ԳիտաՆյութ Կարինե Ռաֆայելյան

Հունահայ մամուլի մշակութային դիմագիծը 1930-40-ականներին (2)

19.01.2025

(Սկիզբը՝ այստեղ)

Արեւագալ

Գրականութեան եւ արուեստի պարբերաթերթ (1937–1939 թթ., Աթենք, խմբագիր՝ Գեւորգ Կատվարենց)[1]:

«Արեւագալի» համարներից

«Արեւագալը» միակ պարբերականն է, որ ունեցել է բացառապես գրական, մշակութային ուղղվածություն, անգամ հակադրվել է մյուս պարբերականների որդեգրած քաղաքական հակումներին:

«Արեւագալի» խմբագրակազմը պարբերականը կոչել է «Պատվանդան», և  1937 թվականի դեկտեմբերին լույս տեսած 1-ին համարում գրել. «Արեւագալ»

… Անապատում վարանքներու եւ սրտառուչ ակնկալութեանց ծնունդն է ան: Երիտասարդական ըղձանքներու խօլահեւ այլ հաւատաւոր թրթռացում մը՝ գաղթահայ մշակոյթի գիշերաշուք քաոսին վրայ ․… Անօգուտ կիրքերէ եւ անհաճ տհաճութիւններէ զերծ, «Արեւագալ»ի տղաքը պաշտամունքն ունին գեղեցիկին եւ օգտակարին հաւասարապես, ազգային՝ եւ միանգամայն համաշխարհային խորաններուն ջերմեռանդօրեն երկրպագու»:

Պարբերականում տպագրվել են հայ և օտարազգի հեղինակների արձակ և չափածո գեղարվեստական երկեր, տեսական հոդվածներ:

«Արեւագալի» խմբագիրը նաև եղել է հաճախակի տպագրվող հեղինակ իր իսկ խմբագրած պարբերաթերթի էջերում: Պարբերաթերթում հանդես են եկել նաև Վազգեն Եսայանը[2], Սօս Վանին, Զավեն Սուրմելյանը[3], Նիկողոս Սարաֆյանը[4], Վահան Թէքեյանը, այլք: Պարբերաթերթը հարթակ է ծառայել ոչ միայն ժամանակակից հեղինակների համար: 1937-ի դեկտեմբերի համարում, օրինակ, տպագրվել է Հերանուշ Արշակեանի[5] մի անտիպ՝ «Դուն և ես» քնարական բանաստեղծությունը:

1938 թ. ապրիլի համարն անդրադարձել է Եղեռնի նահատակներին, տպագրվել են Դանիել Վարուժանի «Դիակի սայլը» և Ռուբեն Զարդարեանի[6] «Զարնուած որսորդը» հեքիաթը: Մինչդեռ Եղեռնի և նրա նահատակների թեման շատ նրբորեն շրջանցել են խորհրդամետ հունահայ պարբերականները. մասնավոր մի օրինակ վկայաբերեցինք արդեն Կոմիտաս Վարդապետին նվիրված հոդվածի պարագայում՝ տպագրված «Սեւան» թերթում:

Եթե Եղեռնին վերաբերող նյութերը՝ այս կամ այն չափով մեղմացված, կարող էին տեղ գտնել հունահայ մամուլում, ապա ստալինյան բռնաճնշումներին զոհ գնացած գրողների մասին առհասարակ չէր կարող խոսք լինել: Իսկ «Արեւագալը», ասես ի հեճուկս, 1938-ի մարտի համարում՝ Եղիշե Չարենցի՝ բանտում   խոշտանգվելուց ու մահկանացուն կնքելուց ամիսներ անց, տպագրել է նրա «Սոմա»[7] բանաստեղծությունը: Ենթադրում ենք, որ այն տպագրել են ծննդյան տարեդարձի առթիվ, քանի որ Չարենցը ծնվել է 1897 թ. մարտի 13-ին: Եվ վստահաբար կարող ենք ասել, որ պատահական չէ հենց այս գործի՝ «Սոմայի» ընտրությունը ողբերգական ճակատագրի արժանացած Չարենցի բազմահատոր գրական ժառանգությունից:

1938 թ. հունվարի համարում տպագրվել է սիբիրյան աքսորներում տառապող Մկրտիչ Արմենի «Մենավոր մարդկանց մասին» պատմվածքը, որը հենց այդ աքսորի տարիներից քաղված նյութ է ներկայացնում: Արմենը այդ թեմայով պատմվածքների մի հրաշալի ժողովածու է տպագրել հայրենիքում միայն այն բանից հետո, երբ Խորհրդային Միությունում դատապարտվեց Ստալինի անձի պաշտամունքը և սկսվեց աքսորներում ու բանտերում տառապած անմեղ մարդկանց արդարացման գործընթացը: Եվ պարզապես ապշեցուցիչ է, որ խորհրդային աքսորյալի պատմվածքը «երկաթե վարագույրի» պայմաններում հասել է Հունաստան ու տպագրվել:

1938 թ. հունիս-հուլիս ամիսների համարում էլ մեկ այլ բռնադատվածի՝ Գուրգեն Մահարու «Շամաշուղներ» պատմվածքն ենք տեսնում: Եվ սա արվում էր այնպիսի մի ժամանակահատվածում, երբ Խորհրդային Հայաստանում այս գրողների անունները տալն արդեն իսկ մահու չափ վտանգավոր էր:

«Արեւագալի» էջերում հանդիպում ենք Ստ. Զորյանի, Հովհաննես Ծովիկեանի,[8] Նշան Պեշիկթաշլյանի[9] հրապարակումներին:           

Ինչպես ասացինք, «Արեւագալը» եղել է «Պատվանդան» նաև օտարազգի հեղինակների համար: Պարբերականում տպագրվել են հույն հեղինակների՝ Քոստիս Պալամասի,[10] Լորենցոս Մավիլիսի,[11] Պավլոս Նիրվանասի, Դիոնիսոս Սոլոմոսի,[12] Սոթիրիս Սքիփիսի[13] բանաստեղծությունները՝ Գևորգ Կառվարենցի և Վազգեն Եսայանի թարգամանությամբ: Վազգեն Եսայանը գրականագիտական վերլուծականներ է գրել թարգմանաբար ներկայացված գրեթե բոլոր հեղինակների մասին:

Հույն ժամանակակիցների թարգմանություններից բացի, «Արեւագալը» տեղ է հատկացրել նաև համաշխարհային գրականության դասականներին՝ Հյուգոյին, Հայնեին, Բրաունինգին[14], այլոց:

Վազգեն Եսայանի արժեքավոր գրականագիտական վերլուծությունները եզակի իրողություններ չէին «Արեւագալի» էջերում: Այստեղ պարբերաբար հանդիպում ենք տեսական հոդվածների, որոնք անդրադառնում են ոչ միայն գրականությանը, այլև արվեստի, գիտության այլ ճյուղերի: Այսպես, հենց առաջին համարում Շավարշ Նարդունին[15] հանդես է եկել «Ներաշխարհը և գրագետները» տեսական հոդվածով, որում քննում է գրականության և թատրոնի հրատապ խնդիրներ: 1939 թ. հունվար-ապրիլի համարում հույն դերասան և գրող Էմիլիոս Վէաքիսի[16] հոդվածն է տպագրվել, որում նա դիմում է Դանիել Վարուժանի և Միսաք Մեծարենցի թարգմանիչ Քուլի Ալեբիին, գովերգում նրա թարգմանական որակները: Սակայն, ըստ իս, այս նյութում վիրավորական ենթատեքստ կա մեր գրողների նկատմամամբ, որովհետև հոդվածագիրը իր խոսքում միտված է փոքրացնելու բնագրի արժեքը և առավել մեծարել թարգմանչին: Ահա ասվածը վկայող մի քաղվածք հրապարակումից. «Ասոնք բանաստեղծական գիւտեր են՝ որ կը հպին հանճարի սահմաններուն: Մինչ այդ՝ հայ բանաստեղծներուն հանդէպ հիացումս երկուքի բաժնուած զգացի: Խորունկ իմաստները կրնան իրենցը ըլլալ եւ դուն այս բանին մէջ հաւատարիմ գտնուած ըլաս անոնց հանդէպ: Բայց քանդակումը եւ տողերուն պնդագուցումը, անոնց երաժշտականութիւնը, անոնց ներդաշնակութիւնը չեմ կրնար երեւակայել թէ այսքան շքեղ է բնագրի լեզուին մէջ: Ասիկա քու գործդ է: Զուտ քու ստեղծագործութիւնդ: Ինծի կը թուի թէ ճիշտ  հոս կը վայելե ծանօթ ասացուածքը. «Բնագիրը գերազանցեցին»: Սա, իհարկե, վիճելի մոտեցում է, սակայն «Արեւագալը», այդուհանդերձ,  տպագրել է նյութը՝ «Ներբողականք ի պատիւ հայ բանաստեղծութեան» վերնագրով: Իսկ մենք հակված ենք փայափայելու այն հույսը, թե «Պատվանդանի տղաքը», գոնե մասնավոր շփման մակարդակում, փորձել են հակադրվել այս հեղինակի տեսակետին և իրենց համոզիչ խոսքն ասել հայ հեղինակների ստեղծագործության առնչությամբ:

Պարբերաթերթում անդրադարձներ կան լեզվաբանական խնդիրներին,  մշակութային կյանքին առնչվող օրախնդիր հարցերին:

«Արեւագալին» հոբելյանի առթիվ ողջունել են հայկական «Յառաջ», «Նավասարդ», «Կյանք և արվեստ» պարբերականները: «Յառաջը» մասնավորապես գրել է. «Բանաստեղծ Գ. Կառվարենցի խմբագրութեամբ ըսկսաւ վերջերս Աթէնքի մեջ եւս հրատարակուիլ պարբերաթերթ մը գրականութեան եւ արուեստի: Յունաստանի հայ մտաւորական երիտասարդութիւնը շատ է փորձած պարբերաթերթ մը ունենալ, բայց միշտ կէս ճամբան է մնացած: Այս անգամ փորձը կը կատարէ  ծանօթ ու համակրելի դէմք մը, Կառվարենց, որ ամէն ապահովութիւն կը ներշնչէ ապրեցնելու եւ զարգացնելու համար երիտասարդ պարբերաթերթ մը»:

«Արեւագալը» ինչպես առաջին համարում, այնպես էլ հետագայում իր հավատամքը ձևակերպել է նույն գաղափարական հենքի վրա:

Արեւագալ Ո՛չ միայն հացիւ

1938 թ. մարտի համարը բացող «Ո՛չ միայն հացիւ» հրապարակման մեջ կարդում ենք. «Հաց»ին քովն ի վեր, ջերմեռանդօրեն կը փառաբանենք նաեւ «Բանը»ը,- ապահովելու համար հետզհետէ կքող մեր անհատական ու ցեղային կամքին վերազարթնումը,- ոգեկան ողնաշարի երկնուղէշ կոթողումը, առանց որու պիտի դառնայինք ողորմելի ու գետնաքարշ ուրուականներ»:

        Նոր կեանք

Առաջին Համաշխարհային Պատերազմի տարիներին Հունաստանում հայերեն թերթեր լույս չեն տեսել: Ֆաշիզմի ջախջախումից հետո՝ 1944 թվականին, Աթենքում հրատարակվել է «Երեւան» առաջադիմական թերթը, որն ունեցել է իրավահաջորդ՝ «Նոր կեանք» օրաթերթը (1945–1947 թթ., Աթենք, խմբագիրներ՝ Վահան Դաքեսյան, Մ. Պազարեան)։

«Նոր կեանք»-ի համարներից  

Այստեղ տպագվել են հայերեն և հունարեն հոդվածներ: Ուղղվածությունը եղել է հայանպաստ և ընդգծված խորհրդայնամետ: Թերթի մշակութային հատվածը կրել է «Մասնավոր «Նոր կենաք» ընդհանուր խորագիրը, որի ներքո լույս են տեսել գեղարվեստական գրականության նմուշներ: «Նոր կեանք»-ում տպագրվել են Ազատ Վշտունու, Ցական Շողենցի[17], Վահան Դաքեսյանի, Հակոբ Օշականի, Հովհաննես Շիրազի, Գուրգեն Բորյանի, այլոց ստեղծագործությունները:

Խորհրդային քաղաքական կյանքի պատկերը ամենացայտուն դրսևորմումներն է ունեցել «Նոր կեանք»-ի էջերում:  Տպագրվել են զանազան գովաբանական երգեր՝ ուղղված Ստալինին: Բայց նաև նկատելի է, որ պարբերականը փորձել է շեշտադրել հայության, հայ գործիչների կարևորության պարագան: Այսպես, 1946-ի հունվարի 1-ի համարի 1-ին էջում տպագրել են Ստալինի լուսանկարը և Հովհաննես Շիրազի «Սպարապետ Ստալինին» բանաստեղծությունը: Իսկ կողքին հայազգի մարշալ Հովհաննես Բաղրամյանի լուսանկարն է, հաջորդ էջում էլ բանաստեղծություն՝ նվիրված հայազգի հերոս օդաչու Նելսոն Ստեփանյանին:

Նոր կեանք, 1 Յունվար, 1946

«Նոր կեանք»-ի մշակութային դիմագիծը ներառում է նաև տեսական բնույթի հողվածներ, հայ առածնիի նմուշներ, երգիծական-ժամանցային նյութեր, ծաղրանկարներ:

Թերթի էջերում հանդիպում ենք նաև գրական այնպիսի ստեղծագործությունների, որոնցում հայաստանցի և սփյուռքահայ հեղինակներն անկաշկանդորեն ու անկեղծ տրված են իրենց հայրենասիրական, մարդկային հույզերին: Այս երևույթն առհասարակ բնութագրական է հետպատերազմյան իրականության համար: Այս շրջանի երկերում նկատելի է որոշակի ազատություն՝ ազգային խորհրդանիշերին անդրադառնալու, հայության սրբացված արժեքները՝ Արարատը, Արագածը, Արաքսը, ապագային միտված համազգային երազանքները պանծացնելու առումով:

                                       Ամփոփում

                                                 Երկիր

1930-40-ականների հունահայ մամուլի ձևավորած ավանդույթները, բնականաբար, թողեցին իրենց հետագիծը, որն առավել զգացվեց «Երկիր» ազգային շաբաթաթերթում: Այն տպագրվել է 1957-1965 թթ.: Ապա մի քանի համար լույս է տեսել 1968-ի փետրվար-ապրիլ ամիսներին:

«Երկիր» թերթի համարներից

Թերթը հասարակական-քաղաքական անդրադրաձների առատության մեջ տեղ է հատկացրել նաև մշակույթին: Տպագրվել են թե՛ գեղարվեստական երկեր, թե՛ մշակութային կյանքին անդրադարձող տեղեկատվական և տեսական հոդվածներ:

Թերթում հանդես են եկել Արշակ Չոպանյանը, Գևորգ Էմինը, Սիլվա Կապուտիկյանը, այլք:  

Սարոյանը՝ «Երկիր»-ին հյուր

1957 թ. հուլիսի 6-ի համարում հանգամանորեն, մի քանի լուսանկարով ներկայացվել է Վիլյամ Սարոյանի հյուրընկալությունը «Երկիրի» խմբագրությունում:    

Բավական մեծ տեղ է հատկացված հումորին:

«Երկիր»-ի ծաղրանկարներից

Առանձին հետաքրքություն են ներկայացնում ծաղրանկարները: Ներկայացվածների վրա հեղինակի ստորագրությունն անընթեռնելի է, բայց կան այնպիսիք, որ կրում են Ալեքսանդր Սարուխանի[18] ստորագրությունը:

Ալեքսանդր Սարուխանի ծաղրանկարներից

1958-ից մեկնարկել է «Ծիծաղ» շարքի տպագրությունը, որը շարունակվել է 1968-ին տպագրվել վերսկսած թերթի համարներում:

Նկատելի է, որ այս պարբերականի գեղարվեստական հրապարակումները զերծ են խորհրդային գաղափարախոսության պարտադրանքներից, սրանք հեղինակների անկեղծ հույզից ու տրամադրությունից ծնված գործեր են: Ավելին, այս թերթը տեղ է հատկացրել հոգևոր բովանդակության հրապարակումներին: Ասել է թե՝ 1950-ականների հետստալինյան համեմատաբար ազատ խորհրդահայ իրականությունն ունեցել է իր շեշտակի ազդեցությունը թերթի ուղղվածության վրա: Եվս մեկ փաստարկ, որը վկայում է, թե մամուլը ժամանակի ամենաճշգրիտ հայելին է:

(Գլխավոր նկարը՝ «Երկիր»  պարբերականից)

Կարինե Ռաֆայելյան


[1] Գևորգ Կառվարենց (Արաբաջյան) (մայիսի 18, 1892 — սեպտեմբերի 5, 1946, Միլան, Իտալիա, թաղված է Սուրբ Ղազար կղզու գերեզմանատանը), հայ բանաստեղծ։ Կոմպոզիտոր Ժորժ Կառվարենցի հայրը։

[2] Վազգէն Եսայան (1908, Էրզրում-Կարին — մարտ, 1978, Աթենք, Հունաստան), բանաստեղծ, արձակագիր և հրապարակագիր: Վազգեն Եսայան անունը պարբերականում ամենահաճախ հանդիպողներից է:

[3] Լևոն Զավեն Սյուրմելյան (նոյեմբերի 24, 1905, Տրապիզոն, Թուրքիա — 1995, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկահայ անգլագիր գրող, բանասեր, ունի հայերենով բանաստեղծությունների մեկ ժողովածու։

[4] Նիկողոս Սարաֆյան (ապրիլի 14, 1902 — դեկտեմբերի 18, 1972), սփյուռքահայ գրող, բանաստեղծ:

[5] Հերանուշ (Նարգիզ) Արշակյան (1887, հուլիսի 28, Կ. Պոլիս — 1905, մարտի 27, Կ. Պոլիս), հայ բանաստեղծուհի:

[6] Ռուբեն Զարդարյան (1874, Դիարբեքիր, Թուրքիա — օգոստոսի 16, 1915 Այաս, Թուրքիա), արևմտահայ նշանավոր գրող, թարգմանիչ, խմբագիր, հասարակական, քաղաքական գործիչ, Եղեռնի նահատակ։

[7] Սոմա (հին հնդկերեն՝ Soma), աստվածային ըմպելիք և դրա (հետագայում նաև լուսնի) աստվածություն հին հնդկական դիցաբանության մեջ։ Ըստ «Ռիզվեդայի»՝ Սոման աստվածների կարգում երրորդն է (Ինդրայից ու Ագնիից հետո)։ Սոմայի դիցաբանական կերպարը, ինչպես նաև բույսի ու ըմպելիքի պաշտամունքն ունի հնդիրանական ծագում (համարժեք է Ավեստայում հիշատակվող հոմային)։ Սոմա ըմպելիքը (կաթի կամ գարու հետ խառնված Սոմա կոչվող բույսի հյութ), որն առաջացրել է զմայլական վիճակ, զոհաբերել են աստվածներին, հատկապես՝ Ինդրային, ենթադրելով, որ նա պարգևում է անմահություն և սխրանքներ գործելու ուժ։ Սոման համարվել է աշխարհի, երկնքի, օրենքների տիրակալը, առաջին արարիչը, որն իբր Արեգակին ստիպել է փայլել, պարգևել է հարստություն, բարիքներ, սնունդ, վանել է հիվանդությունները, սպանել հրեշներին, ոչնչացրել չարախոսներին, կատարել բազմաթիվ այլ բարի արարքներ։

[8] Հովհաննես Ծովիկյան (1885 — 1954), հայ գրական, մշակութային գործիչ։ Սովորել է Հարվարդի համալսարանում։ Հեղինակել է «Յո՞ երթաս, ամերիկահայություն» գիրքը, գրաբարից աշխարհաբար է թարգմանել  Եղիշեի «Վասն Վարդանայ եւ Հայոց պատերազմին» երկը:

[9] Նշան Պէշիկթաշլեան (1898-1972), հայ երգիծաբան:

[10] Կոստիս Պալամաս (1859 — 1943, Աթենք), հույն բանաստեղծ։ Եղել է թերթերի խմբագիր, աշխատակցել տարբեր հանդեսների, հրապարակել երգիծական բանաստեղծություններ։ 

[11] Մավիլիս Լորենցոս (1860-1912), հույն բանաստեղծ, բանասեր, հրապարակախոս: 

[12] Սոլոմոս Դիոնիսիոս (ապրիլի 81798ԶակինթոսՀունաստան — փետրվարի 91857ԿերկիրաՀունաստան), հույն բանաստեղծ:

[13] Սոթիրիս Սքիփիս (1881, Աթենք — սեպտեմբերի 29, 1952, Պրովանս)հույն բանաստեղծ, դրամատուրգ, թարգմանիչ, Աթենքի գեղարվեստի դպրոցի տնօրենն էր և Պատվո լեգեոնի շքանշանակիր:

[14] Էլիզաբեթ Բարեթ Բրաունինգ (1806 -1861), անգլիացի բանաստեղծ:

[15] Շավարշ Նարդունի (Այվազեան Ասքանազ, 1898-1968), հայ բանաստեղծ, հրապարակագիր:

[16] Էմիլիոս Վէաքիս (դեկտեմբերի 13, 1884 — հունիսի 29, 1951), հույն դերասան, գրել է նաև բանաստեղծություններ, թատերգություններ, վեպեր:

[17] Ցական Պետրոսի Շողենց (Ցականյան, 1909-1969), հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, լրագրող:

[18] Ալեքսանդր Հակոբի Սարուխան (1898-1977), հայ գրաֆիկ, ծաղրանկարիչ, հրապարակախոս, հասարակական գործիչ։