ԳիտաՆյութ Կարինե Ռաֆայելյան

Ծաղրանկարիչ Դերենիկ Դեմիրճյանը(1)

30.03.2024

Որքան էլ թվա, թե դասականներն ուսումնասիրված և ներկայացված են լիարժեք, այդուհանդերձ նրանցից շատերի արխիվները լեցուն են այնպիսի նյութերով, որոնք անակնկալի են բերում մեզ հաճախ: Ասվածը միայն գրողներին չի վերաբերում: Այս անգամ՝ Դերենիկ Դեմիրճյանի արխիվում հերթական պրպտումներից հետո, մենք գտել ենք արտասովոր նյութեր, որոնք ներկայացնում են ոչ թե կամ ոչ այնքան հայ դասական գրողին.  դրանք բացահայտում են նկարիչ, ավելի ճիշտ՝ ծաղրանկարիչ Դերենիկ Դեմիրճյանին:

Դեմիրճյանի գրական երկերում հեղեղի պես հորդող հումորը չի լքել Վարպետին նաև նկարչական իր ձիրքին ապավինելու պարագայում: Նա Վերնատան հավաքների ժամանակ և այլ իրավիճակներում արել է բազմաթիվ գծանկարներ՝ լրացնելով դրանք երգիծական մեկնաբանություն-գրություններով: Մեզ հաջողվել է ի մի բերել և վերծանել դրանցից 11-ը, որոնք հաջորդաբար կհրապարակենք Ardi.am կայքում:

Հավելենք, որ այս ծաղրանկարները՝ աննշան բացառությամբ, հրապարակվում են առաջին անգամ:

Ծաղրանկարներում, որոնք ներկայացնում ենք ստորև, պատկերված են 19-րդ դարավերջի և 20-րդի սկզբի հայ գրական միջավայրի կարևոր դեմքերը:

Այս ծաղրանկարը շատ ուշագրավ է ու խոսուն: Դեմիրճյանը ծաղրանկարել է Հովհաննես Թումանյանին: Ծաղրանկարի վերևում արված է այսպիսի գրառում.

«Հոգուս մեջ ահատեսիլ ձևեր դանդաղորեն կտարտամին ծուլության ճամփին վրա… Ու ես կտոկամ՝ ի քուն ընկղմած, գանգիս մեջ «Բլբուլն հազարան», որու թուղթն գնած պատրաստ է արդեն: Սպասեցեք, ո՜վ եղբայրներ, քնես հոգնելեն և այդ հոգնությունն նորեն քնով հանգստացնելեն ետքը… սակայն քունս կտանի, ծառայություն»:

Իսկ ծաղրանկարի շուրջ Դեմիրճյանը նկարել է Թումանյանի հերոսներին, նշել նրա ստեղծագործությունների վերնագրերը, ինչպես և գրառում կատարել քնած Թումանյանի վրա գցված ծածկոցի հատվածում: Ահա այդ գրառումների վերծանումը.

Նոր գրվելիք և չգրած հին գրվող բաներ

Պոետն ու մուսան

Դեպի անհունը

Լոռեցի Սաքոն

Թմբկաբերդը

Անուշ

Հազարան բլբուլը

Սասունցի Դավիթ:

Դերենիկ Դեմիրճյանն այս ծաղրանկարում նույնպես, կարծում ենք, պատկերել է Թումանյանին. նույն կերպարն է, ինչ նախորդ ծաղրանկարում:

Ծաղրանկարը երկու մասից է բաղկացած: Վերին հատվածում Դեմիրճյանի պատկերած կերպարը պառկած է խոտի բարձր դեզի վրա: Հատվածը մակագրված է այսպես. «Ախ Աստօծ, մեկին կուտաս սելով փետ,՝ <…>» (վերջին բառն անընթեռնելի է):

Ներքևում պառկածը կոշտ թախտի վրա է, մակագրությունն էլ շարունակությունն է վերևում սկսված մտքի. «մեկին չես տալ ցախ, Աստօծ…»:

Այս ծաղրանկարի հերոսը Լեոն է: Նկարի ներքևում Դեմիրճյանը գրել է. «Եւ այսպես, Րաֆֆին մեռավ անժառանգ, թողնելով դրա տեղ էշեր, գայլեր ու արջեր, որոնք ոչ մի կապ չունեն գրականության հետ:

Եւ այսպես, պարոններ, վերջացնելով մեր խոսքը հին գրականության մասին, մենք կանցնենք (արջաբար) նոր գրականության:

Լէօ»:

Լեոյին պատկերող այս ծաղրանկարը եզակի է, քանի որ չունի ուղեկցող գրություն: Սակայն Լեոյի կերպարը Դեմիրճյան գծանկարչի երևակայության մեջ հենց այսպիսին է ներկայանում, և առանց մեկնաբանության էլ պարզ է, որ այս դեպքում նույնպես Լեոն է Դեմիրճյանի նկարի հերոսը: 

Այս գծանկարում դասականի երգիծանքն ուղղված է Պերճ Պռոշյանի դեմ, որը եղել է նրա կրոնի ուսուցիչը Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում: Գրառումներում հիշատակված են Պռոշյանի երկերը՝ Հացի խնդիր, Կռվածաղիկ, Շահեն, Բղդե, Սոս և Վարդիթեր: Գրված են նաև երկու լատինատառ անուն՝ Saco  և ARTUR LEIST:

Դերենիկ Դեմիրճյանն այս ծաղրանկարում անդրադարձել է Ալեքսանդր Ծատուրյանին: Ծաղրանկարի կերպարներին կցված են Դեմիրճյանի երգիծական գրությունները: Ներկայացնում ենք դրանք՝ վերից վար:

«Մոսկվայի համակրողներ»

«Բյուրակն

Գլուխներեն վեր պիտի որոնենք գեղեցիկ արվեստը»

«ՄՇԱԿ

Կույսի մեջ գեղարվեստ չկա, բայց նրա գլխարկի մեջ մեծ գեղարվեստագետ կա»:

«Հրաշալի գլխարկ, Ալեքս. Ծատուրյանի»:

 (Շարունակելի)

Կարինե Ռաֆայելյան