ԳիտաՆյութ Զավեն Բեկյան

Զավեն Բեկյան․ Տերունական պատկերի առջև

21.01.2025



Ահա քեզ կրող երկու միաբան
Անանջատելի ոտներիդ վրա
Հրեշտակաձև դու կառուցվեցիր,
Որ միշտ կրկնաբարձ, վերասլացիկ քո բազուկներով,
Ասես թևավոր, թռիչքով միայն
Երկիրն հայրենի դիտես բարձունքից.
Ո՜վ հիմար, հապա ինչո՞ւ կամովին գետնին կորացար
Ու միշտ երկրային հոգսերով տարված՝
Անապատական վայրի ցիռերի կարգը դասվեցիր։
                            Գրիգոր Նարեկացի

Երբ ասվում է, թե մարդն ստեղծվեց Աստծո պատկերով, դա ի՞նչ է նշանակում։ Աստծո պատկերը՝ որպես բուն այդպիսին, այսինքն՝ ֆիզիկական իմաստով, մենք չգիտենք։ Պանթեիզմն ասում է՝ այն՝ Աստծո պատկերը, «տարրալուծված» է բնության՝ ԿՈՍՄՈՍԻ մեջ։ Մետաֆիզիկական իմաստով առավե՛լ ևս չգիտենք, վերջին խոսքը որ ասում ենք՝ Անհայտն է («Վաղուց թեև իմ հայացքը Անհայտին է ու հեռվում»:- Հ. Թումանյան)։ Աստծուն տեսնել կարելի է միայն ՈԳԵՂԵՆ ԴԱՇՏՈՒՄ, թերևս հանդերձյալում միայն։ Աստծուն կարելի է փորձել տեսնել ինչ-որ չափով ՀՈԳԵՎՈՐ ՆԵՐՍՈՒԶՈՒՄՆԵՐԻ, մեդիտացիայի միջոցով, բայց դա, նույնիսկ հանճարի կարողությունների դեպքում, վտանգավոր փորձ է։ Աստվածաշունչը դա Անկեզ Մորենու պատմությամբ է ասում։ Մովսեսն Աստծո հետ խոսեց Անկեզ Մորենիով «շղարշված» Աստծո հետ, «շղարշված», որովհետև Աստծո լուսեղենն, ի՜նչ եմ ասում, հրեղենը կկուրացներ Մովսեսին։ Շատ մետաֆիզիկներ ասում են՝ եթե տեսնենք՝ կմեռնենք, դրա շրջված իմաստն էլ այն է, որ որպեսզի տեսնենք՝ պիտի… մեռնենք։ Սա՝ ֆիզիկական մահվան իմաստով։ Բայց ֆիզիկական մահից հետո էլ, թերևս, մահկանացուներից ոչ բոլորը կարող են տեսնել Աստծուն, տեսնել կարող են միայն ընտրյալները։ Հրեշտակը Երկրի մարդկանցից միայն Հակոբին «ընտրեց» աստվածային գուպարի համար- «մրցակիցն» արժանի պիտի լինի «մրցակցողին»։ Հրեշտակը «մեծահոգաբար» միայն Հակոբին ընծայեց «տերունական հիշատակը»՝ գուպարում նրա ստացած հաշմանդամությունը՝ ավերված կոնքը… Տերը միայն հատուկենտ սրբերի է արժանացնում իր ստիգմատներին՝ այն վերքերին, մարմնի այն տեղերում, որտեղ որ դրանք ստացավ մեր տեր Հիսուս Քրիստոս…
Առավել խորհրդավոր ու վտանգավոր է Տիրոջը տեսնելու «մետաֆիզիկական» փորձը, այսինքն՝ Աստծո Պատկերը ՈԳԵՂԵՆ ՆԵՐՍՈՒԶՄԱՄԲ տեսնելու փորձը։ Դա միշտ ավարտվել է խելագարությամբ։ Ոգեղեն Անկեզ Մորենու միջից Խոսողի հետ խոսելու փորձերը խելագարության թանձր խավարի մեջ են թաղել դրա փորձն անողին։ Անունները շատ են՝ Նիցշե, Հյոլդեռլին և այլք։ Թեև ի՞նչ իմանաս,  այդտեսակ խելագարությունը բանականության մի տեսակ է, որ բարձր է սովորական մահկանացուի բանականությունից…
Ասացինք, որ պանթեիզմն Աստծուն պատկերացնում է որպես ԿՈՍՄՈՍԻՆ միաձույլ մի ԲԱՆ։ Ինձ համար առավել հետաքրքիր է Բորխեսի մի միտքը- ասում է՝ գրքի և գրքի հեղինակի հարաբերության «առակով»։ Ասում է՝ գրողը կա՛ իր գրքի մեջ, բայց ինքն իր գրքից դուրս է գտնվում։ Նույն կերպ՝ ըստ Բորխեսի, Աստված կա՛ իր ստեղծածի՝ ԿՈՍՄՈՍԻ մեջ, բայց նրանից դուրս է գտնվում, որը պանթեիստական տեսակետի լրիվ հակառակն է։ Մեծն Էյնշտեյնի համար, օրինակ, կարծեմ, առավել ընդունելի էր պանթեիստական՝ Բարուխ Սպինոզայի տեսակետը, հավանաբար այն պատճառով, որ… երկուսն էլ հրեաներ էին (այս չափազանց լուրջ ու դժվարին թեմայի մեջ թույլ տվեք ինձ մի քիչ անլրջանալ)։ Բայց այստեղ ծագում է մի հարց. Աստված ԱՆՍԱՀՄԱՆ և ԱՄԵՆՈՒՐ է, այդ դեպքում ԿՈՍՄՈՍՆ ինչպե՞ս կարող է դուրս գտնվել նրանից։ Կամ՝ ողբերգական մի հարց է առաջանում. եթե ընդունում ենք Չարի գոյությունը, ապա որտե՞ղ է «պարտակված» այն, եթե ԲԱՑԱՐՁԱԿԻՑ դուրս ոչինչ գոյություն չունի… Հավանաբար սա պրիմիտիվ կոնցեպտ է, նույնիսկ՝ սրբապիղծ, որը տանում է մանիքեականության, ըստ որի՝ Չարը գոյություն ունի ԱՆՀՐԱԺԵՇՏԱԲԱՐ՝ Բարու գոյությանը հակակշռելու և դրանով իսկ նրա գոյությունն ապահովելու նպատակով։ Բայց այստեղ մեզ «քաջալերում» է Գրիգոր Տաթևացին, ասելով, որ Չարը չգոյ է, գոյություն չունի, այսինքն՝ Չարը խավարի կերպն ունի- խավարն այնտեղ է, որտեղ լույս չկա, բայց լույսը գոյ է՝ գոյություն ունեցող մի բան, իսկ խավարը ոչ թե գոյ է, այլ այն տեղն է, որտեղ լույս չկա։ Մեր սրտերում եթե չկա Աստված, ապա դատարկ տեղը թափուր չի մնում, այնտեղ բույն է դնում ստորությունը, արատն ու անհուսությունը…

       Առհասարակ, հարցը շատ խրթին է և գուցե գիտակցական քննարկումների ոլորտից դուրս։ Ի՞նչ է նշանակում՝ թեկուզև Չարը՝ խավարը չգոյ է, բայց այդ դեպքում նշանակո՞ւմ է, որ Աստված՝ վառ արեգակ՝ սակայն… արևաբծե՞ր ունի… Մեղա, ասացինք, որ սա բանական քննարկումներից, մարդկային ուժերից վեր հարց է։ Առհասարակ, կարծեմ Հիսուս է ասել՝ մի՛ ասեք ինձ բարի վարդապետ, ասում է՝ ես սուր ու բաժանում եմ բերում, սա ասում է՝ «սիրիր մերձավորիդի» հետ… Որովհետև ընդհանրապես մենք Աստծո մասին դատում ենք… ըստ մեր «մարդկային պատկերի» — Աստված… ոչ չար է, ոչ էլ… բարի… ՆԱ ՉԱՐԻՑ ԵՎ  ԲԱՐՈՒՑ ԱՆԴԻՆ Է՝ ասենք «նիցշեաբար»։ Օրինակ, երբ Աստծո ստեղծյալներն անտառում  ուտում են միմյանց՝ դեմագոգաբար ասենք՝ անտա՞ռն է մեղավոր… Ոչ, «անտառի» համար դա ֆաունայի գոյության միակ հնարավոր կերպն է,  («Ձևը խաղ է անցավոր»:- Հ. Թումանյան),այսպես կոչված՝ «սպիտակուցային վերափոխություններ», երբ մի կենդանին՝ մի ձևը, փոխվում է մի այլ կենդանու սննդի՝ մի այլ ձևի։ ԿՈՍՄՈՍՈՒՄ մի ձևի փոփոխությունը մյուսին առանց ավերումների չի կարող տեղի ունենալ։ Եթե մի պատ քանդում-վերափոխում ես, դա չի կարող առանց աղմուկի և փոշու կատարվել, պարզապես աղմուկն ու փոշին մարդկային ընկալում է, իսկ Բացարձակի համար՝ սովորական շինարարական…
…Վերևում Նարեկացուց վերցրած բնաբանն ինչո՞ւ եմ դրել։ Որովհետև մարդու մեջ, ավաղ, ըստ ներկայի նշանների՝ գնալով նվազում է հոգևորը, մարդը հեռանում է Տիրոջ Պատկերից, Վերինից իջնում է գետնաքարշին ու անապատական ցիռերի շարքին է իրեն դասում, ինչը կարծես թե մռայլորեն մարգարեանում է Նարեկացին։ Մարդն այնքան է կռանում գետնին, որ նույնիսկ դառնում է… չորքոտանի, ահավասիկ նորահայտ կվադրոբեր կոչված այլանդակությունն ու մարդկային աղետը… Տերը փրկի մեզ…