Մենք զրույցի ենք հրավիրել գրող, հրապարակախոս Նանեին: Թեմաները բազմազան են, իսկ հարցերը ծագում են նրա ստեղծագործություններից, որոնք տեղ են գտել նորատիպ «Վերջին երանին» ժողովածուում:
-Նանե՛, Ձեր վերջին ժողովածուում ամփոփված են գեղարվեստական գործեր, էսսեներ, հրապարակախոսական երկեր: Բոլորում էլ ակնհայտ է անանձնական մտահոգությունների, լուսավորի փնտրտուքի թեման: Թեև դժվար է կենտրոնանալ առանձին որևէ ստեղծագործության վրա, այդուհանդերձ փորձեմ զրույցի առանցք դարձնել դրանցից մի քանիսը, որոնք ինձ առավել հետաքրքրել են իրենց ասելիքով:
-Սիրով:
-«Արամուս գյուղի չխոսկան հարսները» պատմվածը վկայում է, որ ավանդույթը, թեկուզ շատ հաստատուն և անբեկանելի թվացող, անհրաժեշտաբար զիջում է իր դիրքերը ժամանակի հրամայականով: Սարկաստիկ միջադեպի նկարագրությամբ այդ է հավաստում պատումը: Բայց և այնպես, կա՞ն ավանդույթներ, որոնք ժամանակի քննությանը միշտ կդիմանան:
-Ավանդույթները ժամանակի ընթացքում տարբեր գործոնների ազդեցությամբ ձևավորում են իրնենք՝ մարդիկ, իսկ ավանդույթներն էլ իրենց հերթին են անցնում «իրենց գործին» և ձևավորում մարդկանց, կյանքեր, ճակատագրեր: Ավանդույթների հիմքում անպայման ազգային նրբերանգները կան, ազգի անցած ճանապարհի, փորձությունների պարտադրանքները: Դա հոգևոր ժառանգության ինչ-որ մի ձև է, փորձառության պաշար, և հաճախ խիստ կարևոր է ազգի ինքնապաշտպանության, շարունակության համար: Որպես ազգ շարունակվելու համար ինչ-որ կուռ, անփոփոխելի «նյութ» է պետք ունենալ, «ողնաշար», ամրություն, այլապես աշխարհի քամիները կարճ ժամանակում կարող են ցրիվ տալ ազգ կոչվող համախումբը: Դրանից հետո, իհարկե, կարելի է դեռ ապրել, սերունդ տալ, բայց առանց պատմության, արյան գենի մեջ իր կարևոր դերն ունեցող սեփական ազգի, հայրենիքի զգացողության, գիտակցության. դա թերի, խղճալի գոյություն է լինելու: Մարդը, չեմ ասում լիարժեք, բայց գեթ մարդ է, երբ «Աստծո պատկերով» ստեղծվածի իր կերպարի հիմնասյուներն ունի իր մեջ՝ ծնող-զավակ, հայրենիք-մարդ արյան կապերը: Այստեղ առաջին և երկրորդ տեղ չկա, սրանցից որն էլ բացակայի, արդեն անգամ կենդանու մասին խոսելն ավելի բարձր կհնչի, որովհետև կենդանին անգամ ծնողի և սեփական տարածքի պաշտպանի դերը լավ գիտի: Եթե ազգի, հայրենիքի մարմինը ձևավորողները ժողովուրդն ու հայրենի հողը՝ երկիրն են, ապա հոգին՝ լեզուն, հավատը, հիշողությունը, պատմությունն են, որոնց խորքերում էլ խմորվում, մարմին են առնում սովորությունները, ավանդույթները՝ ասես ազգի կայունության սոսինձ դառնալով, կամ սոսինձներից մեկը: Այստեղ պարզապես մի խնդիր կա. ցանկացած բան՝ նյութ լինի, թե ինչ-որ երևույթ, չափի մեջ է ճիշտ, ընդունելի. չափից դուրս այն կարող է կորցնել իր իմաստը, անգամ վտանգավոր դառնալ: Ինչպես դեղորայքը. նորմալ չափաբաժնով այն դեղ է և բուժում է, մեծ չափաբաժնով արդեն, որպես թույն, կարող է սպանել: Ավանդույթների պարագայում նաև ժամանակն է կարևոր. եթե այն ինչ-որ ժամանակ օգտակար էր, դրանից այն կողմ կարող է կորցնել իր դերը: Իսկ մարդիկ հաճախ են չափազանցությունների մեջ ընկնում, դուրս գալիս այդ նշված չափերից, ժամանակի պահանջներից, ավանդույթները հարմարեցվում են ինչ-որ շեղված մի խմբի կամքին՝ կորցնելով ազգապահպանի իրենց կարևոր առաքելությունը և դառնալով պատուհաս, դժբախտությունների, մարդկային ճակատագրերի կործանման պատճառ: Այնպես որ, միշտ պետք է ունենալ դրանք չկորցնելու ու նաև սահմանների մեջ պահելու գործընթացների աչալուրջ հսկողությունը: Կոնկրետ «չխոսկանության» դեպքում ժամանակի խնդիրը կա, նախկինում այն օգնել է, որ բազմանդամ ընտանիքները՝ երբեմն 30-40 հոգանոց, կարողանան համերաշխ ու խաղաղ ապրել: Բայց ժամանակներն իրենց պահանջները բերեցին: Պատմվածքում, որն այնքան էլ ոչ հին իրական պատմություն է, ավանդույթը համառորեն իր ժամանակից դուրս տևելու փորձ է: Երևի անհավատալի կհնչի, բայց ես ևս «բախտ եմ ունեցել» ժամանակավրեպ չխոսկան հարս տեսնելու: Այո՛, այն պետք է պատմություն դառնար: Միայն, Աստված ոչ արասցէ, հիմա էլ մեկ այլ ծայրահեղության մեջ հայտնվենք: Չնայած դա արդեն կա՝ մի փոքրիկ ընտանիքի ներսում անգամ անհանդուրժողականության, փրփուրը բերանին՝ սեփական «ես»-ի հաստատման մոլուցքով, բայց գեթ եվրոպաների ու ամերիկաների չափերից դեռ բավականին հեռու է: Եթե իհարկե, «ընտանեկան բռնության դեմ պայքարի» ծրագրով դրսից մեզ «օգնության» շտապած գլոբալիստական ծուղակներին կուլ չգնանք: Պայքար է պետք, պայքարենք ինքներս՝ մեր ծրագրով, մեր փողերով, մեր …. Մենք դժվար ճանապարհ ենք անցել, այդ ճանապարհը միշտ է սայթաքուն եղել, իսկ այս օրերին՝ առավել ևս անհաստատ է: Եվ պետք է առավել ևս զգոն լինել ու աշխարհի քամիների առաջ ամուր պահել Հայ Տունը՝ իր հիմնասյուներով, ամրություններով, սոսնձող ճիշտ սովորություններով և ավանդույթներով:
-Սերիալամոլության արմատակալումը մեզանում որակում եք որպես մեզ խեղելու՝ դրսից մեզ պարտադրված ծրագիր, բայց և հուսադրում. «Մնում է, որ մենք էլ, հուսահատված ու անզորության խեղդող թմբիրը մի կողմ դրած, սկզբի համար գոնե միայն կամենանք .… չկործանվե՜լ… Դժվարը առաջին քայլն է…»: Այդ քայլն անհատապե՞ս պիտի արվի, համախմբվա՞ծ, վերևից եկող հրահանգո՞վ, թե՞…
-Այստեղ էլ, ինչպես ամեն բանում, խնդիրը չափի մեջ է: Իհարկե, կարելի է երբեմն, կրկնում եմ՝ երբեմն, նաև սերիալներ նկարահանել, բայց ոչ տարիներ տևող, բայց ոչ՝ անարժեքը արժեք դարձնելու առաքելությունն ունեցող, բայց ոչ՝ մեկ օրվա մեջ մի ամբողջ խմբով մեր կյանք խուժող, կտրող սեփական, ազգային հոգսերից, մնացած ժամանակն էլ սերիալի սպասում դարձնող: Դա չի կարող չդառնալ էություններ խեղող գործընթաց: Եվ այո՛, դա ևս գլոբալիստական «ուղեղարդուկման ինստիտուտների» տքնաջան աշխատանքի՝ ողջ աշխարհին հրամցվող «պտուղներից» է: Աշխարհի բոլոր ժողովուրդների, բոլոր երկրների վրա ճնշումները, պատադրանքները բոլոր ոլորտներում են, բոլոր մակարդակներով, աչքաթող չեն արված անգամ ամենաչնչին մանրուքները, կյանքի ամենափոքր, ամենահեռու անկյունները. Իսկ հեռուստաեթերն այդ գործում ամենահզոր, գործուն, մասշտաբային գործիքներից է: Գիտեք, Սոդոմ Գոմորը հեքիաթ չէ, և հետո նմանատիպ օրինակները շատ են մարդկության կյանքի պատմության մեջ. երբ մեղքերը չափից դուրս շատ են ծանրանում խեղճ, արդեն թեքված առանցքին ճռնչալով պտտվող մոլորակի վրա, այլ բան չի մնում, քան… Իսկ այսօր Սոդոմ Գոմոր է գրեթե ամբողջ մոլորակը, չարի արժեքներն ամեն տեղ են քիչ-քիչ, օրենքի ուժ ստացած խուժում մարդկանց հոգիները, անգամ մանկապարտեզային տարիքից արդեն: Մեծ աշխատանք է տարվում: Օվերտոնի պատուհան կոչվածն աննինջ, անխոնջ իր գործին է: Այն հատուկ մշակված գործելաոճ է, որի օգնությամբ ամենաանընդունելի, ամենաարգահատելի, «խելքից, մտքից դուրս» արատները քայլ առ քայլ բերում են կյանք, իրավունքներով օժտում, օրինականացնում, դրան զուգահեռ՝ նորմալ մեծամասնությանը զրկելով նորմալ մնալու, նորմալ սերունդ մեծացնելու իրավունքից: «Անհատի, փոքրամասնության իրավունքներ» կոչվող, կարծես թե, անմեղ պահանջն իրականում մարդու մեջ մարդկայինը ոչնչացնելու ծրագիր է, որովհետև այն պարտադրվում է ուռճացված. փոքրամասնություն ասվածի մեջ ներառվում են մերժելին ու վտանգավորը, անհատը վեր է դասվում հասարակությունից, անհատի պահանջները՝ ազգային պահանջներից: Դա նաև երկրներ, պետություններ խարխլող ծրագիր է, կամ ծրագրերից մեկը: Օվերտոնի պատուհանի խարդախ քայլերով ողջ աշխարհին արդեն պարտադրեցին, համոզեցին, հավատացրին, որ համասեռամոլություն կոչվող սոդոմային շեղումը նորմալ և բնական մի բան է, և հիմա անցել են ինցեստին, պեդոֆիլիային, և արդեն («ներվայինները թողնեն դահլիճը») մարդակերությանն ապրելու իրավունք տալու բավականին լուրջ քայլեր են արվում: Այս ամենը բավականին լուրջ է, և լուրջ հակադրություն է պետք: Այո՛, դժվարը առաջին քայլն է, և այն պետք է արվի բոլորիս կողմից՝ և՛ անհատների, և՛ իշխանության: Իհարկե, շատ նուրբ դիվանագիտությամբ, հենց գլոբալիստների ձեռագրով. նրանց նման՝ ժպիտների, ձեռքսեղմումների դիմակով պետք է գործել: Բայց ամբողջ անհեթեթությունն այն է, որ մենք բոլորս՝ և՛ անհատները, և՛ իշխանությունները, աշխատում ենք այդ անտես-տեսանելիների կողմում, նրանց համար: Ընդամենը կանգ առնելն արդեն ինքնըստինքյան պայքարի սկիզբ է:
-«300-ի կոմիտեին» անդրադարձը դարձյալ տագնապներ է պարունակում, ինչպես Ձեր նախորդ հրապարակոսական գործերում: Բայց և այդ անդրադարձին զուգընթաց հավատացած եք. «Ի սկազբանե մարդը կատարյալ է արարվել և, ցանկության դեպքում, ամենաանհնար վիճակում էլ կարող է հաղթող դուրս գալ…»: Ենթադրում եմ, որ այս դեպքում մարդը նախ ինքն իրեն պիտի հաղթի, այո՞: Չէ՞ որ Ձեր մատնանշած վտանգների արմատը մարդու ինքնաօտարումից է սերում:
-Այո՛, տագնապելու տեղիք կա, «300-ի կոմիտեի» արդեն բացահայտորեն հայտարարվող Աշխարհի նոր կարգը սարսափելի ծրագիր է, և արդեն այն բավականին հիմքեր է ամրացրել՝ և հենց մեր ձեռքերով, բոլորիս ձեռքերով: Այդ ծրագիրը երկրներ, ազգեր, ժողովուրդներ կործանող ծրագիր է, մարդկության ավելորդ միլիարդներից ազատվելու, մնացած փոքր հատվածին էլ մարդային կերպարից զրկելու, խեղելու, ստրուկի կարգավիճակում միայն պահելու, սատանիզմը կրոն հռչակելու, խավարի իշխանություն հաստատելու ծրագիր: Եվ այդ ամենի համար շատ գումարներ, շատ փո՜ղ է ծախսվում: Իսկ մարդկանց մեծամասնությունը, միաբջջի նման, ընդամենը պարզունակ գրգիռներին տրված, ձգվում է դեպի այն: Ցավով եմ գրում, որովհետև մարդն ավելին է, քան անգամ բազմաբջիջ էակները, մարդն Աստծո կողմից արարված և նրա պատկերն ունեցող հոգի ունի նաև և հնարավորություն ունի, անգամ պարտավոր է՝ Աստծո պատկերին ձգտել, իսկ դա նշանակում է, որ կարող է, եթե ոչ ամենակարող լինել, ապա գեթ փորձել, և շատ բան կհաջողվի: «Կոմիտեականները» փոքրաթիվ են, և նրանց ուժը խաբեության, խարդավանքների մեջ է. ապրել ենք ուզում` պետք է չխաբվենք և նրանց գործիքը չդառնանք: Իմիջիայլոց, գլոբալիստական խայտառակ ծրագրերի մասին տեղեկատվությունը գլոբալիստական կառույցներում լուրջ աշխատանք, իրավունքներ և պաշտոններ ունեցողներն են ի վերջո բացել՝ թեկուզ հաճախ կյանքի վերջում իրենց մեջ հենց Վերին արարման անհանգիստ անող ներկայությունն զգալով: Եվ հետո, չպետք է մոռանալ, որ սա միայն մեր պայքարը չէ, սա Բարձրյալի պայքարն է չարի դեմ, և վերջին խոսքն էլ Նրանն է:
Զրույցը՝ Կարինե Ռաֆայելյանի
Լուսանկարը՝ հեղինակի
No Comments