maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobet girişcasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommeritkingcasibomholiganbetcasibommeritkingdeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetcasibomcasibomjojobetjojobet girişcasibomcasibomholiganbetmarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetjojobetjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibommeritkingcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomCanlı maç izlecasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
ԳրաԴաշտ Վարդան Հակոբյան (Արտո)

Վարդան Հակոբյան․Մողեսների արքան (վեպ)

12.09.2020

ԱՌԱՋԻՆ ՄԱՍ

Հոմո Մողեսիկուս

Առաջին գլուխ                  

                                                                  

            Հակոբիկը ավագ դպրոցի ամենակոլոտ տղան էր։ Գետնի վրա թիզ ու կես էր, ճիշտ այդքան էլ՝ գետնի տակ. իրար հետ՝ մեկ մետր երեսունյոթ սանտիմետր։ Եթե մազերը խուճուճ ու փարթամ լինեին՝ մեկ-երկու մատնաչափ բոյով կերևար, բայց թարսի պես՝ բարակ ու հողագույն էին։ Ծուռումուռ քիթն ու բզով ծակած սև աչքերը, մեկը մյուսից մեծ ականջներն ու դրանց մեջ տողադարձի գծիկի պես խցկված նեղշրթունք բերանը անգույն դեմքին ոչ թե տեղադրված, այլ հենց էնպես գցված էին։ Դուրս ցցված ոսկորներով նիհար մարմինը, կարծես, ողջ կյանքում սեղանի տակ թաքնված փող հաշվող հրեա վաշխառուից փոխ վերցրած լիներ։ Ֆիզկուլտի դասերին վերջինն էր մտնում հանդերձարան ու էնպես էր վերահագնվում, որ մարմնի ոչ մի մասը բաց չմնա, թե կարողանար՝ երեսն էլ փարաջայով կծածկեր։ Զզվում էր հայելիներից. հերիք չէ՝ անընդհատ հիշեցնում էին թերությունները, դեռ մի բան էլ վերևից էին նայում, բոլորը՝ անխտիր, նույնիսկ՝ մեքենաների կողայինները։

            Միայնակ էր ու ջղային. նույնիսկ, երբ բարևում էին, կարծում էր, թե ձեռ են առնում, ու գռմռալով էր պատասխանում։ Միակ հասակակիցը, որ երբեմն զրուցում էր հետը՝ իրենց բակի Արտաշեսն էր՝ Արտոն, որի հետ միասին էին մեծացել, (թեև ինքը գործի կեսին կանգնել էր)։ Բարձրահասակ էր ու շիկահեր, կանաչաչ ու սպիտակամաշկ, մարզված ու խաղաղասեր։ Բայց դրանից Հակոբիկն է՛լ ավելի էր վատանում, խուսափում էր նույնիսկ կողքը կանգնել. իր տձևությունն ավելի կշեշտվեր։ Էլ չեմ ասում դպրոցից միասին տուն գնալու մասին։

            Չե՛ք հավատա, բայց էս ամենը, նույնիսկ ազգանունը՝ Կարճիկյան, չէին խանգարում Հակոբիկին, որ անհուսորեն սիրահարվի դասարանի ամենաբոյով ու խոշոր, ես կասեի՝ գմփռչո աղջկան։ Սա էլ էր տձև, միայն՝ հակառակ ուղղվածությամբ. ժամանակից շուտ զարգացած կրծքերը, մոր կրծկալների շնորհիվ, Հակոբիկի գլխից մի գլուխ վեր էին կանգնում, ամեն ինչը կլոր էր ու մայր խոզի պես փարթամ, յուղոտ մաշկը պարարտ հող էր սև-խուճուճ մազերի պուրակների համար, որոնք փնթի հագուստների ծայրերից դուրս էին սողոսկում դավաճանաբար։ Գետաձիու պես դուրս ընկած աչքերն էնքան հիմար արտահայտություն ունեին, որ երբ նայում էին որևէ մեկին, նույնիսկ՝ Հակոբիկին, կարծես ասեին՝ ինչ կարող ես, արա։

            Ա՜յ հենց սա՛ էր ուժ տալիս ու գայթակղում տղային, ես կասեի՝ տղուկին։ ՈՒժն էլ միայն երազելուն էր հերիքում։ Իսկ եթե-հանկարծ երազը կատարվեր, ու Փորինեն գրկեր իրեն, անհուսորեն կկորեր աղջկա բազմաթիվ ծալքերից մեկում։ ՈՒ մինչ բանը գրկվելուն հասներ, առայժմ Հակոբիկն ամեն ինչի պատրաստ էր, որպեսզի-գոնե օրը մեկ անգամ Փորինեի հաստ վիզը պտտվեր իր կողմը, ու աչքերն իրեն հայեին։ Իսկ քանի որ անընդհատ էր այդ մասին մտածում, ամեն ինչին ա՛յդ տեսանկյունից էր նայում, շուտով մի հնար գտավ հորիզոնում, ավելի ստույգ՝ փողոցում։

            Վերջին դասին անպատեհ հնչած զանգից կիսաքուն, ամեն օր ուժեղացող շոգի պատճառով մի կերպ, ստիպված դեպի տուն էր քարշ գալիս, երբ հին թաղամասի պատերից մեկի անհավասար շարվածքին մեջքն արևին տված մի մողես տեսավ։ Ինչ ասես, որ չանցավ մտքով. տանի դպրոց՝ մեկի ծոցը գցի, թելով կապի՝ շան պես ման տա, թաթերը կտրի՝ խաբի, թե օձի ձագ է, ու էլի, էլի շատ բաներ, որոնցից ոչ մեկում էլ հաշվի չէր առնում մողեսի ցանկությունը։ Հազիվ էր իրենից փոքր մեկին գտել ու մտովի իր մեծությունն էր վայելում։ Գիտեր, որ եթե պոչից բռնի՝ մողեսը պոչը կթողնի ու կփախչի, բայց ինչքան էլ զգույշ մոտեցավ զոհին, հազիվ պո՛չը ձեռն ընկավ։

            Մողեսը կարծես ուզո՛ւմ էր՝ թողնի պոչն ու փախչի, բայց մի պահ հապաղելուց հետո կանաչափայլ կենդանին ինչ-որ բան փնթփնթաց քթի տակ ու գլուխը նյարդայնացած շրջեց դեպի անհաջողակ որսորդը։

            -Լսի՛ր, տղա՛,- իր կախարդիչ հայացքն ուղղեց աչքերին ու խոսեց՝ կարծես ուսուցիչ լիներ,- ես մողեսների կայսր, ճաճանչափայլ Մեղոս վեցերորդն եմ, ու ինձ համար ամոթ է՝ պոչս թողած փախչել մի մարդուկից… Թո՛ւ, գրողը տանի, գիտեի էլ, որ պիտի փորձես բռնել,- Հակոբիկը, բառիս բուն իմաստով, ապուշ էր կտրել, էնքան, որ ձեռքն էլ չէր քաշում,- հավատա՛ ինձ, քո մտածածից ոչինչ չի ստացվի, իսկ ե՛ս… համարյա ամենակարող եմ. ու եթե ձեռքդ զգուշորեն հեռացնես, այնպես կանեմ, որ բարդու պես բոյ քաշես, հասկացա՛ր…

          Վերջին բառի դասղեկական շեշտադրումը գործի գցեց պայմանական-դպրոցական ռեֆլեքսները, ու տղան, կրկնելով լսած խոսքերը, ձեռքը  կտրուկ քաշեց, մտցրեց գրպանը.

            -Բարդո՞ւ պես…,- ասաց քնաթաթախ, որովհետև էս ամենն ավելի երազի էր նման։

            -Այո՛, այո՛. մենք՝ մողեսներս, աշխարհի ամենահին ու ամենաիմաստուն ցեղն ենք, բառերն օդում չե՛նք թողնում, քանի որ, երբ դուք դեռ ճահիճներում էիք բնակվում, մենք արդե՛ն ամուր հաստատվել էինք հողին ու դրա տակ,- մի պահ ընդհատելով ճառը՝ երկսայր լեզվով սրբեց փրփրակալած շրթունքները:- Ես, անկեղծ ասած, երբեմն ափսոսում եմ, որ հեռավոր ազգակցական կապ ունենք ձեզ հետ… Ինչևէ, գերազնիվ մողեսական խոսք եմ տալիս, որ ցանկությունդ կկատարվի։[i]

            Ասաց ու անհետացավ, իսկ Հակոբիկը քարացել, չգիտեր՝ եղել էր տեսած-լսածը, թե շոգն ու երևակայությունն էին ամեն ինչ իրար խառնել՝ կյանքը կինո դարձրել։ Մեկ է, ում էլ պատմեր, կասեին՝ «տուֆտում ես», ու որոշեց՝ մոռանա։

            Մինչ տուն կհասներ, իսկապես մոռացավ, ինչպես Փորինեի մասին երազներն էր մոռանում ու հետո էլի նույնը երազում։ Տուն հասավ, քնեց ու մոռացավ, որ ինչ-որ անհնար բան էր մոռացել։

            Հաջորդ առավոտյան, սովորականի պես, վեր թռավ զարթուցիչին փոխարինող մոր ճղճղան ձայնից, առանց լվացվելու հագավ վերնաշապիկը, աչքերը ճմռելուց հետո վեր քաշեց շալվարն ու… այն հինգ մատնաչափ կարճացել էր. ինքը, կարծես, մի քիչ խոշորացել էր, բոյին համեմատ, ոչ՝ ավելի։ Քիչ էր մնում հիշեր, բայց մի կերպ դիմադրեց անհավանական հիշողությանը։ Մայրն էլ, առանց խոսքի, երկարեցրեց շալվարն ու պայուսակը ձեռը տալով՝ դպրոց ուղարկեց։

            -Ինչո՞ւ ես ուշացել դասից,- պարտք կատարելու պես արտասանեց ուսուցչուհին ու չնկատեց էլ Հակոբիկի բոյ քաշելը,- նստիր տեղդ, ու այլևս չկրկնվի։

            Փորինեն կնկատի՝ ինքն իրեն հույս տվեց տղան, սակայն օրն անցավ դպրոցի նախորդ ութ ամիսների ու տասը տարիների պես։ Դասամիջոցներին քնելով՝ կիսաքուն ու բժժած անց կացրեց օրը. առանց նստարանից վեր կենալու, լուռ, որպեսզի ուշադրություն չգրավի, ու դաս չհարցնեն, ոչ մեկի հետ չշփվելով, որպեսզի չծաղրեն…

            Իսկ հաջորդ առավոտյան շալվարը կրկին կարճացել էր… Արագորեն հագնվեց ու վազեց դպրոց, նախ՝ որպեսզի մայրը չնկատի, հետո, որպեսզի առաջինը մտնի դասարան, նստի իր տեղն ու կարճացած շալվարի առումով «կարճիկյան-շալվարիկյան» տիպի ձեռառնոցու չենթարկվի։ Ամառային արձակուրդներին երկու շաբաթ էր մնացել։ Պետք էր դիմանալ։

            Երեք օր էլ անցկացրեց, իսկ չարաբաստիկ հանդիպման հինգերորդ առավոտյան, երբ տնից դուրս էր գալիս, մայրը ետ կանչեց.

            -Հակոբիկ, շալվարդ ե՞րբ կարճացավ,- ասաց՝ բոլորովին ուրիշ բաների մասին մտածելով, ու քանի որ այլևս երկարեցնելու տեղ չուներ, առանց զարմանքի չնչին նշույլի՝ տղային հագցրեց հոր շալվարներից մեկը։

            Ողջ ճանապարհին աչքը պատերին էր, ակամա՝ մողես էր փնտրում, հիշում էր ու չէր հավատում, չնկատեց էլ, թե ինչպես դպրոց հասավ, գաղտագողի, իր բոյից վախեցած՝ մտավ դասարան, տեղավորվեց վերջին նստարանին, ու դասղեկը ոչինչ էլ չէր նկատի, եթե ստիպված չլիներ գլուխը կախ պահել։

            -Ես ամե՛ն ինչ նկատում եմ,- վրդովված ձևացավ հիսունամյա օրիորդ Նկատյանը,- բավական չէ, որ ինքնակամ տեղափոխվել ես վերջին նստարան, դեռ դասերին էլ քնում ես… ինձ ուրիշ ուսուցիչներ էլ են բողոքել,- թեև չէին բողոքել:- Դուք նայեցեեե՜ք,- հանկա՛րծ բռնկվեց,- նույնիսկ չի էլ բարեհաճում կանգնե՜լ, երբ խոսում ենք հետը…

            Հակոբիկը կանգնեց, իսկ դասղեկը կատաղությունից գորտի պես չռեց աչքերն ու համարյա գոռաց.

            -Վաղը մայրիկի՛դ,- էնպես արտասանեց՝ կարծես հայհոյանքով պիտի շարունակեր,- կամ… ավելի լավ կլինի՝ հայրիկի՛դ հետ դպրոց գաս… կամ՝ ես ինքս կզանգահարեմ նրանց, անպե՛տք տղա… կհեռացնե՛մ քեզ դպրոցից… դեռ կտեսնե՜ս, թե ինչ է նշանակում կատակել ինձ հետ… վե՛ր ընկիր ու չհամարձակվես ծպտուն հանել:- Ճակատին դուրս տված քրտինքը մի քիչ հանդարտեցրեց ուսուցչուհու՝ իրականում կողմնակի, բժիշկները կասեին՝ կանացի-ֆիզիոլոգիական պատճառ ունեցող ներքին ջերմը,- դասերից հետո կմաքրես նստարանը։

            Հաջորդ առավոտյան Հակոբիկի փոխարեն մա՛յրը դպրոց գնաց, իսկ ինքը տեսնելով, որ հոր շալվարի հնարավորությունն էլ է սպառվել, ակնհայտ-անհնարինը հասկանալու անհուսությունից լիովին կամազրկվեց-թուլացավ ու մնաց անկողնում։

            -Ես խիստ բարկացած եմ Ձեր տղայի վրա,- միջանցքում տեսնելով մորը՝ երեք մետրից սկսեց բողոքել դասղեկը,- դասերից ուշանում, բոլոր դասերին անխտիր քնում է, և դեռ, երբ ասում եմ՝ կանգնի՛ր, կանգնում է… նը՛ս-տա՛-րա՛-նի՜ն։

            -Ներեցեք,- մոտենալով պատասխանեց մայրը,- կարծում եմ՝ նստարանին չի կանգնել, վերջերս զարմանալի բոյ է քաշել,- հնարավորինս գրական ու հաղորդավարակա՛ն հնչերանգով արտասանեց, որպեսզի բարեկրթությամբ ետ չմնա ուսուցչուհուց։

            -Ա՜յ, հենց դա՛ է. ամբո՛ղջ խելքը բոյին է տվել, ինչո՞ւ եք թողնում, որ այդքան բո՛յ քաշի, վերջապես թող հա՛յրը զբաղվի տղայով,- արժանի դիմադրություն զգալով՝ ուսուցչուհին արագ-արագ վերջացրեց խոսքն ու նահանջեց դասարան։

            Երեկոյան Հակոբիկը լսեց մոր հորդորները:

            -Վերջապես ե՞րբ ես տղայովդ զբաղվելու. մի կարգին վախեցրո՛ւ, թե չէ կշարունակի բոյ քաշել,- փնթփնթաց թերթ կարդացող հոր գլխին, մինչև վերջինս, բոլորովին այլ հոգսերով տարված, վեր կացավ ու մտավ ննջասենյակ։

            -Որոշել էի քեզ համակարգիչ նվիրել, բայց տեսնում եմ, որ արժանի չես…,- էլի ինչ-որ բաներ էր ուզում ասել, բայց տեսնելով տղայի սառած դեմքն ու տան ամենամեծ մահճակալից դուրս ցցված ոտքերը՝ կորցրեց ինքնատիրապետումն ու միայն ակամա՛ շարունակեց արտասանել պարտադրված-անհեթեթ ճառը,- դու պիտի դադարեցնես բոյ քաշելդ… ոչ ոք իրավունք չունի՝ անկախ-ինքնագլո՛ւխ բոյ քաշել… դրանից շա՜տ տհաճություններ կծագեն…,- հասկանալով, որ ինչքան խոսի, այնքան էլ ստիպված կլինի հիմարություններ դուրս տալ, կտրուկ լռեց, վերադարձավ բազկաթոռին ու պարտքը կատարած համարելով՝ շարունակեց ընթերցանությունը։

            Երազում Հակոբիկը տեսավ մողեսների արքա Մեղոս վեցերորդին՝ մարդու պես երկու ոտքի վրա, մողեսների արքայական շքախմբով։ Բոլորից առաջ ընկած, լպրծուն պոչը գեղգեղանքով աջ ու ձախ շարժելով՝ քայլում էր դեպի Հակոբիկը, սակայն նրանց միջի տարածությունը չէր կրճատվում։

            -Խնդրում եմ, վերջացրու այս խաղը,- աղերսեց Հակոբիկը։

            -Մե՛նք՝ մողեսների արևաշող ցեղի ճաճանչափա՛յլ արքաներս, իհա՜րկե, ամենակարող ենք. բայց, բարեկա՛մս, ես քեզ խո՛սք եմ տվել։ Ինչպե՞ս կարող եմ ե՛ս՝ երկու մողեսաշխարհների ամենափառավորյալ կա՛յսրս, դրժել իմ խոսքը։ Ի՞նչ պիտի մտածեմ դրանից հետո ինքս՝ իմ թագադրյալ անձի մասին։ Այնպես որ, սիրելիս, ի՛նքդ տես գլխիդ ճարը։

            Վերջին բառերի հետ Մեղոսը մոտեցավ Հակոբիկին, ոչ այն է՝ մեջը մտավ, ոչ այն է՝ միջով անցավ ու՝ անէացավ-անհետացավ իր ողջ շքախմբով հանդերձ։

            Արթնացավ՝ ողջ մարմինը հուսալքության քրտինքով պատած, ոտքերը երկարել, դռանն էին հասել՝ բոլորովին հաշվի չառնելով իրենց տիրոջ գլխին թափվող տառապանքները։

            Հայրն առաջարկեց բժիշկ կանչել, սակայն մայրը, որ սկսել էր հրճվել տղայի հիվանդության հետ իր կրծքավանդակում արթնացած զուտ-մայրական ինքնանվիրման զգացումով, բնականաբար, հակառակը պնդեց.

            -Մայրական խնա՛մքն է ամենալավ բժիշկը,- պաթետիկորեն արտասանեց անքննարկելի տոնով ու աջ աչքը անշարժ պահելով՝ ձախով խեթ նայեց հորը։

            Սակայն ոչ մի փրկություն չկար։ Իրար ետևից շարվող ներքնակները, որ Հակոբիկի անընդհատ երկարող անկողինն էին, արդեն դուրս էին եկել նրա սենյակից ու միջանցքում շեղվելով՝ առաջանում էին դեպի հյուրասենյակ։

            Հայրը, անտեսելով ամեն օր ահագնացող շոգը, ստիպված էր վազվզել խանութներով, որպեսզի տղան բոյին համեմատ ուտելիք ունենա. երբ աշխատավարձը սովորականից չորս անգամ արագ սպառվեց, այլևս տուն չվերադարձավ, մանավանդ որ, մայրը վերցրել էր ներքնակը՝ խեղճին զրկելով նաև գիշերային հանգստից։

            Մայրը նույնպես քնելու տեղ չուներ, սակայն բուռն-մայրական սերը, որ խելահեղ թափ հավաքելով՝ սլանում էր դեպի իր գագաթնակետը, չէր նկատում նման մանրուքները։ Անտեսելով տոթը՝ հասցնում էր բոլոր գործերը. լվանալ, մաքրել, թափել, ճաշ եփել, վերմակներն ու ներքնակներն իրար կցել, մի խոսքով՝ ամեն ինչ։ Սակայն երբ որոշում էր գոնե մի քանի րոպե տղայի կողքին նստել, քունը ստիպում էր նահանջել բոլոր զգացումներին ու կլանում-տանում էր։ Եվ միայն, անհարմար դիրքի պատճառով սեփական խռմփոցից վեր թռչելով, կրկին վազում էր խոհանոց, որտեղ աներևակայելի, «ձեռքի տակ հայտնված՝ միևնուն է թե ինչից» պատրաստված խորտիկները, որդու բոյի դեմ պայքարելու միակ զենքն էին։ Կարևոր չէր, թե ինչ կստացվի. ուտելիքները կախարդվում ու եփվում էին բոյի աճը կանգնեցնող մոգական հմայիլների արտասանությամբ։ Օրինակ՝

                                               Ճաշիկ, ճաշիկ թող եփվի,

                                               Տղայիս բոյը խափանվի.

                                               Բոյդ կտանք ծառերին,

                                               Գնան-հասնեն թող լուսնին.

                                               Լուսինն իջնի երկնքից,

                                               Մի քիչ կտրի քո բոյից։

            Ուտեստները, թեև անհամ ու երբեմն էլ զզվելի, բայց գեղեցիկ էին, քանի որ մայրական սերը նաև գեղագիտական պահանջներ էր դնում։ Ի՜նչ փույթ, որ Հակոբիկը բնա՛վ ախորժակ չուներ։ Ճաշի գդալ-գդալ կերակրմանը հետևում էր բոյի չափման կախարդական արարողությունը, որ մայրական անկոտրում հույսի արտահայտությունն էր։

Եվ վերջապես…

            -Արդեն երեք օր եղավ, որ չես երկարել,- հնչեց խիստ գործնական, քանի որ մայրական զգացումները, հասնելով գագաթնակետին, ցած էին սլանում ազատ անկման աճող արագությամբ:- Ինչե՜ր ասես, որ չի անի մո՛ր նվիրվածությունը,- հնչեց, ինչպես վայրէջք կտարող ինքնաթիռը,- վաղվանից թող հա՛յրդ գա ու զբաղվի քո խնամքով, իսկ ես թռչում եմ Ճապոնիա՝ Բոնսայի արվեստը սովորելու. ի՜նչ իմանաս, գուցե գա՛մ ու բոյդ կարճացնեմ։[ii]

            Վաղօրոք պատրաստված ու երկար սպասված ճառն արտասանելուց հետո հաղթական փնչոցով հանեց գոգնոցը, հագավ ճանապարհորդական հագուստները, ուսը գցեց դռան մոտ պատրաստ սպասող պայուսակն ու դուրս եկավ տնից։
                       
Շարունակելի


[i] Իրականում կա հիվանդություն, երբ մարդու ուղեղը չի դադարեցնում աճի հորմոնի արտադրությունը, ու մարդը այնքան է բոյ քաշում, որ այլևս չի կարողանում տեղից վեր կենալ։

[ii] Բոնսայի արվեստը ծառայում է որոշակի գործողությունների՝ հատման, բույսը թարս տնկելու, թերի սնուցման ու այլ միջոցներով՝ թփերի ու ծառերի չափերի փոքրացմանը։

No Comments

Leave a Reply