նախորդ ղեկավարից, և ի՞նչ տեղաշարժեր են կատարվել Ձեր ղեկավարության ընթացքում:
-Ինքս չեմ կարող գնահատել իմ ղեկավարության տարիներին կատարված տեղաշարժերը: Կողքից ավելի օբյեկտիվորեն կարող են գնահատել ուրիշները: Ինչ վերաբերում է ստացած ժառանգությանը, պիտի ասեմ, որ ժառանգել եմ լավ, հարազատ, ինձ համար սիրելի նվագախումբ: 1997 թվականից ես եղել եմ նվագախմբի կազմում, զբաղվել երաժշտական մասին ղեկավարությամբ: Այսինքն՝ հիմա գրեթե նույն գործառույթն եմ շարունակում: Ես շարժվում եմ այն նույն մոտեցումներով, նույն չափանիշներով, որ ուներ Արմեն Մարտիրոսյանը՝ նվագախմբի նախորդ գեղարվեստական ղեկավարը: Իհարկե, 1997-ին աշխատանքն ավելի դժվար էր, որովհետև ամբողջովին անփորձ, երիտասարդ կազմ ուներ նվագախումբը: Բայց այդուհանդերձ, այն կայացավ, ստեղծվեց նոր նվագացանկ, կատարվեցին նորամուծություններ, ժողովրդական գործիքներ ներգրավվեցին, նոր գործիքավորումներ արեց Արմեն Մարտիրոսյանը, նախագծեր եղան տարբեր մենակատարների հետ: Քանի որ այդ ընթացքում ես զուգահեռ աշխատում էի մի քանի երաժշտական նախագծերում, հաճախ մեկնում էի հյուրախաղերի, դժվարանում էի համատեղել այդ ամենը նվագախմբի աշխատանքի հետ, ուստի 2005-10 թվականներին դուրս եկա նվագախմբից: Երբ Արմենը մեկնեց Կանադա՝ մշտական բնակության, նվագախմբի երաժիշտները և տնօրենն առաջարկեցին ինձ ստանձնել գեղարվեստական ղեկավարի պաշտոնը: Իհարկե, հաճույքով վերցրի ինձ վրա այդ մեծ պատասխանատվությունը, քանի որ սա ինձ համար հարազատ միջավայր է, ես սիրով եմ հաղթահարում բոլոր դժվարությունները: Անկեղծորեն խոստովանեմ, որ նվագախմբի գեղարվեստական ղեկավարի պաշտոնն ստանձնելուց հետո իմ գիշերային քունը կտրուկ նվազել է: Իհարկե, տարիների հետ մի քիչ ավելի հանգիստ եմ ինձ զգում համերգներից առաջ, բայց պատասխանատվության հարցում ոչինչ չի փոխվել: Ցավոք, ես և՛ գեղարվեստական ղեկավար եմ, և՛ տնօրեն: Ադմինիստրատիվ աշխատանքը խանգարում է ստեղծագործականին էապես: Կարծում եմ, որ շուտով կունենանք նոր, հուսամ՝ սրտացավ տնօրեն, և ես ավելի ազատ կտրվեմ գեղարվեստական ղեկավարի աշխատանքին: Իմ ղեկավարության տարիներին անհամեմատ հարստացել է մեր նվագացանկը: Երիտասարդացել է նվագախմբի կազմը, առավել հաճախակի են դարձել ելույթները: Ունենք բազում թեմատիկ ծրագրեր: Եվ մեր ամենակարևոր ծրագիրը, որ իրագործեցինք վերջերս, «Մենք ու Մունք» ալբոմի թողարկումն էր: Երբ արդեն ալբոմը հանձնված է ունկնդրի դատին, և ես մի տեսակ կողքից, օտարված եմ լսում այն, հասկանում եմ, որ լավ գործ է արվել. դրանով նույնիսկ կարելի է հպարտանալ:
—«Մունք»-ը ուղիղ հղում է ենթադրում դեպի Արցախ:
-Քանի որ Քովիդ 19-ի շրջանն էր, և սահմանափակված էին մեր ելույթները, փորձում էինք ինչ-որ նախագծեր իրականացնել առցանց հարթակում: Որոշակի ակտիվություն ապահովում էինք, իհարկե, բայց որոշեցինք նշանակալի մի բան անել: Մշակույթի նախարարության դրամաշնորհի ներկայացրինք ալբոմ թողարկելու մեր նախագիծը, ստացանք ոչ մեծ, բայց սկզբի համար բավարար ֆինանսավորում և սկսեցինք սկավառակի ձայնագրությունը: Այն սկզբունքորեն պիտի բաղկացած լիներ միայն հայ հեղինակների ստեղծագործություններից: Աշխատանքներն սկսեցինք 2020-ի օգոստոսի կեսին, դուրս եկանք մեկուսացումից, ակտիվորեն ներգրավվեցինք ելույթների մեջ: Կարճ ժամանակ անց, ցավոք, սկսվեց 44-օրյա պատերազմը:
-Ավելորդ է հարցնել, թե ինչ փորձություն էին նվագախմբի և անձամբ Ձեզ համար Քովիդ 19-ը, 44-օրյան, դրանց հետցնցումները, նույնիսկ եթե ներգրավված չիլնեինք նման պատասխանատու նախագծի աշխատանքներում:
-Դե՛, այո: Մանավանդ պատերազմի ենթատեքստում է՛լ ավելի պատվախնդիր դարձանք այս ալբոմի ստեղծման հարցում: Այն իսկապես հայերեն երաժշտություն է: Մենք հասկացանք, որ ազգային ինքնությունն այսուհետ առավել պիտի շեշտադրվի: Դա այլևս մեծ անհրաժեշտություն է, և մենք դրանով պիտի հակադրվենք կասկածելի պատմություն և ժառանգություն ամրագրած մեր հարևաններին: Ծանր հոգեվիճակում էինք: Զորակոչված տղաներ ունեինք, մտահոգ էինք շատ, ինչպես բոլորը: Բայց իրականացրինք ալբոմի ձայնագրությունը, այնուամենայնիվ: Եվ երբ մտածում էինք՝ ինչպես անվանել այն, (հայ էին երաժիշտները, հայ էին գործիքավորողները, հայ էին հեղինակները), որոշեցինք շեշտադրել, որ սա բացառիկ հայկական նախագիծ է, որը ներկայացնում է մեզ այսօր: Հետևաբար, կարելի է ալբոմը կոչել «Մենք ու մենք»: Բայց տեսնելով Արցախից հրաժարվելու դավադիր դիտավորությունները, մեզ իրարից զատելու մտադրությունները, որոշեցինք կոչել «Մենք ու Մունք»՝ ևս մեկ անգամ ընդգծելու համար, որ մենք մի ազգ ենք, մի մշակույթի, մի հոգևոր ժառանգության կրողներ:
—Դուք ներգրավված եք եղել փոքր երաժշտական խմբերում՝ Time Report, Armenian Navy Band, ArtaSax, այլք: Իբրև երաժիշտ՝ ո՞ր դեպքում եք Ձեզ առավել հարմարավետ զգում, մե՞ծ, թե՞ փոքր խմբում:
-Որպես կատարող երաժիշտ՝ ինձ համար առավել նախընտրելի են փոքր խմբերը: Պետական ջազ-նվագախմբում ես քիչ եմ նվագում, ելույթների ժամանակ ավելի շատ հանդես եմ գալիս որպես դիրիժոր: Սիրում եմ նվագել մեր նվագախմբի հետ, բայց նախ՝ մենք ունենք երիտասարդ փայլուն երաժիշտներ, և ինձ համար առաջնահերթություն է նրանց տալ հնարավորություն երևալու բեմահարթակում: Բացի այդ, դիրիժորը և կատարողն իմ մեջ երբեմն բախում են ունենում: Հաճախ նվագելիս ես ավելի շատ ինձ դիրիժոր եմ զգում:
—Ամեն դեպքում Երևանյան հեռանկարներ երաժշտական փառատոնի բյուրականյան ամառանոցում Դուք անմոռանալի համերգ ունեցած փոքր խմբի հետ ամիսներ առաջ:
-Այո՛, հիմա միաժամանակ մի քանի փոքր խմբերի հետ եմ համագործակցում: Անցյալ տարի Ճարտարապետների միության դահլիճում սկսեցինք համարգների շարք: Նախագիծը կոչվում էր Hyusnunts & Friends:Ես այդ ընթացքում ելույթներ էի ունենում իմ տարբեր տարիների սիրելի երաժիշտ գործընկերների հետ: Թեև դա նախագծի անվանումն էր, բայց ընթացքում ձևավորվեց մի խումբ՝ նվագախմբի 9-10 մենակատարներից բաղկացած, որը կոչվեց այդ անունով: Հատկապես պատերազմին հաջորդած վերջին տարիներին առաջնահերթ նպատակ, սկզբունք է դարձել հնչեցնել հայ երաժշտական ժառանգությունը:
—Ճարտարապետների միության դահլիճում հանգրվանելը, թերևս, կարևորագույն գործոն է ջազ—նվագախմբի կյանքում: Այստեղ ծնվեց ևս մեկ հետաքրքիր գաղափար՝ համադրել ձեր երաժշտությունը կերպարվեստի հետ, համերգներին զուգահեռ՝ կազմակերպել ժամանակակից նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդեսներ: Ի՞նչ կպատմեք այս մասին:
-Երաժշտությունը կերպարվեստի հետ համադրելու ազդակը եկավ մեր տաղանդավոր ընկերոջից՝ նկարիչ Արարատ Մինասյանից: Նա է ձևավորել մեր դահլիճը, «Մենք ու Մունք» ալբոմը: Արարատի հետ շփումների ընթացքում հասկացա, որ կան շատ տաղանդավոր երիտասարդ արվեստագետներ, որոնք առանձնապես ճանաչված չեն, հարթակներ չունեն ներկայանալու: Եվ մենք որոշեցինք ամեն ելույթից առաջ բացել որևէ երիտասարդ նկարչի ցուցահանդես, որի խորհրդատուն և համակարգողը Արարատ Մինասյանն է: Նախ և առաջ ինքս եմ զմայլվում այդ նկարներով, ծանոթանում տարբեր մտածելակերպի տեր ստեղծագործողների ներաշխարհին: Բացի այդ, ուրախանում եմ, որ ստեղծվում է հնարավորություն, որպեսզի նրանք ներկայանան հասարակությանը: Հուսամ՝ այս նախագիծը կլինի շարունակական: Իսկ ինչ վերաբերում է Ճարտարապետների տան դահլիճին, այն ինձ համար հոգեհարազատ տարածք է: Դեռ պատանեկան տարիներին այստեղ սիրով ելույթ եմ ունեցել: Եվ հետաքրքիր է, որ 35-40 տարի անց նորից հնարավորություն ունեցա վերադառնալու այստեղ, ըմբոշխնելու այս մթնոլորտը: Քանի որ ջազ-նվագախումբը չունի ամրագրված տարածք, պետությունը դրանով մեզ չի ապահովել, մենք ստիպված ենք վարձակալությամբ վերցնել այս դահլիճը: Իհարկե, Քավիդ 19-ի, 44-օրյա պատերազմի պայմաններում դժվար էր հայթայթել գումար և վճարել դահլիճի համար (ցանկացած քաղաքական, տնտեսական ճգնաժամ առաջին հերթին մշակույթին է հարվածում, անդրադառնում է տոմսերի վաճառքի, մարդկանց տրամադրության վրա), բայց փորձում ենք ինչ-որ կերպ դուրս գալ դժվար վիճակից:
—Այնպիսի ժամանակներ ենք ապրում, որ տարրական մարդկային ուրախություններ ապրելը մեղք ենք համարում: Այս պայմաններում դժվար չէ՞ զբաղվել երաժշտությամբ:
-Պատերազմից հետո ես զգալի նվազեցրել եմ իմ անձնական ելույթները: Ակումբներում, ժամանցի վայրերում գրեթե հանդես չեմ գալիս: Ինձ համար անհասկանալի էր մարդկանց անհոգ վարքագիծը, ժամանցներին տրվելը պատերազմից հետո: Հասկանում եմ, որ պետք է ցրվեին, սթրեսից դուրս գային, բայց ինքս դա չէի կարողանում անել: Մանավանդ, ջազը օրվա, պահի տրամադրության երաժշտություն է, ջազ նվագելիս քո ապրած առօրյան ես մատուցում, եթե անկեղծ ես: Հետևաբար, շատ դժվար է սրտում ցավ ունենալ և նվագել այնպես, որ ցավդ չզգացվի:
—Հիմա էլ շրջափակված Արցախի, այրված 15 զինվորականների թարմ ցավին ենք դիմակայում: Ինչպե՞ս եք հաղթահարում:
-Շատ ծանր եմ ապրում այդ ամենը: Մեկ-մեկ հատուկ շրջանցում եմ լուրերը, ֆեյսբուքյան գրառումները: Երբեմն այդ ամենը չարացնում է: Հասկանում եմ, որ մտահոգիչ է շատ մեր վիճակը, ու ցավոք չեմ պատկերացնում, թե ինչպիսին է մեր հեռանկարը: Ինձ համար անընդունելի է Արցախից հրաժարվելը, ուղղակի ձեռքերը լվանալն ու բախտի քմահաճույքին թողները, մի բան, որ փորձում են անել այսօր: Ես հավատում եմ, որ արցախցի ժողովուրդն այդ ներուժն ունի ու կկարողանա հաղթահարել այս ծանր վիճակը: Եթե մենք հրաժարվենք Արցախից ու արցախցիներից, նույն ճգնաժամով ինքներս ենք անցնելու: Իսկ զինվորականների համար ցավս արտահայտելու խոսքեր չեմ գտնում: Աններելի անփութության և անպատասխանատվության հերթական դրսևորումն էր սա: Մենք մեր անհավատությամբ, սին արժեհամակարգով, անչափելի նյութապաշտությամբ ազգովի կհասնենք մի աղետալի ճգնաժամային կետի, ցավոք, և հուսամ՝ դրանից հետո գոնե, վերանայելով արժեքները, պիտի փորձենք վեր հառնել: Մռայլ են իմ կանխատսումները, դժբախտաբար: Վստահ եմ, որ մենք առաքելություն ունեցող ազգ ենք, բայց նեղ դռնով պիտի անցնենք, հետո հասկանանք, թե ով ենք մենք, ինչ է տրված մեզ այս աշխարհում, ում և ինչին պիտի ապավինենք ու տեր կանգնենք:
Զրույցը՝ Կարինե Ռաֆայելյանի
No Comments