ՀՀ ժողովրդական արտիստ, մեծանուն դիրիժո Յուրի Դավթյանի հիշատակին նվիրված «Հավերժի ճամփորդը» խորագրով համերգը տեղի ունեցավ Հայաստանի օպերայի և բալետի թատրոնում: Ելույթ ունեցան մեներգիչներ Աննա Մնացականյանը, Քրիստինե Սահակյանը, Հայկ Վարդանյանը, Սերգեյ Սարգսյանը, Հովհաննես Կարապետյանը։ Համերգային երեկոյի կոնցերտմայստերն էր ՀՀ վաստակավոր արտիստ Օլգա Խաչիկյանը։ Այնուհետև հիշատակի խոսք ասացին օպերային արտիստներ Հասմիկ Պապյանն ու Կոնստանտին Սիմոնյանը։ Մաեստրո Դավթյանի գործունեությանն անդրադարձավ նաև Հայաստանի օպերայի և բալետի թատրոնի դիրիժոր Հարություն Արզումանյանը։
Յուրի Դավթյանը 50 տարի աշխատել է Հայաստանի օպերայի և բալետի թատրոնում, որից 20 տարին ղեկավարել թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը։ Իր ստեղծագործական գործունեության ընթացքում մաեստրո Դավթյանն աշխատել է Սարատովի օպերային թատրոնում որպես գլխավոր դիրիժոր: Երկար տարիներ ղեկավարել է Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության պետական կոմիտեի սիմֆոնիկ նվագախումբը: Մաեստրո Դավթյանը ղեկավարել է նաև Խորհրդային Միության ամենահեղինակավոր նվագախմբերը։ Նա Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գլխավոր դիրիժորն էր: Յուրի Դավթյանի կոչումներն ու պարգևները շատ են, սակայն երաժշտարվեստի տեսաբանները նրան հիշում են հետևյալ ձևով. Երկու դարերի դիրիժոր, ով 20-րդ դարը միացրեց 21-րդին։
Մաեստրո Կոնստանտին Օրբելյանի նախաձեռնությամբ թատրոնի նվիրյալների դիմանկարների շարքը համալրվեց Յուրի Հայկի Դավթյանի նկարով, որի հեղինակն է Ալեքսանդր Բաղրամյանը։ Այսուհետ մաեստրո Յուրի Դավթյանի դիմանկարն իր արժանի տեղը կունենա ցուցասրահում և մշտապես այցելուներին կհիշեցնի թատրոնի նվիրյալ դիրիժորի և ազգասեր հայորդու մասին, ով հայրենի մշակույթի նվիրյալ գործիչն էր և որ ամենակարևորն է կրթեց ու դաստիարակեց մեծաթիվ արտիստների, ովքեր դարձան դավթյանական դպրոցի արժանի շարունակողները։
Ardi.am
No Comments