Ardi.am-ի զրուցակիցը «Գրական Արցախ» պարբերականի գլխավոր խմբագիր Վովա Արզումանյանն է:
— «Գրական Արցախ» պարբերականը ե՞րբ և ո՞ւմ նախաձեռնությամբ է հիմնադրվել:
— Պարբերականը հիմնադրվել է իմ և «Արմավ» հրատարակչության կողմից` 2019 թվականին: Քանի որ և՛ ես, և՛ հրատարակչության գլխավոր խմբագիր Արմեն Ավանեսյանը տեսնում էինք այդ բացը, ցանկացանք անպայման նման նախաձեռնությամբ հանդես գալ: Մեր պարբերականը ներկայացնում է ինչպես չափածո, այնպես էլ արձակ գործեր, գրականագիտական հոդվածներ, հարցազրույցներ: Մենք չենք արտատպում․ պարբերականի էջերում տեղ են գտնում բացառապես անտիպ աշխատանքներ։
— Ընթերցողին ինչպե՞ս է հասնում պարբերականը, և առհասարակ, կա՞ պահանջարկ։
— Ընթերցողներին հասնում է օնլայն վաճառքի տարբերակով կամ գրախանութների միջոցով։ Քանի որ մենք ի սկզբանե որոշել ենք այն չվերածել լայնածավալ բիզնես պրոյեկտի, այլ աշխուժացնել երիտասարդական գրական կյանքը: Հետզհետե հետաքրքրվողներն ու տպագրվել ցանկացողները շատանում են:
— Ովքե՞ր են պարբերականի հեղինակները:
— Պարբերականի հեղինակներն Արցախում, Հայաստանում և Սփյուռքում ապրող տաղանդավոր, ինքնատիպ մտքեր ու ստեղծագործություններ ունեցող մեր հայրենակիցներն են, որոնք այլ երանգ են տալիս Հայրենիքին, մարդ արարածին, մեր ապրելուն, կյանքին, հավատին, բնությանը, սիրուն, և այն ամենին, ինչ ստեղծել է Աստված:
— Պատերազմից հետո հետաքրքրությունները, տրամադրությունները, հրամայականները փոխվել են։ Այս ամենը, հավանաբար իր արտացոլումն է գտել նաև «Գրական Արցախում»։
— Ճիշտ եք, «Գրական Արցախը» չնայած մի շարք դժվարությունների միջով է անցնում, բայց երբեք չի նահանջում: Մենք ատում ենք բոլոր պատերազմները, որովհետև դրանք չարիք են: Ցավալի է, սակայն մեր պլանների մի մասը ևս փոխվեց․ պայմանավորվել էինք մի քանի տաղանդավոր զինվորի հետ զրուցել, նրանց գործերը տպագրել, բայց ցավոք նրանք այսօր մեզ հետ չեն․․․
Եվ գիտե՞ք, «Գրական Արցախ» պարբերականի մասին լսելիս ու իրենց մասին խոսելիս՝ մեր զինվորների աչքերի փայլն ամեն ինչ արժե: Դրա համար երբեք չեմ վախենում դժվարություններից, որովհետև գիտեմ, որ զինվոր ընթերցողներ ունենք:
— Գրական նոր անուններ հանդիպո՞ւմ են պարբերականի էջերում։
— Իհարկե, շատ հետաքրքիր բացահայտումներ ենք անում: Ինչպես նշեցի՝ նաև զինվորականների շրջանակներում: Նոր անուններ միշտ կան, իսկ թե ինչքանով են նրանք կարողանում իրենց գրչով ստեղծել գրականություն՝ թողնում ենք ընթերցողների դատին:
— Կա՞, այսպես ասած, արցախյան գրականություն, որտեղ երևում է Արցախի կոլորիտը, բարբառը, պատմությունը։
— Ճիշտն ասած՝ այո, որովհետև մենք նաև բարբառի պահպանությունն ենք կարևոր համարում։ Բոլոր ժամանակների համար: Առաջիկայում ավելի հետաքրքիր ու նոր ստեղծագործություններ կլինեն, որոնք նույնպես մտածելու, ճիշտ ապրելու ուղի ցույց կտան մարդուն:
— Ծրագրերի մասին։
— Ծրագրերի մասին այս պահին չեմ կարող հստակ խոսել, որովհետև «Գրական Արցախը» սիրում է գործել միշտ և արագ, այնքան արագ, որ հեղհեղուկ խաղաղության պայմաններում հասցնի անել առավելագույնը:
— Հնարավո՞ր է գրական մշակութային, ստեղծագործ կայնքով ապրել, երբ երկիրդ փոքրանում է, Եռաբլուրը մեծանում։
— Շատ կարևոր, բայց միաժամանակ ցավոտ հարց եք տալիս: Մեր պարբերականի էջերում էլ են Եռաբլուրում ննջող տղաների մասին տողեր տեղ գտնում: Ցավն անբացատրելի է, երբ անցել ենք նոր եղեռնով, որի զոհը դարձան հազարավոր լույս-տղաներ: Ես չգիտեմ՝ սա ի՞նչ իրականություն է… անցյալն ու ներկան իրար ապառաժվել են, իսկ ապագան չգիտեմ, անորոշ է, չգիտեմ թե ուր ենք գնում…
Փառք ու խոնարհում բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքը զոհեցին հանուն մեզ, մեր հայրենիքի ու այսօրվա:
Ardi.am
No Comments