ԳրաԴաշտ Վարդան Հակոբյան (Արտո)

Նոր Էդիպական կամ հոգիների վերածնման ևս մեկ՝ մտացածին տարբերակ (7)

01.12.2022
Վարդան Հակոբյան


Սկիզբը՝ այստեղ

ԻՍԻՍ

            Չորրորդ դասարանի հետ վերջացավ նաև երկրորդ մանկությունս, ու կրկին ինձ մխիթարողները թուղթն ու մատիտներն էին: Ձեռքս պնդացել, նկարում էր ամենն, ինչ տեսնում էի թե՛ աչքերով, թե՛ հոգով ու թե՛ մտքով: Չկար ոչ մի սահման ու անհաղթահարելի դժվարություն: Նկարում էի աղջկաս շրթունքները մեկ թղթի վրա հարյուրավոր անգամներ, ու եթե հերթով նայեիր դրանց, ասում էին. «Ես չե՛մ մոռացել քեզ, ես կվերադառնամ, սպասի՛ր ինձ, ե՛ս կգտնեմ քեզ»:   

            Իհարկե փորձեցի գտնել նրանց. գնացի այն տունը, որտեղ ապրում էր մայրը: Նրանք չկային: Ընկերացա բակի տղաներին ու պարզեցի, որ տեղափոխվել են ուրիշ թաղամաս, գուցե… ուրիշ քաղաք: Հարևան «հասակակիցներիցս» իմացա նաև, որ աղջկաս մայրը երբեք ամուսին չի ունեցել… Իսկ քանի դեռ տարիքս թույլ չէր տալիս ավելի լուրջ որոնումներ սկսել… ես նկարում էի, եթե գտնեի էլ՝ ի՞նչ կարող էի անել: Նկարում էի նրանց արթնությունն ու նինջը, ամեն օրը, ժամն ու րոպեն, խոսքն ու զգացմունքը, ժպիտն ու արցունքը, ողջ կյանքը: Աղջիկս մեծանում ու հասակ էր առնում ինձ պես. և այդ զուգահեռ կյանքում մենք անբաժան էինք … Թեև, ավելի ստույգ, ինձ համար զուգահեռ էր այն սովորականը, որում կայի առանց նկարների, ֆիզիկապես, բայց լոկ անվանական:

            Դպրոցի վեցերորդ տարեվերջին վերջնականապես կորցրի երեխա երևալու ցանկությունս. հրաժարվեցի սովորելու պարտականությունից, և ոչ ոք չնկատեց, որ այլևս դպրոց չեմ գնում: Ես անհետաքրքիր էի բոլորին, և ինձ անհետաքրքիր էր ամեն ինչ այդ սովորական, կրկնվող կյանքում: Միայն նրանց գտնելու, նրանց ներկայության շնորհիվ, նրանց հետ կյանքս փոխելու թույլ հույսն ու երազանքն էին ինձ ապրելու ուժ տալիս։ 

            Որոնում էի ամենուրեք ու ամեն մեկի մեջ՝ արթուն թե քնած։ Երբ միտքս զբաղված էր, հայացքս որոնում էր՝ նրանից անկախ. որոնում էր փողոցներում, սրճարաններում, կինոթատրոններում, երազներում ու երազանքներում: Երբեմն հայացքս իր հետ էր վերցնում հոգիս, մարմինս լքում-հեռանում ու չգիտեմ թե որտեղ էր թափառում. գուցե, նրանց կողքին էր լինում, սակայն վերադառնալիս միայն զգացումներ էր փոխանցում. ոչ մի կոնկրետ, որոնումներիս օգտակար բան: Եվ ես նկարում էի այդ զգացողությունները. նկարում էի նրանց ապրած ամեն օրն ու ժամը, նրանց դեմքերին դրոշմված զգացումներն ու մտքերը, մթագնումներն ու պայծառացումները: 

            Շուտով գտա որոնելու ավելի արդյունավետ եղանակ, քան թափառումներն էին: Ամեն շաբաթ-կիրակի նկարիչների հրապարակ-պուրակում դիմանկարներ էի անում, և, որպես օրինակ, դրված էին նրանցը. գուցե թե ինչ-որ մեկը ճանաչեր: Թեև նման բան չեղավ, սակայն շուտով այնքան էի վաստակում, որ կարող էի և ինքնուրույն ապրել: Երբ չորս տարի անց ծնողս ամուսնացավ, հեշտությամբ համոզեցի նրան, որ միայնա՛կ տեղափոխվի ամուսնու մոտ. սակայն լիակատար ազատությունը համարյա ոչինչ չփոխեց, գուցե թե, ուրիշներից քիչ ավելի վաղ սկսեցի կյանքը` ինքնուրույն, բայց անպաշտպան, աղքատիկ, բայց հնարավորություններով լի, ամեն օր մեծացող շրջապատով, բայց միայնակ։

            Երբեմն խմում էի. սկսում էի վրձնընկերներիս հետ, ապա շարունակում մենակ, արտաքնապես մենակ… իրականում նրանք էին այդ պահերի բաժակընկերներս, միմյանց կենաց էինք խմում, ու լսում էի բաժակների զրնգոցը սենյակիս դատարկության մեջ։ Հիշում էինք նախորդ կյանքիս օրերն ու մանկապարտեզի երջանիկ տարիները։ Ամեն ինչ հրաշալի էր լինում, մինչ կփորձեի իրենցից հարցնել իրենց տեղը… նրանց դեմքերը սառում էին ու սկսում հալվել, ապա անհետանում էին, ու որքան էլ կանչեի՝ չէին հայտնվում… Այդպես էլ քնում էի՝ երազներում շարունակելով որոնումներս, իսկ առավոտյան արթնանում ու տեսնում էի, որ գիշերը ննջած գիտակցությամբ անկողին եմ նկարել, երկու քնած կին, նկարի բոլոր չորս կողմերում էլ՝ նրանց երազները՝ տարօրինակ ու հրաշալի… Ես վստահ էի, որ միայն նրանց հետ վերամիավորվելով՝ կկարողանամ շտկել իմ իսկ շտապողականության պատճառով խախտած ճակատագիրս, քնած թե արթուն՝ միևնույն էր, սթափ թե հարբած՝ միևնույն էր. կարևորը՝ նրանց հետ, նրանց կողքին, նրանց երազներում լինելն էր։

            Իսկ ինչու չխմեի, եթե օգնում էր. բացի այդ՝ խմելն ավելի հեշտ էր, քան ուտելը, երկուսն էլ վերականգնում էին կենսաուժերս, բայց խմիչքն՝ ավելի արագ։ Հետո… արբած ժամանակ նրանց աշխարհն ավելի ռեալ էր դառնում, պատկերներն՝ ավելի իրական, շարժումներն՝ ավելի հստակ, երբեմն՝ իմ կամքից լիովին անկախ։ Արբած ժամանակ ծննդյանս օրից ինձ տառապեցնող հարցերն անհետանում էին, գլխացավս կորում, նույնիսկ մոռացվում էր։ Հիմնականում գինի ու գարեջուր էի խմում, բայց կոնծում էի, ինչ պատահեր, ինչ ճարեի կամ հյուրասիրեին, բարձրակարգ վիսկիից անորակ, համարյա չզտված օղի. խմում էի համարյա անընդհատ։ Երջանիկ ժամանակներ էին… նրանք՝ սերս ու դուստրս, մշտապես ինձ հետ էին… մինչև այն չարաբաստիկ օրն ու դրան հետևած չորս ամիսները, որոնք մանրամասն նկարագրել եմ «ՇՈԻՆՉ» ամսագրի երրորդ համարում տպագրված «Լեթարգիական երազներ» պատմվածքում։

            (Ես գտա այդ պատմվածքն ու մտածում էի նույնիսկ կրճատել, տեղադրել հենց այս հատվածում, սակայն քանի որ թիթեռնիկի կյանք ունեցող այդ ամսագրի վայ-գրական աշխատակիցները, սուտը մաքուր ջրի տեղ ընդունելով, հրապարակել էին հեղինակի կեղծանունը՝ ոմն Արտո, ստիպված եղա տեղադրել պատմվածքը Էդիպականից հետո՝ որպես հավելված։ Կարդալը պարտադիր չէ. եթե ինձ ուղարկած լիներ, առաջին տողերն իսկ կարդալուց հետո դեն նետած կլինեի… ոչ մի դասական տող, մտքի ոչ մի խորություն, բարոյականության լիակատար բացակայություն, անհարգալից վերաբերմունք մարդկության հոգևոր արժեքներին ու այսպես շարունակ… մտացածինության ստորագույն բևեռ)։

            Գուցե, հենց հարբեցողությունն էր ամեն ինչի պատճառը, գուցե իմ` առանց այդ էլ վառ երևակայությանն արգելված էր որևէ լրացուցիչ խթանիչ, գուցե… դա հենց ճակատագիրն էր, նախախնամության մասնիկն իմ մեջ՝ այլախեղված ու բռնաբարված, մոռացված ու արհամարհված, բայց անկոտրուն, իրեն կրողից անկախ իրագործվող, մարդկային խեղաթյուրումները շտկող ու ամեն գետ իր հունին բերող ճակատագիրը։ Չորս ամսվա լիակատար մոռացում, փախուստ լեթարգիական երազների աշխարհն ու այնտեղ՝ հոգու խիրուրգիական վիրահատում, շտկում, պրոթեզավորում։ Չորս ամսվա իրական պահք մարմնին՝ ո՛չ ուտելիք, ո՛չ խմելիք, ո՛չ ծխախոտ։ Չորս ամսվա լիակատար անշարժություն մարմնիս. լոգանքի փոխարեն՝ խոնավ փալասներով շփումներ, մկանների մերսում. տիկնիկի պես աջ ու ձախ շուռ տրված մարմին։ 

            Ապա արթնացում՝ ծննդից էլ ցավոտ, բայց նորացված։ Հին մարմինդ՝ նորածին, հին հոգիդ՝ նորակազմ. հիշողության աստիճանական վերականգնում ու հուշերումդ՝ նոր երանգներ։ Նոր կյանքով ապրելու հույս ու հնի վերականգնման ճիգեր։

            Հենց որ ձեռքերս պնդացան, հենց որ թուղթ ու մատիտ ունեցա, փորձեցի նկարել իմոնց, բայց ոչինչ չստացվեց։ Ձեռքս ինչ-որ այլ, տարօրինակ դեմքեր էր նկարում՝ աղճատված ու սարսափահար, նման սիրելիներիս, բայց ակնհայտորեն այլ, սառած ու անկենդան… Ձեռքս նկարում էր մտքիս կամոք, կորցրել էր իր կապը հոգուս հետ, զգայարաններիս միացած էր միջնորդավորված՝ գիտակցությանս ամրոցով բռնադատված։ Թղթիս ոչ թե նկարներ, այլ լուսանկարչական ճշգրտությամբ գծագրված խզմզանքներ էին, պատկերների արտացոլումներ, որոնց առաջացման համար ես անկարևոր էի։

            Ես անկարևոր էի այն աշխարհում, որն առանց ինձ էր կերտված, ու այդ նոր աշխարհը քանդուքարափ արեց այն դղյակը, որ կառուցել էի մտքումս ու իրականություն համարելով՝ թաքնվել էի դրանում, փոշիացրեց այն քարերը, որոնցով կառուցել էի, ու ինձ դուրս նետեց իրական կամ մի այլ կյանք, որն իմը չէր, որտեղ միայնությունը ոչ միայն մարմնական էր, այլև հոգեկան։ 

             Ես դադարեցի երազներ տեսնելը։ Այլևս չկարողանալով նկարել նրանց կյանքը՝ դադարեց իմ զուգահեռ գոյությունը. ես կիսվեցի ու կորցրի մյուս կեսս։ Հիվանդանոցից տուն վերադառնալով՝ խելագարի պես սկսեցի որոնել կորցրածս, կրկնակի եռանդով վերսկսեցի աղջկաս ու սիրելուս իրական որոնումները։ Ժամերով թափառում էի փողոցներում, բոլոր կանացի վարսավիրներին ցույց էի տալիս նրանց նկարները, ավելի ստույգ՝ նրանց՝ իմ ձեռքով նկարած նկարները. ոչ մի արդյունք։ Թերթերում հայտարարություններ էի տալիս նրանց իբր կորցրած փաստաթղթերը գտնելու մասին, ժամադրում էի՝ ներկայանալով իբր հեռավոր-կորած բարեկամ․ ապարդյուն, ու ամեն օր համոզվում էի՝ ինչ-որ բան փոխվել էր, առնվազն կտրվել էր իմ կապը նրանց հետ, վերջացել էր ինձ այլ կյանքում պահող խելագարությունը… կամ նորմալությունը։ 
Շարունակելի

Վարդան Հակոբյան (Արտո)

No Comments

Leave a Reply