Հայկական գործվածքի թանգարան
Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի մասնաճյուղում՝ Դիլիջանի Հայկական գործվածքի թանգարանում կայացավ «Երկխոսություն տեքստիլի շուրջ» միջազգային ցուցահանդեսի բացումը:
Ցուցահանդեսը նվիրված է հայ մշակույթի և ժողովրդական արվեստի նշանավոր գործիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, Դիլիջանի պատվավոր քաղաքացի, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի հիմնադիր Հովհաննես Շարամբեյանի ծննդյան 100-ամյակին։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցեց Դիլիջանում կազմակերպված հոբելյանական միջոցառումներին: Ի մասնավորի՝ Դիլիջանի գեղարվեստի մանկական դպրոցում ծաղիկներ խոնարհեց Շարամբեյանի կիսանդրու առջև, որի բացումը կայացել էր Հայկական գործվածքի թանգարանի բացման նախօրեին, եղավ նորաբաց թնագարանում, ծանոթացավ ցուցադրված նմուշներին:
Հոբելյանական միջոցառումների շրջանակում կայացավ «Մեծանուն հայեր. Հովհաննես Շարամբեյանի ծննդյան 100-ամյակ» փոստային բացիկի շնորհանդեսը, ստորագրվեց համագործակցության հուշագիր Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի և «Գրին ռոք» հիմնադրամի միջև՝ Հովհաննես Շարամբեյանի ծննդյան 100-ամյակին նվիրված 2026-2027 թթ. ծրագրերի և նախաձեռնությունների համատեղ իրականացման նպատակով։
Հայաստանցի և արտասահմանցի հյուրերը ծանոթացան Հայկական գործվածքի թանգարանի հիմնական և ժամանակավոր ցուցադրությանը, վայելեցին «Կայծ» վոկալ-գործիքային համույթի բացօթյա համերգը՝ բաղկացած ազգային երգերից և մեղեդիներից:
Հայկական գործվածքի թանգարանում ժամանակավոր ցուցադրությամբ ներկայացված են աշխարհի տարբեր երկրների ժողովրդական վարպետների տեքստիլ ստեղծագործությունները՝ զգեստներ, ասեղնագործ գորգեր, սփռոցներ, պայուսակներ, կենցաղային այլ պարագաներ:
Հիմնական ցուցադրությունը ներառում է հայկական գորգերի բազմաթիվ նմուշներ, փայտյա, մետաղյա կենցաղային պարագաներ, կերպարվեստի, դեկորատիվ կիրառական արվեստի ստեղծագործություններ:
Ներկայացնում ենք լուսանկարների շարք՝ Հայկական գործվածքի թանգարանի հիմնական և ժամանակավոր ցուցադրություններից:
Հիմնական ցուցադրության նմուշներ
Հայկական կարպետ

Սահակ Սահակյան, Հայաստան, նկարազարդ վարագույր

Աղաքսակ, Տավուշ

Փառանձեմ Ավետիսյան, Վարդան Մամիկոնյանի դիմանկարը

Հովհաննես (Վանիկ) Շարամբեյան, Հին տներ Դիլիջանում

Խոհանոցային պարագաներ

Ժամանակավոր ցուցադրության նմուշներ
Իոանա Կորդունեանու, Ռումինիա

Օլեսեա Էնակի, Մոլդովա

Էլիզավետ Ռոդոպուլու, Հունաստան

Իրինե Կասրաշվիլի, Վրաստան

Կարինե Ռաֆայելյան






